Սիրիացի հայրենադարձ Նատալյա Կոմբարի պատմությունը" />

Մուսուլման կինն Աբխազիայում

Սիրիացի հայրենադարձ Նատալյա Կոմբարի պատմությունը

Կյանքը Սիրիայում և Աբխազիայում

Անունս Նատալյա Կոմբար է, 23 տարեկան եմ, եկել եմ Սիրիայից: Կյանքն այնտեղ շատ լավ էր, քանի դեռ պատերազմ չէր սկսվել: Այստեղ ենք արդեն 3 տարի:

Ընկերներ եմ ձեռք բերել: Այստեղ շատ աբխազ աղջիկներ են մզկիթ գնում, և մենք շատ ենք շփվում: Սակայն քրիստոնյա ընկերներ էլ ունեմ:

Աբխազիա եկանք, քանի որ մայրս այստեղ է ծնվել: Նա ռուս է, սակայն պապը աբխազ է եղել՝ Գաբլիա ազգանունով: Իսկ հայրս արաբ է: Տատս միշտ այստեղ է ապրել Օչամչիրում:

Աբխազիայի երիտասարդությունը նման է Սիրիայի երիտասարդությանը՝ սոցցանցերում նստած են, այդտեղ էլ ծանոթանում են: Մեր՝ հայրենադարձներիս շրջանում WhatsApp-ն է տարածված, այն ունեն բոլորը և նորությունների ու բամբասանքի գլխավոր աղբյուրն է:

Բացի այդ, Աբխազիայում բոլորն են օգտվում Վկոնտակտեից և Ֆեյսբուքից:

Շատ եմ սիրում լողալ: Սիրիայում կանայք լողալու էին գնում կանանց համար նախատեսված լողավազաններ, որտեղ տղամարդկանց մուտքն արգելված էր: Աբխազիայում նման տեղեր չկան: Ես նախընտրում եմ գնալ այնպիսի լողափեր, որտեղ քիչ մարդ կա: Լողում ենք իհարկե շորերով:

Երբ ինձ հարցնում են՝ որտեղ է ավելի լավ ապրելը՝ Աբխազիայում, թե Սիրիայում, միշտ դժվարանում եմ պատասխանել: Սիրիայում կյանքն ավելի քաղաքակիրթ էր, քան Աբխազիայում, սակայն Աբխազիայի բնությունն աներևեկայելի է և ավելի լավն է, քան Սիրիայինը:
Հաճախ եմ գնում Օչամչիր: Այնտեղ շատ քիչ մարդ կա, գրեթե չկա, լողափերը դատարկ են, և ես սիրում եմ այնտեղ լողալ:

Ամուսնու մասին

Ընդունված է համարել, որ մուսուլման աղջիկները բացարձակապես իրավունքներ չունեն: Սակայն դա այդպես չէ: Կան ընտանիքներ, որտեղ նրանց ստիպում են ամուսնանալ, սակայն կան նաև աղջիկներ, ովքեր ինքնուրույն են այդ որոշումը կայացնում:

Կա միայն մեկ պայման. եթե աղջիկը մուսուլման է, նա պետք է ամուսնանա միայն մուսուլմանի հետ: Սակայն ես չեմ քննադատում նրանց, ովքեր ամուսնանում են ոչ մուսուլմանների հետ:

Ամուսինս մեր հարևանն էր, նա ազգությամբ արաբ է: Մենք հավանում էինք միմյանց, և նրա ծնողները մեր տուն եկան ձեռքս խնդրելու:

Նախքան նշանվելը մենք չէինք կարող ազատ զբոսնել իրար հետ, դա ամոթ է: Սակայն նշանվելուց հետո նա արդեն կարող էր գալ մեր տուն, մենք զբոսնում էինք և նույնիսկ միմյանց ձեռք բռնում:

Սովորել եմ համալսարանի բանասիրության ֆակուլտետում, ֆրանսերենի բաժնում: Ամուսինս հասցրեց այդ ֆակուլտետն ավարտել, սակայն անգլերենի բաժինը: Իսկ ես ընդամենը մեկ տարի սովորեցի, հետո պատերազմը սկսվեց:

Ես ընտանիքիս հետ տեղափոխվեցի Աբխազիա, իսկ ամուսնուս ընտանիքը փախավ Բելգիա: Այժմ նա չի կարող գալ ինձ մոտ այստեղ: Դա կարելի է անել միայն Ռուսաստանի տարածքով, սակայն ռուսական վիզա նրան չեն տալիս, քանի որ նա արաբ է:

Երբեմն ինձ թվում է, թե մենք չենք տեսնվել մի ամբողջ հավերժություն: Մենք կապը պահում ենք, փոքրիկ աղջիկ ունենք:

Հայրենադարձներին Աբխազիայում ընդհանրապես շատ լավ են վերաբերվում: Հայրենադարձության կոմիտեն նույնիսկ վարձով բնակարանի գումարն է տրամադրում:

Սակայն չգիտեմ, թե ինչ է լինելու, և արդյոք մենք կվերադառնանք Սիրիա, թե մեկ ուրիշ տեղ: Սիրիայում կորցրել ենք ամեն ինչ՝ տուն, բիզնես: Ամուսնուս ընտանիքը բավականին ունևոր էր, պահեստներ ունեին, սակայն այդ ամենն այլևս չկա:

Մեր ընտանիքում հիմա միայն ծնողներս են աշխատում, ես երեխայիս եմ պահում: Փոքր քույրս դպրոցն ավարտեց, սակայն նույնպես չի աշխատում: Ինչ է լինելու հետո, ոչ ոք չգիտի:

Իսլամի մասին

Աբխազիայում շատ են զբոսաշրջիկները, և նրանք հաճախ են բաց հագուստ կրում, սակայն ես դրան ըմբռնումով եմ մոտենում: Մուսուլմանական կրոնը չի կարող որևէ մեկին դատել, նրանց Ալլահն է դատելու: Նրանք, ովքեր իսլամի անվան տակ դատում են մյուսներին, իսկական մուսուլմաններ չեն:

Ես հավատացիալ մարդ են, սակայն ծայրահեղական չեմ: Ռամադանին եմ հետևում, օրը 5 անգամ նամազ եմ անում, դա ամենաբարդ բաները չեն: Սակայն ես հազվադեպ եմ մզկիթ գնում, հիմնականում տանն եմ աղոթում:

Հիջաբի մասին

Քրիստոնյա ընկերներս հաճախ են հարցնում, թե ինչու եմ հիջաբ կրում: Ես միշտ ասում եմ, որ սիրում եմ այն կրել:

Մեր կրոնն ասում է, որ պետք է գլուխը ծածկել, սակայն ստիպել հիջաբ կրել այն չի կարող, և հիմա շատ մուսուլման կանայք առանց գլխաշորի են դուրս գալիս տնից: Աբխազների շրջանում դա շատ է տարածված:

Աբխազիայում մարդիկ բոլորովին նորմալ են վերաբերվում մեր հիջաբ կրելուն, ոչ մի խնդիր չկա դրա հետ կապված: Ինձ նույնիսկ հաճախ ասում են, որ գլխաշորն ինձ սազում է:

Տանը չեմ կրում այն, բացառությամբ՝ եթե օտար մարդ կա տանը: Ինձ 10-15 րոպե է հարկավոր, որպեսզի գլխաշորս կապեմ և դիմահարդարում անեմ: Առանց գլխաշորի երբեք տնից դուրս չեմ գա:

Հիմա նորաձև է գլխաշորը կապել այնպես, ինչպես ես եմ արել: Սա թուրքական ոճ է համարվում: Նախկինում այլ կերպ էի կապում:

Աբխազիայում մուսուլմանների համար նախատեսված խանութներ չկան, այդ պատճառով էլ հագուստ ընտրելը դժվար է: Նորաձևությունն էլ է այստեղ տարբերվում Սիրիայի նորաձևությունից:

Ինչ է լինելու

Ես հաճույքով ողջ կյանքս Աբխազիայում կանցկացնեի, եթե ամուսինս կողքս լիներ ու աշխատանք ունենայի: Սակայն Աբխազիայում դժվար է աշխատանք գտնելը, իսկ ինպե՞ս ապրել առանց աշխատանքի, ընտանիք է պետք պահել:

Իմ պատմությունը պարզապես իմ պատմությունն է: Ես հազարավորների պես բարդ իրավիճակից ելք եմ փնտրում:

Շապիկի լուսանկարը՝ Գայանե Մկրտչյանի

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում