Չեչեն ազգականները փորձում են վերադարձնել երեխաներին, որոնց զինյալ ծնողները տարել են Սիրիա և Իրաք " />

Մոսուլից փրկվածները

Չեչեն ազգականները փորձում են վերադարձնել երեխաներին, որոնց զինյալ ծնողները տարել են Սիրիա և Իրաք

«Կավկազսկի ուզելի» նյութերի հիման վրա

Երեկ Գրոզնի է բերվել երկու երեխա՝ 8-ամյա աղջիկ և 9-ամյա տղա: Նրանք երկուսն էլ չեչեններ են, որոնց մոտ մեկ տարի առաջ տարել են Մերձավոր Արևելք ծնողները՝ հավանաբար «Իսլամական պետության» զինյալները կամ այդ ահաբեկչական կազմակերպության հետ կապված մարդիկ:

«Երեխաներն այրվածքներ են ստացել Մոսուլին հասցված հրթիռային հարվածների ժամանակ», – հայտարարել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում Չեչնիայի ղեկավարի ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Զիադ Սաբսաբին: Նա պատմել է նաև, որ երեխաների ծնողները զոհվել են:

«(Տղայի) ծնողները, եղբայրն ու երկու քույրերը զոհվել են: Նրան հայտնաբերած զինվորը մտածել է, թե երեխան ականապատված է, սակայն տղան կարողացել է ինքնաձիգով մարդուն համոզել, որ իր վրա պայթուցիկ չկա: Աղջկա ոտքերն ուժեղ այրված են: Հենց օդանավակայանում բժիշկները նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել: Նրա ծնողները, երկու եղբայրներն ու քույրը նույնպես տեղում զոհվել են», – Սաբսաբիի խոսքերն է մեջբերում Չեչնիայի ղեկավարի կայքը:

«Մեր քաղաքացիների և երեխաների մասին տվյալները փոխվում են ամեն օր, մենք ամեն օր նոր տեղեկատվություն ենք ստանում, ստուգում յուրաքանչյուր հաղորդագրությունը: Մենք իմացել ենք Մոսուլի հյուսիսում ճամբարի գոյության մասին, և դրանում, մեր տվյալներով, կարող է Ռուսաստանի և ԱՊՀ 70-120 քաղաքացի գտնվել: Դա և ադրբեջանցիներ են, և ուզբեկներ, և տաջիկներ», — հայտարարել է Սաբսաբին ՌԻԱ Նովոստիին:

Ազատագրված երեխաներին փոխանցել են հարազատներին, հաղորդվում է, որ Չեչնիայում երկուսն էլ ազգականներ ունեն և մոր, և հոր կողմից:

Երեխաներին խնդրում են վերադարձնել ազգականները

Հաճախ հենց ազգականներն են դառնում երեխաների՝ հայրենիք վերադառնալու նախաձեռնողները: Նրանք սկսել են իշխանություններին ավելի հաճախ դիմել այն բանից հետո, երբ Սիրիայից Չեչնիա է վերադարձվել առաջին երեխան, դա տեղի է ունեղել օգոստոսի 1-ին, – «Կավկազսկի ուզելին» ասել է տեղական ոչ կառավարական կազմակերպություններից մեկի աշխատակիցը, որը խնդրել է իր անունը չնշել:

Երեխաների ազգականները «սկսել են ակտիվորեն դիմել ոչ կառավարական և միջազգային կազմակերպություններին, Չեչնիայի ղեկավարությանն Իրաքից և Սիրիայից իրենց երեախներին և թոռներին վերադարձնելու օգնության ակնկալիքով, – պատմել է ոչ կառավարական կազմակերոպության ներկայացուցիչը: – Յուրաքանչյուր մայր ու տատ հույս ունի, որ իր երեխան կամ թոռը փրկվածների շարքում կլինի»:

Օգոստոսի կեսերին Գրոզնիում կանանց ակցիա է անցկացվել. նրանք երթով անցել են քաղաքի փողոցներով և խնդրել Չեչնիայի ղեկավարությանը և անձամբ Ռամզան Կադիրովին աջակցել Իրաքի և Սիրիայի տարածքից իրենց հարազատների վերադարձին: Այն ժամանակ ենթադրվում էր, որ Իրաքում է գտնվում 48 երեխա, որոնց ծնողները տարել էին Ռուսաստանից:

Սեպտեմբերի 1-ին Չեչնիա է ժամանել հատուկ չվերթ Իրաքից. 4 կին և 8 երեխա: Ազատագրվածներից մեկի՝ Իման Մուզաևայի ազգականը պատմել է, որ երիտասարդ կնոջ մայրն ակտիվորեն զբաղվել է դստեր ազատագրմամբ:

«Նա Գրոզնիում կանանց երթի մասնակիցներից մեկն է եղել, խնդրել է Չեչնիայի իշխանություններին օգնել աղջկա վերադարձին հայրենիք: Իմանը 2000-ականների սկզբին ապրել է Ղազախստանում: Երբ ամուսնու հետ Սիրիա է մեկնել, միայն մեկ տղա են ունեցել, մյուս երկու տղաները ծնվել են Սիրիայում և Իրաքում: Ավագը 4 տարեկան է, կրտսերն՝ ընդամենը  6 ամսական: Իմանի ամուսնուն սպանել են անցյալ տարի, և նա երեխաների հետ չի կարողացել Իրաքն ինքնուրույն լքել», — ասել է Մուզաևայի ազգականը «Կավկազսկի ուզելի» թղթակցին:

Մերձավոր Արևելքի մարտական գործողությունների գոտուց երեխաներին տարհանելու հարցն առաջացել է 2017թ-ի հուլիսին, հաղորդել է Forbes-ի լրգրող Օրհան Ջեմալը «Կավկազսկի ուզելի» թղթակցին:

«Երեխաներին Իրաքից դուրս բերելու խնդիրը շատ սուր է դարձել Մոսուլի գրոհից հետո: Այնտեղ շատ երեխաներ են զոհվել, իսկ կենդանի մնացածները սարսափելի իրավիճակում են հայտնվել. նրանց ծնողները զոհվել են, իսկ երեխաները հայտնվել են քաղաքականորեն թշնամական շրջապատում: Թե ինչ անել երեխաների հետ, բացարձակ անհասկանալի էր», — պատմել է Ջեմալը:

Մոսուլուլմ երեխաների և զինյալների կանանց հանդեպ դաժան վերաբերմունքի մասին անուղղակիորեն վկայում է Ռուսաստանում մարդու իրավունքների հարցերով լիազոր Տատյանա Մոսկալկովայի դիմումը ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնին և Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Քգլանդին, որում նա խնդրել է «աջակցել Մոսուլն ահաբեկիչներից ազատ արձակելու գործողության ընթացքում ռուս կանանց և երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքը քննադատելու վերաբերյալ դիրքորոշմանը»:

Ինչո՞ւ են երեխաներին պատերազմ տանում

Ծայրահեղական կազմակերպությունների կողմնակիցները Սիրիա և Իրաք են բերում իրենց ընտանիքները, քանի որ չեն պատրաստվում հայրենիք վերադառնալ, «Կավկազսկի ուզելին» պատմել է նախկին զինյալը, որին հաջողվել է Ռուսաստան վերադառնալ այն բանից հետո, երբ նա հիասթափվել է «Իսլամական պետության» գաղափարներից:

Բացի այդ, շատ երեխաներ ծնվել են արդեն պատերազմի ժամանակ. չեչեն իրավապաշտպանները հաստատում են, որ վերջին տարիներին Սիրիա են մեկնել տասնյակ երիտասարդ կանայք:

Հուլիսին Չեչնիայի ՆԳՆ չնշված աղբյուրը «Կավկազսկի ուզելին» հաղորդել է, որ Սիրիայում և Իրաքում կարող են գտնվել հարյուրավոր չեչեն երեխաներ և կանայք:

REUTERS/Alaa Al-Marjani

Կարդալ ավելին JAMnews-ում