Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ հինգերորդ " />

Նամակներ բանտից. մարդը միշտ ուղեբաժանի առջև է

Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ հինգերորդ

Նկարը՝ Անաստասիա Լոգվինենկոյի

«Նամակներ բանտից»-ը JAMnews-ի նոր նախագիծն է: Ամեն ինչ սկսվեց մի նամակից, որը խմբագրությունը ստացել էր մի ցմահ դատապարտյալից: Յուրի Սարգսյանն արդեն 24 տարի է, ինչ բանտում է: Նա մեզ գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ հասարակության համար կարևոր է լսել «այն կողմում» ապրողներին: Մենք համաձայնեցինք նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը: Յուրի Սարգսյանը նաև «Առավելագույն պատիժ» վավերագրական վեպի հեղինակն է, որը հրապարակվել է 2016թ-ին:

Սա Յուրի Սարգսյանի հինգերորդ նամակն է

Նախորդ չորս նամակները.

Նամակ առաջին. ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները          

Նամակ երկրորդ. վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից 

Նամակ երրորդ. Ապագան հիասքանչ է, եթե այն կա         

Նամակ չորրորդ. Վերջին նախազգուշացում

Լուսանկարում մի աղջնակ է պատկերված, որը վերջերս է մեկ տարեկան դարձել: Թոռս է: Նախկինում երբեք չեմ նկատել, որ մանկական հայացքն այդքան խորն ու մաքուր է: Կարելի է պարզապես նայել երեխայի աչքերին և ավելի լավը դառնալ և անել անհրաժեշտ ամեն ինչ այդ մաքրությունը պահպանելու համար: Իսկ հետո հիշել ու հիշել մաքրող հայացքն այս կամ այն որոշումը կայացնելիս:

Սակայն մի՞թե մենք հաճախ ենք այդպես վարվում: Արդյո՞ք մտածում ենք շրջապատող աշխարհի մանկական վստահության մասին: Սովորաբար որոշակի իրավիճակում մեքենայաբար ենք արձագանքում՝  պահի թելադրած ցանկություններով համակված: Ճակատագրական հանգուցալուծման պատճառի մասին մտածում ենք չափազանց ուշ անկասելի հետևանքների և սեփական խղճի ճնշման տակ: Սակայն ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, եթե մենք հիշեինք նրանց, ովքեր մեզ համար թանկ են:

Կինս ուրիշ լուսանկարներ էլ էր բերել՝ կորցրած հիշողություններ, չմարող կարոտ: Տղաներս վաղուց մեծացել են, երկու մետր բոյ են քաշել, ամուսնացել: Ավագ որդիս աղջիկ է ունեցել՝ մեզ մի կարգավիճակից մյուսը տեղափոխելով. հայր չեղած՝ պապ դարձա: Իսկ իմ երկրորդ կեսը… Ոչ, միտքս չհամարձակվեց մտածել՝ «տատիկ»:

Իմ սիրած կինը նախկինի պես բարեկազմ է և գեղեցիկ: Արդյո՞ք նախկինի պես… Նրանից մեր երիտասարդության, ապրած և չապրած տարիների, չիրականացած երազանքների բույրն էր գալիս: Ոչ մի հանդիմանություն՝ սիրած շուրթերից, ոչ մի դառն արցունք… Լեզուս չի պտտվի կնոջս թույլ էակ անվանել:

Հիշում եմ մեր առաջին ծանոթությունը՝ 11-ամյա տղայի և 9-ամյա աղջնակի: Նրա շիկակարմիր գանգուրները՝ Սև ծովի լուրթ ալիքներում: Իմ ոսկե ձկնիկը: Որքա՜ն ժամանակ է անցել այն պահից, և ուր է ամեն ինչ անհետացել:

Ցույց տալով մեր 13-ամյա դստեր լուսանկարը՝ կինս պատմում էր նրա խելքի և տաղանդների մասին… Երազում է ուկուլելե (հավայան փոքր կիթառ) նվագել: Սև գույնը նախընտրում է մնացած բոլոր գույներից: Սակայն ուկուլելեն ուզում է, որ վարդագույն լինի, որպեսզի ավելի ուրախ լինի: Եվ միայն մեկ անգամ կինս պատմեց երեխայի տանջանքների մասին. բոլոր ընկերուհիները հայր ունեն, և միայն նա է՝ որբի պես…

