Դատավճիռներից մեկը՝ երկու տարվա ազատազրկում նրա համար, որ ցուցարարը դիպչել է ոստիկանին" />

Մոսկվա․ ընդդիմադիրների ազատազրկումներ՝ թվիթերի և բողոքի ցույցերին մասնակցելու համար

Դատավճիռներից մեկը՝ երկու տարվա ազատազրկում նրա համար, որ ցուցարարը դիպչել է ոստիկանին

Ռուսական դատարանները սկսել են աննախադեպ դատավճիռներ կայացնել Մոսկվայում բողոքի ակցիաների մասնակիցներին։ Նրանց դատապարտվում են բանտարկության հետևյալ մեղադրանքներով․ մասնակցություն զանգվածային անկարգություններին, էքստրեմիստական կոչեր, դիմադրություն ոստիկանության աշխատակիցներին։

Ինչպես հաղորդում է ռուսական Մեդիազոնա պարբերականը, գործերը քննվում են ռեկորդային կարճ ժամկետներում՝ առավելագույնը երեք օրում։ Դեպքեր կան, երբ դատաքննությունն ընդհանրապես մեկ օր է տևել։ 

Մեկնաբանություն․ «Մի՛ կարդացեք մարդասպանների գրքերը»

Դատախազությունը բոլորի համար իրական բանտային ժամկետներ է պահանջում՝ մինչև հինգ տարի։

Այսօրվա դրությամբ երեք վճիռ է կայացվել։

Ակտիվիստ Իվան Պոդկոպաևի գործը

Ըստ քննության վարկածի՝ Իվան Պոդկոպաևը պղպեղի գազ է ցողել ուժայինների վրա Մոսկվայի կենտրոնում հուլիսի 27-ի ակցիայի ժամանակ, որն ավարտվել է զանգվածային ձերբակալություններով։

Պոդկոպաևն ընդունել է մեղքը։ Դատավորը նրան ընդհանուր ռեժիմի գաղութում երեք տարվա ազատազրկման է դատապարտել։

• Մեկնաբանություն․ Մոսկվայի ցույցերն աճում են․ աճելու են նաև բռնաճնշումները։ Սակայն հասարակությունը դրանց պատրաստ է

Ապացուցված է․ ռուս լրագրողներին մեկ տարի առաջ սպանել են նրանց հետաքննության համար, այլ ոչ թե կողոպուտի ժամանակ

Գործարար Դանիլ Բեգլեցի գործը

26-ամյա գործարար Դանիլ Բեգլեցը ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում հուլիսի 27-ի ակցիայի օրը։

Բեգլեցի խոսքով՝ ինքն այնտեղ պատահաբար է հայտնվել և չէր կարողանում լքել ակցիայի վայրը, քանի որ շրջափակման մեջ էր։

Քննության վարկածով՝ Բեգլեցը քաշել է ոստիկանի ձեռքից, որը ցուցարարներին էր ձերբակալում։

Մեղադրյալը խոստովանել է մեղքը։ Դատավճիռը՝ երկու տարվա գաղութ։

Բլոգեր Վլադիսլավ Սինիցայի գործը

Բլոգեր Վլադիսլավ Սինիցային հինգ տարվա բանտարկության են դատապարտել այն բանի համար, որ նա թվիթ է հրապարակել ոստիկանների երեխաների մասին։

Թվիթերում քննարկվում էր իրավապահ մարմինների որոշ աշխատակիցների անուններ տալու անհրաժեշտությունը՝ նրանց, ով մասնակցում է ցույցերի դաժան ցրմանը։ Սինիցան գրել էր․

«[Թող մարդիկ] նայեն քնքուշ և երջանիկ ընտանեկան լուսանկարներին, ուսումնասիրեն գեոլոկացիան, իսկ հետո կարգուկանոնի փայլուն պաշտպանի երեխան պարզապես մի օր դպրոցից տուն չի գալիս։ Երեխայի փոխարեն փոստով սկավառակ կգա սնաֆ-տեսանյութով»։

Սինիցային մեղավոր են ճանաչել էքստրեմիզմի համար՝ բռնություն կիրառելու սպառնալիքով։ Դատավորը վճռի հրապարակման ժամանակ հրահանգել է հօգուտ պետության բռնագրավել Սինիցայի «հանցանքի գործիքը»՝ նրա սպիտակ այֆոնը։

Կիրիլ Ժուկովի գործը

Կիրիլ Ժուկովը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման այն բանի համար, որ դիպչել է ոստիկանի սաղավարտին ցույցի ժամանակ։

Ըստ քննության վարկածի՝ նա դրանով ֆիզիկական ցավ է պատճառել ոստիկանին։

Ժուկովը չի ճանաչում իր մեղքն ու պնդում է, որ պարզապես ձեռքով է արել և ոչ դիտավորյալ դիպչել սաղավարտին։

«Մոսկովյան գործի» հեռանկարը

Ընդհանուր առմամբ Մոսկվայում հուլիսի 27-ի զանգվածային անկարգությունների գործով 15 մարդ է ներգրավված։

Ոմանք մեկուսարաններում են պահվում, մյուսները տնային կալանքի տակ են։ Հարյուրավոր մարդիկ հարցաքննության են ենթարկվում որպես վկաներ, սակայն ցանկացած պահի նրանք կարող են մեղադրյալ դառնալ։

Ռուսական ընդդիմության առաջնորդներն՝ Ալեքսեյ Նավալնու գլխավորությամբ, կոչ են արել անժամկետ բողոքի ակցիաներ անցկացնել այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել այս գործով բոլոր մեղադրյալները։ Ի դեպ, այն «մոսկովյան գործ» անվանումն է ստացել։

Նրանք նաև կոչ են արել Մոսկվայի քաղաքային դումայի (քաղաքային խորհրդարան) սեպտեմբերի 8-ին նախատեսվող  ընտրություններին քվեարկել միայն այն թեկնածուների օգտին, որոնք հանրային կերպով կդատապարտեն բռնաճնշումներն ու կպահանջեն քաղբանտարկյալներին ազատ արձակել։

Հենց Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին անկախ թեկնածուների մասնակցությունը թույլ չտալն է առիթ դարձել ռուսական մայրաքաղաքում աննախադեպ բողոքի ակցիաների համար։ Դրանք շարունակվում են հուլիսի 14-ից։ Եվ դրանց մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ։

Միայնակ ցույց Մոսկվայում՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։ Պաստառի վրա գրված է «Ազատություն Եգոր Ժուկովին»։ 2019թ-ի սեպտեմբերի 3։ REUTERS/Շամիլ Ժումատով


Կարդալ ավելին JAMnews-ում