Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ տասնչորսերորդ" />

Նամակներ հայաստանյան բանտից. «Համակարգի դեմ մեն-մենակ․ երեխան՝ արդարադատության մուրճի տակ»

Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ տասնչորսերորդ

Նկարն՝ Անաստասիա Լոգվինենկոյի

JAMnews-ի«Նամակներ բանտից» նախագիծը սկսվեց մի նամակից, որը խմբագրությունը ստացել էր ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանից: Նա արդեն 24 տարի է, ինչ բանտում է: Յուրին մեզ գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ հասարակության համար կարևոր է լսել «այն կողմում» ապրողներին: Մենք համաձայնեցինք նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը: Յուրի Սարգսյանը նաև «Առավելագույն պատիժ» վավերագրական վեպի հեղինակն է, որը հրապարակվել է 2016թ-ին:

Սա Յուրի Սարգսյանի տասնչորսերորդ նամակն է: Նախորդ բոլոր նամակների հղումներն՝ էջի վերջում։

 Մ ոտենում է այն երկար սպասված պահը, որից ես այդքան վախենում էի։ Անընդհատ հետաձգում էի այն անորոշ «հետոյով»։ Վերջապես որոշեցի հանդիպել։ Հաշված օրեր անց՝ մարտի սկզբին, ես կյանքում առաջին անգամ իսկական հայր եմ  դառնալու։ Եվ այդ մասին միտքն ինձ հանգիստ չի տալիս։

Ճակատագիրս չդասավորվեց հենց սկզբից։ Հետագայում այն միայն թեթև հրեցին։ Հայրական և մայրական սեր չեմ հիշում։ Եվ սեփական երեխաներիս կյանքում մասնակցություն ունենալու երջանկություն նույնպես չեմ ունեցել։

Երբ ծնվեց առաջնեկս, ես ինձ ծնող չզգացի և կարծես ինձ առանձնացրի նրա կյանքից։ Հետո ուշքի եկա, ցանկացա ամեն ինչ փոխել, սակայն չհասցրի, կալանավորեցին։ Տղաս այդ ժամանակ հինգ տարեկան էր։ Այսօր՝ գրեթե երեսուն։ Միջնեկ տղաս և աղջիկս ծնվեցին արդեն անազատության տարիներին։

Ես ու կինս երկար ժամանակ չէինք կարողանում որոշել, թե արդյոք երեխաներին պետք է պատմել, որ բանտում եմ։ Նրանց համար ուրիշ հայր էինք հորինել, ուրիշ հայրանուն գրանցել… Կարծում էինք, որ այդ կերպ կօգնենք նրանց խուսափել բազմաթիվ բարդություններից։ Սակայն հինգ տարի առաջ մենք պաշտոնապես գրանցեցինք մեր ամուսնությունը, և գաղտնիքը ստիպված էինք բացահայտել։ Արդյունքում՝ ավագ որդիս դադարեց վստահել մորն, իսկ ինձ ընկալեց նույնիսկ ոչ թե որպես նրա հանցակից, այլ որպես ստի մի մաս։ Կրտսերները՝ տղաս ու աղջիկս, նորությունն առանց մեծ ոգևորության ընդունեցին։ Համենայնդեպս, արտաքուստ։

Անցյալ տարի տասներեքամյա աղջիկս ցանկացավ մասնակցել իմ ազատ արձակման վերաբերալ դատական նիստին։ Սակայն ես հրաժարվեցի. թող երեխան հորը ճաղերի հետևում կամ պահակախմբի վերահսկողության տակ չտեսնի։ Պայմանական վաղաժամ ազատ արձակվելու հույս ունեի։ Պարզվեց, որ իզուր։ Սակայն այս անգամ ինձ տեսակցելու նրա որոշումը վերջնական էր։

Հիմա չգիտեմ Չգիտեմ, թե ինչպես կարձագանքի աղջիկս այն ամենին, ինչ ինձ շրջապատում է։ Անձնական խուզարկությանը, որը նրան սպասվում է բանտ մուտք գործելիս։ Չգիտեմ, թե ինչ հետք կթողնի նրա նուրբ սրտի վրա բանտը։ Սակայն ինչպես հրաժարվել հանդիպումից, ես նույնպես չգիտեմ։ Հատկապես, որ ես էլ եմ շատ ուզում նրան տեսնել։ Ուզում եմ դառնալ հարազատ, իսկական, կենդանի և երեխային երջանիկ դարձնել։ Բայց ինչպե՞ս։

Հիշում եմ այս բանտում կնոջս հետ առաջին հանդիպումը և նրա համար անհասկանալի հայերենով ասված առաջին բառերը, որոնք նա հիշել է՝ «Լույս չկա։ Օդ չկա։ Ջուր չկա»։ Մենք երկարատև հանդիպումների սենյակում էինք, երբ պատի վրայով անցնող էլկետրական լարերը խոնավությունից կարճ միացում տվեցին։ Եվ ես երկու ժամ փորձում էի հերթապահ բանտապանին կանչել վթարի մասին հաղորդելու համար։ Երկու ժամ՝ խուլ բունկերում առանց լույսի և մաքուր օդի։ Լավ է, որ այն ժամանակ երեխաները մեզ հետ չէին։ Նրանց ներկայության համար հանդիպումների սենյակները հաստատ հարմար չեն։

Ինձ հանգստացնում են, թե ժամանակակից երեխաներին բանտով չես վախեցնի, նրանց համար դա կարծես արկած լինի։ Սակայն ես գիտեմ, թե որքան անօգնական են դատապարտյալների երեխաները համակարգի դաժանության դեմ։ Նրանց իրավունքները խախտվում են, պահանջներն ու շահերն՝ անտեսվում, կենսական շանսերը հավասարեցվում զրոյի։ Նրանց հաճախ անվանում են արդարադատության մոռացված կամ անտեսանելի զոհեր։ Այդպես էլ կա։

Դառնությունն այն է, որ անազատության հիմնական ծանրությունը կրում ենք ոչ թե մենք, այլ մեր հարազատները՝ ծնողները, կանայք և երեխաները, եղբայրներն ու քույրերը։ Դժվար է պատկերացնել, թե ինչ են նրանք զգում՝ մեն-մենակ այս համակարգի դեմ հայտնվելով։

Ցանկացած մարդու բանտարկությունը խնդիրներ է ստեղծում, որոնք լուծվում են էժանագին և ստուգված ճանապարհով՝ ներխուժելով մեր տներ, մեր երեխաների կյանք, բոլորի և յուրաքանաչյուրի մտքեր ու սիրտ։ Ընտանիքի հետ բանտարկյալի շփման ցանկությունն ու կարիքն առավելագույնս շահագործվում է համակարգի կողմից։

Մեր հարազատներին ոչ հրապարակային պատժի են ենթարկում՝ մոլորեցնելով տարբեր կանոնների և կարգադրությունների սարդոստայնում, ստիպելով վճարել մեր կենցաղի համար՝ ընդհուպ մինչև բանտախցերի և հանդիպման սենյակների վերանորոգումը՝ նրանց մեն-մենակ թողնելով գլխներին թափված խնդիրների հետ։ Հենց հարազատներն են մեզ օգնում մարդ մնալ, պահպանել կալանավորվածի սրտի բեկորները։ Եվ իրենց վրա են վերցնում հոգսերի անհավանական բեռը։

Իսկ պետությունն ամեն կերպ խորացնում է այդ ճնշումը՝ ստիպելով ժամերով հերթ կանգնել, անցնել զննման և խուզարկության նվաստացուցիչ ընթացակարգերը։

Հանդիպումները, հեռախոսազանգերը, ծանրոցներն ու նամակներն, իրավաբանական ծառայությունների վճարումներն ու այլ ծախսեր ընկնում են ընտանիքների վրա՝ հարկի պես։

