Թեև եզդիները դեմ են տերունական աղոթքի պարտադրանքին դպրոցում, հրեաներին էլ չի հաջողվում պահպանել Շաբաթը " />

Հայաստանում ազգային փոքրամասնությունները հազվադեպ են խոսում իրենց խնդիրների մասին

Թեև եզդիները դեմ են տերունական աղոթքի պարտադրանքին դպրոցում, հրեաներին էլ չի հաջողվում պահպանել Շաբաթը

Շարֆադին. Բերնեբերան անցնող կրոնի մասին

Համլետ Սմոյանը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ազգությամբ եզդի, կրոնով՝ Շարֆադին ապրում է Երևանից ոչ հեռու գտնվող Արաքս գյուղում: Այստեղ բնակվող 450 ընտանիքներից 10-ը եզդիական են:

Ազգային պատկանելության մասին Համլետը երբեք չի մտածել: Եզդի է և վերջ. առաջադեմ, կրթված, ավանդապաշտ եզդի: Կրոնի մասին, սակայն, սկսել է մտածել պատանեկության տարիներին:

«Փոքր ժամանակ գիտեի, որ ունենք մեր կրոնը, սակայն դրա հետ կապված շատ հարցեր անպատասխան են եղել ինձ համար: Դպրոցում էի սովորում, երբ Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում ներդրվեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Սկզբում մեզ դասավանդում էր Էջմիածնից ուղարկված մասնագետ, հետո՝ դպրոցի պատմության ուսուցիչը: Դասաժամից առաջ պարտադիր աղոթք էր լինում: Այն ժամանակ կրոնիս մասին շատ բան չգիտեի: Կրոնի գիտակցումն էլ թույլ էր: Դասարանի մյուս երեխաների հետ ես էլ էի ոտքի կանգնում ու Տերունական աղոթք կարդում»,- պատմում է Համլետը:

Հայաստանում ապրում են 10 ազգային փոքրամասնություն: Եզդիական համայնքն ամենամեծն է. 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ Հայաստանում ապրում է 35․272 եզդի (ոչ պաշտոնական տվյալներով՝ 45-50 հազար):

Ազգային փոքրամասնությունները գրեթե երբեք չեն բարձրաձայնել իրենց նկատմամբ խտրականության մասին: Եզակի դեպքերից էր դպրոցներում աղոթքի պարտադրանքի մասին եզդիական համայնքի որոշ ներկայացուցիչների բողոքը:  Նրանք առաջարկում էին «Հայ եկեղեցու պատմություն» առարկան կամընտրական դարձնել, որպեսզի այլադավան, ոչ քրիստոնյա երեխաների իրավունքները չխախտվեն:

Այս հարցով նրանք դիմել են պատկան մարմիններին, նաև Արմեն Աշոտյանին, որն այդ ժամանակ ԿԳ նախարարն էր: Եվ նա պատասխանել էր. «Ովքեր խոսում են «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դեմ՝ արևմտյան գրանտակերներ են»: 

«Այս հարցով նաև կաթողիկոսին ենք դիմել՝ հանդիպման ընթացքում: Նա ասաց, որ աղոթքի պարտադրանք Էջմիածնի կողմից չկա, դա կրթական ծրագրի մաս չէ, նման ցուցում չի տրվում նաև ուսուցիչների վերապատրաստման ժամանակ: Սակայն հետո մեր ձեռքում հայտնվեցին մի քանի դասավանդման պլաններ, որտեղ հստակ գրված էր, որ դասաժամը պետք է սկսել Տերունական աղոթքով»,- ասում է Համլետը:

Ըստ նրա՝ եզդիների նկատմամբ պետական խտրականություն, իհարկե, չկա: Խտրականություն չկա, կրոնի պահպանության հարցում աջակցություն՝ ևս:

«Կրոնի պահպանման և տարածման հարցում եզդիները լրջագույն խնդիր ունեն: Մենք չունենք Շարֆադինի մասին որևէ գրավոր աղբյուր, որևէ գրականություն: Կրոնի մասին տեղեկությունները փոխանցվում ենք բանավոր խոսքի միջոցով միայն՝  եզդիների շեխ և փիր կաստաների ներկայացուցիչների կողմից:

