Տոնածառի քաղաքական արկածներն Ադրբեջանում " />

Տոնածառի քաղաքական արկածները Ադրբեջանում

Տոնածառի քաղաքական արկածներն Ադրբեջանում

Երբ երկաթե վարագույրը բացվեց, խորհրդային մարդիկ շատ նոր բաներ իմացան: Մասնավորապես, պարզվեց, որ մանկուց սիրված տոնածառը ոչ թե ամանորյա է, այլ սուրբծննդյան:

Իսկ ինքը Նոր տարին այս ամբողջ ընթացքում փոփոխվում և էվոլյուցիայի էր ենթարկվում, որքան էլ որ տարօրինակ լինի, քաղաքական կուրսի փոփոխությանը զուգահեռ:

Նովրուզից դեպի Սուրբ Ծնունդ

Դարեր շարունակ Նոր տարվա տոնակատարություններն Ադրբեջանի, Իրանի, Կենտրոնական Ասիայի տարածքում և Ռուսաստանի ասիական հատվածում համընկնում էին գարնանային գիշերահավասարի օրվա հետ: Այո, այդ տոնը Նովրուզն էր:

19-րդ դարի առաջին կեսին Նովրուզը տոնում էին Բաքվի բերդապարիսպներից դուրս՝ Շուկայի հրապարակում, որտեղ այսօր պոետ Ֆիզուլիի արձանն է: Այն ժամանակներում այդ հատվածն ամայի տարածք էր (բերդից դուրս դրա շուրջ բազմաթիվ կիլոմետրեր ամայի տարածքներ էին), այստեղ առևտրի համար ապրանք էր բերվում, այստեղից էլ՝ անվանումը:

Նովրուզին մարդիկ հենց այստեղ էին գալիս տոնական խարույկներ վառելու և կրակի վրայով ցատկելու համար: Ամրոցում այն ժամանակ տները փայտից էին, և բաց կրակ վառելը խստիվ արգելվում էր:

1810թ-ի հետո Բաքվի խանությունն, ինչպես և մնացածներն անցան Ռուսական կայսրության տիրապետության տակ, և մուսուլման բնակիչների աճն իր դերը խաղաց Սուրբ Ծնունդը Նովրուզով փոխարինելու գործում:

«Կասպի», 1894թ. դեկտեմբերի 25: Միմյանց տակ տեղադրված երկու հայտարարություն: Տոնածառ՝ Հանրային ժողովում բոլոր ցանկացողների համար (այսօր քաղաքի ադմինիստրացիայի շենքն է) և Բայիլովոյի մանկատանը՝ որբերի համար:

19-րդ դարի 60-ականների սկզբին քաղաքի բնակչությունն առանձնակի ինտենսիվությամբ սկսեց աճել: Դա տեղի ունեցավ Շամախիի՝ Ադրբեջանի երկրորդ խոշոր քաղաքի երկրաշարժից և նավթային շահագործումը սկսելուց հետո: Քաղաքում նոր այգիներ հայտնվեցին, որոնցից ամենահայտնին Գուբերնատորի այգին էր, իսկ բուլվարը հարմարեցվել էր երեկոյան զբոսանքների համար:

Գուբերնատորի այգի, մեր օրեր

Բնակչության էթնիկ, և առաջին հերթին, կրոնական կազմի փոփոխությունը (հատկապես դրա առավել ապահովված վերնախավի), կենսակերպի փոփոխությունների բերեցին: Բաքվում արդեն տոնում էին և՛ Նովրուզը, և՛ Սուրբ Ծնունդը:

Եթե ինչ-որ մեկը տեղյակ չէ, ապա Սուրբ Ծնունդը նույն նոր տարվա տոնն է, բայց հռոմեական օրացույցով: Քանի որ, ինչպես որոշել են եկեղեցու նախահայրերը, Հիսուսը ծնվել է հենց Ամանորին կամ մոտավորապես այդ օրերին:

70-ականներին Ցայտաղբյուրների հրապարակում առաջին ամանորյա տոնածառը տեղադրվեց հասարակության հաճույքի, շփումների և հաղորդակցվելու համար:

Ցայտաղբյուրների հրապարակ, մեր օրեր

Հասարակությունը սկսեց շփվել, հատկապես՝ մուսուլմանական միջին և բարձր խավը: Դեռևս Արևմտյան Եվրոպայում սկսված բարեգործական պարահանդեսների և ճաշկերույթների ավանդույթը Բաքու էլ հասավ: Մինչ Դիքենսը գրում էր սուրբծննդյան գիշերը Լոնդոնի ձնածածկ փողոցներում սառչող խեղճ որբերի մասին, Բաքվում սպաների, վաճառականների և նավթաարդյունահանողների կանայք նվերները ձեռքերին մանկատնից մանկատուն էին վազվզում:

Իսկ այդ ընթացքում տեղական թերթերի առաջին էջերում հրապարակվում էին բարերարների ցուցակները:

«Կովկաս» օրաթերթ, 1905թ-ի հունվարի 6-ին: Բարերարների ցուցակը

Հին նախաամանորյա Բաքուն ժամանակակցին նման էր նաև խանութների զեղչերով: 19-րդ դարի վերջին քաղաքում 40-ից ավել լուսանկարչական սրահներ էին աշխատում: Եվ նկարվելը պակաս նորաձև չէր, քան հիմա: Ամանորյա տոներին լուսանկարչական սրահների մեծ մասը զեղչ էր հայտարարում: Նույն կերպ էին վարվում նաև հրուշակեղենի խանութները:

Իսկ հետո ԽՍՀՄ-ն էր

Դատելով ամանորյա խորհրդային թերթերից, կյանքը երկրում ձանձրալի էր, բայց հարուստ (իսկ եթե անգամ հարուստ չէր, ապա քիչ էր մնացել, որ դառնա, միայն թե մի քիչ սպասեք, մինչև սատկեն բոլոր թշնամիները): Իսկ բանն այսպես էր: Նախկին կայսրությունում, հետևաբար՝ և Բաքվում, հաղթանակած աթեիզմի ժամանակաշրջան եկավ: Սուրբծննդյան տոնածառն արգելեցին որպես վնասակար կրոնական ծես: Իսկ դրա փոխարեն ոչինչ չհորինեցին:

Խորհուրդների երիտասարդ երկրի նախատոնական և սուրբծննդյան թերթերն աչքի էին ընկնում կաթնատվության ավելացման, համաշխարհային կոմունիզմի մոտակա հաղթանակների մասին ճչացող հոդվածներով:

Ինչպես Նոր տարին, այնպես էլ դեկտեմբերի 24-ն ու հունվարի 7-ը (կաթոլիկ և ուղղափառ Սուրբ Ծնունդը) աշխատանքային օրերի վերածվեցին:

«Միայն նա, ով ընկերն է տերտերի,
Պատրաստ է նշել օրը տոնածառի:
Մեր թշնամին են տերտերները,
Մեզ հարկավոր չեն Սուրբ Ծնունդները», – ահա այսպիսի քառյակներ էին պտտվում ժողովրդի շրջանում մռայլ քսանականներին:

Թող կորչե՛ն եկեղեցական տոները

Տիկին Վալիդան այն ժամանակների մասին հորից է լսել. «Նա ինձ միշտ ասում էր, որ տոնն արգելված էր միայն այն պատճառով, որ ուտելու բան չկար: Տներում, իհարկե, գրեթե բոլորն էին տոնում, սակայն շատ համեստ, իսկ տոնածառ տներում չկար ընդհուպ մինչև հիսունականները, երբ ես ծնվեցի»:

Տոնածառն արդեն ոչ որպես սուրբծննդյան, այլ ամանորյա զարդ շատ դանդաղ սկսեց վերադառնալ երեսունականների երկրորդ կեսին: Հենց այդ ժամանակ դրա գագաթի հրեշտակը փոխարինվեց քաղաքական առումող ճիշտ կարմիր աստղով:

Ձմեռ պապի վերադարձը

Հետպատերազմյան Եվրոպայի բաժանելուց հետո ԽՍՀՄ ղեկավարության համար պարզ դարձավ, որ կոմունիզմի համաշխարհային հաղթանակը հնարավոր չէ: Եվ արդյունաբերությունը ռազմականից անցում կատարեց դեպի խաղաղ պայմաններ: Այն ժամանակ 50–ականների երկրորդ կեսին այն ժամանակվա համար աշխարհում ամենամեծամասշտաբ բնակարանային շինարարությունը սկսվեց (հենց այն «խրուշչովկաների», փոքրիկ բնակարանների, որտեղ մարդկանց վերաբնակեցնում էին նկուղներից ու կոմունալ բնակարաններից):

Առանձին բնակարաններ հայտնվեցին, իսկ դրանցում՝ սառնարաններ, և եթե բախտը բերեր, նույնիսկ՝ հեռուստացույցներ: Իսկ հեռուստացույցներում՝ մուլտֆիլմերն ու հաղորդումները:

Ժողողվրդին թույլ տվեցին բացահայտ տոնածառ գնել և զարդարել, իսկ մանկապարտեզներում ամանորյա ցերեկույթներ սկսեցին անցկացնել, որոնց ժամանակ երեխաները միանման խորհրդային նապաստակների հագուստներ էին հագնում:

Երեկոյան օրաթերթ «Բաքի», 1958թ-ի դեկտեմբերի 25: Նոր տարին տոնվում է բացահայտ

«Ես ու եղբայրս Սուրախանիում (Բաքվի քաղաքամերձ ավան) ամենաէքսկլյուզիվ Նոր տարին էինք անցկացնում, – պատմում է Շահինը: – 70-ականներն էր, երբ ծնողներս երկուսն էլ աշխատում էին Օրջոնիկիձեի անվան մշակույթի պալատում, Ձմեռ պապը, Ձյունանուշիկն ու ծաղրածուներ էին գալիս: Իսկական, զվարճալի, ոչ թե հիմիկվա պես: Բացի այդ, ես ու եղբայրս ստանում էինք ավելացած նվերները, դրանք բազմազանությամբ աչքի չէին ընկնում՝ ստանդարտ կոնֆետներ և թխվածքաբլիթ»:

Շահինն ու եղբայրը

Խորհրդային վերջին տարիները

Դրանք գրեթե բոլորս շատ լավ ենք հիշում, և յուրաքանչյուրը պատմելու բան ունի:

Կատյա. «Որքան ինձ հիշում եմ, արհեստական տոնածառ ունեինք, որը մայրս գնել էր 81թ-ին՝ դեռևս իմ ծնվելուց առաջ: Մենք հետո այն 20 տարի զարդարում էինք, կապում մարտկոցին, որ չընկնի:

Բացի այդ, տոնածառի խաղալիքները մեծ արժեք էին ներկայացնում: Այն ժամանակ կաշառքներ չկային, և տատիս, որը ծննդատանը բժիշկ էր աշխատում, ծնունդ ընդունելուց հետո տոնածառի խաղալիքներ էին «նվիրում»»:

Կատյան՝ փաթիլի կերպարով

Իրադա. «Տոնածառի խաղալիք գրեթե չունեինք, և այն ժամանակվա իմ ամենավառ հիշողությունը հորս նվերն էր: Նա ինձ համար թագ էր պատրաստել տոնածառի կոտրված խաղալիքներից: Մյուս ամենակարևոր նվերը 90-ականներին ստացա՝ նորաձև «Ստիմորոլ» ծամոնի երկու հատիկ: Կատակ չեմ անում»:

ԽՍՀՄ փլուզումից և անկախացումից հետո (և հատկապես՝ նավթային ընկերությունների հետ Դարի պայմանագրի կնքումից հետո) Նոր տարի տոնելը թույլատրելի և նույնիսկ անհրաժեշտ դարձավ: Ճիշտ է՝ տոնին մի փոքր հայրենասիրական երանգ հաղորդվեց՝ դեկտեմբերի 31-ն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր հայտարարելով:

Նոր տարին, ինչպես հեթանոսական Նովրուզն ու իսլամական Կուրբան Բայրամը մեծ շուքով և մասշտաբով է նշվում: Ի տարբերություն Խորհրդային Միության, նավթային Ադրբեջանը երբեք հակված չի եղել ասկետիզմի: Հետևաբար, Նոր տարին դիմավորվում է հրավառությամբ, բուլվարում անցկացվող համերգներով և ժողովրդական տոնախմբություններով:

Ժամանցային ինդուստրիայի համար այդ օրն ամենաբերրիներից է: Ռեստորանները տոնական ծառայությունների «համալիր» են առաջարկում՝ սկսած 60 դոլարից մինչև անվերջություն, տեղական հեռուստաընկերությունները շոուներ և համերգներ են ցուցադրում:

Ադրբեջանական սոցցանցերն այս տոնին, ինչպես և շատ այլ բաներին, ոչ միանշանակ են արձագանքում: Ահա մի քանի տիպիկ մեկնաբանություն.
«Չե՞ք ամաչում, այդքանից հետո էլ ի՞նչ մուսուլման եք: Թռչկոտում են տոնածառի շուրջ կապիկների պես»

«Ձեր ճայթուկների փողերով եթե մեկական փամփուշտ գնեիք, Ղարաբաղը գրաված կլինեինք արդեն»

Այնուամենայնիվ, այս տարի ամեն ինչ այնպես էր, ինչպես նախորդ և դրա նախորդ տարին. հրավառություն Բաքվի բուլվարում, հիացած ամբոխ, զարդարված տոնածառեր՝ ողջ քաղաքում և նախագահի ելույթը հեռուստատեսությամբ, որում նա հաղորդեց, որ Ադրբեջանը կարողացել է պահպանել տնտեսական կայունությունը:

 


Կարդալ ավելին JAMnews-ում