Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ տասնվեցերորդ" />

Նամակներ հայաստանյան բանտից. «Իններորդ շրջան»

Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ տասնվեցերորդ

Նկարն՝ Անաստասիա Լոգվինենկոյի

JAMnews-ի «Նամակներ բանտից» նախագիծը սկսվեց մի նամակից, որը խմբագրությունը ստացել էր ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանից: Նա արդեն 24 տարի է, ինչ բանտում է: Յուրին մեզ գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ  հասարակության համար կարևոր է լսել «այն կողմում» ապրողներին: Մենք համաձայնեցինք նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը: Յուրի Սարգսյանը նաև «Առավելագույն պատիժ» վավերագրական վեպի հեղինակն է, որը հրապարակվել է 2016թ-ին:

Սա Յուրի Սարգսյանի տասնվեցերորդ նամակն է: Նախորդ բոլոր նամակների հղումներն՝ էջի վերջում։

Բ անտային կարանտինում նրան «Ուսուրական վագր» էին անվանում, հարգալից էին վերաբերվում, զիջեցին լավագույն՝ անկյունային մահճակալը։ Բանտարկյալները, որոնք հանդուգն զինված փախուստ էին կատարել Սևանի էտապից, այդ առանձնահատուկ վտանգավոր ռեցիդիվիստին գովաբանում էին ինչպես հերոսի՝ երեք տասնամյակ սիբիրյան ճամբարներում է անցկացրել և այլն։ Ինձ էլ ծանոթացրին։ Ես բարևեցի, մեխանիկորեն ինչ-որ բան հարցրի և պատասխանեցի։

Հետո մենք «պատահաբար» միևնույն պատժախցում հայտնվեցինք, այնուհետև նույն «պատահականությամբ»՝ մեկ հիվանդասենյակում։ Չպարտադրող հարցեր, հարազատներիս բանտապան-«բանագնացների» միջոցով  նամակ փոխանցելու հարցում օգնության առաջարկություն։ Եվ միայն կես տարի անց, տեսնելով այդ նույն նամակը քննիչի թղթապանակում, հասկացա, թե ով էր իրականում «բարի» հերոս-ռեցիդիվիստը։

«Հայաստանի բանտերում արտոնյալ բանտարկյալներ կան»

Հայաստանում կարելի է տուգանք վճարել բանակից խուսափելու համար և չենթարկվել քրեական պատասխանատվության

Չեչեն իրավապաշտպանին 4 տարվա ազատազրկման են դատապարտել մարիխուանայի պահպանման համար

Առաջին անգամ ճաղերի հետևում հայտնված և նոր պայմաններին հարմարվել պարտադրված մարդու համար առանձնահատուկ դժվար է։ Հոգեբանորեն ծայրահեղ ծանր է ընդունել իրականությունն ու հրաժարվել ազատության հետ կապող կտրված թելը կպցնելու հուսահատ փորձերից։ Ապրում ես այնպես, կարծես, երկու մասի ես կիսվել։ Ազատությունում տեղի ունեցող իրադարձություններն, ընտանիքը, արտաքին խնդիրներն առաջին ամիսներին, գուցե նաև տարիներին ավելի կարևոր են թվում, քան այն, ինչ կատարվում է այստեղ և հիմա։

Բանտարկյալը չի կարողանում հավատալ իր սարսափելի ճակատագրին և չի ընդունում այդ ամենն իր ողջ պահվածքով։ Նրա այն մասը, որը տենչում է տուն գնալ, ապրում և տանջվում է, իսկ չորս պատերում փակվածը՝ դրանցում ապրել չի ուզում։ Երբեմն դա մահով է ավարտվում՝ սրտի կաթված, ինքնասպանություն, մահվան ելքով հիվանդություն։

Նման առկախված վիճակում բանտարկյալին հեշտ է խաբել, գաղտնիքները կորզել, անկեղծության հասնել և հետագայում օգտագործել այն ի վնաս այդ խեղճի։ Դրանից էլ հաճախ օգտվում են քննիչներն ու բանտային միջավայրի իրազեկողները։

