Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ յոթերորդ " />

Նամակներ բանտից: Ազատություն և ճմռթված կյանք

Ցմահ դատապարտյալը նամակներ է գրում նրանց, ովքեր ապրում են ազատության մեջ: Նամակ յոթերորդ

 Նկարն՝ Անաստասիա Լոգվինենկոյի

JAMnews-ի «Նամակներ բանտից»-ը նախագիծը սկսվեց նամակից, որը խմբագրությունը ստացել էր մի ցմահ դատապարտյալից: Յուրի Սարգսյանն արդեն 24 տարի է, ինչ բանտում է: Նա մեզ գրել էր, որովհետև ցանկանում էր արտահայտվել և կարծում էր, որ հասարակության համար կարևոր է լսել «այն կողմում» ապրողներին: Մենք համաձայնեցինք նրա հետ, այդպես ծնվեց այս նախագիծը: Յուրի Սարգսյանը նաև «Առավելագույն պատիժ» վավերագրական վեպի հեղինակն է, որը հրապարակվել է 2016թ-ին:

Սա Յուրի Սարգսյանի յոթերորդ նամակն է:

Նախորդ նամակները.

Նամակ առաջին. ազատությունն, անազատությունն ու բոլոր մեղսակիցները

Նամակ երկրորդ. վայր, որտեղ երազը նախընտրելի է իրականությունից

Նամակ երրորդ. ապագան հիասքանչ է, եթե այն կա

Նամակ չորրորդ. վերջին նախազգուշացում

Նամակ հինգերորդ. մարդը միշտ ուղեբաժանի առջև է

Նամակ վեցերորդ. քաղցր երազանքի դառնությունը

Եթե ապագայում փոփոխություն ես ուզում. դարձիր այդ փոփոխությունը ներկայում    

                                                                                     Մահաթմա Գանդի

Ա մենաթողությունն ու անօրինականությունն իշխում էին Հայաստանում տասնամյակներով: Լցված բանտեր, ամայացած երկիր, դատարկ հոգիներ: Եվ այժմ՝ ժողովրդի վրդովմունքի ալիքը նոր առաջնորդի վերհանեց: Ո՞վ է նա: Փրկի՞չ: Երկնքի պատվիրա՞կը: Թե՞ մենք կրկին ցանկալին որպես իրական ենք ներկայացնում:

Մեզ՝ մոռացության մեջ մահվան դատապարտվածներիս, համար այդ հարցերն առավել սուր են դրված: Եթե Հայաստանի համեմատաբար ազատ քաղաքացիները կարող են այն լքել արևի տակ ավելի լավ տեղ գտնելու նպատակով, ապա բանտարկյալները նման այլընտրանք չունեն:

Երեք նախագահների ռեժիմը տաբու է դրել նախկին մահապարտների գործերի վրա, և բոլոր ենթակա ատյանները խստորեն հետևել են այդ հրահանգներին: Մենք մահանում էինք հիվանդություններից և անելանելիությունից, խելագարվում էինք՝ փրփուրներից կառչելով, մեր աղերսն էինք ուղղում Երկնքին… Այսօր մենք՝ բոլորից առավել, ցանկանում ենք հավատալ կայծակնային հեղափոխությանը որպես Երկնքի պատասխանի:

Ա յս աշխարհում պատահականություններ չեն լինում: Նիկոլ Փաշինյանը եկավ այն ժամանակ, երբ Հայաստանը նրա կարիքն ուներ: Երբ հայերը նրա կարիքն ունեին: Երբ նրա կարիքն ունեին բոլոր հալածյալները: Եվ նրա կարիքն ուներ նախկին իշխանությունը, որը սպառել էր իրեն և ունակ չէր կանգ առնելու. այդպես մոլագար հանցագործն է ավելի ու ավելի հնարամիտ և հանդուգն գործողություններով խնդրում իրեն կալանավորել:

Դժվար է պատկերացնել մի մարդու, ում մասին միայն ընդհանուր տեղեկություններ ունես. ծնվել է, սովորել է, ծառայել է/չի ծառայել, անդամակցել է/չի անդամակցել, ընտանեկան դրությունը, դատվածություն… և այլն: Յուրաքանչյուր կետի տակ մի ամբողջ կյանք է թաքնված: Եվ պարտադիր չէ, որ մեկը մյուսից բխի կամ կանխորոշի հետագա իրադարձությունը: Մարդկային ճակատագիրն անկանխատեսելի է, ինչպես հեքիաթում, և միշտ երջանիկ ավարտի հավակնություններ ունի: Ցանկացած ճակատագիր: Մեզնից յուրաքանչյուրինը:

Լավ պատմություն գրեք  մանկան աչքերում արտացոլվող առաջին արևածագից մինչև կյանքի մայրամուտին այդ նույն աչքերի թարթիչների հրաժեշտի թափահարումը: Կամ՝ հիանալի բանաստեղծություն, երգ: Իսկ հետո ճմրթեք թուղթը, որի վրա գրել եք, և գցեք աղբամանը: Կրկնեք դա վաղը և մյուս օրը… Մինչ օրս նման բախտի էին դատապարտվել բանտարկյալներն ու նրանց ընտանիքները. մեր երազանքներն ու պլանները զրկել են ապագայից, թաղվել անցյալի ծանրության և բանտային պատերի տակ:

Տարեցտարի անձնական գործերին ավելանում են մանրամասներ, փրկության մասին ճիչեր, սառը չինովնիկական մերժումներ: Փշալարով և անմարդկային հումանիզմով պատված գոյություն: Տարեցտարի:

Կ արելի է մտածել, որ այն մեծ աշխարհում ապրում են ոչ թե ազատ մարդիկ, այլ բանտապահներ: Արդարադատության թեմայի մասին խոսակցությունները գնում են դատավորների և այդ ոլորտի այլ ներկայացուցիչների դեմ պայքարի, նոր բանտերի կառուցման և դրանցում հարմարավետ պայմանների ապահովման շուրջ: Եվ այո, թաքցնելու բան չէ, բանտարկյալները նույնպես օրիգինալությամբ աչքի չեն ընկնում:

Հազվադեպ կհանդիպես մի մարդու՝ ազատության կամ անազատության մեջ, որը լրջորեն կքննարկի մի հասարակության ստեղծում, որտեղ մարդկանց մեկուսացման կարիքը լիովին կվերանար: Աշխարհը բնավ չի առաջադիմում, այլ ապրում է իներցիայով՝ որոշ ճշտումներ մտցնելով արդեն գոյություն ունեցող իրողություններում:

Դատական համակարգի արատավորությունը պայմանավորված է մարդկային գործոնով: Իրենց ճակատագրական որոշումներում դատավորները ղեկավարվում են ոչ միայն Օրենքով, այլ նաև ներքին համոզմամբ, որը հաճախ թելադրված է դրամատենչությամբ, այլ ոչ թե արդարությամբ:

Ա պրիլի 13-ին՝ երկրում մեծ փոփոխությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ [խոսքը գնում է անհնազանդության շարժման մասին, որը Հայաստանում սկսվել էր ապրիլի 13-ին և ավարտվել ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությամբ վարչապետի պաշտոնում], դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց ինձ պայմանական-վաղաժամ ազատ արձակել: Հրաժեշտ տալիս խնդրեց չնեղանալ, քանի որ նա նախապես զգուշացրել էր. ցմահ դատապարտվածներից որևէ մեկի համար դրական պատասխանն անհնար է:

Եվ ահա մենք սպասում ենք: Սպասում ենք ինչ-որ բարեփոխումների, պատրաստվում ենք արմատական փոփոխությունների: Սպասում ենք մեր հարցի դրական լուծմանը: Սպասում են նաև մեր հարազատները: Ոչ միայն սպասում են, այլ նաև անմիջականորեն մասնակցում են այդ իրադարձություններին՝ որոշ քաղաքական գործիչների դեմ հանդես գալով, մյուսների հետ հույսեր կապելով: Հույս ունենք, որ օրինականությունը երկրում կվերականգնվի, կվերականգնվեն նաև ընտանիքի գրկում լիարժեք կյանք ունենալու մեր սահմանափակ իրավունքները: Ցանկանում ենք հավատալ բոլոր ոլորտներում ակնկալվող առաջընթացին:

Մահվան դատապարտված լինելով 90-ականներին՝ մենք ամեն անգամ դառնում ենք նոր իրականության պատանդ: Մեզ սովորեցրել են, որ քաղաքական խաղերում ազատությունում և անազատության մեջ գտնվող մարդկանց խնդիրներն ընդամենը խաղարկվող խաղաթուղթ են և բնավ ոչ հաղթաթուղթ: Ամեն ինչի ավարտին և հաղթողին որոշելուց հետո այդ խաղաքարտերին նույն ճակատագիրն է սպասում խաղաքարտերի հին տրցակում: Քաղաքական գործիչների երեսպաշտությունն իրապես անսահման է:

Հ աղթողի ոտքերի տակ գցված կարմիր գորգը խորհրդանշում է ոչ այլ ինչ, քան պարտության մատնված թշնամիների արյունը, իրոք թափած արյունը: Ոմանց վեր բարձրացումը միշտ մյուսների նվաստացման, երբեմն էլ՝ ոչնչացման հաշվին է լինում: Հայաստանում տասնամյակներ շարունակ նվաստացած է եղել մի ամբողջ ժողովուրդ:

Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը խոստացել է մաքրել պետական կառույցների վերին մակարդակները՝ ձեռք չտալով միջին ու ներքին օղակներին: Ինչպե՞ս դա հասկանալ: Ղեկավարների չար կամքն ուղղակիորեն կատարողները մնալո՞ւ են: Ինձ համար դա նշանակում է, որ այն բանտապահները, որոնք տարբեր հանցագործություններ են կատարել բանտարկյալների հանդեպ, նախկինի պես բանտում են աշխատելու: Եվ ոչինչ չի փոխվելու: Այդպիսի աշխատակիցների համար կտտանքները, ծաղրը, մարդու իրավունքների ոտնահարումն ու այլ հանցագործությունները սովորական բան են: Նրանց հնարավոր չէ փոխել. երիտասարդ գինին ու հին տիկն անհամատեղելի են:

Այո, անհանգիստ գլուխը ոտքերին հանգիստ չի տալիս: Սակայն վնասված ոտքերով էլ հեռուն չես գնա: Նոր վարչապետի կադրային ջարդը ոչինչ չի տա, եթե չբարեփոխվեն մարդու կարգավիճակը նսեմացնող օրենքների համակարգը և չկոտրվի մեծամասնության ստրկական հնազանդության ներքին վիճակը:

Այսօրվա դրությամբ անվիճելի է ՄԵԿ ԲԱՆ՝ քաղաքացիական անհնազանդությունն ավարտվեց Հայաստանի ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ: Մինչ այդ կառավարության վրա ազդելու բոլոր փորձերն անհաջողություն էին կրում: Իսկ դա միշտ ևս մեկ մեխ է  դագաղի տախտակին: Սակայն զարթոնք ապրող կամքի ազատությունը հեշտությամբ կարող են գողանալ ծախված քաղաքական գործիչները: Իսկ դա նշանակում է որ «կոտրած տաշտակի» հեռանկարը դեռ երևում է հորիզոնում:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:

Կարդալ ավելին JAMnews-ում