Ձերբակալվել է ավելի քան 800 մարդ, տասնյակ մարդիկ դաժանաբար ծեծվել են։ Ակտիվիստների հանդեպ սկսում են քրեական հոդվածներ կիրառել, դա նրանց համար կարող է ութ տարվա բանտ նշանակել" />

Մոսկվա․ բազմահազարանոց ցույցերը շարունակվում էին՝ ի հեճուկս ոստիկանական դաժանության։ Լուսանկարներ և տեսանյութեր

Ձերբակալվել է ավելի քան 800 մարդ, տասնյակ մարդիկ դաժանաբար ծեծվել են։ Ակտիվիստների հանդեպ սկսում են քրեական հոդվածներ կիրառել, դա նրանց համար կարող է ութ տարվա բանտ նշանակել

Օգոստոսի 3-ին Մոսկվայում շարունակվեցին բողոքի ակցիաները՝ քաղաքային դումայի (քաղաքային խորհրդարան) ընտրություններին անկախ թեկնածուներին գրանցելու պահանջով։ Ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի ութին։

Կազմակերպիչների հաշվարկով՝ ակցիային մոտ 15 հազար մարդ էր եկել, նրանց թվում շատ էին անչափահասները։

Ոստիկանության տվյալներն այս անգամ մոտ էին ոչ պաշտոնականին հաղորդվում է, որ ակցիային մասնակցել է մոտ 10 հազար մարդ։

Կազմակերպիչներն ակցիայի անցկացման հայտ էին ներկայացրել, սակայն թույլտվություն չէին ստացել։ Այդ պատճառով էլ մասնակիցներին ցուցադրաբար դաժանաբար ձերբակալում էին և ծեծում։

Ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել 828 մարդ, նրանցից 19-ն այնտեղ գիշերել են, գրանցել է ՕՎԴինֆոն (ОВД-Инфо)։

Բերման ենթարկումը մոսկովյան ակցիայի ժամանակ։ REUTERS/Տատյանա Մակեևա

Ականատեսի պատմածը

Պատմում է փաստաբան Մարիա Էյսմոնտը «Русь сидящая» («Նստած Ռուսաստան») իրավապաշտպան կազմակերպությունից

«Երիտասարդ զույգին՝ տղայի ու աղջկա, դատարան էին բերել առավոտ շուտ, սակայն դատեցին վերջին հերթին։ Երկուսն էլ հոգնած էին, աղջիկը՝ մի փոքր վախեցած։ Երկուսին էլ ծեծել էին։ Նրանց հետ էր ոստիկանության աշխատակից Սաշան, որի սիրալրությունն ու բարյացակամությունն ուժեղ հակասում էր նրա գործընկեր ոստիկանի կոպտությանն ու լկտիությանը, որը դեպի դատարան էր ուղեկցում մյուս ձերբակալվածներին։

«Ես սխալ աշխատակից եմ, – ասաց ինձ Սաշան։ – Չգիտեմ, թե որքան կձգեմ»։

Նրանք սիրահարված էին միմյանց, և դա աչքի էր զարնում։ Երկուսն էլ միմյանց համար շատ էին անհանգստանում։

Նրանց երկուսին էլ ձերբակալել էին Պուշկինի հրապարակում, որտեղ, ամբոխով բաժանված, նրանք փորձում էին միմյանց գտնել ցանկապատի տարբեր կողմերում։ Համազգեստով մարդիկ բռնեցին աղջկան և սկեցին կոպտորեն հրել ցանկապատից դուրս, արդյունքում՝ հարվածեցին նրան այդ ցանկապատով։ Դա տեսավ երիտասարդն ու օգնության շտապեց։

Նրան ծեծում էր համազգեստով մի քանի մարդ, այնուհետև ձեռքերից ու ոտքերից բռնած տարան դեպի ոստիկանական ավտոբուս, աղջիկը վազեց նրա հետևից։

Դատարանում աղջիկը վերջինը ելույթ ունեցավ։ Երեկոյան իննին մոտ էր

«Ես քաղաքացի եմ, ոչ մի քրեական, հակաօրինական բան չեմ արել, որ ինձ այնպես ծեծեին, հրմշտեին, կարծես ինչ-որ կենդանու են ցանկապատից ետևում փակում։ Ես մենակ մնացի, վախենում էի, հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես ու ընկերս բաժանվեցինք, միգուցե դա մեր անուշադրությունից էր»։

Դատավորը բարձրաձայն ծիծաղում էր;

«Կարող եմ ձեզ միավորել, հա-հա», – ասում էր նա՝ նկատի ունենալով այն, որ հենց նոր երիտասարդ տղային քառօրյա կալանքի է դատապարտել, և աղջկան նույն պատիժը կարող է սահմանել։ Նրան, կարծես, դուր էր գալիս իր կատակը։

«Այնտեղ իրոք սարսափելի էր», – ասում է աղջիկը։

Նրան տուգանեցին 1000 ռուբլով [մոտ $15]։ Երիտասարդը երջանիկ էր, որ աղջիկն այլևս չի գիշերելու միջատներով լի խցում։

Ինչպե՞ս մոսկովյան ցույցերը մշտական դարձան

Բողոքի ակցիա Մոսկվայում։ Մասնակցի ձեռքում տիպիկ պաստառ է՝ «Ես իմ թեկնածուի իրավունքն ունեմ» գրառմամբ։ REUTERS/Մաքսիմ Շեմետով

Ցույցերի պատճառը մայրաքաղաքի խորհրդարանի ընտրություններին գործող իշխանություններից անկախ թեկնածուների գրանցման հրաժարումն է։

Օրենքի համաձայն՝ նրանք ի աջակցություն իրենց պետք է հավաքեին ընտրողների երեք տոկոսի ստորագրություններն այն ընտրատարածքում, որտեղ առաջադրել են նրանց թեկնածությունը։

Անկախ թեկնածուները դա արել են, սակայն ի աջակցություն նրանց ստորագրությունները կեղծ են հայտարարվել։ Անգամ այն դեպքերում, երբ ստորագրածներն անձամբ պատրաստ էին վկայել, որ սատարում են այդ թեկնածուներին։

Ի աջակցություն անկախ թեկնածուների առաջին ցույցը Մոսկվայում անցկացվեց հուլիսի 20-ին։ Այն ժամանակ իշխանություններն արտոնեցին հանրահավաքը, որին եկավ ավելի քան 20 հազար մարդ։

Մեկ շաբաթ անց՝ հուլիսի 27-ին, Մոսկվայի փողոցներ դուրս եկավ մոտ 15 հազար մարդ։ Նրանց ցույցն անհավանական դաժանությամբ ճնշվեց ավելի քան 1500 ձերբակալված, 77 վիրավոր, 8-15 օրվա վարչական կալանք։

Այդ ժամանակ էլ չգրանցված անկախ թեկնածուները մոսկվացիներին կոչ արեցին բողոքի ցույցի դուրս գալ օգստոսի 3-ին։

Ձերբակալություն Մոսկվայում 2019թ-ի օգոստոսի 3-ի բողոքի ակցիայի ժամանակ։ REUTERS/Տատյանա Մակեևա

Իշխանությունների արձագանքը

Ցույցի բոլոր առաջնորդները կալանքի տակ են։

Ոստիկանության կողմից բռնությունն ակնհայտորենն ավելացել է։ Բազում վկայություններ կան, որ ձերբակալվածներին միտումնավոր ծեծում էին, անգամ եթե նրանք չէին դիմադրում։ Ընդ որում, չէին խնայում ոչ կանանց, ոչ տարեցներին, ոչ անչափահասներին։

Ձերբակալվածների մոտ մի քանի ժամ շարունակ թույլ չէին տալիս փաստաբանները մտնեն։

Նաև եթե նախկինում ձերբակալվածներին վարչական հոդվածներ էին առաջադրվում (տուգանք կամ կալանք մինչև 15 օր), ապա այժմ դատարանները քրեական հոդվածներ են դիտարկում, այդ թվում «Զանգվածային անկարգությունների կազմակերպում», ինչը մինչև ութ տարվա ազատազրկում է նախատեսում։

«Նովայա գազետայի» թղթակիցը, վկայակոչելով ձերբակալվածների խոսքերը, պատմել է, որ նրանցից շատերից բռնի կերպով մատնահետք են վերցրել, իսկ մի քանիսին ոստիկանական բաժանմունքում սպառնացել են «մատները կտրել», եթե չդադարեն դիմադրել։

Ձերբակալվածներից նաև միանգամից խլել են հեռախոսներն, իսկ հետո շանտաժի ենթարկել, ստիպել նրանց մեսենջերների ծածկագրերն ասել։

Ձերբակալություն մոսկովյան բողոքի ակցիային։ REUTERS/Շամիլ Շումատով

Կանխատեսում

Այն ակտիվիստները, որոնք դեռ ազատության մեջ են, վստահաբար ասում են, որ իրենք կանգ չեն առնելու, որ ցույցերը մշտական են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ անկախ թեկնածուները գրանցված չեն։

Փորձագետներն ասում են, որ դաժան, արյունալի կոնֆլիկտի ռիսկ կա։


Կարդալ ավելին JAMnews-ում