Ւնչպես հասնել դպրոց, շփվել մյուս երեխաների հետ, համապատասխանել ընդհանուր ծրագրին՝ Հայաստանում ներառական կրթության հաջողություններն ու ձախողումները" />

Ինչպես են սովորում սովորական դպրոցում նրանք, ում դժվար է կարդալ և ում դժվար է քայլել

Ւնչպես հասնել դպրոց, շփվել մյուս երեխաների հետ, համապատասխանել ընդհանուր ծրագրին՝ Հայաստանում ներառական կրթության հաջողություններն ու ձախողումները

«Դպրոցը լավ է, որովհետև լիքը ընկերներ հիմա ունիմ, իրանք ինձի կսիրեն: Դասատուներս ու ընկերներս կօգնեն օր սայլակովս մտնիմ դասարան: Շատ կսիրեմ մեր դպրոցը»,– ասում է Գյումրիի թիվ 7 դպրոցի աշակերտ Էդուարդ Թորոյանը:

Նա մանկական ուղեղային կաթվածի հետևանքով հենաշարժողական համակարգի ու խոսքի խնդիրներ ունի: Բայց նրա ծնողներին համառ աշխատանքի շնորհիվ, տարիների ընթացքում հաջողվել է լուրջ առաջընթացի հասնել:

Էդուարդի մայրը հիմա հիշում է. իր որդին առաջիններից էր, որ 9 տարի առաջ սայլակով կարողացավ մտնել դպրոց ու սովորել: Հայաստանի շրջաններում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար տարիներ առաջ հանրակրթական դպրոցները անհասանելի էին:

2005թ. արդեն ընդունվել էր օրենք ներառական կրթությական համակարգի անցնելու մասին: Սակայն դեռ շատ չէին դպրոցները, որոնք հարմարեցված էին հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար:

Շիրակի մարզում դպրոցները սկսեցին հարմարեցնել 2012 թվականին: Բայց Էդուարդի մայրը դրանից մի քանի տարի առաջ էր որոշել, որ իր երեխան պետք է կրթություն ստանա: Եվ չնայած նրա հաստատակամությանը մուտքը դպրոց այնքան էլ հեշտ չի եղել, ու մինչ այժմ էլ ամբողջ ընտանիքով շարունակում են հաղթահարել խոչընդոտները:

 

«Իմ երեխայի համար ուրիշ աշխարհ էր դպրոցը: Սկզբից երեխաները շատ զարմացած էին, տարակուսանքով էին նայում: Հետագայում սովորեցին, ընկերացան, հոգատար դարձան: Բայց ծնողները չսովորեցին, նրանք յուրահատուկ, զննող, քննող հայացքով կնայեն, մենք կկարծենք, թե այլմոլորակայիններ ենք: Մի անգամ էլ դեպք եղավ, որ էրեխեն մորը կհարցնե. «Մամա, էս էրեխեն ինչի՞ է սայլակով»: Մայրն էլ անտարբեր ու բարձր արտահայտվավ, թե էս էրեխեն հիվանդ է: Ես շատ վատ զգացի»,– պատմում է Օֆելյա Թորոյանը:

Նա հպարտանում է, որ այսուհանդերձ հաջողվել է չկոտրվել ու շատերին հարմարեցրել իրենց:Իսկ Էդուարդն արդեն կարողանում է հայերեն, ռուսերեն կարդալ, անգլերենն է յուրացնում, իսկ վերջերս նաև կենսաբանության ու քիմիայի դասերին է մասնակցում:

Անցնող տարիների հետ որոշակի առաջընթաց է արձանագրվել, դպրոցում որոշակի պայմաններ են արդեն ստեղծվել: Բայց մինչև դպրոց դեռ հասնել է պետք:

Ինչպե՞ս հասնել դպրոց

Հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների ծնողների ամենամեծ մտահոգությունը երեխաներին դպրոց հասցնելն է:

Վահանն ամեն օր դպրոց է ուղևորվում քայլակի օգնությամբ: Փողոցի ամեն մի փոս ու անհարթություն օգնում է շրջանցել մայրը: Իսկ մայթերը Հայաստանի երկրորդ քաղաք Գյուրիում բարեկարգ չեն:


«Գյումրիում ոչ թե թեքահարթակներ են, այլ դիքահարթակներ, էնպես թեք են, օր սայլակով անցնիս գլուխկոնծի կուդաս, ձևական մայթի երկու քարը թեք են դրել, բայց ավելի վտանգավոր են դարձրել, քան մատչելի»,
– ասում է Վահանի մայրը՝ Քրիստինեն:Թեքահարթակներ կան, բայց այնպես են կառուցված, որ սպորտսմեններն էլ չեն կարողանա սայլակով օգտվել դրանցից:

Նա բողոքում է նաև, որ Գյումրիում հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար, նրանց կարիքներին հարմարեցված հանրային տրանսպորտ չլինելու պատճառով, ստիպված տաքսի ծառայությունից են օգտվում: Ամեն օր մոտ 1000 դրամ գումար է պահանջվում, ինչն իր ընտանիքի համար մեծ ծախս է:

Պետության ծախսերը

Ներառական համակարգում սովորող երեխայի համար պետությունը դպրոցին հատկացնում է 4-5 անգամ ավելի շատ գումար: Ամեն աշակերտին տրվող մոտ 100 հազար դրամի փոխարեն հաշմանդամություն ունեցող երեխայի կարիքները հոգալու համար տրվում է 400-500 հազար դրամ: Այս գումարից դպրոցը վճարում է այդ երեխաների հետ աշխատող հատուկ մասնագետների աշխատավարձը, նաև աշակերտին սնունդ է հատկացնում ու ճանապարհածախս տալիս:

«Օրենքը հատկացնում է 200 դրամ ճանապարհածախս: Գիտենք, որ այդ գումարով ծնողները չեն կարողանում երեխաներին դպրոց հասցնել: Բայց մենք չենք կարող ավելին տալ: Չենք կարող նաև մյուս երեխային, որն ունի ընդամենը լսողության հետ կապված խնդիրներ, քիչ գումար հատկացնել ու փոխանցել հենաշարժողական խնդիրներ ունեցողին:

Ուզում ենք գրանտային ծրագրով ու մեր ներդրումով ավտոբուս ձեռք բերել, որ մենք օգնենք հասցնել երեխաներին դպրոց: Թեև հասկանում ենք, որ մեկ դպրոցով և մեկ ավտոբուսով բուն խնդիրը չի լուծվի»,– մտահոգված պատմում է Գյումրիի թիվ 7 դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը:

Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը, այս խնդիրը ոչ թե կրթական, այլ սոցիալական խնդիր է համարում: Ասում է, որ այժմ քննարկում են համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Առաջարկում են, որ ըստ երեխայի կարիքի գումար տրամադրվի և սոցիալական ապահովության նախարարությունը ևս ներգրավվի ծնողներին աջակցելու գործում:

Բացահայտվել են ներառական կրթության ստվերային կողմերը

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար դպրոցին ավելի շատ գումար հատկացնելը պատճառ դարձավ, որ որոշ դպրոցներ թեթև առողջական խնդիրներ ունեցող երեխաներին ընդգրկեն ներառական կրթության համակարգում: Մեծ թիվ սկսեցին կազմել հուզակամային խնդիրներ ունեցող երեխաները:

Ծնողների մի մասն իրենք էլ էին շահագրգիռ, քանի որ երեխային հատկացվող օրական սնունդը օգնություն էր սոցիալապես անապահով ընտանիքների համար: Աշակերտի փաստաթղթերում գրվում էր թեթև խնդիր՝ գերակտիվ կամ ներփակված:

«Այժմ այդ հուզակամային կատեգորիան դուրս է եկել հիվանդությունների ցանկից, որոշ փոփոխություններ են կատարվել նաև տեսողական ու լսողական խնդիրների դեպքում՝ ավելի խստացվել են պայմանները: Օրինակ, կարճատեսության շատ փոքր աստիճանի դեպքում, երեխան ներառական կրթություն ստացողների ցուցակի մեջ չի ընդգրկվում»,– ասում է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ ՀրայրԿարապետյանը:

Գյումրիի երկու դպրոցներում ստուգումներ էին կատարվել և խախուտիմներ էին հայտնաբերվել: Արդյունքում քրեական գործեր հարուցվեցին: Պարզվել էր, որ ներառական համակարգի երեխաներին 697-780 դրամ արժողությամբ սննդի փոխարեն բաշխել էին մոտ 200 դրամ արժողությամբ սննդի ծանրոցներ, իսկ պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը՝ մոտ 11 միլիոն դրամ խաբեությամբ հափշտակվել էր:

Նոր հեռանկարներն ու հին դժվարությունները

Այժմ Շիրակի մարզում գործող 148 դպրոցներից 24-ում ներառական կրթություն է իրականացվում:

Հաջորդ տարվանից նախատեսվում է անցնել համընդհանուր ներառման, այսինքն՝ հատուկ դպրոցներ այլևս չեն լինելու, բոլոր դպրոցները պետք է պատրաստ լինեն ընդունել հատուկ կարիքներով բոլոր երեխաներին:  

Սակայն դեռ անլուծելի է մնում մեկ հարց. ոչ բոլոր դպրոցներն են ապահովված նեղ մասնագետներով: Շիրակի մարզում մի շարք դպրոցներում թափուր են մնացել հատուկ մանկավարժների ու լոգոպեդների հաստիքները:   

«Հատկապես աուտիզմ ախտանիշ ունեցող ու խոսքային խնդիրներով երեխաների համար նեղ մասնագետների կարիքը շատ կարևոր է: Խոսքի բացակայության պատճառով ու հուզական վիճակի հետևանքով երեխաներ կան, որ, օրինակ, անձրևի ձայնից կարող են լացել: Կավիճի ու գրատախտակի ձայնը կարող է ազդել, լարվածություն ու նյարդային խնդիրներ առաջացնել նրանց մոտ: Իսկ խոսքային խնդիրներ ունեցողների հետ անհրաժեշտ է լոգոպեդը աշխատի, այլապես վիճակը կարող է վատթարանալ»,– բացատրում է հոգեբան Արմինե Հովհաննիսյանը:

Հատուկ մանկավարժների ու լոգոպեդների կարիքը մեծ է: Ու խնդիրը լուծելու հեռանկարներ չեն նշմարվում, քանի որ այս մասնագիտություններով կրթություն հանրապետությունում ապահովում է միայն մեկ բուհ:  

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում