Պատմում ենք հեղափոխության մասնակիցների՝ JAMnews-ի անցյալ տարվա հրապարակման հերոսների մասին: Երկրում իրավիճակը մեկնաբանում են փորձագետները" />

Նոր Հայաստանի առաջին տարին. Կյանքը՝ հեղափոխությունից հետո

Պատմում ենք հեղափոխության մասնակիցների՝ JAMnews-ի անցյալ տարվա հրապարակման հերոսների մասին: Երկրում իրավիճակը մեկնաբանում են փորձագետները

Մեկ տարի առաջ JAMnews-ը շուրջօրյա լուսաբանում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Լրահոսին ու փորձագետների կարծիքներին զուգահեռ՝ մենք պատմում էինք նաև այն մարդկանց մասին, ովքեր դուրս եկան փողոց և իրագործեցին հեղափոխությունը:

«Հինգ պատմություն. ովքեր իրագործեցին թավշյա հայկական հեղափոխությունը» հոդվածը պատմում է նրանցից մի քանիսի մասին:

Մեկ տարի անց մենք նորից հանդիպել ենք մեր հերոսներին՝ պարզելու համար՝ արդարացե՞լ են արդյոք նրանց սպասելիքները:

Ներկայացնում ենք նար անցած տարվա ընթացքում երկրում տեղի ունեցած փոփոխությունների մասին հայ փորձագետների կարծիքը:

Դավիթ. Ձևակերպելով հեղափոխության հիմնական կոչը

Ակտիվիստ Դավիթ Հովհաննիսյանի հեղինակած կարգախոսը` #մերժիր_սերժին,  դարձավ հեղափոխության հեշթեգը: Հենց այս խոսքերից՝ «Քայլ արա, մերժիր Սերժին» անցյալ տարի Հայաստանում սկսվեց թավշյա հեղափոխությունը: Մարդիկ դուրս եկան փողոց, որպեսզի թույլ չտան Սերժ Սարգսյանին ղեկավարել երկիրը որպես վարչապետ՝ երկու ժամկետ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո:

Քսան տարի տևած և անցյալ տարի իր գագաթնակետին հասած պայքարը Դավիթը բնութագրում է որպես 19-րդ դարի իրավունքների պայքար, օրինակ՝ հանուն ընտրությունների միջոցով ազատ կամարտահայտման իրավունքի: Այսօր արդեն, ըստ նրա, Հայաստանի քաղաքացիները պետք է պայքարեն 21-րդ դարի իրավունքների համար, քանի որ ստացել են քաղաքակիրթ աշխարհի հետ  համընթաց քայլելու հնարավորություն:

• Ինչպես Հայաստանի ընդդիմությունը սկսեց «թավշյա» հեղափոխությունը

Սերժ Սարգսյանի հրաժարականի օրվա բոլոր իրադարձությունները՝ ժամերով

• Հայկական հեղափոսխության երգերն ու կարգախոսները

Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները հեղափոխությունից հետո՝ ինչը խանգարեց դրական շրջադարձին

Հեղափոխության բեմահարթակում իր երազած Հայաստանի ծնունդը ողջունող Դավիթի կյանքում շատ բան չի փոխվել: Ասում է` այն փոփոխությունները, որ եղել են երկրի կյանքում, ակտուալ են նաև իր համար։

«Փոխվել է իմ երազանքների սանդղակը: Այն, ինչի համար մենք պայքարում էինք նախորդ երկու տասնամյակներին, այլևս իրողություն է, և մենք կարող ենք մեզ թույլ տալ երազել ավելի մեծ բաների մասին»,– ասում է Դավիթը:

Թավշյա հեղափոխությունը, Դավիթի կարծիքով, մեկ ամսում տեղի ունեցած գործընթաց չէ. դրան նախորդել է քաղաքական և քաղաքացիական պայքարի մի ամբողջ տասնամյակ: Հիշում է 2008  թվականի մարտի 1-ի իրաարձությունները, երբ բողոքի ցույցը ցրելու ընթացքում օգտագործվեց մարտական զենք, 10 մարդ մահացավ։ Եվ դա իշխանության հետ անհավասար պայքարի և պարտության միակ դեպքը չէր։

Բայց հենց այդ պայքարի ընթացքում է, ըստ Դավիթի, կերտվել ու կոփվել այն քաղաքացին, որը մեկ տարի առաջ ոտքի կանգնեց հեղափոխության համար.

«Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը և դրան հաջորդած օրերին հրապարակում հարյուր հազարավոր մարդիկ կային, որոնց մեծ մասը պայքարի նախորդ փուլերին չէր մասնակցել: Բայց այդ հարյուր հազարավոր հանրահավաքը չէր լինի, եթե մարտ ամսից սկսած նախ մի քանի հարյուր, ապա` մի քանի հազար հոգի չգային հրապարակ և չկանգնեին այդտեղ: Այդ մի քանի հարյուր և մի քանի հազար հոգին այն մարդիկ էին, ովքեր նախորդ 10 տարիների ընթացքում անցել էին պայքարի բոլոր փուլերով»,– ասում է Դավիթը:

Առաջին անգամ ընտրությունները արդյունքները չվիճարկվեցին

Հայ քաղաքագետների կարծիքով, հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը ազատ, արդար ընտրություններն էին: Երևանի ավագանու և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի ունեցան իշխանության փոփոխությունից կարճ ժամանակ անց: Երկու դեպքում էլ հաղթանակ տարան «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները` նախկին հեղափոխական թիմի անդամները: Երևանի ավագանու ընտրություններում նրանք ստացան ընտրողների ձայների 80 տոկոսից ավելին, Ազգային ժողովի ընտրություններում` ավելի, քան 70 տոկոսը:

20 տարվա մեջ առաջին անգամ այս արդյունքները չվիճարկվեցին ոչ մի քաղաքական ուժի կողմից: Արդար, ազատ և թափանցիկ դրանք որակեցին նաև դիտորդները:

Ընդ որում, երկու դեպքում էլ ընտրողների մասնակցության ցուցանիշը բարձր չէր: Քաղաքագետներն այս պասիվությունը բացատրում են ընտրողների համոզվածությամբ, որ ցանկացած դեպքում հեղափոխական թիմի անդամները կստանան ձայների անհրաժեշտ քանակը:

Անի. Ոտքի սպին՝ հիշատակ հեղափոխությունից

«Ռեստարտ» ուսանողական շարժման մասնակից Անի Վարդանյանը հեղափոխության առաջին «զոհն» էր: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ գործողությունների ժամանակ Անին լուրջ վնասվածք ստացավ: Ձայնային նռնակը պայթեց հենց նրա ոտքերի տակ:

Հաջորդ մեկ ամիսը Անին ստիպված էր պառկած անցկացնել և բուժվել: Հեղափոխությունից նրան մնաց ոտքի մեծ սպին, հենց այդ օրերին ծնված սերը և դրա արդյունքում ստեղծված ընտանիքը։ Ապագա ամուսնու հետ Անիի մտերմությունը սկիզբ առավ հենց Հեղափոխության օրերին, դրանից մեկ ամիս անց նրանք Կարպիսի հետ ամուսնացան: Արդեն մի քանի ամսից կծնվի նրանց առաջին երեխան:

Կարպիսը ավելի վաղ էր ներգրավվել իշանափոխության համար պայքարին՝ դեռ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը սկսեց Սահմանադրության բարեփոխումների գործընթացը։ 2015 անցկացված հանրաքվեի արդյունքում, Հայաստանի կառավարման ձևը կիսանախագահականիվ փոխվեց խորհրդարանականի։ Այլ փոփոխությունների շարքում դա նշանակում էր նաև, որ երկրի ղեկավարն է դառնում վաչապետը։ Եվ Սերժ Սարգսյանը, որն այլևս չէր կարող ստանձնել նախագահի պաշտոնը, հնարավորություն էր ստանում ղեկավարել երկիրը վարչապետի կարգավիճակում։ Ինչն էլ տեղի ունեցավ 2018-ին․ խորհդարանական մեծամասնությունն ընտրեց նրան վարչապետ։

Մինչև հեղափոխությունը Կարպիը պատմություն էր դասավանդում Երևանի դպրոցներից մեկում: Քաղաքական ակտիվ գործունեության պատճառով նրան հեռացրեցին աշխատանքից: Նրա մասին հայկական մեդիան սկսեց գրել, երբ նրա աշակերտները բողոքի ակցիաներ կազմակերպեցին` պահանջելով չհեռացնել աշխատանքից իրենց ուսուցչին:

Անին համոզված է` մեկ տարի առաջ, հեղափոխությամբ ամեն ինչ ու ամեն ոք Հայաստանում փոխվեց: Ըստ նրա` հեղափոխությունը նոր փուլի, նոր հնարավորությունների սկիզբն էր: Իր համար ևս շատ բան է փոխվել` երկրորդ մասնագիտություն է ստանում՝ քաղաքագետը վեբ-դիզայն է․

«Իրականում, քաղաքականությամբ ոչ թե չեմ հետաքրքրվում, այլ առայժմ քաղաքականությունը թողել եմ մի կողմ, որովհետև այն մարդիկ, ովքեր հիմա քաղաքական դաշտը պլանավորում են,  այդ մարդկանց հետ համատեղ մենք հեղափոխություն ենք արել, և նրանց ժամանակ է պետք տրամադրել, որպեսզի աշխատելու, իրենց ունակությունները ցույց տալու հնարավորություններ ունենան: Այն թիմը, որը հիմա է քաղաքականությամբ զբաղվում, դեռևս վստահելի է, այդ պատճառով էլ քաղաքականությունը մի կողմ է մղվում»:

Անին նաև դադարեցրել է համագործակցությունը «Ռեստարտ» շարժման հետ.

