Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ տասներեքերորդ" />

Նամակներ բանտից. «Դրական տպավորությունների պակաս»

Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ տասներեքերորդ

Նկարն՝ Անաստասիա Լոգվինենկոյի

«Նամակներ բանտից»-ը JAMnews-ի նախագիծը սկսվեց մի նամակից, որը խմբագրությունը ստացել էր ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանից: Նա արդեն 24 տարի է, ինչ բանտում է: Յուրին մեզ գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ հասարակության համար կարևոր է լսել «այն կողմում» ապրողներին: Մենք համաձայնեցինք նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը: Յուրի Սարգսյանը նաև «Առավելագույն պատիժ» վավերագրական վեպի հեղինակն է, որը հրապարակվել է 2016թ-ին:

Սա Յուրի Սարգսյանի տասներեքերորդ նամակն է: Նախորդ բոլոր նամակների հղումներն՝ էջի վերջում։

Ս

պիտակ ստվերն առկայծեց ճաղերի հետևում և անհետացավ՝ ուղեղիս մեջ հետևյալ ենթադրությունն առաջացնելով. «Աղավնի՜»։ Ես կտրուկ շրջվեցի։ Վաղուց չեմ տեսել այդ գեղեցիկ թռչուններին (ձմռանն իմ բանտախցի պատուհանագոգին հացի փշուրներով ճնճղուկների եմ կերակրում)։ Մյուս փետրավորներն ավելի բարձր են թռչում։ Բացի այդ, ճաղերի արանքով կարող են անցնել միայն ճնճղուկները։

Ուղեկցող հսկիչը հենց հետևիցս էր քայլում՝ մի փոքր կողքից։ Իմ անսպասելի շարժումից նա վախեցած ճչաց, կարծես հարվածից, կռացավ և ձեռքերով գլուխը ծածկեց։

Հեռվում՝ մուտքի կողմից, լսվեցին «զբոսավարների» տագնապալի ձայները: «Զբոսավար» ենք անվանում հսկիչների խմբին, որոնք մեզ հետևում են զբոսանքի ժամանակ կան նաև «շմոն անողներ», որոնք դատապարտյալների անձնական խուզարկությունն ու բանտախցերի տեխնիկական զննումն են անում; «այցելուավարները» բանտարկյլաներին հսկում են կարճաժամկետ այցելությունների ժամանակ, «օպերներն» ու «ռեժիմավարները» բանտային էլիտան են։

 Ուղեկցող հսկիչն արդեն հասկացավ, որ ես վտանգավոր չեմ, նյարդային ու շփոթված ծիծաղեց՝ իր գործընկերներին ասելով, որ ամեն ինչ նորմալ է։ Աղավնուն՝ իրարանցման «մեղավորին», ես այդպես էլ չհասցրի տեսնել։ Գլուխս կախեցի և շարունակեցի քայլել, հսկիչը՝ հետևիցս, փորձելով ինչ-որ խոսքերով սքողել անհարմար դրությունն ու կատարվածը կատակի տալ։

Ես լռում էի, կարծես ոչինչ չեմ նկատել։ Չգիտեմ, թե ինչու, բայց ամաչեցի նրա արձագանքից։ Աշխատում էի նրա հայացքին չհանդիպել, չցանկանալով էլ ավելի շփոթեցնել նրան։ Նա մոտ 25-30 տարեկան էր։ Եվ նրա վախն աշխատանքի հետ կապված բավականին լուրջ խնդիրների հետևանք է։

Իրենց կարիերայի սկզբում բանտապանները սովորական տղաներ են, ոմանք՝ բարձրագույն կրթությամբ, անբռնազբոս, շփվող։ Եվ միայն որոշ ժամանակ անց՝ 3-4 տարուց, հայտնվում են նրանք, ում գրականությունում, ֆիլմերում և մամուլում դարեր շարունակ ներկայացնում են որպես բանալիների տրցակով, սադիստական հակումներով, ագրեսիվ, ցածր ինտելեկտով, բոլոր հնարավոր արատներով «կուզիկների»։

Երկար տարիներ աշխատած բանտապաններն, ինչպես և նրանց կողմից հսկվող դատապարտյալները, «վարակվում են» բետոնե պատերով և մարդկային ատելությամբ ցանկապատված, փշալարով պատված սարսափելի աշխարհով։ Բանտը ոչ ոքի համար անհետ չի անցնում։ Անգամ մեր հարազատները, որոնք կարճ ժամանակ են անցկանցնում այս մթնոլորտում, փոխվում են հավետ։

Բազմաթիվ մասնագիտություններ կան, որոնք կապված են կյանքի և հոգեկանի ռիսկերի հետ, և բանտապանի աշխատանքը բնավ վերջին տեղում չէ։ Բացի այդ, հեղինակավոր չէ և ցածր վարձատրվող է՝ չնայած հանցագործներից հասարակությունը պաշտպանելու զգալի ավանդին։

Ժամերով, օրերով, տարիներով նրանք մշտական սթրեսի մեջ են, ծայրահեղ լարված, կոնֆլիկտային իրավիճակներում՝ մշտապես սպասելով ամենատարբեր սադրանքների դատապարտյալների կողմից։ Այդպիսի պայմանները հազիվ թե առողջության համար բարենպաստ լինեն։

Մշտապես շրջապատված լինել ազատազրկված մարդկանցով, տեսնել նրանց ցավն ու դարդերը և չունենալ ապրումակցելու իրավունք: Հետևել բանտարկյալների միջև գզվռտոցին, թույլին ուժեղի կողմից ճնշելուն, մարդկային արժանապատվության նվաստացմանն, այն կեղտին, որին ազատազրկվածը պատրաստ է կենդանի մնալու համար: Լսել անգրագետ խոսք, հայհոյանք և ժարգոն; մասնակցել դժգոհության, անհնազանդության բռնկումների ճնշմանը: Այս ամենը վերածվում է առօրյայի, դառնում նրանց երկրորդ էությունը։ Դրանից չես փախչի։ Ակամա սովորում ես, չես նկատում իրավիճակի աննորմալությունը։

Քանի դեռ աշխատակիցն ազնիվ է, նա անձեռնմխելի է։ Եվ ինչ-որ տեղ հարգված է բանտարկյալների կողմից։ Բայց հենց սկսում է փող շորթել ծառայությունների դիմաց, միանգամից վերածվում է տականքի։ Իսկ կաշառք չի կարող չվերցնել ցածր աշխատավարձի, մասնագիտական անհարմարությունները փոխհատուցելու պահանջմունքից, հասարակական կարծիքից, որը նախապես նրան խարանել է որպես սադիստի և կաշառակերի։

Բարոյապես կայուններն այդ աշխատանքին երկար չեն մնում։

Ինքնահարգանքը կորցնելուն պես կորում է այն ամենն, ինչ բանտապանին տարբերում էր հանցագործից։ Ջնջվում է սահմանը, ընկնում է պատասխանատվության բեռը։

Եվ բոլոր դժբատությունների համար բանտապանը մեղադրում է բանտարկյլաներին՝ նրանց համարելով ոչ թե ապրումակցման արժանի, այլ դաժան վերաբերմունքի։ Բանտապանների մեծ մասը միայն հենց դրանում են ջանասիրություն ցուցաբերում՝ սեփական հայեցողությամբ խստացնելով դատարանով նախատեսված պատիժը։

Ես հետաքրքրվել եմ այդ անբարետես մասնագիտության ընտրության պատճառներով, հարցրել եմ շատերին։ Շարքային կազմը միօրինակ էր պատասխանում, թե կյանքն է ստիպել, ուրիշ ոչ մի տեղ աշխատանք չի եղել, իսկ սա ստացվել է, հետո հարմարվել են և մնացել է գլխավորը՝ հասնել թոշակին։

Շարքային բանտապաններից շատերը սպա են դառնում և շարունակում ծառայել նույն մոտիվացիայով։ Սպաներից ոմանք բանտ են եկել ավելի հեղինակավոր հաստատություններից և այդպես էլ մնացել այստեղ։ Որովհետև այստեղ իրենց տեր են զգում, առավելագույն իշխանություն և դրա չարաշահման համար անպատժելիության երաշխիքներ ունեն։ Դատապարտյալներն, ըստ նրանց, իրենք են մեղավոր սեփական ճակատագրի համար, և աշխատակիցների պարտականությունը դա հանցագործների գլուխը մտցնելն է՝ չխորշելով ոչնչից։

Սակայն եթե բանտային անձնակազմը միայն պրոֆեսիոնալներից կազմված լիներ, այլ ոչ թե ուրիշ ոլորտներում անհաջողության մատնվածներից, որոնք մարդկանց հետ աշխատանքի ընդունակ չեն, դա նույնպես կլուծեր խնդիրները։ Մարդիկ փոխվում են շրջապատին համապատասխան, իսկ շրջապատն աշխատանքի վայրում և դրանից դուրս համատարած նեգատիվ է։ Դա հասարակությունն է, որն իրեն մեկուսացրել է հանցագործներից և նրանցից, ովքեր հսկում են այդ հանցագործներին։

Որոշ բանտապաններ, և նրանք փոքրամասնություն են, դատապարտյալներին մարդ են համարում, որոնք սխալ են արել և աջակցության կարիք ունեն։ Մյուսները համոզված են հանցագործների անուղղելիության մեջ։ Հենց նրանց թեթև ձեռքով է ստեղծվում բանտերի բնանկիչների մեծ մասի մասին միֆը որպես անդառնալի կորսվածների։

Առաջինները ձգտում են ամեն կերպ օգնել բանտարկյալներին։ Երկրորդներն անախորժություններ են սադրում՝ ապացուցելու համար իրենց դիրքորոշումն ու վրեժ լուծելով հասարակությունից։

Առանց բացառության բոլոր բանտարկյալների հանդեպ կարծրատիպային վերաբերմունքը նրանք տեղափոխում են բանտային ցանկապատի մյուս կողմի մարդկանց հետ շփման վրա։ Դուրս են հանում բանտերի ողջ կեղտն, ագրեսիան, կասկածամտությունն ու հայհոյանքները։ Եվ աշխարհն ատելությամբ է պատասխանում։

Ես հարցրել եմ նաև նման աշխատանքի վտանգների մասին։ Հիշեցրել պատանդ վերցնելու, բունտերի, փախուստի վերջին միջադեպերի, էմոցիոնալ և ֆիզիկական կոնֆլիկտների մշտական սպառնալիքի մասին։ Պատասխանը մեկն է եղել հաշտվել ենք։

Հաշտվել է նաև հասարակությունը։ Եվ միայն դատապարտյալներն են դեմ ստեղծված իրավիճակին։

Նախորդ նամակները.

Նամակ առաջին. ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները

Նամակ առաջին. ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները

Նամակ երկրորդ. վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից

Նամակ երրորդ. ապագան հիասքանչ է, եթե այն կա

Նամակ չորրորդ. վերջին նախազգուշացում

Նամակ հինգերորդ. մարդը միշտ ուղեբաժանի առջև է

Նամակ վեցերորդ. քաղցր երազանքի դառնությունը

Նամակ յոթերորդ. ազատություն և ճմռթված կյանք

Նամակ ութերորդ. վտանգավոր հարևանություն

Նամակ իններորդ. «Դժոխքի տռուբեն»

Նամակ տասներորդ. «Ո՞րն էր իմ սխալը»

Նամակ տասնմեկերորդ․ «Զոհեր և դահիճներ»

Նամակ տասներկուերորդ․ «Հիշողությունը մինչև հիմա արնահոսում է»

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:

Կարդալ ավելին JAMnews-ում