Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ իններորդ " />

Նամակներ բանտից. «Դժոխքի տռուբեն»

Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ իններորդ

Նկարն՝ Անաստասիա Լոգվինենկոյի

«Նամակներ բանտից» JAMnews-ի նախագիծը սկսվեց այն պահից, երբ խմբագրությանը դիմեց մի ցմահ դատապարտյալ: Յուրի Սարգսյանն արդեն 24 տարի է, ինչ բանտում է: Նա մեզ գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ հասարակության համար կարևոր է լսել «այն կողմում» ապրողներին: Մենք համաձայնեցինք նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը: Յուրի Սարգսյանը նաև «Առավելագույն պատիժ» վավերագրական վեպի հեղինակն է, որը հրապարակվել է 2016թ-ին:

Սա Յուրի Սարգսյանի իններորդ նամակն է:

Նախորդ նամակները.

Նամակ առաջին. ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները

Նամակ երկրորդ. վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից

Նամակ երրորդ. ապագան հիասքանչ է, եթե այն կա

Նամակ չորրորդ. վերջին նախազգուշացում

Նամակ հինգերորդ. մարդը միշտ ուղեբաժանի առջև է

Նամակ վեցերորդ. քաղցր երազանքի դառնությունը

Նամակ յոթերորդ. ազատություն և ճմռթված կյանք

Նամակ ութերորդ. վտանգավոր հարևանություն

Ս ա միստիկա չէ: Սակայն ամենասկզբում հենց այդպես էր թվում՝ բացարձակապես անիրական: «Դժոխքի տռուբայի»  հետ առաջին ծանոթությունը տեղի ունեցավ մթնշաղին. կլոր մռայլ շենքը ստվերի պես կախվել էր հողի վրա՝ երեք հարկերով գնալով դեպի դրա խորքերը: Միայն հայտնվելով տուգանային մեկուսարանում՝ հողի մակերևույթից ներքև, ես հասկացա, որ շուրջբոլորը ճահիճ է. այն ներթափանցում էր մեկուսարանի պատերի միջով՝ գրեթե մեջս մտնում:

Հեռավոր 90-ականները հօդս են ցնդել՝ իրենց հետ տանելով սարսափելի հիշողությունները: Ստորգետնյա բանտախցերի մուտքը վաղուց փակ է և մոռացված: Այն տարիների պատմությունները հեքիաթներ, միֆեր են դարձել, իսկ զոհերը՝ Նուբարաշենի բանտի հավերժ ուրվականներ: Եվ միայն կենդանի մնացածներն են ամեն ինչ հիշում և տեսնում, կարծես երեկ էր:

21-րդ դարի հյուրերի այցն ինձ համար անսպասելի էր: Միջազգային կինոնախագիծ, նկարահանումներ և հարցազրույց… Եվ ահա, ես ներքևում եմ: Հինգ հարկ թռչելով իջա, կարծես թևեր ունենայի, պահակախումբը հազիվ էր հետևիցս հասցնում: Դժոխային շրջանից դուրս գալիս, բանտապանը շշնջաց. «Նկարահանումները սկսվում են»:

Նկարահանող խումբը բոլորից առանձին կանգնած էր՝ պահպանության ծառայության տասնյակ զինվորականներով շրջապատված: Հյուրերը գլխի չէին ընկնում, որ այսպես կոչված «բոքսերի»՝ խոշտանգումների բլոկում են: Ժամանակին՝ մոռացված տարիներին, այստեղ մարդիկ գիտակցություն էին կորցնում՝ տեսնելով արյամբ, փսխունքով և մահակների հետքերով պատերը:

Մի պահ աչքերս փակելով՝ խորքերից կարծես տնքոցներ ու ճիչեր լսեցի. իմ վախերի հարություն առած ուրվականն էր: Այժմ արդեն ոչինչ չկա. մաքրել են պատերը և հիշողությունը, արյունն էլ դարձել է ներկի մի մասը…

Այն տարիներին լուրեր էին պտտվում այս բանտի ճարտարապետի մասին, որը դրա առաջին բանտարկյալն է դարձել և մահացել ստորգետնյա զնդանում՝ որպես խրատ բոլորին, որպեսզի ուրիշի համար փոս չփորեն: Նմանատիպ սկզբունք է ընկած նաև բանտի համակեցության հիմքում. կարող ես բարություն անել՝ արա, վատն առանց քեզ էլ շատ է: Այս ամենի մասին ես իմացել եմ կարանտինում փորձառու բանտարկյալներից, որոնք ինձ հաղորդեցին բանտի իսկական անվանումը՝ «Դժոխքի տռուբեն», որը նաև դրա իսկական էությունն է:

Անցնելով արյունոտ միջանցքը՝ ես թեքվեցի դեպի քննչական հատված: Հարցաքննությունների համար նախատեսված սովորական կաբինետը վերածել էին հատուկ սենյակի: Հյուրերս ներկայացան: Խմբի ղեկավարի անունը Ստեֆան Արապովիչ էր: Նրանք ասացին, որ պլանավորում էին իմ այստեղի կյանքի մի քանի օրվա մասին ֆիլմ նկարահանել, սակայն ղեկավարությունն ընդդիմացել է, նրանց սահմանափակել մեկ-երկու ժամանոց տեսահարցազրույցով:

Հարցերն անգլերեն էին հնչում, ինձ համար թարգմանում էին: Ինչ-որ բան խանգարում էր պատասխանների վրա կենտրոնանալ, շեղում էին տղաները, սարքավորումները: Ստեֆանին հետաքրքրում էր, թե ինչու է ղեկավարությունը հրաժարվել թույլատրել մուտք գործել բանտի տարածք: Ի՞նչ կարող էի ես պատասխանել: Այո, նրանցից թաքցնում են պահպանման իրական պայմանների մասին ճշմարտությունը, ցմահ դատապարտյալների հուսահատության մասին, որը շատերին քայլող դիակ է դարձրել, ազատ արձակվելու անիրական հույսի մասին, որը խելագարեցնում է…

Արդյո՞ք ինչ-որ բան է փոխվել Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո: Ոչ: «Նոր» Հայաստանն ու դրա առաջնորդը մեզ համար միայն վանկարկվող կարգախոսներ են, իսկ հին բանտերում ու քրեակատարողական հիմնարկներում ոչինչ չի փոխվում:

Ի՞նչ հարաբերություններ ունեմ բանտապահների հետ: Դատապարտվելու պահից ի վեր բանտարկյալի աշխարհը երկու խմբի է բաժանվում. նրանք, ովքեր դառնում են պատժի մի մաս, և նրանք, ում մենք ընկալում ենք որպես խրախուսանք: Բանտապահներն անխուսափելի պատերն ու ճաղերն են, և դրանց հանդեպ վերաբերմունքը համապատասխան է: Իսկ խրախուսա՞նքը: Բանտային ճաղերից ներթափանցող լույսի առկայծումներն են՝ մարդիկ, որոնք մեր մեջ մարդ են տեսել:

Արդյո՞ք բանտում անցկացրած 24 տարին համարում եմ բավականաչափ պատիժ: Այո: Այդ ժամանակն անհետևանք չի մնացել, և ես կարծում եմ, որ արդարադատությունն իմ դեպքում, հաղթանակել է: Սակայն մնացել են այլ պարտավորություններ, որոնք կարող են իրագործվել միայն ազատության մեջ:

Ի՞նչն է ցմահներին տարբերում այլ բանտարկյալներից: Ամեն ինչ և ոչինչ: Մարդասպանի և մանր գողի պատիժը կրելու պայմանները բացարձակ նման չեն՝ թե արտաքին տեսանկյունից, թե ներքին. մարդու կյանք գողացածը համապատասխան կերպով է վճարում, և եթե սովորական բանտարկյալին ազատ արձակելը կարգավորվում է օրենքով, ապա մերը՝ պաշտոնյաների քմահաճույքով:

Ինչպե՞ս է անցնում օրս անազատության մեջ: Աղոթքի և աշխատանքի մեջ: Գրքեր եմ գրում, հոդվածներ՝ JAMnews-ի համար, այլ հեղինակների ստեղծագործություններն եմ խմբագրում հրատարակչության համար: Իսկ ըստ էության, աշխատում եմ ինքս ինձ վրա:

Ի՞նչն է մոտիվացնում, որ կենդանի մնամ: Իհարկե, հենց կյանքը: Այնքան չապրած, չվերապրած բան կա. երեխաներ, կին, ակնթարթներ՝ պատված արցունքներով… Կցանկանայի սիրեցյալիս աչքերը երջանությամբ լցնել: Եվ ընկերներ, իհարկե, ներկա և ապագա: Բայց ամենագլխավորը. չի կարելի լքել այս աշխարհը՝ չվճարելով բարոյական և նյութական պարտքերը:

Արդյո՞ք ստեղծագործ աշխատանքը կարող է խանգարել այլ բանտարկյալների հետ ընկերությանը: Ընդհակառակը, ստեղծագործելն օգնում է ավելի լավ հասկանալ ինքդ քեզ և մյուսներին:

Ի՞նչ փոփոխություններ են ինձ հետ տեղի ունեցել 24 տարվա ընթացքում: Սպասեք՝ մտածեմ… Կարծես մի մեծ բեռ ընկած լինի ուսերիցս… Ավելի իմաստւն եմ դարձել, դա հաստատ. գիտեմ, թե ուր գնալ և ինչպես ինձ պահել: Ամեն ինչ է փոխվել:

Արդյո՞ք ինձ հետ պատահածը դժբախտ պատահար եմ համարում: Այո: Դա վթար էր, բարոյական աղետ:

Որքա՞ն մեծ է հավանականությունը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման: Բավական մեծ, եթե ամեն ինչ օրենքով լինի:

Հետո սկսվեցին հարցեր բանտի աշխատակիցների և կրիմինալի սերտաճման, ազդեցության ոլորտների բաժանման և եկամտի մասին: Ես խուսափողական պատասխան տվեցի. իմ խելքի բանը չէ:

Մարդը թույլ է, և պարտվում է ամեն անգամ, երբ հակառակն է մտածում: Կարծես թե սովորական հարցազրույց էր, որը հավատքի հետ ոչ մի ընդհանուր բան չուներ: «Կարծես թե…»: Իսկ մի՞թե մեր կյանքում կա մի բան, որը հավատքի հետ կապ չունի, որը չի արտահայտում մեր աշխարհայացքը:

Թեման հոգու թռիչքների և անկումների մասին էր: Հարցերը վերաբերում էին գոյության արբեր ոլորտներին՝ անդրադառնալով, ըստ էության, այս աշխարհի և մեր գոյության ՀԻՄՔԻՆ: Սակայն հենց այդ հիմքին ես այդպես էլ չանդրադարձա՝ մոռանալով հավատացյալ մարդու գլխավոր պարտականության՝ Սուրբ Անունը սրբացնելու մասին:

Նկարահանումներն ավարտվեցին, տղաներն անջատեցին սարքավորումները, տեսախցիկները…Այստեղ ես հասկացա, որ կիպան [ավանդական հրեական գլխարկ տղամարդկանց համար, որը նրանք կրում են՝ ի նշան Աստծո առջև խոնարհության – JAMnews] քիչ է մնում՝ ընկնի գլխիցս, մեխանիկաբար ուղղեցի այն:

Հանկարծ գերմանացի լրագրողը հիշեց, որ ևս մեկ հարց է մնացել: Կրկին միացրին տեսախցիկը: Հնչեց հենց այն հարցը, որը ողջ հարցազրույցի ընթացքում հնչել էր այլ ձևակերպումներով. «Ձեր գլխին կիպա է… Ձեր այդ հավատքն ինչ-որ կերպ նպաստո՞ւմ է նման անմարդկային պայմաններում դժվարությունների հաղթահարմանը: Ինչպե՞ս եք եկել դեպի Աստված: Ե՞րբ»:

Ինձ բառացիորեն հիշեցրին իմ մասին՝ թույլ տալով պահպանել կիպան ու դեմքս… Պատասխանեցի, թե երբ և ինչպես, և որ, այո, հենց Միակ Աստծու հանդեպ հավատքն է ինձ օգնել չկորցնել ինձ և հաղթահարել առաջացող խոչընդոտները: Սակայն ինչպիսի՜ հեշտությամբ ես մոռացա իմ Պաշտպանի մասին տեսախցիկների առաջ «ճիշտ և գեղեցիկ» պատասխաններ փնտրելիս:

Մարդը թույլ է և էլ ավելի թույլ է դառնում՝ փորձելով ուժեղ և անկախ երևալ այլոց աչքերին:

Հույս ունեմ Աստծո օգնությամբ հաջորդ հոդվածում JAMnews-ի ընթերցողների հետ կիսվել անազատության և ազատության մեջ կենդանի մնալու հիմնական գաղտնիքով՝ Բարձրյալին ծառայելու մասին իմ պատմությամբ:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները հեղինակի անձնական դիրքորոշման արտացոլումն են և կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:

Կարդալ ավելին JAMnews-ում