Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ " />

Նամակներ բանտից. վտանգավոր հարևանություն

Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ

Նկարն՝ Անաստասիա Լոգվինենկոյի

«Նամակներ բանտից» JAMnews-ի նախագիծը սկսվեց այն պահից, երբ խմբագրությանը գրեց մի ցմահ դատապարտյալ: Յուրի Սարգսյանն արդեն 24 տարի է, ինչ բանտում է: Նա մեզ գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ հասարակության համար կարևոր է լսել «այն կողմում» ապրողներին: Մենք համաձայնեցինք նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը: Յուրի Սարգսյանը նաև «Առավելագույն պատիժ» վավերագրական վեպի հեղինակն է, որը հրապարակվել է 2016թ-ին:

Սա Յուրի Սարգսյանի ութերորդ նամակն է:

Նախորդ նամակները.

Նամակ առաջին. ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները

Նամակ երկրորդ. վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից

Նամակ երրորդ. ապագան հիասքանչ է, եթե այն կա

Նամակ չորրորդ. վերջին նախազգուշացում

Նամակ հինգերորդ. մարդը միշտ ուղեբաժանի առջև է

Նամակ վեցերորդ. քաղցր երազանքի դառնությունը

Նամակ յոթերորդ. ազատություն և ճմռթված կյանք

 

Ա նազատության մեջ հոգեբանական համատեղելիության խնդիրը միշտ է եղել: Երբեմն վարչակազմը դա հաշվի էր առնում, բայց ավելի հաճախ՝ հակառակը, թույլ էր տալիս, որ դատապարտյալների շրջանում վեճեր, կռիվներ, արյունահեղություն ու սպանություններ տեղի ունենան: Դա  միայն արդարացնում էր բանտապահների սանձարձակությունը: Եվ այժմ էլ իրավիճակը չի փոխվել:

Նախորդ դարի 93թ-ին մահվան դատապարտվածների բանտախցում տեղի ունեցած սարսափելի սպանությունը դեռ երկար տարիներ շարունակում էր փոթորկել բանտի սովորական բնակիչների միտքը՝ «մահապարտներին» բնորոշելով որպես հուսահատության հասցված և ամեն ինչի ունակ մարդկանց:

Սակայն ի՞նչ էր տեղի ունեցել իրականում:

Ես այս պատմությունը հիշեցի զբոսանքի ժամանակ՝ լսելով մոտակայքում գտնվող գայլի ոռնոցը, շների վախկոտ հաչոցն ու բանտապահների մտահոգությունները, թե գիշատիչները ոչխարներ են հոշոտել:

Սակայն հեռավոր 90-ականների «գազանը», որի ոռնոցը տարածվում էր բանտում, ոչխարների չէր սպանում: Նախկին դեսանտայինը, որը կռվել էր Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում, իսկական գիշատիչ էր՝ էությամբ: Եվ համապատասխան մականուն ուներ՝ «Գել»: Սպանություններ, բռնաբարություններ, կողոպուտ: Ավերածությունների ծարավը նրան հանգիստ չէր տալիս, մինչև որ գերեզման հասցրեց:

Նրա երկու բախտակիցներին՝ բանկի հայտնի կողոպտիչներին, Թբիլիսիի բանտ էտապավորելուց հետո [նրանց այնտեղ էին տեղափոխել մահապատիժն իրականացնելու համար – JAMnews], Գելն, ում անունը Վրեժ էր, սպասում էր իր հերթին: Սակայն գնդակահարության փոխարեն մորատորիում մտցրին, և բանտի միջանցքները լցվեցին ոռնոցով, որոնք ընդհատվում էին «Ազատություն գայլերին» կոչերով: Առավոտից մինչև երեկո:

Բ անտախցում մենակ մնալուց մի քանի ամիս անց Գելի մոտ երիտասարդ մի տղայի բերեցին, որը դատապարտվել էր սպանության և կողոպուտի համար: Նորեկը ճակատագրական բեկում դարձավ:

Երբ ճիչերն և պայքարի աղմուկը լսելով՝ բանտապահները բոլոր հարկերից հավաքվեցին, արյունալի հանգուցալուծում տեսան. այլանդակված դեմքով Գելն ընկած էր հատակին, իսկ նրա վրա նստած էր նրա «բախտակից ընկերը» և ալյումինե գդալով հարվածներ էր հասցնում: Մարդասպանին փորձում էին երկար ձողով զոհից մի կողմ հրել դռան նեղ անցքից, քանի որ «մահապարտների» բանտախցի դուռը այն ժամանակ միայն հատուկ թույլտվությամբ էր բացվում: Բայց արդեն ուշ էր:

Գելը մահացավ մի քանի ժամից՝ մահացու վերքերից: Իսկ մարդասպանին դուրս բերեցին միջանցք, ձեռնաշղթա հագցրին և ինքնադատաստան արին:

Այնուհետև օրինական դատ կայացավ, և նրա տասնհինգամյա ժամկետը մահապատժի վերածվեց: Պարզվեց, որ նորեկը Գել-Վրեժին կասկածել էր սեռական ոտնձգության մեջ և որոշել պաշտպանվել: Սակայն, նրա շիզոֆրենիան թեթև ձևով էր արտահայտված, դատարանը նրան չհավատաց: Իսկ դատապարվածը չի հավատում Վրեժի մահվանը՝ պնդելով, որ նա հիմա ազատության մեջ է: Ո՞վ գիտի, միգուցե խելագարն իրավացի է: Նա կանխատեսել էր Հայաստանի Ազգային ժողովում 1999թ-ի հոկտեմբերի 27-ի ողբերգությունը՝ դրանից մի քանի ժամ առաջ [այդ օրը մի խումբ ահաբեկիչներ ներխուժել են Հայաստանի խորհրդարան և գնդակահարել վարչապետին, խոսնակին, փոխխոսնակներին, պատգամավորների – JAMnews]: Այդպիսի բաներ էլ են տեղի ունենում:

Այդ օրը՝ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին, մահապարտներին մահապատժի գոյության ողջ ընթացքում առաջին անգամ դուրս էին բերել զբոսանքի. բանտախցերում որոշել էին միջատների դեմ քիմմշակում անցկացնել: Այդ ժամանակ էլ հենց խելագարը պատմել էր իր տեսիլքի մասին. խորհրդարանում ինքնաձիգի կրակահերթերի, սպարապետի [այդպես էին կոչում վարչապետ Վազգեն Սարգսյանին, որը 1995-1999թթ-ին պաշտպանության նախարարն էր – JAMnews] և պատգամավորների սպանության մասին: Նրա վրա, իհարկե, ծիծաղեցին: Մարգարեն այսօր էլ բանտում է՝ արդեն 26 տարի:

Ա յդ սպանությունից հետո երկու դժբախտություն տեղի ունեցավ: Առաջին դեպքում մարդը, թեև կենդանի մնաց, սակայն դադարեց ընկալել իրականությունը՝ կորցնելով բանականությունը: Ադմինիստրացիայի  կամքով՝ հոգեբանորեն և ֆիզիկապես առողջ տղային «պրես-խատա» գցեցին [պրես-խատան մի բանտախուց է, որում ամենաթողություն է, որը հատուկ աջակցություն ունի ադմինիստրացիայի կողմից, և ուր մարդուն ծաղրուծանակով, ծեծով, խոշտանգումներով ստիպում են որոշակի ցուցմունքներ տալ – JAMNews], որտեղից մինչև առավոտ հարվածների և ցավի ճիչեր էին լսվում և անտեսվում բանտապահների կողմից:

Իսկ երբ ամեն ինչ հանդարտվեց, մարդն էլ չկար. նա նախընտրեց առանց մարդկանց երևակայական աշխարհը մեր՝ մարդկային, աշխարհին: Նա գրեթե ողջ օրը նստած է բանտախցի մահճակալին՝ ոտքերը խաչած ու գլխին քաշած սև վերնաշապիկի թևքը, տարուբերվում է՝ ձեռքերով ինչ-որ շարժումներ անելով: Եթե նրան չհիշեցնեն, չի ուտում, չի քնում, վերածվել է կաշվով պատված կմախքի: Տեսողություն էլ նրան պետք չէր. այն գիշերվանից հետո նա կուրացավ, հետո սկսեց տարբերել միայն լույսն ու ստվերը, բժիշկները կատարակտա ախտորոշեցին:

Ստուգման ժամանակ բանտապահները կատակով խնդրում են. «Համո, հանիր սկանֆանդրդ, տեսնենք՝ դու ես, թե ոչ: Նա գլխից հանում է թևքն ու պատասխանում. «Ես Համոն չեմ: Համոն եղբայրս է, և նա վաղուց ազատության մեջ է: Մենք 11 եղբայրներ ենք» (թեև խեղճը միայն մեկ կրտսեր եղբայր ունի): Իսկ երբ նրան փորձում են մոտենալ, նա աղաչում է նման բան չանել, որպեսզի տիեզերքից ճառագայթների գնդակոծման չենթարկվեն, որոնք նա անդրադարձում է…

Մ յուս իրադարձությունն ավարտվեց իրական մահով: Երեք բանտարկյալ ծեծել և բռնաբարել էին չորրորդին, իսկ հանցանքը կոծկելու համար սպանել էին նրան՝ ստիպելով մի բուռ «մարգանցովկա» կուլ տալ:

Երկու իրադարձությունների վերաբերյալ էլ հետաքննություն անցկացվեց, որն ավարտվեց գործի կարճմամբ հանցակազմի բացակայության պատճառով: Եվ հանցագործներն անպատիժ մնացին:

Մյուս իրադարձությունները պակաս տխուր ելք ունեցան: Դեպքեր են եղել, երբ բանտակիցներից մեկը մյուսի վրա եռացրած ձեթ լցրեց [որը տաքացվել էր բանտախցում գտնվող տաքացուցիչի վրա՝ մետաղյա բաժակի մեջ]. ծանր մարմնական վնասվածքներով կռիվներ: Երբեմն մեկի հետ նույն բանտախցում չգտնվելու ցանկությունը մարդուն մղում էր ինքն իրեն վնաս հասցնել:

Ինչպես ժամանակին գնդակահարության սպասելիս, այնպես էլ հիմա ցմահ բանտարկության պայմաններում, շատ բան է կախված ինքներս մեզ հետ հաշտ լինելու կարողությունից: Իսկ այդպիսի ունակության բացակայությունն արտաքին կոնֆլիկտների է վերածվում: Բանտարկյալների շփումը միմյանց հետ միշտ այդ պահի տրամադրությունների բախում է: Եվ կամքի հսկայական ուժ է պետք քո դժբախտությունների հետ կապ չունեցող մարդուն չնեղացնելու համար:

Ամենօրյա զբոսանքների ժամը ես նվիրում եմ մարզվելուն. դուրս եմ բերում կուտակված բացասական էներգիան, լիցքավորվում արևի էներգիայով: Բռնցքամարտի տանձիկի բացակայության պատճառով պատերին եմ հարվածում: Եվ երբ ինձ հարցնում են, թե ինչու եմ պատերին հարվածում, պատասխանում եմ. «Պատերն են ինձ հարվածում, իսկ ես պաշտպանվում եմ»: Եվ դա ճշմարտություն է: Բանտի պատերը մեզ հարվածում են, և ամեն անգամ՝ նորովի: Իսկ մենք դիմադրում ենք, ինչպես կարող ենք:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները հեղինակի անձնական դիրքորոշման արտացոլումն են և կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն: 
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում