Ռուսաստանի ԱԳՆ-ն ռուսաստանցիներին զգուշացնում է․ Ադրբեջանը կարող է նրանց մուտքը երկիր արգելել «ղարաբաղյան հակամարտության պատրվակով» " />

Մոսկվան Ադրբեջանին մեղադրում է Ռուսաստանի քաղաքացի էթնիկ հայերի հանդեպ խտրականության համար

Ռուսաստանի ԱԳՆ-ն ռուսաստանցիներին զգուշացնում է․ Ադրբեջանը կարող է նրանց մուտքը երկիր արգելել «ղարաբաղյան հակամարտության պատրվակով»

Ռուսաստանի արտգործնախարարությունը զգուշացում է հրապարակել, որում Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս Ադրբեջան այցելելիս զգույշ լինել․

«Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածության պատրվակով Ադրբեջանի սահմանային ծառայությունը շարունակում է մերժել այն անձանց մուտքը երկիր, որոնք, անկախ քաղաքացիությունից, հայ ազգին պատկանելու ուղղակի կամ անուղղակի հատկանիշներ ունեն։ Դա փաստարկվում է այդ անձանց անձնական անվտանգությունն ապահովելու անհնարինությամբ։

Ռուսական կողմի բազմաթիվ դիմումներն ադրբեջանական կողմին առ այն, որ Ադրբեջանի Հանրապետություն ժամանող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հանդեպ էթնիկական հատկանիշով խտրական գործողություններն անթույլատրելի են, անտեսվում են։

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ համառորեն հորդորում ենք Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջան այց պլանավորելիս մանրակրկիտ կերպով գնահատել հնարավոր ռիսկերը»։

Մեղրամիս՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում

Բաքվի պաշտոնական արձագանքը դեռ չկա։ Պոպուլյար ադրբեջանական 1news կայքը Ռուսաստանի ԱԳՆ զգուշացումն անվանել է «ոչ բարեկամական քայլ»։

Ոչ պաշտոնական արգելք

Ադրբեջանում ոչ մի օրենք չկա, որը որոշակի ազգության կամ քաղաքացիության անձանց արգելի մուտք գործել երկիր։ Այնուամենայնիվ, երբ հայկական ազգանունով մեկը փորձում է հատել սահմանը, գործին լծվում են պետական կառույցները, որոնք պատասխանատու են անվտանգության համար։ Հենց դրանք են որոշում, թե ում մուտքն արգելել։

Այնուամենայնիվ, Բաքվի պաշտոնատար անձինք հայտարարում են, որ երկիր մուտք գործելու կանոնները ոչ մի կապ չունեն քաղաքացիության և ազգության հետ։

Հայկական ծագման արտասահմանյան քաղաքացիներ Ադրբեջան իրոք գալիս են։ Սակայն դրա համար ցանկալի է նախապես դիմել իշխանություններին։

Նախադեպեր

Հաշվի առնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ չլուծված հակամարտություն կա, հայկական ազգանվամբ մարդիկ այնքան էլ շատ չեն մեկնում Ադրբեջան։

Նրանցից մեկը Ռուսաստանի քաղաքացի Կրիստինա Գևորկյանն է, որն, իր խոսքով, Բաքու էր մեկնում Ամանորը տոնելու 2019թ-ի հունվարին։ Կրիստինան օդանավակայանում 13 ժամ է անցկացրել և վերադարձել Ռուսաստան։ Այս միջադեպը մեծ աղմուկ էր առաջացրել, ընդհուպ մինչև այն, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դա Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում էր անվանել։

«Ադրբեջանը միշտ բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար, ընդ որում, այցելողների թվում են եղել նաև հայկական ծագում ունեցող ռուսաստանցիներ»,պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։

Փորձագետների կարծիքը

JAMnews-ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևը կարծում է, որ ոչ մի հակաիրավական բան չկա նրանում, որ ադրբեջանական սահմանապահ ծառայությունները հրաժարվեն առանձին քաղաքացիների մուտքի թույլտվություն տալ, որոնք նրանց մոտ կասկածներ են առաջացնում։ Սակայն դա պետք է պաշտոնապես ձևակերպվի։

«Իմ կարծիքով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռ 1990-ականներին պետք է հստակ փաստաթուղթ կազմեր, որտեղ կնշվեր, որ հայկական անուն-ազգանունով անձանց, անկախ քաղաքացիությունից, խորհուրդ է տրվում այցից առաջ նախապես դիմել համապատասխան ծառայություն և խնդրել անվտանգության միջոցներ ապահովել։

Չէ՞ որ նրանք ոչ միայն սահմանը պետք է հատեն, այլ նաև հյուրանոցներում տեղավորվեն, փող փոխեն, հաշիվներ փակեն։ Իսկ Ադրբեջանը հակամարտության տուժած կողմ է, այստեղ հարյուր հազարավոր փախստականներ կան՝ անկանխատեսելի արձագանքով, հնարավոր չէ բոլորին հետևել և հնարավոր չէ յուրաքանչյուր հայ զբոսաշրջիկի մեկ ոստիկան կցել։ Իսկ ցանկացած միջադեպ ուժեղ հարված կհասցնի պետության իմիջին։

Այդ պատճառով էլ սահմանին զգույշ դիրքորոշումը կարելի է հասկանալ, սակայն ես կցանկանայի, որ դա նախապես ձևակերպված լիներ կանոններում՝ ԱԳՆ կայքում։ Դրանից մեր հանդուրժողականությունը չի տուժի, այլ ընդհակառակը, կշահի»։ 


Կարդալ ավելին JAMnews-ում