Մանրամասն վերլուծություն. ինչով է զբաղվելու կենտրոնն ու ինչու են վրդովված դրա հակառակորդները քաղաքական շրջանակներում և հասարակությունում" />

Մի քանի ամիս սկանդալային քննարկումներից հետո Աբխազիայում հանցավորության դեմ պայքարի՝ Ռուսաստանի հետ համատեղ կենտրոն է ստեղծվել

Մանրամասն վերլուծություն. ինչով է զբաղվելու կենտրոնն ու ինչու են վրդովված դրա հակառակորդները քաղաքական շրջանակներում և հասարակությունում

Հասարակությունում մի քանի ամսվա նյարդային քննարկումներից և ընդդիմության ու կառավարության միջև վեճերից հետո Աբխազիան այնուամենայնիվ վավերացրեց Հանցավորությանը հակազդելու Ռուսաստանի հետ համատեղ տեղեկատվական-համակարգման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը:

Խորհրդարանի նիստին ներկա էին բոլոր պատգամավորները: Կենտրոնի ստեղծման օգտին է քվեարկել 23 պատգամավոր, դեմ՝ 9, ձեռնպահ է մնացել երկուսը:

Համաձայնագիրը վավերացվել է դրա սկզբնական տեսքով, ընդդիմության բողոքներն ու պահանջները հաշվի չեն առնվել:

Դեռևս պարզ չէ, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Ավելի վաղ «Ամցախարայի» նախագահ Ալխաս Կվիցինիան ասում էր, որ եթե անգամ համաձայնագիրը վավերացվի այն տեսքով, որը ձեռնտու չէ ընդդիմության ներկայացուցիչներին, բողոքի փողոցային ակցիաների անցկացում չի պլանավորվում: Այդպիսին էր նաև համաձայնագրի մեկ այլ քննադատի՝ խորհրդարանի պատգամավոր և «Քյարազաա» հանրապետական հասարակական կազմակերպության նախագահ Դմիտրի Դբարայի դիրքորոշումը, որը լրագրողներին վստահեցնում էր. «Ամեն ինչ անցկացվելու է օրինական ճանապարհով: Ոչ մի հանրահավաք մեր կազմակերպությունը չի պլանավորում անցկացնել»:

JAMnews-ը ներկայացնում է հիմնական տեղեկատվությունը. ինչու է ստեղծվել ռուս-աբխազական Տեղեկատվական-համակարգման կենտրոնն ու ինչու են վրդովված դրա հակառակորդները քաղաքական շրջանակներում և հասարակությունում:

Ռուս-աբխազական Տեղեկատվական-համակարգման կենտրոնի խնդիրներն ու աշխատանքի ձևը

Աբխազիայի տարածքում նման կենտրոնի ստեղծումն ամրագրված է Ռուսաստանի և Աբխազիայի միջև դաշնակցության և ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի 10-րդ հոդվածում

Դրա հիմնական խնդիրը Ռուսաստանի և Աբխազիայի իրավապահ մարմինների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակման կազմակերպումն է, կազմակերպված հանցավոր խմբերի մասին տվյալների բանկի հիմնում, քրեական հետապնդումից թաքնվող անձանց հետախուզմանը նպաստում կամ հանձնում:

Ի՞նչ առարկություններ ունեն մի խումբ պատգամավորեր

Հանցավորությանը հակազդելու ռուս-աբխազական համատեղ կենտրոնի ստեղծումն ի սկզբանե մեծ զգուշությամբ ընկալվեց Աբխազիայում, և ներկայիս վավերացումը կարող է խնդիր դառնալ:

Երբ մոտ մեկ ամիս առաջ համաձայնագիրը խորհրդարանին էր ներկայացվել, 35 պատգամավորներից 15-ը դիմել էին Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբային և ներքին գործերի նախարար Ասլան Կոբախիային այն ստորագրելը հետաձգելու, նախագծի առանձին հոդվածների վերաբերյալ նկատողությունների և առաջարկների մի ամբողջ ցուցակ դիտարկելու առաջարկով:

Հատկանշական է, որ ստորագրածների թվում էին ինչպես ընդդիմության, այնպես է գործող իշխանությանը հավատարիմ պատգամավորներ:

Աբխազիայի ներքին գործերի նախկին նախարար, պատգամավոր Ռաուլ Լոլուան այն ժամանակ JAMnews-ին ասել էր, որ «փաստաթուղթը ոչ ոճային, ոչ տեխնիկական մասով պատրաստ չէ»:

Հարցման տեքստը ներառվել էր համաձայնագրի տեքստի խմբագրման առաջարկների հստակ ցանկում, որը տեղ-տեղ բավականին արմատական էր: Առաջարկվում էր նաև համաձայնագրին մի քանի կետ ավելացնել, մասնավորապես գրանցել, որ Աբխազիայի խորհրդարանն իրավունք ունի ունենալ հանրապետության տարածքում կենտրոնի գործունեության մասին ցանկացած տեղեկատվություն, և կենտրոնը պարտավոր է ամեն տարի խորհրդարանին իր գործունեության հաշվետվությունը ներկայացնել:

Պատգամավորներին զուգահեռ համաձայնագրի վերաբերյալ խիստ քննադատություն արտահայտեց մի քանի քաղաքական կուսակցություն և հասարակական կազմակերպություն: Դիտարկենք հիմնական փաստարկները:

Ի՞նչ առարկություններ ունի «Ամցախարա» ընդդիմադիր կուսակցությունը

«Ամցախարա» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ «Համաձայնագրում շատ են իրարամերժ, անգամ ազգային օրենսդրությանն ու ողջախոհությանը հակասող դրույթները»:

«Ամցախարայի» մեկնաբանությունները համաձայնագրի տեքստի վերաբերյալ մի քանի էջ են կազմել: Մասնավորապես, հետևյալ փաստարկներն են բերվել:

1.

Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետը կենտրոնին արգելում է առևտրային գործունեության մասնակցել: Սակայն նույն  հոդվածի արդեն 2-րդ կետը թույլ է տալիս նրան քաղաքացիական-իրավական պայմանագրեր կնքել, բացել և վարել բանկային հաշիվներ, գույք գնել և տնօրինել այն, հայցով դիմել դատարան, մասնակցել դատական գործընթացներին:

Ընդ որում, չի հստակեցվում ենթադրվող քաղաքացիական-իրավական պայմանագրերի բնույթը, բանկային հաշիվների և բանկային գործարքների անցկացման նպատակները, թե ինչ գույք այն կարող է ձեռք բերել, դատարան դիմելու առարկան և դատական գործընթացներին մասնակցելու անհրաժեշտությունը:

2.

Համաձայնագրի 8-րդ հոդվածը պաշտոնատար անձանց, կենտրոնի աշխատակիցներին և նրանց ընտանիքներին դիվանագիտական իմունիտետ է ապահովում: Դրանում ոչ մի անհրաժեշտություն չենք տեսնում, քանի որ ներքին գործերի մարմինների՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարող աշխատակիցները պաշտպանված են իմունիտետով, գործող ազգային օրենսդրությամբ: Անհասկանալի է, թե ինչից են փորձում ապահովագրել կենտրոնի աշխատակիցների ռուսական կողմին և նրանց ընտանիքի անդամներին համաձայնագրի տեքստի հեղինակները: 

3.

Ոչ մի իրավական քննադատության չի դիմանում համաձայնագրի 11-րդ հոդվածը, որում նախանշվում է, որ «տվյալ համաձայնագրում կարող են փոփոխություններ մտցվել, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և դրա անքակտելի մասն են կազմում»: Ո՞ւմ կողմից են ձևակերպվում այդ արձանագրությունները: Արդյո՞ք տվյալ հոդվածը նշանակում է, որ երկու երկրների ներքին գործերի նախարարություններին իրավունք է վերապահվում փոփոխություններ մտցնելու խորհրդարանների վավերացրած միջպետական համաձայնագրում: Ստացվում է, որ մտցվող փոփոխություններն իշխանության բարձրագույն մարմինների վերահսկողության տակ չեն լինելու, ներքին գործերի նախարարություններին չեն պարտավորեցնում մեզ հետ համաձայնեցնելու փոփոխությունները, ինչն իրավաբանական աբսուրդ է:

4.

Ոչ մի փաստաթղթում նշված չէ, թե որ օրենսդրությամբ է առաջնորդվելու կենտրոնն իր գործունեության մեջ, և արդյոք այն լինելու է Աբխազիայի գլխավոր դատախազության վերահսկողության տակ:

«Ամցախարան» առանձնահատուկ ընդգծել է, որ համաձայնագրի թերի մշակված հատվածների համար բողոքն ուղղվում է հենց աբխազական ղեկավարությանը և «ռուսական կողմն այստեղ ընդհանրապես կապ չունի»:

«Մենք դեմ չենք Տեղեկատվական-համակարգման կենտրոնի ստեղծմանը, մենք կողմ ենք նրան, որպեսզի որոշ կետերում փոփոխություններ մտցվեն: Ինչ-որ մեկը մեզ ուզում էր ներկայացնել որպես հակառուսական կազմակերպություն: Այդպիսի հասկացություն մեզ մոտ գոյություն չունի: Մենք, ընդհակառակը, կողմ ենք Ռուսաստանի հետ ավելի լուրջ և սերտ հարաբերություններին», – ասել է «Ամցախարայի» նախագահ Ալխաս Կվիցինիան:

Ի՞նչ առարկություններ ունի ընդդիմադիր «Այնար» կուսակցությունը

Մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն՝ «Այնարը», հայտարարել է, որ մի շարք փոփոխություններ էր պատրաստել, որոնք, իր կարծիքով, «կօգնեին պաշտպանական մեխանիզմներ ստեղծել և կանխել Աբխազիայի Հանրապետության ինքնիշխանության, նրա քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտումը»:

