Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ վեցերորդ " />

Նամակներ բանտից. քաղցր երազանքի դառնությունը

Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ վեցերորդ

Նկարն՝ Անաստասիա Լոգվինենկոյի

«Նամակներ բանտից»-ը JAMnews-ի նոր նախագիծն է: Ամեն ինչ սկսվեց նամակից, որը խմբագրությունը ստացել էր մի ցմահ դատապարտյալից: Յուրի Սարգսյանն արդեն 24 տարի է, ինչ բանտում է: Նա մեզ գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ հասարակության համար կարևոր է լսել «ճաղերից այն կողմ» ապրողներին: Մենք համաձայնեցինք նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը: Յուրի Սարգսյանը նաև «Առավելագույն պատիժ» վավերագրական վեպի հեղինակն է, որը հրապարակվել է 2016թ-ին:

Սա Յուրի Սարգսյանի վեցերորդ նամակն է

Նախորդ նամակները.

Նամակ առաջին. ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները

Նամակ երկրորդ. վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից

Նամակ երրորդ. ապագան հիասքանչ է, եթե այն կա

Նամակ չորրորդ. վերջին նախազգուշացում

Նամակ հինգերորդ. մարդը միշտ ուղեբաժանի առջև է

Եթե ցանկանում ես մարդուն ճանաչել, հարցրու, թե ինչի մասին է երազում՝ իր, ուրիշների և ողջ տիեզերքի համար: Մանրամասներով: Չէ՞ որ երազանքը հոգու մղումն է, իսկ ներկա օրվա արդյունքը հաճախ՝ երազանքների կապանքներն են: Ինձ այս հարցը հանգիստ չի տալիս, բոլորին եմ հարցնում եմ՝ և հարազատներիս, և օտարներին: Որքանո՞վ է յուրաքանչյուրը մոտ իր նպատակին և որքա՞ն հեռու է դրանից: Դատավորներին և դատախազներին նայելիս նույն բանն եմ մտածում. ինչի՞ մասին են նրանք երազում՝ կյանքի կոչելով ցանկությունները, այլոց կյանք նվիրելով կամ այն խլելով:

Իսկ բանտարկյա՞լը: Տարիներով, տասնյակ տարիներով նա երազում է խաղցր ազատության մասին: Երազում նրա ցանկությունն իրականանում է, իսկ արթնանալուց հետո նա կրկին կորցնում է այդ երանությունը: Ես գիտեմ, թե ինչ է ինձ այնտեղ սպասվում՝ յուրաքանչյուր ապրած օրվա, յուրաքանչյուր մարդու, անգամ՝ կնոջս մեջ: Պատկերացնում եմ, թե ինչպես են ինձնից խույս տալու, խորշելու, ինչպես բորոտից, և մինչև վերջ չվստահելու: Այո, ահա այն՝ ազատության դառնությունը, դեպի որը տանող ուղին լի է մեր վախերով և բարդույթներով: Սակայն դրանք իմ խնդիրն են, և ես պատրաստ եմ դրանք լուծել:

Արդյո՞ք այդ մասին մտածում են մարդու ճակատագիրը մասին վճիռ կայացնողները: Չգիտեմ: Սակայն, ինձ փորձնական ժամկետով կամ ընդմիշտ ազատ արձակելով, նրանք ի վիճակի չեն ազատելու պատժից: Սևեռուն, քաղցր երազանքի նույն դառնությունը… Այո, պատիժը բանտը չէ և ոչ էլ ուրիշի կարծիքն, այլ կատարվածի սեփական գիտակցումն ու անձնական պատասխանատվության անխուսափելիությունը:

Արդեն չորս ամիս է՝ ընթանում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դատը: Հայացք գցելով դատարկ դահլիճին, տեսնում եմ սեփական ապագան: Ոչ հարազատ կա, ոչ ընկեր, ոչ թշնամի. միայն դատապարտողներ և արդարացնողներ:

Պողպատյա բանտային ճաղերին նախորդում են հոգևոր ճաղերը: Դեռ լինելով համեմատաբար ազատ՝ մարդը պայմաններ է ստեղծում, որոնք վերածվում են անազատության մղձավանջի: Մենք հաճախ ենք հայտնվում անդունդի եզրին՝ չնկատելով դա: Անդունդն ենք գահավիժում նույնպես բավականին հաճախ: Ինչպե՞ս կանխել գեթ մեկ դժբախտություն, ինքդ քեզ կամ ուրիշին հետ պահել ճակատագրական սխալից. սխալից, որի համար երբեմն ստիպված ես լինում կյանքովդ փոխհատուցել:

Սովորական մի օր՝ 1994թ-ի մարտի 19-ը, ողբերգությամբ ավարտվեց: Երեք մարդ կանգնած էր ճակատագրի խաչմերուկում: Մեզնից յուրաքանչյուրը մինչև վերջին ակնթարթն ընտրություն ուներ, և յուրաքանչյուրն այն կատարեց՝ ի վնաս իրեն: Կյանքը հակառակ կողմով շուռ եկավ: Քսանչորս տարի շարունակ ես կառչում եմ այդ սարսափելի օրվա պատրանքից՝ հասկանալով կատարվածի անդառնալիությունն ու անուղղելիությունը: Իսկ եթե ես հանդպիում չնշանակեի՞… Եթե հանդիպմանը չգնայի՞… Հետս զենք չունենայի՞… Ճակատագրական կրակոցը չանեի՞… Եթե…

Սակայն այդ ամենը տեղի ունեցավ: Ամենաանկանխատեսելի և սպասելի կերպով: Այսուհետ ոչ մի ուրախություն լիակատար չի լինելու՝ հիշեցնելով այն մարդկանց, որոնցից դու այն խլել ես, ոչ մի մարդու աչքերին չես կարողանա նայել՝ չհիշելով այն աչքերը, որոնք մարել ես ձեռքի շարժումով: Խլած կյանքերի համար պատասխանատվության բեռն ընդմիշտ է:

Բանտախուցը մարդկանց չի փոխում, այն միայն նպաստում է եղած որակների դրսևորմանը. լավն էլ ավելի լավն է դառնում, վատը՝ թաղում է մարդուն: Ավաղ, դա անդունդից առ աստղեր ուղի չէ: Երբ հույս չկա, դա ոչ մի տեղ տանող ուղի է:

2017թ-ի դեկտեմբերի կեսերին ինձ ներկայացրին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման: Անկախ հանձնաժողովը մերժեց տրամադրել այն, և գործն անցավ դատարանի իրավասությանը: Չորս նիստ եղավ, որոնք հետաձգվում էին տարբեր պատրվակներով:

Հայաստանում ցմահ բանտարկյալին ազատ արձակելու նախադեպ չկա. և մինչև հիմա դա ձեռնտու էր բոլորին՝ բացի իրավիճակի պատանդներից՝ դատապարտյալներից և նրանց հարազատներից: Պայմանականի հավակնորդներից յուրաքանչյուրը հրաշքի հույս ունի: Եվ ես էլ եմ դրան սպասում:

Իմ անցյալի մռայլ փաստերը ոչ ոք ի վիճակի չէ փոխել: Սպանությունը հնարավոր չէ մոռանալ, արդարացնել, ներել կամ քավել: Ես այն կատարել եմ 26 տարեկան հասակում: Դատարանը պարզապես ընտրություն չուներ. մահ՝ սպանողին: Եվ ես մահացա: Մահացա սեփական խելագարության մեջ, հարազատների և օտարների, ինքս ինձ համար՝ ինչպիսին որ ես հիմա կամ: Արդարությունն իմ դեպքում հաղթանակեց. երկրային դատարանն ընդամենը կարդաց դատավճիռը, որը կայացվել էր երկնքում:

Մարդկանց բնորոշ է ամեն ինչից բողոքել՝ երկնային և երկրային իշխանություններից, իրենց շրջապատից և ներքին վիճակից: Միշտ թվում է, թե մենք ավելիին ենք արժանի, իսկ անհաջողությունները գցում ենք մութ ուժերի վրա: Սակայն, ինչպես ասում են, կյանքը 10%-ով կազմված է նրանից, ինչ մեզ հետ տեղի է ունենում, և 90%՝ նրանից, թե ինչպես ենք մենք դրան արձագանքում:

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի անդամները, դատախազներն ու բանտապանները բոլորն իրավացի են՝ դատապարտյալին մերժելով վստահության հարցում. նրանց այդպես հարմար է: Յուրաքանչյուրը տեսնում է ճշմարտության միայն մեկ կողմը, և դա մարդասպանն է: Ոչ ոք չի ցանկանում մանրամասներն իմանալ, հաշվի առնել նրբությունները… Նրանց այդպես հարմար է: Եվ նրանք կատարում են իրենց ընտրությունը. ընտրությունն՝ ի վնաս իրենց և ուրիշներին: Նույն ընտրությունն, ինչ մարդասապանը:

Հանձնաժողովի մերժման դեպքում կրկին դիմելու իրավունք է շնորհվում՝ մեկուկես տարի անց: Դատարանի բացասական վճիռը հեռացնում է գայթակղիչ հորիզոնը երեք տարով: Այդ ընթացքում ի՞նչ կարող է լինել, որը չի եղել 24 տարվա ընթացքում: Ի՞նչ նոր տեխնոլոգիաներ են մտադիր գործի դնել սովորական մարդուն հրեշտակի վերածելու համար: Եվ արդյո՞ք որևէ հստակ չափորոշիչներ կան, որոնց համապատասխանելը կերաշխավորեր մեր ազատությունը:

Սա այն դեպքն է, երբ հարցը պատասխանից ավելի կարևոր է: Քանի որ ամեն ինչ ոչ թե դատապարտյալի անձի հետ է կապված, այլ նրա ճակատագրի համար պատասխանատուների հարմարավետության անձնական գոտու:

«Մարդ-կապանքներ» իրավիճակը մեր ուղեղը մտցնում է պաշտպանական արձագանքի վանդակը. բոլորի հանդեպ՝ Աստծո, մարդկանց, հանգամանքների: Եվ ահա դու ապրում ես՝ մշտապես արդարանալով, կառչելով մեծ ու փոքր մարդկային ուրախությունների, հույզերի և զգացմունքների, անձնական կարծիքի քո իրավունքներից, սովորում ես կենդանի մնալ և մարդ լինել՝ ի հեճուկս ամեն ինչի, սովորում ես գոյատևել բանտում:

Սակայն ազատությունում ապրել սովորել կարելի է միայն՝ ազատ դառնալով: Դրա համար էլ ես դիմել եմ դատարան՝ դատավորի փորձին, որն ի զորու է հարցը համակողմանի քննել ու անաչառ որոշում կայացնել: Որոշում, որն ինձ թույլ կտար կրկին ազատ լինել, դառնալ ամուսին, հայր, եղբայր և ընկեր, որն ինձ թույլ կտար ապրել ձեր մեջ: Այսօր ես հիսուն տարեկան եմ: Դժվար է ճիշտ ընտրություն կատարել՝ հավատալով մի մարդու, որն այդքան չարիք է գործել: Սակայն ընտրությունից խուսափել հնարավոր չէ:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում