Ցանցը կօգնի հայաստանյան ստարտափներին կայանալ և դուրս գալ միջազգային շուկա " />

Ներդրողների ոչ ֆորմալ ցանց է ստեղծվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների ոլորտում

Ցանցը կօգնի հայաստանյան ստարտափներին կայանալ և դուրս գալ միջազգային շուկա

Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ոչ ֆորմալ ցանց է ստեղծել՝ STAN (Science and Technology Angels Network): Նախաձեռնության հեղինակն է Գիտության և տեխնոլոգիաների FAST հիմնադրամը (The Foundation for Armenian Science and Technology): Հիմնադրամի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ սա Հայաստանում ստեղծված ստարտափները միջազգային շուկա դուրս բերելու լավագույն հնարավորությունն է:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2016 թվականին: Դրա հիմնական առաքելությունն է հայտարարվում Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունը և գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր միջավայրի ստեղծումը: FAST-ի պաշտոնական կայքում գրված է, որ հիմնադրամը մտադիր է «համախմբել Հայաստանի, հայկական աշխարհի ու միջազգային համայնքի գիտական, տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները»:

«Նախաձեռնության շուրջ համախմբվել են հայազգի 18 ներդրող և ձեռնարկատեր Հայաստանից ու արտերկրից, որոնք կոչվում են «հրեշտակներ»: Նրանք «բիզնես հրեշտակներ» են և ֆինանսական միջոցներ հատկացնելուց զատ նաև ցուցաբերելու են խորհրդատվական օժանդակություն, ուղղորդելու են ստարտափներ ստեղծողներին անհրաժեշտ կապերի հաստատման հարցում»,- ասել է ցանցի համանախագահ Ռուբեն Հարությունյանը:

Այսպիսով, ձեռներեցը, որն ունի լավ ու հետաքրքիր գաղափար իրականություն դարձնելու նպատակ, կարող է դիմել ցանցի օգնությանը, ստանալ ֆինանսավորում ու 18 անձանց խորհրդատվությունը, ովքեր հարուստ փորձ ունեն գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Հեղինակներն ասել են, որ առաջնահերթություն է տրվելու այն ստարտափերին, որոնք կարող են գրավել միջազգային շուկան, հետաքրքիր լինել ոչ միայն հայկական սպառողին, այլև համաշխարհային:

Ցանցի համանախագահմերի խոսքով, իրենք ներդրումներ կանեն այն ընկերություններում, որոնք գործունեության վաղ փուլում են, այսինքն արդեն ունեն գաղափար, որը սկսել են կյանքի կոչել, և այն զարգացնելու համար ֆինանս է պետք:

Ցանցի գործունեության առաջին չորս տարվա համար տարեկան նվազագույն ներդրումը STAN-ի յուրաքանչյուր հիմնադիր-անդամի կողմից կազմելու է 10 000 դոլար, հինգերորդ տարվանից՝ 20 000 դոլար:


Կարդալ ավելին JAMnews-ում