Սակայն, ասվում էր կուսակցության հայտարարությունում, «Աբխազիայի ներքին գործերի նախարարությունն ի դեմ նախարար Ասլան Կոբախիայի անտեսեց ներկայացված առաջարկներն ու ամբողջությամբ հրաժարվեց քննարկել դրանք»:

«Այնարն» ավելին արեց և իշխանություններին մեղադրեց նրա համար, որ նրանք մտադիր էին «աբխազական հասարակությունից գաղտնի ստորագրել համաձայնագիրը մայիսի 18-ին Սոչիում և միայն տեղեկությունների չարտոնված արտահոսքն այդ տեղեկատվությունը հանրային դարձրեց, ինչը ստիպեց Աբխազիայի ՆԳՆ-ին համապատասխան բացատրություններ տալ լրատվամիջոցներին»:

Ի՞նչ առարկություններ ունի «Քյարազաա» հասարակական կազմակերպությունը

Բողոքով հանդես եկավ նաև «Քյարազաա» հասարակական կազմակերպությունը:

«Մենք դեմ ենք, որ Աբխազիայի ՆԳՆ գործառույթները փոխարինվեն նոր ստեղծված Տեղեկատվական-համակարգման կենտրոնով: Հետևանքների ողջ պատասխանատվությունը, որոնք խախտում են Աբխազիայի Հանրապետության պետական ինքնիշխանությունն, ընկնում է ներքին գործերի նախարար Ա. Կոբախիայի և անձամբ նախագահ Ռ. Հաջիմբայի վրա», – հայտարարել է «Քյարազաան»:

Աբխազիայի իշխանությունների դիրքորոշումը

Ներքին գործերի նախարար Ասլան Կոբախիան բազմիցս հայտարարել է, որ ռուս-աբխազական տեղեկատվական-համակարգման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը «բացարձակապես համապատասխանում է Աբխազիայի ազգային շահերին»:

Նրա խոսքով՝ կենտրոնի գլխավոր խնդիրներից մեկը նարկոթրաֆիկին հակազդելն է լինելու:

«Դուք տեսնում եք, թե Աբխազիայում թմրանյութերի ինչպիսի շրջանառություն է: Ինչպես էլ մենք փորձենք լուծել այդ խնդիրն, առանց մեր ռազմավարական գործընկերոջ օգնության դա անելը ծայրահեղ բարդ կլինի», – հայտարարել է Կոբախիան:

Ի՞նչ կարծիքներ կան Աբխազիայի հասարակությունում

Համաձայնագիրը ստորագրելու կողմնակիցների փաստարկները լավ հանրագումարի է բերել Աբխազիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Թեմուր Գուլիան իր հարցազրույցներից մեկում.

«Սարքավորումները, որոնք մեր ՆԳՆ-ին են անցել խորհրդային տարիներից, արդեն ոչ միայն բարոյապես են հնացել, այլ նաև ֆիզիկապես են մաշվել: …Ես կարծում եմ, որ [նոր կառույցը]  պետք է դառնա… մի մարմին, որը զինված է ժամանակակից հատուկ սարքավորումներով, որտեղ փորձագիտական-կրիմինալիստական գործողություններ են անցկացվելու, ինչպես նաև Աբխազիայի ՆԳՆ աշխատակիցների վերապատրաստում և ստաժավորում նրանց պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնելու համար: Ես կողմ եմ հանցավորության դեմ պայքարի արդյունավետ միջազգային մեխանիզմների ստեղծմանը»:

Կենտրոնի ստեղծումը բուռն արձագանք և մեծ քննադատություն է առաջացրել Աբխազիայի հասարակությունում: Մի քանի մեկնաբանություն սոցցանցերի քննարկումներից.

«Աբխազիայի տարածքում չի կարելի ուժային կառույցներ ստեղծել, որոնք չեն ենթարկվում տեղական իշխանությանը: Ես կտրականապես դեմ եմ, դա խախտում է մեր ինքնիշխանությունը»:

«Ճիշտ մոտեցման դեպքում մեր խնդիրները մենք ինքներս կարող ենք լուծել: Դա առիթ չէ, որ դրսից ուժեր ներգրավվեն»:

«Ինձ զարմացնում են տարբեր անհատների հայտարարություններն այն մասին, որ կենտրոնը կլուծի հանցավորության հետ կապված մեր խնդիրները: Ռուսաստանում երևի արդեն որոշել են: Հիմա մեր հերթն է»:

«Այսպես ասեմ. որպես օրինապաշտ քաղաքացի ես վախենալու բան չունեմ, սակայն նրանց բանն է բուրդ, ովքեր Աբխազիայում ռուսների բիզնեսը խլել են կամ նեղել նրանց»:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի


Կարդալ ավելին JAMnews-ում