Որքանով են դպրոցն ու հասարակությունը պատրաստ դրան" />

Ներառական կրթության կիրառման 10 խնդիրները

Որքանով են դպրոցն ու հասարակությունը պատրաստ դրան

Հայաստանի 1232 դպրոցներից 182-ը ներառական կրթություն են իրականացնում: Մինչև 2025 թվականը նախատեսվում է ներառականություն ապահովել ողջ հանրակրթական համակարգում:

JAMnews-y որոշեց գնահատել ներկայիս ներառական կրթություն իրականացնող դպրոցների պատրաստվածության աստիճանը և նկատեց հետևյալ խնդիրները.

1. Ներառական դպրոցները չունեն ներքին հարմարեցվածության

Թեքահարթակներ պետք է լինեն շենքից դուրս և ներս, սակայն հիմնականում այն կարող ես տեսնել դպրոցի առաջին հարկում: Ոչինչ նախատեսված չէ այն երեխայի համար, որն ունի հենաշարժողական խնդիրներ ու իր դասասենյակը գտնվում է 3-րդ հարկում: Որոշ երեխաներ հրաժարվում են դպրոց հաճախել հենց նման խնդիրների պատճառով: Այսօր ներառական դպրոցներ հաճախում են հիմնականում թեթև խնդիրներ ունեցող երեխաները:

2. Ներառական դպրոցներում (ՆԴ) սանհանգույցները հարմարեցված չեն

Հիմնականում տիպային դպրոցական սանհանգույցներ են, որոնցից շատերն էլ անմխիթար վիճակում են:

3. ՆԴ-ը չունեն հարմարեցված սպորտդահլիճներ և մասնագետ-ուսուցիչներ, ովքեր կաշխատեն ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների հետ:

4. ՆԴ-ի առանձնահատուկ դասասենյակները հարմարեցված չեն, ապահովված չեն անհրաժեշտ գույքով

Մինչ դեռ ուսուցիչների կարծիքով, անհրաժեշտ է, որ դասասենյակը, որտեղ մասնագետ-ուսուցիչները աշխատում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ, լինեն լուսավոր ու պայծառ, սեղան-աթոռները հարմար լինեն, հարամարեցված աշխատանքային պարագաներ լինեն, որպեսզի խաղերի, տարբեր պատկերների միջոցով ավելի մատչելի ու հաճելի լինի աշակերտների համար դաս սովորելը:

5. ՆԴ-ի մասնագիտական ռեսուրսների պակաս

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ պետք է աշխատի տարբեր մասնագետներից կազմված թիմը՝ անկախ երեխաների թվից և կրթության առանձնահատուկ կարիքների բնույթից (ընդհանուր կրթության մանկավարժ, հատուկ կրթության մանկավարժ, հոգեբան, լոգոպեդ): Իրականում նման ամբողջական թիմ չի հավաքվում:

6. Առարկաների ուսումնական պլանի մշակում

Այս պլանը պետք է կազմվի յուրաքանչյուր աշակերտի համար անհատապես՝ մասնագետ-ուսուցիչների, ծնողների հետ համատեղ, սակայն այդ կապը թույլ է. ծնողներից շատերը չգիտեն պլանը համատեղ կազմելու հնարավորության մասին, իսկ որոշ առարկայական ուսուցիչներ առանձնահատուկ ուշադրություն չեն էլ դարձնում անհատական պլանին:

7. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ընդունում են որպես հիվանդ և անընդունակ

Ուսուցիչներից ոմանք դեռ մտածում են, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին դպրոց բերելը “ուղղակի երեխային տնից հանելն է, որպեսզի հասարակությունից չկտրվի:

8. Ուսուցիչների համար դասընթացների կազմակերպման պակաս

Բացի ուսուցիչներին ներառական կրթության վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ տրամադրելուց, կարևոր են նաև մասնագիտական գիտելիքների զարգացումը: Աշխատելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ` հաճախ առաջանում են հարցեր, որոնց պատասխանները ուսուցիչները չունեն:

9. Ներառական կրթությունը պետք է սկսվի նախակրթարաններից

Մինչև 6 տարեկանը երեխաներին տանը փակի տակ են պահում, հետո տանում դպրոց: Երեխաները հոգեբանական խնդիր են ունենում, նրանց համար ավելի դժվար է լինում ինտեգրվելը:

10. Դպրոցներում (ինչպես և հասարակության մի ստվար հատվածի մոտ) դեռ կա խտրական և կարծրատիպային վերաբերմունք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նկատմամբ:

  • Որպես կրթական բարեփոխումների կարևոր մաս՝ դեռևս 2000թվ-ից ներառական կրթությունը հայտարարվել է ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրներից է մեկը: “Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձնանց կրթության մասին օրենքն ընդունվել է 2005թ.-ին, որից հետո ՆԿ-ը ընդգրկվել է կրթության զարգացման պետական ծրագրերի մեջ:

Հրապարակվել է՝ 20.10.2016


Կարդալ ավելին JAMnews-ում