Հինգ մերձկասպյան երկիր կստորագրի փաստաթուղթը հաջորդ տարի Ղազախստանում կայանալիք գագաթնաժողովին " />

Մոսկվայում համաձայնեցվել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի տեքստը

Հինգ մերձկասպյան երկիր կստորագրի փաստաթուղթը հաջորդ տարի Ղազախստանում կայանալիք գագաթնաժողովին

Քսան տարվա համառ վեճերից հետո հինգ մերձկասպյան երկիր մոտ է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին ամփոփիչ կոնվենցիայի ստորագրմանը:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մերձկասպյան երկրների արտգործնախարարների 7-րդ նիստն ամփոփող մամուլի ասուլիսին, որը կայացել է Մոսկվայում:

«Փաստացի, փաստաթղթի տեքստն արդեն պատրաստ է», – Լավրովին է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է, որ փաստաթուղթը պլանավորվում է ստորագրել 5-րդ կասպյան գագաթնաժողովին, որը կկայանա Ղազախստանում հաջորդ տարի:

«Մենք ավարտել ենք գրեթե 20-ամյա աշխատանքը Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի վրա: Այդ տեքստը կներկայացվի մեր պետությունների ղեկավարների ստորագրմանը, և մենք հույս ունենք, որ նրանք կհաստատեն այն», – հայտարարել է Լավրովը: 

Կասպից ծովն աշխարհի խոշորագույն ներքին ջրավազանն է: Խորհրդային Միության փլուզումից և մերձկասպյան երկրների քանակը 2-ից (ԽՍՀՄ, Իրան) մինչև 5 (Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Ղազախստան, Թուրքմենստան) ավելանալուց հետո Կասպից ծովի նոր իրավական կարգավիճակի մշակման անհրաժեշտություն է առաջացել: 20 տարի շարունակ բանակցություններ են ընթացել մերձկասպյան պետությունների միջև Կասպից ծովի կարգավիճակի շուրջ:

 

Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Ղազախստանը որպես նավթով և գազով հարուստ հատվածների տերեր պնդում էին, որ Կասպից ծովը մեջտեղի գծով կիսվի, Իրանն առաջարկում էր մեկ հինգերորդական մասերի բաժանել ծովը բոլոր մերձկասպյան պետությունների միջև: 2003թին Ադրբեջանը, Ռուսաստանն ու Ղազախստանը համաձայնեցրին իրենց դիրքորոշումները, սակայն ևս 14 տարի պահանջվեց բոլոր մերձկասպյան պետությունների միջև փոխհամաձայնության որոնման համար:


Կարդալ ավելին JAMnews-ում