Սիրեցյալիս պատմածներն ինձ մանկություն վերադարձրին: Հիշեցի սեփական կամակորություններս ու չարաճճիություններս, առանց հայր մեծանալս, կիթառ նվագելու փորձերը: Ամեն ինչ կրկնվում է, վերադառնում ի շրջանս յուր: Նրանցից յուրաքանչյուրում իմ մի մասնիկը կա. ավագ որդուս սառնության, միջնեկի զվարթության, դստերս ինքն իր մեջ խորասուզվելու մեջ:

Հիշողությունս կրկին ինձ գցում է տարիների խորն անդունդը՝ այն օրն ու ժամը, երբ կրակոցներ հնչեցին, և անկասելի մի բան տեղի ունեցավ: Մեկ վայրկյանում անհետացավ մի ամբողջ աշխարհ, երեխաները որբ դարձան, նրանց մայրերն՝ այրիներ: Երկու մարդ զոհվեց. իսկ արձակված գնդակներն անդրադառնում ու անդրադառնում են, խոցելով կենդանի մնացածներին:

Ճակատագրական սխալը կարծես մասերի բաժանվեց և սկսեց որպես հանդիմանություն կայծկլտալ աշխարհի տարբեր անկյուններից: Մաքս, Լեո, Կատյա…

Կյանքում չեն լինում ուղիղ ճանապարհներ և հարթված արահետներ: Ամեն հաջորդ ակնթարթին՝ արդեն ուղեբաժանի վրա ես: Ցանկացած քայլ կարող է վճռորոշ լինել, իսկ ամեն մի գործողություն՝ ճակատագրական: Երբեմն արդյունքը միանգամից է երևում, ինչպես ամպրոպը՝ մաքուր երկնքում:

Սակայն հաճախ մենք չենք գիտակցում գործած սխալները, իսկ հետևանքներից հեռու ենք տարածական և ժամանակային առումով: Իրադարձությունների հորձանուտում խոսքեր ենք լսում, սակայն մեզ չենք տեսնում: Եվ հազիվ թե ավտովթարի զոհի մեջ սեփական մեղքը տեսնենք, կամ այն հաշմանդամի մեջ, որին չօգնեցինք փողոցն անցնել: Իսկ հերթական ինքնասպանության մեջ՝ դեռահասին, որը երթուղայինում մեր կողքն էր նստած: Մեր ճանապարհները հատվեցին, սակայն մենք կանգ չառանք՝ սպանելով նրանց մեր անտարբերությամբ:

Մարդը բացառիկ երևույթ է: Մենք կյանքի և մահվան, սիրո և ատելության, օրհնության և անեծքի միջև ընտրություն ունենք: Բառացիորեն յուրաքանչյուր վայրկյան մենք կարող ենք ավելի լավը դառնալ կամ ոչնչության վերածվել, բարձրանալ ևս մեկ աստիճանով կամ ընկնել հատակը: Թիթեռի թևերի թափահարումը թեթև քամի  էլ չի բարձրացնի, սակայն մեր արարքներն ունակ են փոխելու աշխարհը:

Կարելի է հասկանալ դատավորին և դատախազին և ցանկացած դատապարտող կարծիք, երբ կշեռքի մի նժարին հանցագործն է, իսկ մյուսին՝ զոհերը. հանցագործությունը պետք է պատժվի: Սակայն 24 տարի անց այդ նույն նժարներին կյանքն ու մահն են. երեխայի երջանկությունը, որը կախված է մեր որոշումից, և անդառնալին, այն, ինչ մենք արդեն ի զորու չենք փոխել:

Աղջկաս նկարները զարդարում են իմ բանտախցի պատերը. նրա հույզերն ու զգացմունքները՝ ներկերով արտահայտված: Հիմա, ինչպես և այն ժամանակ, ես ընտրության առջև եմ. և ընտրում եմ կնոջս ու երեխաներիս երջանկությունը: Որքան թանկ էլ որ դա արժենա ինձ համար: Ես քնում և զարթնում եմ՝ զննելով մանկական հոգու այն գաղտնիքները, որոնք բացվել են հոր համար դստեր նկարներում:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում