Ամեն ինչ սկսվեց գովազդային հայտարարությունից․ "Առաջարկում ենք կյանքի ուղեկից գտնել և երջանիկ լինել"" />

Թե ինչպես էր Թբիլիսցի մեր բլոգերը փեսացու փնտրում

Ամեն ինչ սկսվեց գովազդային հայտարարությունից․ "Առաջարկում ենք կյանքի ուղեկից գտնել և երջանիկ լինել"

Մինչ JAMnews-ի բլոգեր Նինո Նատրոշվիլին փեսացու էր փնտրում, պարզեց, որ ամուսնանալն, ինչպես պարզվում է, հայրենասիրական գործ է Կարդացեք նրա պատմությունը

______________

 Միայն ընտանիք կազմելու համար

Մի անգամ Ֆեյսբուքը սովորության համաձայն իր հիշողության խորքերից մեկ տարվա հնության լուսանկար պեղեց՝ բանկոմատին կպցրած փոքր գովազդային հայտարարություն. «Առաջարկում ենք կյանքի ընկեր գտնել և երջանիկ լինել»:

Զանգահարեցի նշված հեռախոսահամարով:

– Ողջույն:

– Ողջույն, – պատասխանեց տղամարդու ձայնը:

– Ամուսնանալու համար ծանոթույունների կենտրո՞նն է:

– Այո:

– Ինձ ձեր օգնությունն է պետք: Ի՞նչ անեմ:

– Ի՞նչ է ձեր անունը:

– Նինո:

– Տարի՞քը:

– Շուտով՝ 33:

– Խնդիր չէ: Գրանցվելու համար համեցեք Բակրաձե փողոց: Չմոռանաք անձը հաստատող փաստաթուղթ վերցնել ու մի լուսանկար:

– Ի՞նչ լուսանկար:

– Ձեր ընտրությամբ, որ մեծ լինի: 9х13 կամ 10х15:

– Արժե՞քը:

– Մեկ տարով գրանցումն արժե 70 լարի:

– Եվ կարող եմ վստահ լինել, որ թեկնածու կգտնե՞ք ինձ համար:

– Մենք բավականին մեծ բազա ունենք: Ձեզ անկետաներ, լուսանկարներ ցույց կտանք և կընտրեք նրան, ով ձեզ դուր կգա: Հետո կզանգահարենք այդ մարդուն, կպատմենք Ձեր մասին, և եթե նա համաձայնի, կծանոթացնենք ձեզ:

– Գումարը միանգամի՞ց ենք վճարում:

– Երբ ընտանիք են կազմում, սեր են փնտրում, փողի մասին չեն խոսում: Գրանցվելուց 10 օր անց պետք է բանկում վճարում կատարեք:

– Պարզ է:

– Ընդ որում, եթե չեք աշխատում և սոցիալապես անապահով եք, կարող ենք զեղչ անել:

– Ոչ, շնորհակալություն, ցտեսություն:

Որոշեցի փորձարկումս մինչև վերջ հասցնել: Երկրորդ անգամ եմ անցնում Բակրաձեն: Նախորդ դարի 80-ականներին խորհրդային ոճով կառուցված և օդորակիչներով պատված շենքը հեռվից է երևում: Վերելակից դուրս գալիս հայտնվում եմ կիսախավար միջանցքում, դռներից մեկի մոտ նկատում եմ գովազդային լուսանկարը: Զգուշությամբ թակում եմ:

Սենյակում երիտասարդ կին է նստած, ժպիտով է դիմավորում: Հասցնում եմ շուրջս նայել, քանի դեռ Սալոմեն անկետան է պատրաստում:

Բոլորովին այլ կերպ էի ինձ պատկերացնում այս կենտրոնը, նվազագունը՝ ինչպես հոլիվուդյան ֆիլմերում է: Իսկ այստեղ կարմիր սրտիկների և թմբլիկ կուպիդոնների փոխարեն պատերին դրոշներ են ու նախկին վարչապետի նկարները: Պատին «Կրիստալ» ամսագրի շապիկների ցուցադրություն է: Դրանցից մեկի վրա գրված է «Լքված աղջիկների ուղեցույցները»:

Հայացքս գցում եմ պատի այն հատվածին, որն ամբողջությամբ պատված է լուսանկարներով՝ զույգեր են ժպտում:

«Այս բոլոր մարդկանց ձեր կենտրո՞նն է օգնել», – հարցնում եմ Սալոմեին և փորձում ձայնիս հիացմունք հաղորդել՝ հույսի նրբերանգով:

«Այո, ամբողջ պատն էր պատված լուսանկարներով, չէին տեղավորվում, և մի մասը ստիպված էինք հանել», – հպարտությամբ պատասխանում է նա և տալիս անկետայի լրացման համար առաջին հարցը.

– Ձեր հասակն ու քա՞շը:

Դրան հետևում է ստանդարտ հարցերի շարան՝ իմ հորոսկոպի նշանը, ամուսնացած եմ եղել, թե՝ ոչ, ունեմ արդյոք երեխաներ, ծնողներ, քույր, եղբայր, մասնագիտությունս, աշխատանքի վայրս, արդյոք ունեմ տուն և ավտոմեքենա, արդյոք օգտագործում եմ սպիրտային խմիչքներ, ծխում եմ, թե՝ ոչ:

Մի փոքր սկսեցի ձանձրանալ, հանկարծ հիշեցի խորհրդային մանկությունից մի դրվագ՝ «Գրուզստատի» խորհրդային ոճի շենքը, որտեղ աշխատում էր մայրս և ինձ հետն աշխատանքի էր տանում:

«Ի՞նչ տարիքի տղամարդու հետ կցանկանայիք ծանոթանալ, ստորին և վերին սահմանը նշեք», – ես սթափվում եմ Սալոմեի հարցից:

«Հմ… երբեք այդ մասին չեմ մտածել: Թող լինի մինչև 40 տարեկան», – պատասխանում եմ ես:

Սկսվում է ամենահետաքրքիր մասը: Պետք է թվարկեմ, թե ինչ առավելություններ պետք է ունենա ապագա ամուսինս:

– Բարձրագույն կրթությունը պարտադիր է, չէ՞:

– Սեփական տուն և աշխատանք նույնպե՞ս:

Ամեն ինչին համաձայնում եմ՝ գլխով անելով: Սակայն միշտ չէ, որ զիջումների եմ գնում:

– Կարո՞ղ է բաժանված լինել:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ալկոհոլ օգտագործելուն, – հարցեր է տեղում Սալոմեն:

Երբ անթերի տղամարդու կերպարն արդեն պատրաստ էր, Սալոմեն ինձ բանկային հաշվեհամար տվեց: Հենց 70 լարի վճարեմ, կենտրոնն անմիջապես կսկսի փեսացու փնտրել: Սալոմեն հուսադրում է. 1-2 շաբաթ, և երջանկությունը դուռս կթակի, ավելի ճիշտ՝ սկբում բջջայինիս կզանգահարի:

Ամուսնությունն ազգային կարևորության գործ է

Մի քանի օր անց կրկին Բակրաձե փողոցում եմ: Ոչ, ասպետս դեռ չի հայտնվել: Այս անգամ մի կողմ դրեցի հարսի քողն ու այստեղ եկա որպես լրագրող:

Ծանոթությունների կենտրոնն արդեն 16 տարի է գործում է Թբիլիսիում: Այն գտնվում է Վրաստանի ժողովրդագրական զարգացման հիմնադրամի ենթակայության տակ: Այդ կառույցի նախագահ Դավիթ Խիզանիշվիլին ասում է, որ հիմնադրամն ազգային կարևորության գործ է անում, նպատակը ազգի ավելացումն է:

«Սա մի գործ է, որն անհրաժեշտ է և՛ մարդկանց, և՛ երկրին: Վրաստանում շատ են չամուսնացածները, ովքեր իրոք օգնության կարիք ունեն: Ազգը ինչ-որ կերպ պետք է, չէ՞, ավելանա», – էմոցիոնալ պատմում է Դավիթ Խիզանիշվիլին:

Հարցազրույցի ժամանակ նրա հեռախոսը գրեթե չի լռում: Հաշվեցի. 30 րոպեի ընթացքում 8 հոգի զանգեց: Նրա խոսքով, օրվա ընթացքում ստիպված է լինում ավելի քան 50 զանգի պատասխանել: Իհարկե լինում են նաև զանգեր պարզապես հետաքրքրասերների կողմից: Դավիթ Խիզանիշվիլին արդեն տարբերում է նրանց. առաջին իսկ նախադասությունից հասկանում է՝ արդյոք մարդն ուզում է ընտանիք կազմել, թե պարզապես հետաքրքրությունից դրդված է զանգում:

«Իսկ ընտանիք կազմելը պարտադի՞ր է: Ընկեր կամ զուգընկեր չի՞ կարելի փնտրել», – հարցնում եմ ես ու կտրուկ բացասական պատասխան ստանում: «Կենտրոն կարելի է դիմել միայն ընտանիք կազմելու նպատակով: Մենք ազգային գործի ենք ծառայում», – նորից կրկնում է Խիզանիշվիլին:

«Իսկ եթե երեխա չեն ուզում կամ չեն կարողանում ունենա՞լ», – շարունակում եմ ես:

«Հավանաբար, այդպես էլ է լինում: Առողջական վիճակի մասին տեղեկանք ոչ ոքից չենք պահանջում», – պատասխանում է նա:

Ստանդարտ ընթացակարգն այսպիսին է. ցանկացողը կենտրոնում ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ և հարցաթերթ է լրացնում, որը լրացրել եմ ես: Գրանցման համար բանկում վճարում է տուրքը, և 1-2 շաբաթվա ընթացքում կենտրոնի աշխատակիցները առկա անկետաների միջոցով ընտրում են համապատասխան թեկնածուին: Հանդիպումը կայանում է, եթե թեկնածուն հավանում է Ձեզ:

Կենտրոնի տվյալների բազայում մեկ տարի անկետայի գտնվելն արժե 70 լարի: Սոցիալապես անապահովներն ու գործազուրկներն անվճար են սպասարկվում: Կենտրոնը սպասարկում է միայն Վրաստանի քաղաքացիներին, ովքեր ապրում են Վրաստանում: Դավիթ Խիզանիշվիլին ասում է, որ Վրաստանի ժողովրդագրական զարգացման հիմնադրամն առաջին հերթին պետք է հոգ տանի իր քաղաքացիների համար:

Կենտրոնը վիճակագրություն չի վարում կամ չի հրապարակում: Ամեն դեպքում, մեզ հրաժարվեցին նման տեղեկատվություն տրամադրել:

2015թ-ին Վրաստանում գրանցվել է 29 470 ամուսնություն, 2014-ին՝ 30044, սակայն քանի զույգ է ամուսնացել Ծանոթությունների կենտրոնի օգնությամբ՝ հայտնի չէ:

Կենտրոնի ծառայություններից կարող է օգտվել Վրաստանի 20 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացի, չնայած, ընդգծում է Խիզանիշվիլին, իրենց դիմում են հիմնականում 30-40 տարեկան տղամարդիկ:

Այսօր կենտրոնի անկետաների մեծ մասը տղամարդկանց է պատկանում: Նրանք, որպես կանոն, փնտրում են գեղեցիկ, ազնիվ, կիրթ, լուրջ, ընտանիք կազմելու ցանկություն ունեցող կանանց: Հենց այդ որոշիչներն են գերակշռում նրանց լրացրած անկետաներում:

Կանանց լրացրած անկետաներից իմանում ենք, որ նրանք մեծ մասամբ խուսափում են անլուրջ, ինչպես նաև ալկոհոլ օգտագործելուն հակված և գործազուրկ տղամարդկանցից:

Ամուսնանալու համար ծանոթության կենտրոնը միակն է Վրաստանում: Չնայած որ այսօր էլ համացանցի դար է, տարբեր թերթերում և ամսագրերում կարելի է տեսնել «Հանդիպում» սյունակ, որի միջոցով մարդիկ ընտանիք կազմելու հնարավորություն են փնտրում:

Վերջին տարիներին ծանոթության առումով կենտրոնի մրցակիցը սոցցանցերն են դառնում: Չնայած՝ Դավիթ Խիզանիշվիլին զգուշացնում է, որ սոցցանցերն այդ տեսանկյունից այնքան էլ վստահելի չեն:

«Մեզ մարդիկ են դիմում, ովքեր արդեն փորձել են ապագա ամուսին կամ կին գտնել Ֆեյսբուքում, բայց արդյունքի չեն հասել: Կարող ես անլուրջ մեկին հանդիպել, ով կխաբի»: Չնայած դրան, Խիզանիշվիլիի ապագայի պլանները կապված են հենց համացանցի հետ:

Կենտրոնը ծրագրում է առցանց միջավայրի մանրազնին ուսումնասիրություն անել և ընտանիք կազմել ցանկացողների միասնական բազա ստեղծել:

«Վրաստանում չամուսնացած զույգեր չպետք է մնան: Մենք մեզ նման ճոխություն չենք կարող թույլ տալ», – կարծում է Դավիթ Խիզանիշվիլին:

* * *

Նստում եմ տաքսի և անմիջապես զանգում ընկերոջս, ով անհանգստանում էր իմ փորձարկման արդյունքների համար: Երբ վերջացրի պատմել և որոշեցի դուրս գալ մեքենայից, վարորդն ամենայն լրջությամբ խորհուրդ տվեց. «Աղջիկ ջան, ամեն դեպքում դու նշանածիցդ առողջության տեղեկանք պահանջիր, թե չէ, ինչ իմանաս, ինչ կարող է լինել»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում