Նրանք համոզված են, որ գինեգործությունը ոչ թե բիզնես է, այլ արվեստ։ Ոլորտի «վերածննդի» մանրամասները" />

Յուրահատուկ փնջով գինիների գաղտնիքը՝ Հայաստանի արտադրողներից

Նրանք համոզված են, որ գինեգործությունը ոչ թե բիզնես է, այլ արվեստ։ Ոլորտի «վերածննդի» մանրամասները

«Ձեռագիր» ունեցող գինիներ՝ կին-գինեգործից

Նրա արտադրած գինիներն առանձնանում են իրենց փնջով, բույրով, համային հատկանիշներով։ 39-ամյա Զարուհի Մուրադյանն ասում է, իր համար գինեգործությունը ոչ թե բիզնես է, այլ արվեստ, որը մասնագիտական հաճույք է պատճառում։ Կարծում է, երբ գինու պատրաստման գործընթացին խառնվում են կանացի ձեռքերը և անսովոր գաղափարները`գինին դառնում է անդիմադրելի ըմպելիք․ 

«Այսօր շատ գինու գործարաններ արտադրում են բարձրորակ գինիներ, սակայն դրանք բոլորը կարծես նույն ձեռագրով ստացված լինեն: Կարող է տասը արտադրողի Արենի խմես ու նույն ձեռագիրը զգաս, յուրահատկություն չկա: Իմ ձեռագիրն այլ է, իմ արտադրանքը յուրահատուկ փունջ ունի՝ մրգային, հատապտղային, ու, վերջապես, կին է արտադրել»։ 

Զարուհին Հայաստանում միակ կին գինեգործն է, որն իր սեփական արտադրությունն ունի: Միաժամանակ նա Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրենն է և Գինու ակադեմիայի ղեկավարը։

Բիզնեսի նոր ձև Հայաստանում, որն օգնում է մարդկանց խնդիրները լուծել

Ֆոտոռեպորտաժ Գյումրիի սրճարանից, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող մարդիկ

Հնդիկները Հայաստանում՝ ինչո՞ւ են տեղափոխվում և ինչո՞վ են այստեղ զվաղվում

Ոլորտում իր աշխատանքի հենց սկզբնական շրջանից նրան հետաքրքրել են խաղողի այն տեսակները, որոնք վերացման եզրին էին և բարձրորակ գինու համար չէին օգտագործվում: 

 «Հայաստանում նման միտում կա․ եթե գիտեն, որ խաղողի տվյալ տեսակը լավն է ու ճանաչում ունի, ինչպես օրինակ, Արենին, Ոսկեհատը, Հաղթանակը, ապա բոլորը սկսում են ձգտել դեպի այդ տեսակները: Կան խաղողի տեսակներ, որոնք օգտագործվում են միայն կուպաժների մեջ՝ գինու գույնի, բույրի և այլ բաղադրիչները շտկելու նպատակով, բայց դրանք երբևէ չեն ուսումնասիրվել և որպես բարձրորակ գինու հումք չեն կիրառվել։ Իմ նպատակն էր աշխատել հենց այդ ոչ այնքան տարածված խաղողի տեսակներով և ստանալ լավ գինի», – ասում է  Զարուհի Մուրադյանը։ 

Այսօր արդեն նա արտադրում է հինգ հազար շիշ գինի, տարեկան մթերելով 3-4 հազար տոննա խաղող։ 

Պատմում է նաև խնդիրների մասին, որոնց փորձել ընթացքում լուծել այլ արտադրողների հետ միասին 

«Հարկավոր էր զարգացնել երկրում գինի խմելու մշակույթը, գինու տուրիզմը, բարելավել կրթությունը, խթանել բարձրորակ գինիների արտադրությունը: Չհաշված վերջին տարիները, Հայաստանը ճանաչում չուներ բարձրորակ գինիների արտադրությամբ։ Թեև ունեինք վաղեմի պատմություն, բոլոր բնակլիմայական պայմանները բարձրորակ խաղողի ստացման և մթերման համար, սակայն չունեինք որակյալ գինիներ: Մինչդեռ գինեգործության ոլորտի վերջին միտումները հստակ զարգացում են նախանշում» ։

Հանուն հայկական գինու ճանաչելիության

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը պարբերաբար ծրագրեր է իրականացնում, որոնք նպաստում են աշխարհում հայկական գինու ճանաչելիությանը։

«Հայաստան ենք հրավիրում ոլորտի համաշխարհային փորձագետների, հեղինակավոր լրատվամիջոցների լրագրողների, բլոգերների, գնորդների։ Իրենց համար կազմակերպում ենք շրջայցեր, ներկայացնում  մեր խաղողագործական շրջանները, գինու գործարանները, պատմամշակութային վայրերը։

Նրանք հոդվածներ են հրապարակում տարբեր հայտնի ամսագրերում Հայաստանի մասին որպես գինեգործության վաղեմի երկրի։ Դրանից հետո մեզ դիմում են այդ երկրներից  փորձագետներ և ներմուծողներ։ Այս տարի ուսումնասիրություն ենք իրականացրել. Հայաստան այցելող զբոսաշրջիկների տաս տոկոսը գալիս է տեսնելու գինու գործարանները, պատմամշակութային վայրերը», – ասում է հիմնադրամի ղեկավարը։

Վերջին երկու տարիներին Հայաստանի գինի արտադրողները միջազգային մրցույթներից վերադարձել են 45 ոսկե և արծաթե մեդալներով։

Սննդագիտության դոկտոր, Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը վերջին հինգ տարիները հայկական գինու համար համարում է «ռենեսանսի ժամանակաշրջան»

«Մեր գինիները հիացնում են աշխարհի կամայական երկրների ամենաքմահաճ գինեսերներին, սա մեծ ձեռքբերում է։ Աշխարհի հեղինակավոր մրցույթներում այսքան ոսկի և արծաթ մեդա՞լ։ Բոլորը զարմանում են, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, շուկայում այսօր  ներկայացնում է գինիներ, որոնք հաղթում են անգամ իտալական, ֆրանսիական գինիներին։ Շատ ուրախ կլինեի, որ հայկական սննդարդյունաբերության բոլոր ոլորտներում այն հաջողությունները գրանցեինք, որն այսօր ունենք գինեգործության ոլորտում»։ 

Սննդագետը համոզված է, աշխարհին պետք է ներկայանալ հայկական գինով, ոչ թե կոնյակով

«Կոնյակը ֆրանսիական մակնշում է, ուզենք թե չուզենք մի օր պետք է հրաժարվենք այդ անունից։ Դրա համար շատ ավելի լավ է, որ աշխարհին ներկայանք մեր Արենիով, մեր հայկական խաղողի սորտերով։ Դրանով իսկապես կարող ենք զարմացնել»։

Այժմ խաղողի բերքի 80 տոկոսը գնում է կոնյակի արտադրությանը, 15 տոկոսը՝ գինու։ Մնացած 5 տոկոսը սեղանի խաղողի և չամիչի սորտեր են։ 

գինի, գինեգործություն, գինեգործ, արտադրող, հայկական գինի, հայկական կոնյակ, տնտեսություն

Սակայն Զարուհի Մուրադյանն ասում է. 15-ը  տոկոսը գնալով ընդլայնվում է, մեծացել են ներդրումային հոսքերը, տնկվում են նոր խաղողի այգիներ հատուկ գինու համար։ Ամեն տարի գինի արտադրողների շարքերը համալրվում են չորս-հինգ նոր ընկերությունով։  

«Հետաքրքիր ու հաճելի փաստ է, որ շեշտը դնում են օրգանիկ գինեգործության վրա։ Վերջին երկու տարում, միայն 100 հեկտար այգի է հիմնվել օրգանիկ խաղողի։ Ներդրողները հիմանականում դրսից են։ Իրենց Հայաստան են բերում միջազգային բարձր վարկանիշ ունեցող մասնագետները, որոնք այցելելով Հայաստան, տեսնելով հայկական սորտերը, բնակլիմայական պայմանները, հիմնական շեշտը դնում են օրգանիկ գինեգործության վրա», – ասում է Զարուհի Մուրադյանը։

Գինեգործության հիմնադրամի ղեկավարը նշում է, որ խթանելով արտահանումը, իրենք նաև բարձրացնում են հայկական գինու ճանաչելիությունը։ 

«Որպես այցեքարտ մեր էնդեմիկ սորտերն ենք ներկայացնում, շեշտադրումը դնում ենք հիմնականում մեր տեղական սորտերից ստացված գինիների վրա, որն էլ հետաքրքրություն է առաջացնում գինի սպառող երկրներում։ Մեծ է նաև հետաքրքրությունը մեր նոր մրգային գինինիների նկատմամբ», – ասում է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում վերջերս անդրադարձել էր մրգային գինիների արտահանման ծավալներին

«Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից մրգային գինիների արտահանումն աճել է 41 տոկոսով. արտահանվել է շուրջ 6.3 միլիոն դոլարի մրգային գինի: Անկեղծ ասած՝ նախկինում միշտ կասկածով եմ վերաբերվել այս արտադրատեսակին, բայց այս տարի Սարյան փողոցում տեղի ունեցած գինու փառատոնի ընթացքում համոզվեցի, որ հայաստանցի գինեգործներին հաջողվել է հատկապես նռան գինին հասցնել բոլորովին նոր՝ բարձր մակարդակի և այս ապրանքատեսակը հայկական նոր բրենդ դառնալու բոլոր հնարավորություններն ունի»:

 Զարուհի Մուրադյանn ասում է, որ հայկական գինու արտահանման աշխարհագրությունը մեծանում է․

 «Առաջին տեղում Ռուսաստանն է, այս տարի դեպի ՌԴ 50 տոկոսով ավելացել է հատկապես մրգային գինիների արտահանումը։ Երկրորդ տեղում Չինաստանն է, հետո ԱՄՆ, Շվեդիա, Շվեցարիա, Լիտվա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Կորեա, Քուվեյթ, Կանադա…»

 Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,744.5 հազար լիտր գինի։ 2018թ. ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 42.8 տոկոսով։

Գինարբուքի փառատոններ

Հայաստանում հաճախակի կազմակերպվող գինու փառատոնները նպաստում են հայկական գինու մշակույթի տարածմանը, ճանաչմանը, զարգացնում են գինեգործական տուրիզմը։ Կազմակերպիչները համոզված են, որ տարածաշրջանում գինու բնօրրանը հենց Հայաստանն է, և վեց հազար տարվա պատմություն ունեցող երկրի համար այն կարող է կարևոր այցեքարտ դառնալ։ 

Եթե սկզբնական շրջանում «գինու օրերն» ու փառատոնները մի քանի հայրուր մարդ էին հավաքում, ապա այժմ հազարավոր մարդիկ են դրանց մասնակցում՝ հիմնականում, զբոսաշրջիկներ։ 

«Ավելանում է մեր վաճառքը, նաև՝ սպառումը արտասահմանում։ Մարդիկ սկսել են հետաքրքրվել գինով, գինեգործներն էլ ավելանում են։ Մրցակցությունը մեծանում է, ու սկզբունքորեն դա լավ է, քանի որ դրանից որակը միայն բարձրանում է», – ասում է տեղական արտադրող ընկերություններից մեկի մարքեթինգի բաժնի ղեկավար Հենրիկ Պողոսյանը։ 

Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա 2016-ին Հայաստանում մեկ շնչի հաշվով 1,4 լիտր գինի էր սպառվում, իսկ այժմ՝ 2,6: 

«Գինի սպառող երկրների` Ֆրանսիայի, Իտալիայի, Չիլիի հետ համեմատած իհարկե քիչ է, բայց Հայաստանի համար  կարճ ժամանակահատվածում կրկնապատկվել է ներքին սպառումը, ինչին նպաստում է գինու մշակույթի տարածումը։ Հիմնականում 40 տոկոսը արտադրության արտահանվում է, 60-ը սպառվում է ներքին շուկայում», – ասում է Զարուհի Մուրադյանը։ 

Գինու և գաստրո  բակեր 

Հայկական գինու ճանաչելիությանը նպաստում են նաև վերջին տարիներին Հայաստանի տարբեր համայնքներում բացված գինու և գաստրո բակերը։ 

30 տարվա գինեգործ Արծրուն Մնացականյանը Բյուրական համայնքում է ապրում։ Իր սեփական տունը վերածել է «գինու բակի»։ Դա հնարավոր է դարձել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ։ 

Գաստրո բակերում զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում համտեսել հայկական գինին և ուտեստները, տեսնել գինու մառանները, ականատես լինել գինու ստեղծման ընթացքին։ 

«Ես տնայնագործ գինեգործ եմ։ Տարեկան ստանում եմ մի տոննա և ավել գինի։ Արտադրում եմ խաղողը, ունեմ մոտ հինգ հազար մետր հողատարածք։ Անհրաժեշտության դեպքում նաև գնում եմ խաղողի որոշ սորտեր, որովհետև իմ խաղողը միատարր է, իսկ ես ունենում եմ տաս տեսակի  գինիներ և մրգային օղիներ։ Կարիք չունեմ մրցակցելու մեծ արտադրողների հետ, որովհետև տնայնագործական գինեգործությունը մեկ այլ բան է, մեծ արտադրությունը՝ լրիվ այլ բան», – բացատրում է գինեգործը։

Ասում է, ծրագրի շրջանականերում իրեն տրամադրել են գինեգործության համար  անհրաժեշտ սարքավորումներ և ավելի  մասնագիտացրել գինեգործության ասպարեզում։ Արդյունքում կարողանում է ավելի որակյալ գինիներ պատրաստել։ 

Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանը նշում է, որ զբոսաշրջիկների համար գինու և գաստրո բակերը չափազանց գրավիչ են

«Այցելում են, համտեսում գինին, գիշերակաց, խոհանոց։ Նրանք ուզում են տեսնել, թե մեր տնայնագործներն ինչպես են սկսել իրենց գործունեությունը։ ՄԱԿ-ի ծրագրով շեշտադրումը դրվում է այնպիսի տնայնագործների վրա, որոնք ունեն այդ հնարավորությունը հյուրընկալելու զբոսաշրջիկներին։ Բավական լավ արդյունք ենք ստացել»։ 


Կարդալ ավելին JAMnews-ում