Ռուսական պրոպագանդիստական հաղորդումները պլանավորվում է «սեփական» հաղորդումներով ծածկել: Փորձագետները կարծում են, որ դա լավագույն ելքը չէ" />

Մոլդովան ռուսական պրոպագանդայի դեմ քայլեր է ձեռնարկում

Ռուսական պրոպագանդիստական հաղորդումները պլանավորվում է «սեփական» հաղորդումներով ծածկել: Փորձագետները կարծում են, որ դա լավագույն ելքը չէ

Հեռուստադիտողին պրոպագանդայից պաշտպանելու համար Մոլդովան փորձում է ֆիլտրել հեռուստահաղորդումները: Թե ինչպես է դա աշխատելու և որն է թակարդը, փորձել է պարզել Մոլդովայում JAMnews-ի գործընկեր Ziarul de Garda թերթը:

 Ըստ Ziarul de Garda-ի նյութերի

Մոլդովայում ուժի մեջ են մտել Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսգրքում արված փոփոխությունները. փետրվարի 12-ից հեռուստաեթերից պետք է անհետանան ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող նորությունների թողարկումները, տեղեկատվական-վերլուծական ծրագրերն ու հաղորդումները, որոնք նվիրված են ռազմական թեմային: Նման կոնտենտի հեռարձակման համար հեռուստահեռարձակողին կարող են 40 հազար լեյով (մոտ 2 հազար եվրո) տուգանել կամ լիցենզիայից զրկել:

Նման սահմանափակումներ գործում են տարբեր երկրներում. մոլդովական նորարարությունն այն է, որ ռուսական հեռուստատեսության հիմնական կոնտենտը չի պլանավորվում արգելափակել, ժամանցային ծրագրերը սովորականի պես հեռարձակելու  են: Հեռուստադիտողից «կթաքցնեն» միայն այն հաղորդումները, որոնք Հեռուստատեսության և ռադիոյի համակարգող խորհուրդը ռուսական պրոպագանդա կհամարի: Այդ հաղորդումները կփոխարինվեն Մոլդովայի պետական հեռուստատեսության սեփական կոնտենտով:

Նորարության քննադատները մատնանշում են, որ, ըստ էության, մի պրոպագանդիստական նյութը փոխարինվում է մյուսով, պարզապես ռուսական պրոպագանդայի փոխարեն հեռուստադիտողին կառաջարկվի ի շահ իշխանությունների ստեղծված տեղականը:

«Ներքին պրոպագանդան իրենից ավելի մեծ վտանգ է ներկայացնում (քան արտաքինը), – կարծում է Անկախ մամուլի ասոցիացիայի տնօրեն Պյոտր Մակովեյը, – այն կօգնի քաղաքական գործիչներին, որոնք առանց այդ էլ վերահսկում են լրատվամիջոցների մեծ մասը, մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքն ու ազդել ընտրողների ձայների վրա»:

Օրենսգրքում արված փոփոխությունները մշակված են Մոլդովայի իշխող Դեմոկրատական կուսակցության պատգամավորների կողմից, նրանք էլ հենց ամենաշատն են շահագրգռված դրանք կիրառելու գործում՝ պնդելով, թե «հակապրոպագանդիստական օրենքը» լիովին համապատասխանում է եվրոպական կառույցների հորդորներին:

Դրա հետ համաձայն չեն տեղական մեդիափորձագետները. ոմանք կարծում են, որ ընդունված փոփոխությունները ոչ ժողովրդավարական են:

Անկախ մամուլի ասոցիացիայի տնօրեն Պյոտր Մակովեյը կարծում է, որ պրոպագանդայի դեմ պայքարի ամենաժողովրդավարական միջոցը ձեռնարկել են Բալթյան երկրները. այնտեղ ուղղակի արգելքներ չկան, սակայն ակտիվորեն աշխատում է կարգավորող մարմինը (Մոլդովայի Հեռուստատեսության և ռադիոյի համակարգող խորհրդի անալոգը). այն մշտապես հետևում է նրան, թե ինչ է հայտնվում հեռուստաեթերում,  և հարկ եղած դեպքում դատարան է դիմում: Հեռարձակման դադարեցում կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե կա դատարանի համապատասխան որոշում:

Ճիշտ է, կարծում է Մակովեյը, երբեմն արդարացված են պրոպագանդայի դեմ պայքարի նաև կոշտ միջոցներն, օրինակ, ինչպես Ուկրաինայում. այնտեղ ամբողջությամբ արգելված է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը:

«Ուկրաինան պատերազմական իրավիճակում է, Ռուսաստանը նրա հանդեպ ագրեսոր է, այս դեպքում, իմ կարծիքով, այդ արգելքների ընդունումն արդարացված է», – ասել է Պյոտր Մակովեյը:

Մյուս անկախ մեդիափորձագետների հետ միասին Մակովեյը մասնակցել է մոլդովական լրատվամիջոցների մոնիթորինգին: Նախորդ տարվա մայիսին այդ հետազոտության արդյունքում մասնագետների պատրաստած հաշվետվության համաձայն՝ Մոլդովայում հեռարձակվող հինգ ռուսական հեռուստաալիք («Առաջին ալիք», ՌՏՌ, ՆՏՎ, ՌԵՆ Թի-Վի, ՍՏՍ) տրամադրել է «միակողմանի, մանիպուլյատիվ և պրոպագանդիստական տեղեկատվություն» և կիրառել է այնպիսի տեխնիկա, ինչպիսին է փաստերի ընտրական ներկայացումը, աղբյուրի հաղորդագրությունների մեկնաբանումը, պիտակավորումը, կարծիքի պարտադրումը և այլն:

Օրենսդրության փոփոխության մասին օրենքը Կրեմլն անվանել է «հերթական հակառուսական քայլ», իսկ ՌԴ Պետդումայի պատգամավորները բանաձև են ստորագրել, որը կոչ է անում ՄԱԿ-ին, Եվրախորհրդին և ԵԱՀԿ-ին օրենսդրության փոփոխությունը գնահատել որպես Մարդու իրավունքների հռչակագրի և կոնվենցիաների աղաղակող խախտում:

Ի պատասխան մի խումբ մոլդովացի պատգամավորներ՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներ, խորհրդարանում հռչակագրի նախագիծ են գրանցել, որը քննադատում է Ռուսաստանի Դաշնության հարձակումները Մոլդովայի Հանրապետության ազգային տեղեկատվական անվտանգության վրա և վիրավորական միջամտությունը հանրապետության քաղաքական գործունեությանը:


Կարդալ ավելին JAMnews-ում