Փորձառու նստածները զգուշացնում են նորեկներին, որ զգույշ լինեն բանտապետերի հետ շփումներում՝ լինեն նրանք ուսադիրներով, թե առանց։ Թեմաները, որոնք ընդունելի են ազատության մեջ, անազատության մեջ դժբախտություն են դառնում։ «Բազարը ֆիլտրել», այսինքն խոսակցության բոլոր մանրուքները հաշվի առնել, պարտավոր է յուրաքանչյուրը, կամ այնպիսի բան բերանիցդ կթռցնի, որ հետո ստիպված կլինի սեփական ճակտագրով, երբեմն էլ՝ կյանքով պատասխան տալ։ Որովհետև այստեղ ցանկացած բառ գնահատվում է որպես գործած արարք։

Օրինակ, շահադիտական նպատակներով կատարված սպանությունը, բռնաբարությունը, ազատության համար սովորական ինտիմ հարաբերությունների մանրամասները․ սեռական փոքրամասնության պատկանելը կամ միասեռականների հետ շփումն, իշխանության հետ համագործակցությունը, ի դեպ, ավելի վատ է ոստիկանության հետ շփումը․․․ Սնգամ թվարկված արարքներին քո մասնակցության հիպոթետիկ հնարավորության մասին դատողությունները բանտարկյալին կարող են վտարյալ կամ հեղինակազուրկ դարձնել։ Իսկ դա, իր հերթին, նրան քննիչների «գիրկը» կնետի։

Իհարկե, «կյանքով մեկ բլատնոյները» (նրանք, ովքեր «գաղափարներով» են ապրում, այլ ոչ թե շահարկում են դրանք, այսպես կոչված «պեռվիյ կռուգը»՝ «առաջին շրջանը», ինչպես և սովորական բանտարկյալները, երբեք ավելորդ հարցուփորձ չեն անում։ Կարծես ինքնըստինքյան ենթադրվում է, որ բանտախուց մտնող յուրաքանչյուրը պարտավոր է ներկայանալ, իսկ մնացածները՝ նրան վստահել։ Եթե, իհարկե, չկա ոչ ոք և ոչինչ, որը կհակասի ինքնաներկայացմանը։

Բացի այդ, վաղ թե ուշ յուրաքանչյուրը ստանում է մեղադրական եզրակացություն, որտեղ ամեն ինչ և ամեն ինչի մասին գրված է։ Հիմնավորված կասկածների դեպքում ճշմարտությունը երրորդ անձանցից են պարզում՝ հարազատներից, ընկերներից, հանցակիցներից։

Սակայն տականքներ կան նաև սոցիալական փոսի հատակում․ նրանք ձգտում են խոսեցնել բանտակցին, որևէ դատապարտելի բան գտնել, կախվածության մեջ գցել, վատաբանել՝ իրադարձությունը կարևոր չէ, դրա մեկնաբանումն է հիշվում։ Կամ բոլորի առջև «մերկացնել», զգալ սեփական գերակայությունն ու քեզ գողական գաղափարների պաշտպան ներկայացնել, «բլատնոյների» վստահությանն արժանանալ։

Նրանք չեն էլ հասկանում, որ այդ պահին հենց իրենց են բանտային հիերարխիայում բացահայտվում որպես վերջին տականք։

Նմանների մասին շատ է գրվել և երգվել։ Դանթեն իր «Աստվածային կատակերգությունում» այդ  խուժանին առանձին տեղ է հատկացրել՝ ստորին կետը՝ դժոխքի իններորդ շրջանը․

«Եկանք այնտեղ — ես այդ ահով եմ երգում —
Ուր մեղավորք ծածկված էին սառցի տակ
Եվ երևում, ինչպես շյուղը ապակում։

Ոմանք պառկած էին, ոմանք ուղղակաց
Գլուխն ի վեր կամ գլխիվայր դրությամբ,
Իսկ ոմանք էլ աղեղի պես կորացած»։

Այս շրջանի մեղսագործները նրանք էին, ովքեր դավաճանել են իրենց բարերարներին կամ իրենց բարություն արած մարդկանց, կոչումով և արժանապատվությամբ իրենց հավասարներին։ Գլխիվայր կանգնած էին նրանք, ովքեր դավաճանել են դիրքով իրենցից բարձրներին, իսկ գլուխը դեպի վեր՝ նրանք, ովքեր դավաճանել են իրենց ենթականերին, – ասվում է Դանթեի «Աստվածային կատակերգությունում։

Այսպիսին է դավաճանների կերպարը պոեզիայում, սակայն իրական կյանքում էլ են նրանք ստանում իրենց արժանի վերաբերմունքը։

Պետական կառույցներն ու բանտի աշխատակազմը քմահաճ չէ իրավիճակի հանդեպ վերահսկողության միջոցների ընտրության հարցում, և մատնիչներին օգտագործելն «օպերների» սովորական պրակտիկան է ինչ-որ մեկի մասին մեղադրական կամ վարկաբեկող տվյալներ հավաքելու նպատակով։

Այն բանից հետո, երբ իմ քրեական գործում բավականաչափ (ըստ դատախազության) նյութ էր հավաքվել մահապատժի վճիռ կայացնելու համար, «օպերները» փորձում էին ինձ էլ հավաքագրել։ Դա բարձրագույն մակարդակով էր արվում՝ գաղութների կառավարման պետի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի ներկայությամբ (անունները բաց եմ թողնում, քանի որ առաջինը հեռացվել էր պաշտոնից և դատվել, իսկ երկրորդը վերջերս է մահացել)։

Գեներալներն ինձ հաղորդեցին գնդակահարության սպասվող հեռանկարի մասին և այլընտրանք առաջարկեցին, որից, ըստ նրանց, հնարավոր չէր հրաժարվել։ Ես պետք է երեսունիներորդ բանտախուց տեղափոխվեի, ծանոթանայի Գարնեցի Արտուշի հետ, նրան ջրի երես դուրս բերեի։ Իսկ դրա դիմաց խոստանում էին իմ մահապատիժը փոխարինել ընդհանուր ռեժիմում տասնմեկ տարվա կալանքով և օգնություն՝ վաղաժամ ազատ արձակման հարցում։

Նրանք ինձ ընտրել էին նաև այն պատճառով, որ Արտուշի կինը Թբիլիսիից էր, ինչպես և ես։ Բացատրեցին, որ Արտուշը Հայաստանի համար մեկ մարդասպանն է համարվում, սակայն նրան ոչ մի անգամ չի ստացվել մեղադրել սպանության համար, և հույս ունեն դա իմ միջոցով անել։ Ես չէի պատրաստվում արդարացնել գեներալների հույսերն ու հրաժարվեցի կեղտոտ պատվից։ Ինչի հետևանքով լրացուցիչ բռնաճնշումների ենթարկվեցի։

Իմ բանտախցի հարևանների թեթև ձեռքով ինձ իջեցնում էին պատժախուց, ծեծում։ Երբ ավարտում էին, հարցնում էին, չե՞մ ուզում քննարկել անձեռնմխելի կարգավիճակի հավանականությունը։ Եվ այդպես շատ անգամ։ Մատնիչների էին ուղարկում, որ ինձ հետ կապ հաստատեն, տեղեկություններ կորզեն ազատությունում իմ ենթադրյալ հանցակիցների հետ կապի մասին, համոզում էին տարբեր արկածախնդրությունների գնալ, որ հետագայում «գլխիս սարքեն»։

Նրանց թվում կային նաև խաղամոլներ, որոնք համոզում էին թղթախաղ կամ դոմինո խաղալ «հետաքրքրության համար»՝ թեյի, մեկ գլանակ ծխախոտի կամ լուցկու հատիկի վրա, որոնք գաղտնի փողային համարժեք ունեին։ Պարտության և պարտքը չվճարելու դեպքում «լոխը» «ֆուֆլոների» շարքին էր դասվում։ Այդ կարգավիճակը բանտարկյալների հիերարխիայում ձեռք են բերում նրանք, ովքեր խաղի մեջ պարտվել են և չեն կարողանում պարտքը տալ։ Այնուհետև ուղղակիորեն ընկնում են հավաքագրող «օպերների» ցանցը։ Եվ փառք Աստծուն, որն ինձ պահպանեց նման սխալներից։

Որոշ մատնիչների շուտ են հայտնաբերում, սակայն չեն շտապում ազատվել նրանցից, միևնույն է, մեկին ուրիշին կբերեն։ Եվ պետք կլինի հաջորդին բացահայտել՝ ու հայտնի չէ, թե երբ կհաջողվի։ Փորձառու «թուխսերը» քիչ են նյարդայնանում, չեն մտերմանում հետդ առանց հրավերի, չեն հպարտանում հանցավոր աշխարհի համար իրենց ավանդով, ոստիկաններին չեն հայհոյում, ինչպես դա անում են նրանց պակաս հաջողակ գործընկերները։ Այդ առնետները սուսուփուս են ապրում ու հյուսում իրենց սարդոստայնը։ Մատնություններն աննկատ են անում՝ փաստաբանի միջոցով կամ միջանցք են նետում ճիշտ հերթափոխի ժամանակ։

Ինձ միշտ հետաքրքրել է մատնիչ լինելը պաթոլոգիա՞ է, թե՞ մարդու էություն։ Ենթադրում եմ, որ առաջինն էլ է լինում, երկրորդն էլ։ Ազատության մեջ մատնիչները գործում են հետևյալ սկզբունքով․ ավելի լավ է մատնել, քան մատնվել։ Ազատության մեջ հայտնվելով՝ նրանք չեն խորշում ոչնչով, միայն թե իրենց օգտին տրամադրեն ղեկավարությանն ու հանգամանքները։ Բնականաբար, նրանք ինքնաարդարացում էլ ունեն․ նրանք վերջին տականքները չեն, այլ օրենքի և ճշտի պաշտպաններ։ Եվ կարևոր չէ, թե ում հաշվին է դա տեղի ունենում, և որ աչքի ընկնելու պահանջը ստիպում է հերյուրանքի դիմել։

Ես նաև կարծում եմ, որ ցանկացած չարիքի արմատները մանկություն են տանում։ Հաճախ ուշադրության պակաս ունեցող երեխաները սկսում են ուրիշների մասին չարախոսել իրենց կարևորությունը բարձրացնելու նպատակով։ Երբեմն բանսարկության պատճառ է լինում մանկական նախանձը․ ուրիշ երեխան ունի մի բան, որից ինքը զուրկ է։ Մանկության այդպիսի պատմություններ էր պատմում բանտախցի իմ նախկին հարևանը, որը հետագայում ինձ զրպարտեց բանտի ղեկավարության առջև։ Սակայն ես վստահ եմ, որ միայն մեծերի դրական արձագանքն է նման դեպքերում մաքուր երեխային դարձնում ապագա ցինիկ մատնիչ։

Նախորդ նամակները.

Նամակ առաջին. ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները

Նամակ երկրորդ. վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից

Նամակ երրորդ. ապագան հիասքանչ է, եթե այն կա

Նամակ չորրորդ. վերջին նախազգուշացում

Նամակ հինգերորդ. մարդը միշտ ուղեբաժանի առջև է

Նամակ վեցերորդ. քաղցր երազանքի դառնությունը

Նամակ յոթերորդ. ազատություն և ճմռթված կյանք

Նամակ ութերորդ. վտանգավոր հարևանություն

Նամակ իններորդ. «Դժոխքի տռուբեն»

Նամակ տասներորդ. «Ո՞րն էր իմ սխալը»

Նամակ տասնմեկերորդ․ «Զոհեր և դահիճներ»

Նամակ տասներկուերորդ․ «Հիշողությունը մինչև հիմա արնահոսում է»

Նամակ տասներեքերորդ․ «Դրական տպավորությունների պակաս»

Նամակ տասնչորերորդ․ «Համակարգի դեմ մեն-մենակ․ երեխան՝ արդարադատության մուրճի տակ»

Նամակ տասնհինգերորդ․ «Երբ հույս չկա»

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում