Հայաստանի նոր վարչապետն իր առաջին պաշտոնական այցը Թբիլիսի է կատարել" />

Նիկոլ Փաշինյան. Վրաստանի և Հայաստանի միջև անլուծելի հարցեր չկան

Հայաստանի նոր վարչապետն իր առաջին պաշտոնական այցը Թբիլիսի է կատարել

Վրաստանի և Հայաստանի վարչապետները: Ընդունելության հանդիսավոր արարողություն կառավարության ադմինիստրացիայում: 30.05.2018, Թբիլիսի: REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Վրաստանում երկօրյա այցով գտնվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց հետո նրա առաջին պաշտոնական այցն է: Դրան բազմահազարանոց բողոքի ակցիներ են նախորդել: Նիկոլ Փաշինյանը Թբիլիսի է ժամանել տիկնոջ հետ:

Թբիլիսիի օդանավակայանում հյուրին դիմավորել է արտգործնախարար, փոխվարչապետ Միխայիլ Ջանելիձեն: Կառավարության ադմինիստրացիայում հանդիսավոր ընդունելությանը երկու երկրների օրհներգներից հետո Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց են ունեցել:

Հայաստանի վարչապետի այցը Վրաստան: 30.05.2018. REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Հայաստանի վարչապետի այցը Վրաստան: 30.05.2018. REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Հանդիպման  ավարտին երկու վարչապետներն էլ մամուլի համար հայտարարությամբ են հանդես եկել:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «հայ-վրացական հարաբերություններում անլուծելի հարցեր չկան»: Նա Վրաստանին շնորհավորեց Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ և անդրադարձ կատարեց երկու երկրների բարեկամության թեմային:

«Ինձ համար մեծ պատիվ է առաջին պաշտոնական այցը Վրաստան կատարել, քանի որ մեր քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում: Ես միշտ ամեն ինչ արել եմ հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար որպես լրագրող, պատգամավոր և այժմ՝ որպես վարչապետ», — հայտարարել է Փաշինյանը:

Նա հույս է հայտնել, որ այդ դրական փոխհարաբերությունները, որոնք միշտ եղել են Վրաստանի և Հայաստանի միջև, կարտացոլվեն նաև հստակ տնտեսական արդյունքներում:

«Մենք ունենք ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ընդհանուր շահեր: Մենք Վրաստանում բազմաթիվ համատեղ նախագծեր ունենք: Մենք պետք է աշխատենք նաև դրանց իրագործման վրա: Հայ-վրացական հարաբերություններում անլուծելի հարցեր չան, գլխավոր գործոնը տրամադրվածությունն ու կամքն է: Մեր պատվիրակությունը Թբիլիսի է ժամանել, որպեսզի գրանցի այդ պատրաստակամությունը», — հայտարարել է Հայաստանի վարչապետն ու իր գործընկերոջը Հայաստան հրավիրել. «Հույս ունեմ մոտ ժամանակներս հանդիպել Ձեզ հետ Երևանում», – ասել է նա:

Փաշինյանը, որը ոչ վաղ անցյալում լրագրող է եղել, շնորհակալություն է հայտնել վրացի լրագրողներին «այն մեծ հետաքրքրության համար, որը ցուցաբերվել է հայկական «թավշյա հեղափոխության» հանդեպ»:

Գիորգի Կվիրիկաշվիլին, իր հերթին, շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հայտարարել, որ հայ ժողովրդի արածը ժողովրդավարական սկզբունքների հանդեպ հավատարմություն է և դրանց  արտացոլումը: Վրաստանի վարչապետը նշել է, որ, չնայած երկու երկրների միջև առկա ինտենսիվ համագործակցությանը, չիրացված ներուժ կա շատ ուղղություններում:

«Մենք որոշում ենք կայացրել տնտեսական հարցերով երկկողմանի հանձնաժողովի աշխատանքը վերականգնել: Շատ շուտով կկայանա աշխատանքային խմբի հանդիպումն ու տնտեսական համագործակցության երկկողմանի հանձնաժողովի նիստ կնախապատրաստվի: Մենք նախանշել ենք նաև այդ հանձնաժողովի շրջանակում ուշադրության արժանի հիմնական ուղղությունները», — հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Ըստ նրա՝ երկկողմանի համագործակցությունը պետք է խորացվի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը, նորարարությունները:

Նա ասել է, որ հանդիպման ժամանակ երկկողմանի հարաբերություններից զատ անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային շրջանակում և միջազգային ձևաչափում համագործակցության, ինչպես նաև «տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության» թեմաներին:

Կվիրիկաշվիլին ընդգծել է այն փաստը, որ երկօրյա այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կայցելի Ջավախեթի՝ Վրաստանի՝ գլխավորապես էթնիկ հայերով բնակեցված շրջան: Կվիրիկաշվիլիի խոսքով՝ Վրաստանի քաղաքացի հայերն ակտիվորեն ներգրավված են երկրի պետականաշինության հարցերում:

«Վրաստանի հայերն ակտիվորեն ներգրավված են պետականաշինության հարցերում, ինչն ի ցույց է դնում բազմազգ Վրաստանի միասնականությունը: Մեր բնակչությունն, անկախ ազգային պատկանելությունից, մեկ նպատակի է ծառայում՝ Վրաստանի ամրապնդմանը, տարածաշրջանային և բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը», — հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կլքի Վրաստանը վաղը: Այցի ընթացքում նա կհանդիպի նաև Վրաստանի նախագահի և խորհրդարանի խոսնակի հետ: Մայիսի 31-ին նրան սպասում են Ջավախեթիում:

Նախքան Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան հայկական մամուլն ակտիվորեն քննարկում էր, թե արդյոք նա Թբիլիսիում կբարձրացնի Աբխազիայի տարածքով երկաթուղու աշխատանքի վերականգնման հարցը: Սակայն վարչապետն իր հայտարարություններում այս թեմային չանդրադարձավ:

Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Վրաստանի փոխվարչապետ Միխայիլ Ջանելիձեն լրագրողներին հայտարարել էր, որ հայկական կողմը մինչև հիմա երբեք չի բարձրացրել Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը և «ենթադրաբար, չի անի դա նաև հիմա»:


Կարդալ ավելին JAMnews-ում