Չեչեն առաջնորդի հյուրընկալությունը լուրջ խնդիրներ կստեղծի եգիպտացի հարձակվողի անգլիական կարիերայի համար" />

Մոհամեդ Սալահի չեչենական արկածները: Սելֆի՝ Կադիրովի հետ, տոնական ճաշեր և այլն

Չեչեն առաջնորդի հյուրընկալությունը լուրջ խնդիրներ կստեղծի եգիպտացի հարձակվողի անգլիական կարիերայի համար

REUTERS/Darren Staples

Եգիպտոսի խորհրդարանը հետաքննում է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը երկրի հավաքականի նվաստացուցիչ պարտության պատճառները: Այս մասին հաղորդել է Ալ Արաբիա հեռուստաընկերությունը:

Հետաքննությունը վարում է Եգիպտոսի խորհրդարանի երիտասարդության և սպորտի հարցերի կոմիտեն: Եգիպտացի պատգամավորների մի շարք հարցերն ուղղված են Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին:

Եգիպտոսի հավաքականը մրցաշարից դուրս մնաց՝ պարտվելով խմբային մրցաշարի բոլոր երեք խաղերում և զբաղեցնելով վերջին տեղը: 

Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորներին հետաքրքրում է, թե ինչու է հավաքականը որոշել տեղակայվել Չեչնիայում և մարզվել Գրոզնիի մարզադաշտում այն դեպքում, երբ այն բոլոր մարզադաշտերը որոնցում եգիպտացիները պետք է խաղային, Չեչնիայից բավականին հեռու են գտնվում:

Պատգամավորները հետաքրքրվում են նաև, թե ինչ էր իրականում տեղի ունենում Չեչնիայում: Թե ինչու են եգիպտացի ֆուտբոլիստները ներգրավվել քաղաքականությունում: Ինչո՞ւ էր Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ներկա գտնվել Եգիպտոսի հավաքականի մարզումներին: Ինչո՞ւ է հավաքականի լավագույն ֆուտբոլիստը, անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն անսպասելիորեն ստացել Չեչնիայի պատվավոր քաղաքացու կոչում, ընդ որում՝ անմիջապես Կադիրովից: Ինչպե՞ս են Սալահն ու մյուս խաղացողները հայտնվել նախագահական պալատում կազմակերպած տոնական ճաշին:

«Դրանով հարվածի տակ է դրվել Սալահի կարիերան Անգլիայում, նրա հեղինակությունը», – եգիպտացի պատգամավորի խոսքերն է մեջբերում Ալ Արաբիան:

«Լիվերպուլի» 26-ամյա հարձակավող Մոհամեդ Սալահը, որն Անգլիայում ավարտված առաջնության լավագույն ռմբարկու է ճանաչվել, լեգենդար մարդ է հայրենիքում: Այդ պատճառով էլ սկանդալը, որում ներքաշվել է հարձակվողը զգայուն թեմա է Եգիպտոսում:

Եգիպտացի քաղաքական գործիչները կարծում են նաև, որ հավաքականի գլխավոր մարզիչ Էկտոր Կուպերը, հավաքականի առաջատարները պետք է պատասխան տան «թիմի նվաստացուցիչ ելույթի» և «խաղացողների տարօրինակ պահվածքի համար»:

Սալահը լքո՞ւմ է հավաքականը

Հունիսի 24-ին ամերիկյան CNN հեռուստաալիքը, վկայակոչելով Սալահի մոտ շրջապատին, տեղեկատվություն է տարածել այն մասին, որ ֆուտբոլիստը պատրաստ է լքել Եգիպտոսի հավաքականը, քանի որ զգում է, որ Գրոզնիում քաղաքական գործընթացների մեջ է ներքաշվել: Նույն տեղեկատվությունը Սալահի շրջապատի երկու տարբեր աղբյուրներից տարածել է Associated Press գործակալությունը:

Եգիպտոսի հավաքականից Սալահի հնարավոր հեռանալու մասին տեղեկատվությունը Բի-Բի-Սիի եգիպտական ծառայությունը ճշտել է ֆուտբոլիստի փաստաբանից: Փաստաբանը Բի-Բի-Սիին հայտարարել է, որ պատրաստ չէ մեկնաբանել իրավիճակը, սակայն չի էլ հերքել լուրերը:

Ինչպե՞ս է Սալահը հայտնվել Գրոզնիում

Ռուսաստանում աշխարհի առաջնությանը մասնակցած բոլոր հավաքականները կցված են հստակ մարզադաշտերի, որտեղ մարզվում են և պատրաստվում խաղերին: Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիան որպես իր հավաքականի բազա ընտրել էր Գրոզնիի «Ահմադ Արենան»: Դա իրոք տարօրինակ ընտրություն է, քանի որ աշխարհի առաջնության խաղերը Գրոզնիում չեն անցկացվում, և քաղաքը հազարավոր կիլոմետրերով հեռու է ռուսական այն քաղաքներից, որոնք ընդունում են խոշորագույն ֆուտբոլային խաղերը:

Միջազգային կազմակերպությունները միանգամից քննադատել են Եգիպտոսի ֆեդերացիայի որոշումը: Օրինակ, Human Rights Watch-ը հայտարարել է, որ Կադիրովն անպայման կփորձի օգտագործել եգիպտացի ֆուտբոլիստներին իր իմիջը բարելավելու համար: Եգիպտոսի հավաքականը, Գրոզնի ժամանելով, հիանալի նվեր մատուցեց Չեչնիայի ավտորիտար նախագահին:

Եվ Սալահի տարօրինակ արկածները Չեչնիայում սկսվեցին Գրոզնիի օդանավակայանում ինքնթիռի վայրէջք կատարելու պահից: Արդեն հաջոդ օրը միջազգային մամուլը լի էր Կադիրովի և Սալահի համատեղ լուսանկարներով:

Կադիրովն այցելում էր Եգիպտոսի հավաքականի մարզումներն «Ահմադ-Արենայում» և «Ինստագրամ» գցում այդ թիմի ֆուտբոլիստների հետ լուսանկարները: (Ի դեպ, «Ինստագրամը» չեչեն առաջնորդի սիրած սոցցանցն է):

New York Times –ը գրում է, որ այդպիսի ֆոտոսեսիաներից մեկից առաջ Սալահին, որը հանգստանում էր հյուրանոցի համարում երկար թռիչքից հետո և որոշել էր այդ օրը բաց թողնել մարզումն, արթնացրել են և Կադիրովի մեքենայով մարզադաշտ տարել, որպեսզի չեչեն առաջնորդը կարողանա լուսանկարվել նրա հետ

Հաջորդ անակնկալը Սալահին սպասվում էր հունիսի 15-ին՝ իր ծննդյան օրը: Ուրուգվայի հավաքականից պարտություն կրելով՝ Եգիպտոսի հավաքականը վերադարձել էր Գրոզնի, հյուրանոցի նախասրահում նրան դիմավորել է 100 կգ-անոց տորթը, որը զարդարված էր ոսկե մարզակոշիկով:

Ռուսական ՆՏՎ հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս աներևակայելի տորթն իբր չեչեն երկրպագուների նվերն է եղել:

Հունիսի 22-ին Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստներին տարան Գրոզնիի կենտրոնական մզկիթ, որտեղ նրանք Կադիրովի հետ միասին ուրբաթ օրվա նամազ կատարեցին, որից հետո Կադիրովն ամբողջ հավաքականին հրավիրեց նախագահական պալատ՝ տոնական ճաշի: Իսկ երեկոյան Կադիրովը Սալահին Չեչնիայի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց: Associated Press-ի աղբյուրենրը պնդում են, որ հենց այդ ժամանակ է Սալահի համբերության բաժակը լցվել: Ֆուտբոլիստը դժգոհություն է հայտնել, որ իրեն ներքաշում են քաղաքականության մեջ և օգտագործում իրենց քաղաքական նպատակներով:

Կարիերան Անգլիայում

Սալահը դեռ չի մեկնաբանել հավաքականը լքելու լուրերը: Այդպիսի որոշումն ուժեղ հարված կհասցներ եգիպտացի երկրպագուների զգացմունքներին: Մյուս կողմից, Սալահը ստիպված կլինի պատասխանել բրիտանացի երկրպագուների հարցերին Գրոզնիում իր արկածների վերաբերյալ: Կադիրովի իմիջն, այլախոհության հանդեպ նրա անհանդուրժողականությունը, գաղափարային հակառակորդների դեմ պայքարի մեթոդները կարող են բացասական ազդեցություն ունենալ Սալահի անգլիական կարիերայի վրա: Բրիտանական մամուլն արդեն պատրաստ է քննադատել եգիպտացի ֆուտբոլիստին:


Կարդալ ավելին JAMnews-ում