Դա տեղի է ունեցել Նիդերլանդների կառավարության կամքին հակառակ" />

Նիդերլանդների խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Դա տեղի է ունեցել Նիդերլանդների կառավարության կամքին հակառակ

Փետրվարի 22-ին Նիդերլանդների խորհրդարանի Ներքին պալատի պատգամավորների ճնշող մեծամասնությունը քվեարկել է 1915թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ կատարված գործողությունները որպես ցեղասպանություն ճանաչելու օգտին, հաղորդում է Reuters գործակալությունը:

150 պատգամավորից միայն երեքն են դեմ քվեարկել: Նրանք ներկայացնում են Նիդերլանդներում թուրքական սփյուռքի շահերի լոբբինգով զբաղվող կուսակցությունը:

Մինչև 1915թ-ը Օսմանյան կայսրության տարածքում մոտ երկուսուկես միլիոն հայ է բնակվել: Զանգվածային արտաքսման և սպանությունների հետևանքով նրանց կեսից ավելին զոհվել է:

Թուրքիան այդ իրադարձությունները ցեղասպանություն չի ճանաչում: Թուրքիայի արտգործնախարարությունն արդեն հայտարարել է, որ հոլանդական խորհրդարանի որոշումն իրավաբանական տեսանկյունից անվավեր է:

Նիդերլանդների արտգործնախարար Սիգրիդ Կաագը խորհրդարանում քվեարկությունից առաջ հայտարարել է, որ կառավարությունը չի սատարի պատգամավորներին, եթե նրանք Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ հետապնդումը որպես ցեղասպանություն ճանաչեն: Հոլանդական կառավարությունը չի ցանկանում վերջնականապես փչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, որոնք առանց այդ էլ լավագույն վիճակում չեն:

Պատմաբանների մեծ մասն այն կարծիքին է, որ 1915թ-ին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն է տեղի ունեցել: Դա ճանաչել է Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանն ու Ռուսաստանն, ինչպես նաև ԱՄՆ 50 նահանգներից 48-ը:

Հայաստանում Նիդերլանդների խորհրդարանի որոշումը մեկնաբանում են փորձագետներն ու պաշտոնատար անձինք:

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյան.

“Հայաստանում ուշադիր հետևում են նման իրադարձություններին, այդ թվում՝ Նիդերլանդների խորհրդարանում ներկայացված բանաձևին: Տվյալ պահին դժվարանում եմ այդպիսի օրենսդրական ակտերի արդյունքում հստակ որևէ հետևանք նշել: Միանշանակ, այդպիսով պահպանվում է իրենց հայրենիքում ոչնչացված հայերի մասին հիշողությունը: Սակայն սիմվոլիկ նշանակությունից զատ պրակտիկ նշանակություն ես այստեղ չեմ տեսնում”:


Կարդալ ավելին JAMnews-ում