Բնականաբար, բանավոր տարածման պարագայում կրոնը և դրա հետ կապված սկզբունքները բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվում, երբեմն՝ նաև խեղաթյուրվում: Այս պարագայում շատ եզդիների մոտ հարցեր են առաջանում իրենց կրոնի մասին, որոնք մնում են անպատասխան, կամ՝ պատասխան ստանում այլ կրոնների կամ ուսմունքների մեջ»,- ասում է Համլետը:

Եզդիների կրոնի`Շարֆադինի հիմքում ընկած է միաստվածության գաղափարը: Եզդիները պաշտում են միակ Աստծուն, որին Խոադե են անվանում: Բավական երկար ժամանակ նրանք գաղտնի են պահել, ոչինչ չեն պատմել իրենց կրոնի մասին այլադավաններին:

Պետական մակարդակով եզդիների պատմության և լեզվի պահպանման համար մի բան է արվել՝ համապատասխան դասագիրք է ստեղծվել, որը դասավանդվում է Հայաստանի 25 միջնակարգ դպրոցներում, որտեղ կա եզդի աշակերտների անհրաժեշտ քանակ և դասավանդող մասնագետ:

Եզդիերեն հիմնականում դասավանդում են մարզային դպրոցներում, Երևանում՝ միայն երկու դպրոցում, մինչդեռ մայրաքաղաքում բնակվող եզդիների թիվն անցնում է 7 հազարից: Դասագրքերի որակը ցածր է, դասավանդող մասնագետների թիվը՝ քիչ, նրանց ստացած աշխատավարձը՝ չնչին:

Ազգային կրոնի մասին փոքրաթիվ գրականություն Համլետը «Սինջար եզդիների ազգային միավորման» անդամ ընկերների հետ բերել է Իրաքից՝ եզդիների հոգևոր կենտրոնից: Թարգմանում են իրենց միջոցներով և ուժերով՝ եզդի երեխաների համար բացված կիրակնօրյա դպրոցի աշակերտների համար: Դպրոցը ևս գոյատևում է միավորման միջոցներով:  

«Խնդիրը միայն այն չէ, որ չկա պետական աջակցություն՝ կրոնական գրականության թարգմանության կամ հրատարակման մասով: Լրջագույն խնդիր է նաև այն, որ աշխարհի տարբեր երկրներում եզդիները խոսում են տարբեր լեզուներով, կրում են բացարձակապես տարբեր մշակութային ազդեցություններ:

Անգամ տարածաշրջանի կտրվածքով պատկերը շատ տարբեր է: Օրինակ, Վրաստանում կա եզդիական սրբավայր, որի հոգևոր առաջնորդը շատ լավ է իրականացնում իր առաքելությունը, և համայնքի մոտ կրոնի վերաբերյալ տեղեկացվածությունը բավականին բարձր է: Հայաստանում Ակնալիճ համայնքում ևս սրբավայր կա, որը սակայն հոգևոր և մշակութային առումով այդպես էլ կենտրոն չդարձավ եզդիների համար»,- ասում է Համլետը:

Կրոնի և ազգապահպանման հարցերով եզդիական համայնքում տարաձայնություններ կան: Ավագ սերնդի ներկայացուցիչները համարում են, որ ամեն բան լավ է, գերադասում են լռել ու ծածկել ամեն բացթողում: Համլետը հույս ունի, որ իր նմաններին կհաջողվի փոխել իրականությունը: Նա հավատում է, որ առաջադեմ և կրթված երիտասարդները կկարողանան ինտեգրվել հայ հասարակությանը՝ չկորցնելով ազգային և կրոնական ինքնագիտակցությունը.

«Եղբայրս այսօր ծառայում է Հայաստանի զինված ուժերում: Բանակում ևս ուտելուց առաջ ընդունված է աղոթել: Աղոթքի ժամանակ եղբայրս ևս ոտքի է կանգնում, թեև չի աղոթում և չի խաչակնքվում, որովհետև կիրթ մարդը պետք է հարգի ոչ միայն սեփական կրոնը կամ համոզմունքը, այլև՝ մյուսների»,- ասում է Համլետը:

Հուդայականություն. Աշխարհիկ համայնքի կրոնական խնդիրները

Հայաստանի հրեական համայնքը ընդամենը 127 անդամ ունի՝ պաշտոնական տվյալներով, ոչ պաշտոնական տվյալներով՝ շուրջ 1000:

Քիչ են, բայց, ինչպես վկայում է հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը, իրենց գնահատված են զգում Հայաստանում: Երևանում նույնիսկ Սինագոգ ունեն, որի այցելուները, սակայն, ավելի քիչ են:

 Հրեաները տոնում են Հանուկան՝ Լույսի և նվիրվածության տոնը

Ռիմա Վարժապետյանն ասում է, որ իրենք աշխարհիկ համայնքն են, խառնամուսնությունների թիվը հասնում է 100 %-ի, ինտեգրված են հայ հասարակությանը, այդ պատճառով էլ երբեք չեն բարձրաձայնել կրոնական խնդիրների մասին:

«Հայաստանում հակասեմականություն չկա: Ամեն ինչ անում ենք՝ մշակույթը, ազգային արժեքները պահելու համար, բայց կրոնի հետ կապված խնդիրներ, այնուամենայնիվ, կան: Հրեան նա է, ով պահպանում է Շաբաթը: Քանի՞ մարդ Հայաստանում կարող է իրեն դա թույլ տալ. Շաբաթ օրը մնալ տանը և ոչինչ չանել: Հայաստանում գերթե բոլոր հիմնարկներն աշխատում են շաբաթ օրերին, դրանցում աշխատող հրեաները՝ ևս:

Մեր զավակները ծառայում են բանակում: Մի՞թե նրանք կարող են ասել, որ չեն կատարի զինվորական հրահանգը կամ ծառայությունը շաբաթ օրերին: Բնականաբար՝ ոչ: Ուսումնական հաստատություններից շատերը ևս շաբաթ օրերին աշխատում են: Ի՞նչ անել, զրկել հրեա երեխային կրթությունի՞ց: Երբեմն մտածում եմ, որ Շաբաթ Հայաստանում պահպանում է միայն մեր Ռաբբին»,- ասում է տիկին Վարժապետյանը:

Նա խոստովանում է՝ երբեք այս հարցով չեն դիմել Հայաստանի իշխանություններին: Համոզված է՝ եթե դիմեին, գուցե հարցին լուծում տրվեր: Բայց փոքրաթիվ հրեական համայնքն աշխարհիկ է ու ըմբռնումով է մոտենում ստեղծված իրավիճակին:

Կրոնական խտրականության նոր դրսևորման Հայաստանում ապրող հրեաները կբախվեն արդեն այս տարի: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաստատված և արդեն այս տարվանից շրջանառության մեջ դրվող թղթադրամներից մեկի՝ 500-դրամանոցի վրա պատկերված է եկեղեցի և խաչ: Հրեաների համար այս թղթադրամը գործածելը մեղք է.

«Դա ազգային արժույթ է, դրամ, գործածական բոլորի համար: Գումարը հազարավոր մարդկանց ձեռքով է անցնում: Այն ամենակեղտոտ բանն է: Ես համարում եմ, որ թղթադրամի վրա խաչի պատկերումը նշանակում է անարգանք դրա նկատմամբ: Դու չգիտես, թե ով է իր ձեռքն առնելու խաչի այդ պատկերը, ազնի՞վ, թե անազնիվ մարդիկ, մաքո՞ւր, թե անմաքուր: Խաչը անցնելու է նաև այնպիսի մարդկանց ձեռքերով, ում կրոնն արգելում է ձեռք տալ, կրել խաչ: Հրեայի համար անընդունելի է ձեռքը վերցնել այս թղթադրամը»,- ասում է տիկին Վարժապետյանը:

 Հրեաների համար խաչը ոչ միայն օտար կրոնի գլխավոր սիմվոլներից է, որը որևէ կերպ կրելն արգելվում է, այլև՝ մահվան և տառապանքների սիմվոլ: Ավելի քան 1500 տարի հրեաներին մեղադրել են Քրիստոսին խաչելու մեջ և նաև դրանով արդարացրել հակասեմական քաղաքականությունը: Միայն 1965 թվականին Հռոմեական կաթոլիկ եկեղեցին հայտարարեց, որ Հիսուսի չարչարանքների ընթացքում տեղի ունեցած հանցագործության մեղքը չի կարող տարածվել անխտիր բոլոր հերաների և նրանց սերունդների վրա:

Նոր ազգային արժույթի մասին հրեական համայնքը, հավանական է, կրկին չի բարձրաձայնի: Մտածում են, պետք է պարզապես խուսափել որքան հնարավոր է 500 դրամանոց թղթադրամների գործածությունից: Տիկին Վարժապետյանը միայն սրտնեղում է, որ դրա ստեղծման ընթացքում հաշվի չեն առնվել հրեաների իրավունքները:  

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում