Եվս մեկ հոդված զարմանահրաշ ճամփորդությունների մասին JAMnews-ի շարքից" />

Յոթ բան, որ զարմացնում է բաքվեցուն Լոնդոնում

Եվս մեկ հոդված զարմանահրաշ ճամփորդությունների մասին JAMnews-ի շարքից

Միանգամից զգուշացնեմ. Բիգ Բենն իրականում այնքան մեծ չէ, ինչպես ֆիլմերում, Բուքինգհեմյան պալատն, ըստ մեր արևելյան չափանիշների, բավականին համեստ է, Բեյքեր սթրիթն ակնհայտորեն էլ այն չէ, ոչ մի մառախուղ էլ չկա:

Լոնդոն արժե մեկնել «շաբլոնը» կոտրելու համար: Ինչ էլ մտածեք Լոնդոնի մասին, այն բոլորովին դա չէ: Եվ քանի անգամ էլ լինես այստեղ, ամեն անգամ կզարմացնի:

Թվարկում եմ 7 երևույթ, որոնք կզարմացնեն յուրաքանչյուր բաքվեցու: Միանգամից նշեմ, որ խոսքը տեսարժան վայրերի մասին չէ:

1. Ուղղահայաց տներ

Եվ նույնիսկ ինքնաթիռից երևում են կարմիր աղյուսից կոկիկ զանգվածները: Տներն առանձին բնակարաններից են կազմված, որոնցից յուրաքանչյուրն իր մուտքի դուռն ունի, փոքր նախասրահ, խոհանոց ու հյուրասենյակ՝ առաջին հարկում, իսկ նախասրահից սանդուղքը տանում է դեպի երկրորդ հարկ՝ ննջարաններ:

Դա այսպես կոչված «վիկտորյանական տունն» է. այսպիսի տներ զանգվածաբար կառուցվել են թագուհի Վիկտորյայի կառավարման տարիներին: Կառուցվում էին սրընթաց աճող միջին դասի համար: Այսինքն՝ սրանք մեր «խրուշչովյան բնակարանների» անալոգներն են, բնակարան-մինիմում: Սակայն, ի տարբերություն «խրուշչովկաների», «վիկտորյանական տունը» հարմարավետ է և բավականին ընդարձակ: Եվ չկան ոչ ներքևի, ոչ վերևի հարևաններ: Իսկ տան ետնամասում փոքրից սեփական բակ է:

Ի դեպ, այստեղ առաջին հարկի պատուհաններին ճաղավանդակներ չկան, իսկ մուտքի դուռը կարող է փայտյա լինել և բանալիով փակվել: Որոշների վրա նույնիսկ ապակե «պատուհանիկներ» կան: Դա բացարձակ նման չէ Բաքվին, որտեղ «սեյֆի» կողպեքով երկաթյա դուռը պարտադիր է բոլորի համար:

2. Ի՞նչ անել այս լոգատաշտը

Ժամանակակից բնակարաններում և հյուրանոցներում ամեն ինչ այնպես է, ինչպես մենք սովոր ենք: «Վիկտորյանական տանը» կամ ավելի հին հյուրանոցում բաքվեցու մոտ մի շարք հարցեր կառաջանան:

Ինչպե՞ս օգտվել սառն ու տաք ջրով երկու տարբեր ծորակներից: Ինչու բաղնիքում և լոգատաշտ կա, և լոգախցիկ միմյանցից երկու մետր հեռավորության վրա: Եթե լոգատաշտին ցնցուղ կցված չէ, ապա ինչպես այն լվանալ:

Դա կարծրատի՞պ է, թե բրիտանացիները դուրս են գալիս լոգատաշտից և միանգամից սրբիչով սրբվում: Թե՞ իրոք այդպես է: Մինչև հիմա հաստատ չգիտեմ, իսկ հարցնելն անհարմար է:

3. Մշակված և տեսակավորված միս

Հիմա կասեք. ի՞նչ կա որ, մեզ մոտ էլ են պլաստիկե տոպրակներով աղացած միս վաճառում մեծ սուպերմարկետներում: Տարբերությունն այն է, որ Լոնդոնի սուպերմարկետներում վաճառում են տարբեր մշակման միս: Եվ անգամ՝ արդեն պատրաստի կոլոլակներ: Դա նորմալ, թարմ միս է, և այն կտրատված է թե սթեյքի, թե ապուրի համար:

Կա նաև լվացած կանաչի և բանջարեղեն: Այսինքն՝ ուտելիքի պատրաստումը կարելի է հավասարեցնել տարբեր տուփերից մթերքի դատարկմանը կաթսաների և ափսեների մեջ՝ տարբեր համադրությամբ:

4. Մետրո

Զարմանալիի մասին եթե հակիրճ ասենք, ապա ուղիների և կայարանների բազմազանության պայմաններում մետրոյից օգտվելը շատ պարզ բան է: Նայեք սխեմային և հետևեք նշաններին:

Մի բան էլ. կայարաններն այնքան շատ են, որ քաղաքի կենտրոնում («խողովակի» (այսպես են տեղացիներն անվանում մետրոն) հասանելիության սահմաններում) առանց որևէ խնդրի կարող եք հասնել՝ ուր ուզեք և տրանսպորտ չփոխել: Երկու կայարանների միջև կարող է մի քանի հարյուր մետր լինել. չես համեմատի Բաքվի մետրոյի կայարանների միջև կիլոմետրերի հետ:

5. Հերթեր

Հերթերի հետ զգույշ եղեք. կարող եք դրանք չնկատել: Մարդիկ հերթում սպասում են միմյանցից պարզած ձեռքի հեռավորության վրա:

Նույնիսկ փոքր փաբում կարող է գարեջրի հերթ լինել՝ հարկ եղած տարածության պահպանմամբ

Դա Բաքու վերադառնալուց հետո իմ ավանդական երկամսյա դեպրեսիայի գլխավոր պատճառներից մեկն է: Ադրբեջանական հերթն այն է, երբ բոլորը հենվում են միմյանց:

Բոլոր նրանք, ովքեր սրա հետ համաձայն չեն, խորհուրդ եմ տալիս Կարմիր կամրջով անցնել [Ադրբեջանի և Վրաստանի միջև սահմանային մաքսակետ – խմբ.]:

6. Այգիներ ու, ընդհանրապես, կանաչ տարածքներ

Կանաչ տարածությունները հենց այն են, ինչ զարմացնում են բաքվեցուն ցանկացած քաղաքում: Լոնդոնում այգիները զբաղեցնում են քաղաքի մակերեսի 20 տոկոսը: Եվ ոչ մի օլիգարխ այդտեղ «էլիտար» բարձրահարկ շենքեր չի սարքում: Եվ ոչ ոք ճանապարհները չի մարմարապատում: Միայն խոտ, ծառ, սկյուռներ և գեր աղավնիներ:

7. Նրանք թաքցնում են սնունդը

Երբ խոսքը հասնում է ազգային խոհանոցին, բրիտանացիների ինքնաքննադատությունը գագաթնակետին է հասնում: «Մենք նման բան չունենք», – ահա թե ինչ են ասում նրանք: «Ֆիշ էնդ չիփս» և «քարիով ճուտ», կասեն նրանք:

Ճուտ, ձուկ ու կարտոֆիլ մենք Բաքվում էլ կուտենք: Իսկ Լոնդոնում շատ այլ հետաքրքիր բաներ կան. “pie”-ը ոչ թե մեր կարկանդակի նման բան է, այ խրթխրթան խմորից «տուփի» մեջ պատրաստված մի բան: Օրինակ, շոգեխաշած միս՝ սոուսով: Կամ աղացած մսով բանջարեղեն՝ տապակված պյուրեի շերտի տակ:

Փորձեք նաև սքոններ՝ կարագով ու սերուցքով, յորքշիրյան պուդինգ և «իթոնյան շիլափլավ»:

«Իթոնյան շիլափլավը» (Eton mess) պատահական եմ գտել Հիթրոուի օդանավակայանի սրճարանում: Եվ, հավատացեք, եթե ես մի օր իմ սեփական երկիրն ունենամ մի համակրելի կղզում, Eton mess-ը պատկերված կլինի և դրոշի, և գերբի, և ազգային արժույթի վրա: Կյանքում դրանից համեղ բան չեմ կերել:

Eton mess՝ բեզե, հատապտուղներ, սերուցք


Կարդալ ավելին JAMnews-ում