«Ինձ համար հեղափոխության ընթացքում շատ կարևոր էր, որ «Ռեստարտը» չտրվեց որևէ քաղաքական շահարկման, մնաց զուտ ուսանողական շարժում: Վերջին շրջանում նրանց մի քանի գործողություններ՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը, ինձ այդքան էլ դուր չեկան: Այսօր, ցավոք, ես այլևս չեմ տեսնում ինձ շարժման մաս, չնայած, որ ինձ շատ է դուր գալիս կրթության ոլորտում նրանց գործունեությունը»,– ասում է Անին:

Նա ափսոսում է, որ հեղափոխությունը դեռ չի հասել Երևանի պետական համալսարան, որի բարեփոխման պահանջով էլ հիմնադրվեց «Ռեստարտ» շարժումը` կրթության որակից մինչև կառավարման ձևը: Անին հույս ունի, որ դա, ի վերջո, տեղի կունենա, ինչպես մյուս բոլոր անհավանական ու սպասված փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում վերջին մեկ տարում՝ օրինակ, արդար ընտրությունները։

Երկար սպասված փոփոխություններ

Հեղափոխությունից հետո երկրում կոռուպցիայի դեմ իրական պայքար է սկսվել: Պարբերաբար Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման մասին:  Ընդ որում, վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին իսկ ելույթներում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «վենդետա չի լինելու»: Նա բացատրում է, որ նոր իշխանությունների նպատակը ոչ թե կոռուպցիոներների ձերբակալումն է, այլ հափշտակված գումարների վերադարձը պետական բյուջե:

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում քրեական գործեր են հարուցվել նախորդ իշխանությունների ներկայացուցիչների և նրանց ազգականների նկատմամբ: Հայկական լրատվամիջոցներում մանրամասներ հայտնվեցին կոռուպցիոն սկանդալների մասին, որոնցում ներքաշված են եղել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը, եղբորորդին, թիկնազորի պետը, ինչպես նաև նախկին պատգամավորներ: Չնայած այս ամենին` պատժից չեն խուսափում նաև նրանք, ովքեր իշխանության են եկել հեղափոխությունից հետո, օրինակ` առողջապահության նախարարի տեղակալը կամ Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները:

Հայաստանում ապրիլյան հեղափոխությանն աջակցեցին հարյուր հազարավոր մարդիկ: Նրանք բոլորը սպասում էին սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման:

2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում հարկերի հավաքագրման ցուցանիշը բարելավվել է շուրջ 57 մլրդ դրամով` 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում, այս ցուցանիշը 4 %-ով գերազանցում է կառավարության ծրագրով նախատեսված թիվը:

Սա թույլ է տվել բարձրացնել նվազագույն կենսաթոշակը. 2019 թվականի հունվարից այն բարձրացել է 7500 դրամով: Կառավարությունը խոստանում է նաև 10 %-ով բարձրացնել ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերը:

Մնացած բոլորը սպասման վիճակում են:

Փորձագիտական կարծիք. Երիտասարդության և սոցիալական մեդիայի դերը

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հիմնական ակնկալիքը հեղափոխությունից եղել է «20-ամյա խայտառակությունից» ազատվելը: Նա վստահ է, որ հեղափոխությունը ոչ թե հրաշքով տեղի ունեցած երևույթ էր, այլ տրամաբանական հակազդեցություն այն ամենին, ինչ կատարվում էր Հայաստանում.

«Հեղափոխությունը չէր կարող չլինել: Տեղի ունեցածը նախորդ իշխանությունների որդեգրած քաղաքականության և գործելաոճի բնական հանգուցալուծումն էր: Իրավիճակը հասել էր եռման կետին: Տեղի ունեցավ բնական պայթյուն: Այլ բան է, որ տեղի ունեցած հեղափոխությունը չի կարելի ավարտված համարել: Այսօր էլ իշխանական շատ համակարգեր գործում են իներցիայով, և շատ ավելի հեշտ կլինի դրանք վերացնելը և նորը կառուցելը, քան եղածը խելքի բերելը»,– ասում է նա:

Ռուբեն Մեհրաբյանը համոզված է՝ եթե քաղաքական համակարգերը ինքնամաքրվելու, վերակառուցվելու կամ առողջանալու գոնե փոքր հնարավորություն ունենային, դա կանեին էվոլյուցիոն ճանապարհով, ոչ թե հեղափոխական:

Քաղաքագետի կարծիքով, հեղափոխության հիմնական առավելությունը երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն էր: Սերունդը, որը նախորդ 10 տարիների քաղաքական բեկումնային դրվագների ընթացքում դեռ անչափահաս էր, իր նոր, բաց մտածելակերպով հաղթանակ բերեց հեղափոխական ակտիվին:

Բացի այդ, անգնահատելի էր նաև սոցիալական մեդիայի ազդեցությունը: Եթե նախորդ տարիներին հանրային կարծիքի ձևավորման վրա ազդելու հիմնական միջոցը հեռուստատեսությունն էր, որը գտնվում էր իշխանությունների տոտալ վերահսկողության տակ, ապա անցյալ տարի այդ գործառույթն իրականացրեցին սոցցանցերը:

Գոհունակություն հայտնելով անցած մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող իրադարձություններից՝ քաղաքագետը նաև մտահոգություններ ունի.

«Նոր իշխանությունների առջև ծառացած հիմնական խնդիրն այն է, որ հին քաղաքական համակարգն այլևս չի գործում, իսկ նորը դեռ չի ձևավորվել: Քաղաքական համակարգի բացակայությունը ակնհայտ է, և դա լուրջ խնդիրներ է հարուցում: Ինչ խոսք, նոր իշխանություններն այս հարցի լուծումը դեռ չեն գտել, բայց դատելով մոտիվացիայի այն մակարդակից, որը կա, վստահ եմ, որ դա հաղթահարելի խնդիր է»:

Հեղափոխության վեկտորը. «Ճիշտ ուղղությամբ են գնում, միայն թե դանդաղ»

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի համոզմամբ՝ հեղափոխությունը Հայաստանի քաղաքացուն վերադարձրեց Սահմանադրությամբ ամրագրված ամենակարևոր սկզբունքը․ իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ըստ նրա՝ անցնող տարին քաղաքացուն հավատ ներշնչեց առ այն, որ իր ձայնը լսելի է, որ ինքը որոշումների կայացման գործընթացի մասնակից է: Դրա ապացույցը, ըստ Էդգար Վարդանյանի, հեղափոխությանը հաջորդած շրջանում տեղի ունեցող բողոքի բազմաթիվ ակցիաներն են, որոնք փաստում են՝ շարքային քաղաքացին պատրաստակամ է իրացնել իր իրավունքները.

«Կան արդարացի բողոքներ, հատկապես սոցիալ-տնտեսական կյանքում տեսանելի, զգալի փոփոխությունների բացակայության մասին: Շարքային քաղաքացին դեռ չի զգում իր առօրյա կյաքում դրական  փոփոխություններ, սակայն պետք է հաշվի առնել, որ սոցիալ-տնտեսական զգալի փոփոխությունների համար մեկ տարին իրատեսական ժամկետ չէ»,– ասում է նա:

Քաղաքագետը համոզված է՝ իշխանությունները պետք է առավել հստակ ներկայացնեն իրենց պատկերացումները խոստացված տնտեսական հեղափոխության վերաբերյալ: Խոսեն ժողովրդի հետ, բացատրեն, թե ինչպես և ինչ ժամանակահատվածում են պատրաստվում իրականացնել դա և, որն ամենակարևորն է, երբ քաղաքացին կտեսնի դրա անմիջական ազդեցությունն իր կյանքի որակի վրա։

«Մյուս կարևոր բանը, որ պետք է անի նոր կառավարությունը, անցումային արդարադատության ինստիտուտի ներմուծումն է: [Հեղափոխական կառավարությունը  առաջին օրերից խոսում է մինչ մեղադրական դատավճռի կայացումը անօրինական ճանապարհով վաստակած ունեցվածքի առգրավման անհրաժեշտության մասին – JAMnews]։

Հասարակության համար դեռևս անհասկանալի է, թե ինչ է դա, ինչպես է օգնելու պատժել կամ ներել այն օլիգարխներին, ովքեր յուրացրել են երկրի փողերը, ինչ սկզբունքով են պետությանը վերադարձվելու գողացված փողերը: Կառավարությունը պետք է կարողանա հստակ ներկայացնել անցումային արդարադատության կոնցեպցիան, համակարգային տեսքի բերի այն, այլապես դա քաղաքական շահարկումների տեղիք կտա»,– ասում է քաղաքագետը:

Էդգար Վարդանյանը կարծում է, որ  տեղի ունեցող փոփոխությունների տեմպը կարող էր ավելի  արագ լինել, բայց դրական միտումը հույս է ներշնչում, որ հաջորդ տարի Հայաստանում ավելի խորքային և կտրուկ տեղաշարժեր կլինեն:


Կարդալ ավելին JAMnews-ում