Հրադադարի ռեժիմի պահպանման և զորքերի շփման գծում լարվածության թուլացման մասին ավանդական արտահայտություններից զատ ոչինչ չի հաղորդվում" />

Նվազագույն տեղեկություններ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին։ Բանակցությունները փակուղի՞ են մտել

Հրադադարի ռեժիմի պահպանման և զորքերի շփման գծում լարվածության թուլացման մասին ավանդական արտահայտություններից զատ ոչինչ չի հաղորդվում

արտգործնախարար, Զոհրաբ Մնացականյան, Էլմար Մամեդյարով, Նյու-Յորք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ

Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Բանակցություններն անցկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս ևս մեկ հանդիպում անցկացնել։

ԵԱՀԿ Մինսկի խմբի կայքում համանախագահների անունից հայտարարության տեքստ դեռ չկա։

Ինչի՞ մասին են խոսել նախարարները

Այդ մասին տեղեկությունները շատ չեն։

Մասնավորապես, Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում ասվում է, որ կողմերը քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացն ու գնահատել ներկայիս իրավիճակը։ Հայկական կողմն ընդգծել է հրադադարի ռեժիմի ամրապնդման և զորքերի շփան գծում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը։ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել Ադրբեջանի տարածքում ձերբակալված Հայաստանի քաղաքացիների վերադարձը հայրենիք։

Ավելի վաղ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել էր փոխանակվել չորս գերիներով՝ երկուական յուրաքանչյուր կողմից։ Խոսքը Կարեն Ղազարյանի մասին է, որն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանում նրան դիվերսանտ են համարում, Հայաստանում՝ հոգեպես անառողջ։ Հայաստանի երկրորդ քաղաքացին, որն Ադրբեջանում է գտնվում, զինծառայող Արայիկ Ղազարյանն է։ Ադրբեջանական վարկածի համաձայն՝ զինվորը փախչել է իր զորամասից անմարդկային վերաբերմունքի պատճառով, իսկ Հայաստանում կարծում են, որ նա մոլորվել է։

Ադրբեջանցիներ Դիլհամ Ասքերովն ու Շահբազ Գուլիևը Ղարաբաղում դատապարտվել են ցմահ և 22 տարվա ազատազրկման սպանությունների, լրտեսության և առևանգումների մեղադրանքով։ Ադրբեջանում կարծում են, որ նրանք մեկնել էին հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածք՝ այցելելու հարազատների շիրիմները։

Հանդիպմանը քննարկվել է նաև վստահության մթնոլորտի ձևավորման հարցն, այդ թվում՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրացման միջոցով։

Ըստ ամենայնի, խոսքը Մոսկվայում 2019թ-ի ապրիլին Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքների մասին է։ Ավանդական համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել էր նախարարների հանդիպումից հետո, ասվում էր․

«Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հաստատել են կողմերի մտադրությունը՝ շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը քաղաքական-դիվանագիտական միջոցներով։ Նշվել է հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացման հարցում հետաքրքրությունը, մասնավորապես, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։

Նրանք պայմանավորվել են նաև փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել՝ թույլ տալու ազգականներին այցելել կողմերի տարածքում գտնվող բանտարկյալներին, ներառյալ՝ ԶԼՄ նրկայացուցիչների փոխադարձ այցելությունները»։

Նախորդ հանդիպման մասին

Մնացականյանի և Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2019թ-ի հունիսին։ Դա ԱՄՆ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն էր վերջին տասը տարում։

Բանակցությունների ավարտին միջնորդներն, ավանդույթի համաձայն, հայտարարություն էին հրապարակել։ Նրանք այն ժամանակ կոչ էին արել Հայաստանին և Ադրբեջանին շփման գծում զերծ մնալ սադրանքներից։

Փորձագիտական հանրությունն այդ հայտարարությունը գնահատել էր որպես հետքայլ, քանի որ դեռ 2019թ-ի հունվարին ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել էին բնակչություններին խաղաղության նախապատրաստելու մասին։ Հենց այդ ժամանակ նախարարները քննարկել էին անգամ հումանիտար ոլորտում փոխգործակցություն ձևավորելու հնարավորությունը։

Միջադեպ սահմանին՝ հանդիպման նախօրեին

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կայքում սեպտեմբերի 23-ի առավոտյան հաղորդագրություն էր հրապարակվել այն մասին, որ նախօրեին կանխվել է ադրբեջանական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձը։

«ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել», – նշված էր հաղորդագրությունում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինծառայողի մահվան լուրը, սակայն հերքել է դիվերսիայի փորձի մասին տեղեկությունը։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ զինվորը մոլորվել է և սպանվել չեզոք գոտում։ Մինչդեռ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:

Փորձագիտական կարծիք Երևանից

Հայ փորձագետներն ակտիվություն չեն ցուցաբերում և չեն մեկնաբանում արտգործնախարարության հաղորդագրության ավանդական արտահայտությունները։ Նոր առաջարկների բացակայությունը կարող է խոսել միայն այն մասին, որ բանակցությունները փակուղում են։

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը դեռ հանդիպման նախօրեին հայտարարել էր, որ բեկման չի սպասում․

«Բնական է, որ քննարկվելու է իրավիճակը սահմաններին, մեղադրանքներ են հնչելու հրադադարը չպահպանելու հետ կապված․․․ Ընդհանուր մթնոլորտը բոլորովին նպաստավոր չէ արդյունավետ երկխոսության համար և իրատեսական չէ հստակ քայլեր ակնկալել, իսկ առանց Ստեփանակերտի հումանիտար հարցեր քննարկելը պարզապես անտրամաբանական է»։

Աննա Կարապետյանը կարծիք էր հայտնել նաև Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձի մասին․

«Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բանակցություններ վարելու իր քաղաքականությունը: Վերջերս ադրբեջանական ԱԳՆ-ն բաց տեքստով հայտարարեց, որ իրենք խնդիր չեն տեսնում կրակոցների ներքո բանակցություններ անցկացնելու մեջ: Այսինքն, Ադրբեջանը փորձում է սպառնալիքի միջոցով ճնշում գործադրել հայկական կողմերի վրա»։

Փորձագիտական կարծիք Բաքվից

JAMnews-ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևն այսպես է մեկնաբանում իրավիճակը․

«Ադրբեջանը բանակցություննր է վարում՝ չբացառելով ուժի կիրառման հնարավորությունը։ Դա ծանրակշիռ բացատրություն ունի․ մեր տարածքներն օկուպացված են, և ՄԱԿ Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնք նախատեսում են հայկական զորքերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար շրջանի հարակից տարածքներից, անտեսվում են Հայաստանի կառավարության կողմից։

Այդ տարածքներում զինվորական ծառայություն են անցնում Հայաստանի Հանրապետության զորակոչիկները։ Ադրբեջանի կառավարությունն այդ ամենը բավարար արդարացում է համարում տարածքների ազատագրման ռազմական գործողություն սկսելու համար, սակայն դեռևս, չնայած հանրային ճնմանը, հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ կարգավորման սկզբունքներին։

«Մոլորված զինվորներ» են պարբերաբար բռնվում երկու կողմերից էլ։ Պետք է հարգանքի տուրք մատուցենք միջազգային միջնորդներին, նախևառաջ, ԿԽՄԿ-ին, որոնք օգնում են օպերատիվ կերպով լուծել որոշ հումանիտար հարցեր, օրինակ, խոսքը գնում է  մարմինների հանձնմաբ (2016թ-ի ապրիլ) և գերիներին այցելելու հնարավորության մասին»։


Կարդալ ավելին JAMnews-ում