 Եվ, իհարկե, այդ խնդիրներն, առաջին հերթին, հարվածում են երեխաներին։ Ես ինքս մինչև տասնմեկ տարեկան առանց հայր եմ մեծացել, իսկ հետո՝ առանց մայր։ Ոչ լիարժեք ընտանիքը կիսատ է դարձնում ողջ մանկությունը։ Իսկ բանտարկյալի որդու կամ դստեր խարանն ունակ է անդառնալիորեն թունավորել երեխայի ողջ կյանքը։

Երեխան, որի հայրն ազատազրկման վայրում է, կարող է ծաղրի և վիրավորանքների ենթարկվել տարեկիցների և մեծերի կողմից։ Եվ չարանալ ողջ աշխարհի, ծնողների հանդեպ, նրանց վերաբերվել առանց հարգանքի և չլսել նրանց։

Բանտարկյալները պատմում են, որ երեխաների մեծ մասը մեկ-երկու հանդիպումից հետո հրաժարվում են բանտ գալ։ Սովորաբար, անձնակազմի կոպտության պատճառով, որը երեխային վերաբերվում է որպես մանկահասակ հանցագործի։ Եվ քանի որ ղեկավարությունը հաճախ ընտանեկան կապերը դիտարկում է, ավելի շուտ որպես բանտարկյալի համար արտոնություն, որին նա արժանի չէ և որն այն տրամադրում է բանտարկյալին՝ «հոգու բարությունից» ելնելով։ Երեխաների իրավունքների մասին ոչ ոք չի հիշում։

Սակայն չէ՞ որ մենք երեխաներին պետք ենք նույնքան, որքան նրանք մեզ։ Բանտը սովորեցրել է դասեր քաղել սեփական և ուրիշների սխալներից, և այդ գիտելիքները կօգնեն ապագայում ինձ ու երեխաներիս հեռու պահել անախորժություններից։ Այդ երազանքներում ընտանիքի երջանկությունն ու բարեկեցությունը միշտ առաջին տեղում են։

Սակայն երազանքները սիրելը հեշտ է։ Իսկ կենդանի մարդկանց սիրելը՝ դժվար։ Նրանք իրենց այնպես են պահում, ինչպես ուզում են։ Ես կցանկանայի սիրել նրան կենդանի, իսկական։ Իր բոլոր կամակորություններով և բնավորության տատանումներով։ Դեռահասներին բնորոշ խնդիրներով և վիրավորանքներով։ Չգիտեմ, թե ինչպես դա անել։ Արդյո՞ք մենք կկարողանանք հարազատ դառնալ, մոռանալ բաժան լինելու տարիները, ժամանակը, երբ նա ամենից շատ հոր կարիք ուներ, իսկ ես կողքին չէի։ Չգիտեմ։

Նախորդ նամակները.

Նամակ առաջին. ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները

Նամակ առաջին. ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները

Նամակ երկրորդ. վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից

Նամակ երրորդ. ապագան հիասքանչ է, եթե այն կա

Նամակ չորրորդ. վերջին նախազգուշացում

Նամակ հինգերորդ. մարդը միշտ ուղեբաժանի առջև է

Նամակ վեցերորդ. քաղցր երազանքի դառնությունը

Նամակ յոթերորդ. ազատություն և ճմռթված կյանք

Նամակ ութերորդ. վտանգավոր հարևանություն

Նամակ իններորդ. «Դժոխքի տռուբեն»

Նամակ տասներորդ. «Ո՞րն էր իմ սխալը»

Նամակ տասնմեկերորդ․ «Զոհեր և դահիճներ»

Նամակ տասներկուերորդ․ «Հիշողությունը մինչև հիմա արնահոսում է»

Նամակ տաներեքերորդ․ «Դրական տպավորությունների պակաս»

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում