Աշխատանք գտնելու նպատակով հայրենիքը լքածների պատմությունները՝ JAMnews-ի գործընկեր Ziarul de Gardă-ից" />

Մոլդովայի բնակիչներից շատերը լքում են երկիրն՝ ապրուստի միջոց վաստակելու. երեխաներն էլ հետևում են ծնողներին

Աշխատանք գտնելու նպատակով հայրենիքը լքածների պատմությունները՝ JAMnews-ի գործընկեր Ziarul de Gardă-ից

Քիշնև, Մոլդովա, 2016թ-ի նոյեմբերREUTERS/GlebGaranich

Հրապարակման օրիգինալը՝ ZDG կայքում

Վերջին 20 տարվա ընթացքում Մոլդովայի երեքուկես միլիոն բնակչության ավելի քան 800 հազար քաղաքացի, ըստ պաշտոնական վիճակագրության, մեկնել է արտասահման աշխատելու: Ըստ Magenta Consulting հետազոտող կազմակերպության տվյալների՝ ամեն օր երկիրն ընդմիշտ լքում է 106 մարդ: Իսկ «Հասարակական կարծիքի բարոմետր» հետազոտության համաձայն՝ Մոլդովայի՝ տանը մնացած քաղաքացիների 56 տոկոսը հաճույքով նրանց կմիանար, եթե այդպիսի հնարավորություն ունենար:

Էմիլիան և Ալինան

Մոլդովայից սկսել են մեկնել 90-ականներին: Մեկնում էին հիմնականում կանայք: Իսկ Էմիլիա Դելեուն առաջիններից մեկն էր: «Դադարեցին աշխատավարձերը վճարել, դպրոցներում և մանկապարտեզներում դադարեցին երեխաներին կերակրել», – ասում է Էմիլիան՝ հիշելով, թե ինչպիսին էր կյանքը Մոլդովայում այն պահին, երբ նա հասկացավ, որ պետք է մեկնել:

Հայրենիքում Էմիլիան ամուսնու հետ աշխատում էր Մոլդովայի հյուսիսում գտնվող Կուպչին քաղաքի պահածոների գործարանում: Սկզբում աշխատավարձերը կրճատել են և սկսել ուշացնել, իսկ 1993թ-ին ֆաբրիկան ընդհանրապես փակվել է:

Էմիլիան և նրա ամուսին Մարչելը պատրաստվել են Մոսկվա մեկնել՝ շինարարությունում աշխատելու: Աղջիկներին՝ Ալինային ու Ագնեսային, թողել են տատի ու պապի հետ: Մտածել են, որ ժամանակավոր է, սակայն 21 տարի է անցել:

«Սկզբում մենք պարզապես աշխատում եինք, ավելի ուշ սկսեցինք գումար կուտակել: Հավաքում էինք տան վերանորոգման, այնուհետև՝ երեխաների ուսման վարձի համար: 2008թ-ին կրտսեր դուստրս՝ Ալինան, Քիշնևում քոլեջ ընդունվեց, սկսեց ինտերիերի դիզայն սովորել», – հիշում է Էմիլիան:

 2017թ-ին Ալինան ամուսու և որդու հետ հրաժարվեց մոլդովական քաղաքացիությունից ռուսականը ստանալու համար:

Մի քանի տարի անց՝ 2011թ-ին, Մոսկվա եկավ արդեն Ալինան: Այդ ժամանակ նա արդեն հասցրել էր ամուսնանալ և ցանկանում էր հետագա ուսման համար գումար հավաքել:

Հայրենիքում Ալինան հասցրել էր ավարտել քոլեջն ու ինստիտուտը, սակայն նրա դիպլոմները չեն ճանաչվում Ռուսաստանում: Նա առևտրի կենտրոնում որպես վաճառող է աշխատում, և ստանում ամսական 500 եվրո աշխատավարձ: Մոսկվայի համար դա պաշտոնական միջին աշխատավարձից ցածր է, սակայն Մոլդովայում դա պատգամավորի կամ նախարարի աշխատավարձ է: «Պետք է զարգանալ, – ասում է Ալինան, – ուզում ենք Եվրոպա մեկնել, միգուցե պայմաններն այնտեղ ավելի լավ լինեն»:

Անցյալ տարի Ալինան և նրա ընտանիքը նույնպես հրաժարվեցին մոլդովական քաղաքացիությունից՝ հօգուտ ռուսականի: Այժմ Էմիլիան ու Մարչելը ռուսական անձնագրերի են սպասում։ Մոլդովա նրանք վերադառնում են միայն տոներին:

Եկատերինան ու Սվետլանան

Եկատերինա Յանուլովան 20 տարի աշխատել է խոզաբուծարանում հայրենի Գագաուզիայի՝ Մոլդովայի հարավում գտնվող ինքնավարության գյուղերից մեկում: Երբ խոզաբուծարանը փակվեց, Եկատերինայի համագյուղացիներից շատերն արդեն Թուրքիա էին մեկնել: Թուրքիան տեղի բնակչությանը՝ գագաուզներին, էթնիկապես մոտ է: Եկատերինան ամուսնու՝ Դմիտրիի հետ նույնպես որոշեց լքել հայրենիքը՝ երազելով, թե ինչպես են վաստակած գումարով, վերջապես, վերանորոգելու տունը:

«Մենք աշխատանքի տեղավորվեցինք ընտանիքներից մեկում. ամուսինս լողավազանն էր մաքրում և բույսերը խնամում, իսկ ես սնունդ էի պատրաստում»: Հենց ստացվել է մի փոքր գումար կուտակել, ուղարկել են հարազատներին և տանը ջրատար են անցկացրել, վերանորոգել բաղնիքը, թարմացրել կահույքը:

 Եկատերինա և Դմիտրի Յանուլովները մի քանի տարի աշխատել են Թուրքիայում: Այժմ նրանք վերադարձել են, իսկ իրենց տեղը զբաղեցրել է դուստրը:

Որոշ ժամանակ անց Թուրքիա են եկել նրանց երկու որդիներն իրենց կանանց հետ: «Մենք բոլորս միասին էինք աշխատում: Հետո որոշեցինք Մոսկվա մեկնել», – պատմում է Յանուլովների զույգը:

Հետո Դմիտրին հիվանդացել է և ստիպված է եղել Մոլդովայում մնալ: Եկատերինան հետ է եկել ամուսնուն խնամելու: Աշխատանքը չկորցնելու համար, որը կերակրում է ողջ ընտանիքը, դուստրը՝ Սվետլանան, որոշել է Թուրքիայում փոխարինել մորը: «Բավական է դու աշխատես, այժմ իմ հերթն է, – ասել է 33-ամյա Սվետլանան մորը, – ավելի լավ է, աղջիկներիս համար հոգ տար»:

Եկատերինան, Վալերիան և Վիրջինիան

Եկատերինա Գուրգիշը 55 տարեկան է: Էմիգրացիայից առաջ նա Սադովո գյուղում դպրոցի տնօրեն էր, որը Քիշնևից 40 կմ հեռավորության վրա է գտնվում:

Նա հայրենիքից մեկնել է 2011թ-ին: Այդ ժամանակ իր համագյուղացիներից շատերն արդեն աշխատանք գտնելու համար Իտալիա էին մեկնել: Մեկնում էին նաև Եկատերինայի դպրոցի ուսուցիչները, սակայն նա մեկնելու գաղափարին միանգամից չի եկել. կասկածել է, թե ինչպես կարող է լքել դպրոցի տնօրենի կաբինետը՝ սպասարկող անձնակազմ դառնալու համար:

Եկատերինան ցույց է տալիս իր աղջիկների լուսանկարները, որոնք այժմ Իտալիայում են աշխատում:

«Սկզբում ես 60 օրով իմ հաշվին արձակուրդ վերցրի: Իսկ այնտեղ հայրենակիցներս ինձ առաջարկեցին մնալ և հոգ տանել տարեցների համար: Աղջիկս ասում էր. «Ի՞նչ դպրոց: Մնա՛ Իտալիայում»: Ես էլ մնացի», – հիշում է Եկատերինան:

Ավագ դուստրը՝ Վալերիան, որոշել է Իտալիա մեկնել մորից մի քանի տարի առաջ: Նա ամուսնու և որդու հետ ապրում է Միլանի ծայրամասում և աշխատում ընտանիքներից մեկում՝ «սնունդ է պատրաստում և տունը հավաքում»:

Եկատերինայի կրտսեր դուստրը՝ Վիրջինիան, ցանկացել է տանը մնալ և աշխատել՝ ըստ մասնագիտության (նա մոր ու ավագ քրոջ պես ուսուցչուհի է): Սակայն շուտով հասկացել է, որ աշխատավարձով չես ապրի: Արդյունքում Վիրիջինիան իր ընտանիքով նույնպես Իտալիա է մեկնել:

«Իտալիայում քրտնաջան աշխատում ես, բայց փոխարենն արժանապատիվ աշխատավարձ ես ստանում, կարելի է երեխաների համար պայմաններ ստեղծել: Թոռներս նորմալ դպրոց են հաճախում, տարբեր խմբակների մասնակցում: Մոլդովայում ամեն ինչ այլ է»,այսպես է Եկատերինան բացատրում, թե ինչու է նրա ընտանիքն արտասահմանում մնացել այսքան տարի:

Յուրաքանչյուր ամառ Եկատերինան Պադովայում ավտոբուս է նստում և մեկնում Սադովո՝ տուն: Հայրենիքը նա կարոտում է և ասում, որ, հնարավոր է, ընդմիշտ վերադառնա, երբ թոշակառու դառնա:


Կարդալ ավելին JAMnews-ում