«Մենք ադրբեջանցի չենք, դա սխալմունք է»: Անտառը ժամանակին սնում և պաշտպանում էր լայջերին, իսկ հիմա նրանք առանց պաշտպանի են մնացել" />

Նրանք Վրաստանում են ապրում հարյուրից ավել տարի, և ոչ ոք նրանց մասին չգիտի

«Մենք ադրբեջանցի չենք, դա սխալմունք է»: Անտառը ժամանակին սնում և պաշտպանում էր լայջերին, իսկ հիմա նրանք առանց պաշտպանի են մնացել

Այս մարդիկ Վրաստանում ապրում են արդեն հարյուրից ավել տարի: Նրանք մոտ հարյուր հիսուն հոգի են մնացել: Խոսում են իրենց լեզվով և իրենց լայջեր են անվանում:

Այդպիսի անվանումով ազգ ոչ մի տեղ գրանցված չէ: Սկզբում նրանց թաթարներ էին անվանում, իսկ 1939թ-ի համընդհանուր մարդահամարից հետո նրանց սկսեցին ադրբեջանցիների թվին դասել:

«Սակայն մենք ինքներս մեզ ադրբեջանցի չենք համարում: Մեր լեզուն դեռ կենդանի է, չնայած որ արդեն կորչում է: Մենք պակասում ու պակասում ենք, շուտով մարդ չի լինի, որ մեր լեզվով խոսի: Իհարկե, լավ կլիներ պաշտոնապես գրանցել մեր էթնիկ խումբը, սակայն ո՞ւմ կարող է դա հետաքրքրել», – մոտավորապես այսպես կարելի է ամբողջացնել այն խոսակցությունները, որոնք ես վարել եմ տեղացիների հետ՝ գալով այստեղ՝ Վրաստանի Կախեթիի շրջանի Գոմբորի գյուղ:

Մուտք դեպի Գոմբորի գյուղ

Գյուղը գտնվում է Գոմբորիի լեռնանցքում, որը միացնում է Թբիլիսին ու Կախեթին: Մայրաքաղաքից մինչև այստեղ 55կմ է:

Գյուղը բավականին բարձր է տեղակայված՝ ծովի մակերևույթից 1 130 մ բարձրության վրա, և խիտ անտառով է շրջապատված: Լայջերի առաջին խմբի համար հենց անտառն է այս տեղի ընտրության որոշիչ գործոնը դարձել, նրանք Վրաստան են եկել Բաքվի գուբերնիայից: Նրանց ավանն այնտեղ կոչվում էր Լախիջ, Ադրբեջանի ներկայիս Իսմայիլիի շրջան:

Անտառը վերաբնակիչների համար վատ եղանակից պատսպարվելու, սնունդ հայթայթելու միջոց էր, և, ամենակարևորը, վաստակելու հնարավորություն. ծառերը կարելի էր փայտածուխի վերածել և հետո վաճառել:

Գյուղի դեպի անտառ տանող ճանապարհը

«Սկզբում միայն տղամարդիկ էին գալիս, – պատմում է գյուղի բնակիչ, նախկին ավագ Այվազ Ջաֆարովը: – Նրանք ածխի թրծմամբ էին զբաղվում. այն ժամանակ փայտածուխը լայնորեն կիրառվում էր դարբնոցներում և մետաղահալման վառարաններում: Սակայն ածուխը առանձնահատուկ տարածում ուներ կենցաղում, այն օգտագործում էին ինքնաեռները վառելու և խորոված անելու համար»:

Վերաբնակչներն ի սկզբանե բնակություն էին հաստատում ողջ տարածաշրջանում, այնտեղ, որտեղ գտնում էին աշխատանք և տանիք: Տեղավորվելով՝ տեղափոխում էին ընտանիքներին: Եվ արդյունքում, երկրորդ աշխարհամարտի ժամանակ լայջերը վերջնականապես հիմնավորվեցին Գոմբորի գյուղում:

Այվազ Ջաֆարովը ցույց է տալիս լայջերի կահ-կարասին, որը նախնիներից է մնացել

«Ինչո՞ւ հեռացանք Լախիջից: Այդ հարցին պատասխանելու համար պետք է 7-րդ դարից սկսել: Դա Սասանյանների դինաստիայի պարսիկ իշխանավորների դարաշրջանն էր, և այդ ժամանակ մեր նախնիները Պարսկաստանից Լախիջ տեղափոխվեցին», – պատմում է Այվազ Ջաֆարովը:

«17-րդ դարին Լախիջն արդեն վերածվեց արհեստների ծաղկուն կենտրոնի: Այնտեղ սառը զենք և պղնձե կահ-կարասի էին պատրաստում: Առևտուրն աշխույժ էր, մարդիկ լավ էին ապրում:

Այդպես շարունակվեց մինչև 19-րդ դարի վերջ, երբ հայտնվեցին մեքենաներ, և ձեռքով պատրաստված պղնձե իրերի արտադրությունը կտրուկ կրճատվեց: Գործազրկություն սկսվեց: Բացի այդ, հաճախ էին անկարգությունները: Եվ լայջերը սկսեցին լքել բնակավայրը և բնակության նոր վայրեր փնտրել: Նրանց մի մասն ուղևորվեց Վրաստան»:

Գյուղիամենահինտունը, որըկառուցվելէմոտավորապես 1910-ականթվականներին

Այվազ Ջաֆարովի ծնողները Գոմբորի են եկել 1930-ականներին ևս 20 ընտանիքի հետ միասին: Տղամարդիկ աշխատում էին մեկ թիմով, ածուխ էին թրծում, կանայք տնային տնտեսությամբ էին զբաղվում:

Չնայած «տնային տնտեսությունը» հարաբերական հասկացություն էր, քանի որ նրանք բավականին երկար ժամանակ ապրում էին պարզապես անտառում ծղոտե վրաններում: Եվ միայն մի փոքր գումար հավաքելուց հետո են կարողացել միանալ համագյուղացիներին, կառուցել իրենց փոքր տներն ու անասուն սկսել պահել:

Լայջերի տիպիկ տուն

«Երբ սկսվեց երկրորդ աշխարհամարտը, բոլոր տղամարդկանց ռազմաճակատ տարան: Շատերը զոհվեցին: Պատերազմից չվերադարձավ նաև հայրս, ես նրան երբեք չեմ տեսել, նրան զորակոչել են 1942թ-ին, իսկ ես ծնվել եմ 1943-ին», – պատմում է Այվազ Ջաֆարովը:

«Ծննդական տալու ժամանակ գյուղխորհրդում մորս խնդրել են ամուսնու փաստաթղթերը ներկայացնել, իսկ նա ոչ մի փաստաթուղթ չի ունեցել: Նա վրացերեն չգիտեր և գրեթե ոչինչ չէր հասկանում: Այդ պատճառով էլ ազգանվանս հետ այսպիսի պատմություն եղավ:

– Ի՞նչ է տղայի անունը, – հարցրել են նրան:

– Այվազ, – պատասխանել է նա:

– Իսկ հոր անունն ի՞նչ է:

– Ջաֆար:

– Ուրեմն անունը կլինի Այվազ Ջաֆարով»:

Այդպես ազգանուն ստացան բոլոր լայջերը, քանի որ ազգության ավանդույթի համաձայն՝ միայն անուններ կային: Այդպես նրանց մեջ այժմ տարածում գտած ազգանունները հայտնվեցին՝ Իսմայլով, Մամեդով, Ալիև և այլն:

Գյուղի գերեզմանոցը: Առաջին հուղարկավորությունը եղել է 1936թ-ին: Դա Այվազ Ջաֆարովի քեռակնոջ գերեզմանն է եղել

Այդ տեղանքի հանդեպ միշտ հետաքրքրություն են ցուցաբերել ռուս զինվորականները: Ռուսաստանի կայսրությանը Վրաստանի միանալուց հետո այստեղ սկսել են ռազմական ստորաբաժանումներ տեղակայվել. 1801թ-ին եկել է հրետանային, իսկ այնուհետև հրաձգային գումարտակ: Ռուս սպաներն իրենց ընտանիքներն էին բերում և բարեկարգում գյուղը, որը նրանք գյուղարվարձան էին անվանում:

19-րդ դարի վերջին՝ լայջերի վերաբնակեցումից առաջ, Գոմբորիի բնակչությունը  մոտ 600 մարդ էր, նրանցից գրեթե բոլորը ռուսներ էին:

Գոմբորիի ռազմական եկեղեցին, որը կառուցվել է 1888թ-ին: Խորհրդային տարիներին այն փոխակերպվել է կինոթատրոնի

Խորհրդային տարիներին այստեղ խոշոր ռազմաբազա էր տեղակայված՝ բավականին զարգացած ենթակառուցվածքով, դրա կազմում էր նաև հրթիռային բրիգադը:

Շատ տղամարդ-լայջեր այն ժամանակ ընդունվեցին մշտական զինվորական ծառայության, իսկ կանայք սկսեցին աշխատել հոսպիտալում և տնտեսական մասում:

Լայջերի թվաքանակն աստիճանաբար մեծանում էր և 1989թ-ին գերազանցում  400 մարդը: Կարծես թե կյանքը դասավորվում էր:

Սակայն այստեղ անսպասելի շրջադարձ տեղի ունեցավ. փլուզվեց Խորհրդային Միությունն ու ռազմաբազան լիկվիդացվեց: Ռուս զինվորականներն իրենց ընտանիքներով հեռացան:

Այստեղ ժամանակին ռուս ընտանիք էր ապրում

Ողջ ռազմական ունեցվածքը Ռուսաստան տանել հնարավոր չէր: Տեղափոխեցին հրթիռներն ու խոշոր տեխնիկան, իսկ բեռնատար ավտոմեքենաները թողեցին կամ վաճառեցին տեղացիներին: Եվ Գոմբորիում դրանք մինչ այժմ աշխատում են, օգտագործվում տնտեսությունում:

Խորհրդային տարիների բեռնատար մեքենաներ

Ռազմաբազան լուծարվեց, խորհրդային կոլտնտեսությունը լուծարվեց, և լայջերն անգործ մնացին: Երիտասարդությունը սկսեց լքել գյուղն աշխատանք գտնելու հույսով:

«Այսօր գյուղում ապրում են հիմնականում թոշակառուներ: Այն լայջերը, որոնք հիշում էին մեր նախնիների ավանդույթներն ու սովորույթներն, արդեն կենդանի չեն», – պատմում է գյուղի 83-ամյա բնակիչ Սանամ Բահրամովան:

Սանամ Բահրամովա

«Ես ծնվել եմ Գոմբորիում: Սկզբում այստեղ է եկել իմ պապը և ածուխ է թրծել անտառում: Գործը գլուխ չի եկել: Մինչև ականջների ծայրը պարտքերի մեջ է խրվել: Նա Լախիջից կանչել է իր տղային՝ իմ ապագա հորը, և նրան փոխանցել է պարտապանին՝ աշխատելու պարտքի դիմաց: Իսկ ինքը հայտնի չէ, թե ուր է գնացել և այլևս չի վերադարձել, ոչ մի լուր նրանից էլ երբեք չի եղել:

Հորս անունը Բահրամ էր: Նա երկար կյանք է ապրել, մահացել է, երբ լրացել է 102 տարեկանը: Կռվել է 1940-ականններին և ռազմաճակատից վերադարձել առանց վիրավորման:

Սակայն երբ նա վերադարձել է, հիվանդացել է մայրս և մահացել: Մենք՝ 4 երեխաներս, մնացել ենք: Հայրս երկրորդ կին է բերել: Էլի երեխաներ են ծնվել: Ընդհանուր մենք 9 եղբայր և քույր ենք եղել:

Ես ընդամենը երկու դասարան եմ ավարտել, հետո հայրս ինձ հանել է դպրոցից. պետք է փոքր երեխաներին պահեի: Այդպես էլ առանց կրթության եմ մնացել»:

Սանամ Բահրամովան հիվանդանոցում 41 տարի սանիտար է աշխատել: Միայնակ է ապրում և հազիվ է կարիքները հոգում: Իր փոքր թոշակը հաճախ տալիս է միակ աղջկան:

Սանամի աղջիկն ապրում է Թբիլիսիի արվարձանում՝ Լիլո ավանում: Նա վաղ է այրիացել, երկու երեխա ունի, որոնցից մեկն անաշխատունակ է, չի կարող տեղաշարժվել: Եվ Սանամի բոլոր մտքերն այն մասին են, թե ինչպես նրանց օգնի:

Գյուղի փողոցը

Նախորդ դարի 1960-ականներին Գոմբորիում բնակեցրել են Վրաստանի հյուսիս-արևելքի բարձրադիր շրջան Պշավ-Հևսուրեթիից բնապահպանական միգրանտների: Եվ 1964թ-ին արդեն Գոմբորիի բնակչության մեծ մասը վրացիներ էին:

Լայջերն ասում են, որ հարևան վրացիներից շատ մշակութային և կենցաղային տարրեր են փոխառել:

«Լինում է, որ գնում ենք քրիստոնեական եկեղեցի: Վրացիների հետ կրոնական տոներ ենք նշում, իսկ վրացիները մեզ հետ տոնում են մուսուլմանների գլխավոր տոնը՝ Կուրբան-Բայրամը», – ասում է Շաբաջի Փաշաևան՝ երեք երեխաների մայրն ու 6 թոռների տատը:

Նա նույնիսկ ետևիցս եկավ հետո, որ ասի, որ վրացիների օրինակով լայջերը հրաժարվել են բարեկամների միջև ամուսնություններից, չնայած որ իսլամը դա թույլատրում է:

Շաբաջի Փաշաևան

«Երբ Ադրբեջանում էինք ապրում, հետևում էինք այդ երկրի ավանդույթներին և խուսափում էինք ալկոհոլային խմիչքներից, խոզի միս չէինք ուտում: Իսկ Վրաստանում նման արգելքներ չունենք, և մենք ավելի ազատ ենք ուտեստների առումով:

Հաճախ ընտանիքի ճաշը տարբեր ձևերով եփած բրինձն է և ոչխարի, տավարի ու խոզի միսը: Այո-այո, չսխալվեցի, խոզի միսը: Գրեթե բոլոր լայջերն ուտում են այն: Բացի այդ, մեզ մոտ տարածված են շաքարով բլիթներն ու թթված կաթով ու կանաչիով ապուրը»:

Խանումա Ջաֆարովան գյուղի լավագույն խոհարարն է համարվում

«Գոմբորիում երկու դպրոց կար՝ վրացական և ռուսական: Լայջերն իրենք էին որոշում, թե երեխաներին որ դպրոց տանել: Ես ավարտել եմ ռուսական դպրոցը, իսկ թոռներս հաճախում են ռուսական դպրոց», – պատմում է Շաբաջի Փաշաևան:

Ընդհանրապես լայջերը հեշտությամբ խոսում են 4 լեզվով:

«Վրացիների հետ խոսում ենք վրացերեն: Լավ գիտենք ռուսերեն, սակայն դրանով այնքան էլ հաճախ չենք շփվում: Բացառությամբ՝ հարևանիս հետ, որը գյուղում միակ ռուսն է», – ասում է Շաբաջի Փաշաևան:

Գյուղի միակ ռուս բնակիչը

«Ադրբեջաներենով խոսում ենք թաթերի հետ, որոնք նույնպես ապրում են մեր գյուղում: Թաթերը հին իրանական ժողովրդի սերունդ են, որոնք Գոմբորի գյուղում են հաստատվել այն ժամանակ, ինչ լայջերը: Պարզապես նրանք եկել են ոչ թե Լախիջից, այլ «իրանական Ադրբեջանից»: Այժմ նրանք գրեթե նույնքան են, որքան մենք և նրանց նույնպես գրանցել են որպես ադրբեջանցիների: Սակայն նրանք արդեն թաթերեն չգիտեն»:

Եվ ի վերջո տանն ու միմյանց հետ լայջերը հաճախ խոսում են իրենց լեզվով:

«Լայջերի լեզվով հնարավոր չէ գրել, մենք սեփական գրեր երբեք չենք ունեցել, – պատմում է Շաբաջի Փաշաևան: – Միջին և ավագ սերունդը լայջերեն լավ գիտի: Երեխաներին էլ ենք սովորեցնում, սակայն երիտասարդությունն ամաչում է դրանով խոսել ոչ միայն տանն, այլ նաև համագյուղացի լայջերի հետ: Իսկ ես այնպես եմ ուզում, որ մենք չկորցնենք մեր նախնիների լեզուն»:

Երկրորդ դասարանի աշակերտ Էլվին Փաշաևը լավ խոսում է վրացերեն և ադրբեջաներեն: Իսկ լայջերեն չգիտի, չնայած որ ամեն ինչ հասկանում է 

Կրոնի առումով լայջերը մուսուլմաններ են՝ շիաներ:

Վրաստանում անկախության ձեռքբերման և կրոնական ազատություն ձեռք բերելուց հետո գյուղի տներից մեկում ընդհանուր ուժերով աղոթատեղի են սարքել, որը մզկիթ են անվանում: Այնտեղ Գոմբորիի մուսուլման բնակիչներն աղոթում են, ծեսեր անցկացնում, նշում կրոնական տոները:

Տունը, որում մուսուլմանական աղոթատեղի է բացվել

2014թ-ի մարդահամարի համաձայն՝ Գոմբորիում 304 պայմանական «ադրբեջանցի» է ապրում: Նրանց մի մասը լայջեր են, մյուսը՝ թաթեր: 1989թ-ի համեմատ մուսուլմանական բնակչության թիվը կրճատվել է ավելի քան կրկնակի:

Լայջերն արտասահման են մեկնում բնակվելու, Վրաստանի տարբեր շրջաններ, այդ պատճառով էլ նրանց հստակ թիվն իմանալ հնարավոր չէ:

Գյուղը նրանք լքում են հիմնականում սոցիալ-տնտեսական գործոնի պատճառով: Տեղանքը, ուր գրեթե 100 տարի առաջ նրանք եկել են, որպեսզի վաստակեն և ապրեն, այժմ նրանց համար գրեթե անպետք է դարձել: Անտառում ծառ կտրելն արգելվում է, ածուխ այլև չեն այրում, զորամասը, որտեղ նրանք աշխատում էին, չկա: Մնում է մի բան. գնալ անտառ և հատապտուղներ, վայրի մրգեր և սունկ հավաքել վաճառքի համար:

Այդ գործով զբաղվում են երիտասարդ ամուսնացած տղամարդիկ:

Վայիդ Փաշաև, երկու երեխաների հայր

Իսկ նրանց կանայք վաճառում են անտառի բարիքները երթևեկելի ճանապարհին:

Ղանձիլի վաճառք Թբիլիսի-Թելավի մայրուղում
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում