Նրանք մեկնում են շրջաններ, որտեղ ուսուցիչների մեծ պահանձ կա՝ նրանց համար գյուղում աշխատելը կյանքում ձախողելու նշան չէ" />

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցները՝ հեռավոր գյուղերում

Նրանք մեկնում են շրջաններ, որտեղ ուսուցիչների մեծ պահանձ կա՝ նրանց համար գյուղում աշխատելը կյանքում ձախողելու նշան չէ

Առավոտյան շուտ դպրոցի ճամփին հավաքվածների մեջ դժվար է տարբերել միսս Վանեսյանին իր աշակերտներից: Փոքրամարմին, կարճ մազերով, միշտ ժպտերես աղջիկն ուսուցչի ավանդական կերպարի հետ կապ չունի: Երբեք չի ուշանում, որովհետև գիտի՝ աշակերտներն իրեն սպասելու են դպրոց չհասած, տեսնելուն պես ձեռքով են անելու ու բարձր կանչեն. «Hello, Miss Vanesyan»:

Հրանուշ Վանեսյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնակիցներից մեկն է, Լոռու մարզի Քարինջ գյուղի դպրոցի անգլերենի ուսուցիչն է: 65 աշակերտ ունի: Այստեղ է միսս Վանեսյանն ապրելու ու աշխատելու երկու տարի:

«Ինչպե՞ս ուսուցիչ դարձա: Պատահաբար, մի քիչ էլ՝ համառությունից: Ես սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղից եմ: Երևան տեղափոխվել էի կրթություն ստանալու համար: Ապրում էի 2 ընկերուհիներիս հետ վարձակալած բնակարանում: Երևանում բավականին լավ աշխատանք ունեի, ընկերներ, սովորական կենցաղ: Մի օր՝ երեկոյան, երբ տուն մտա, լսեցի ընկերուհիներիս խոսակցությունը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին դիմելու և ուսուցիչ դառնալու մասին: Խոսակցությունից հասկացա, որ մեր «փոքրիկ ընտանիքում» իմ՝ ուսուցիչ դառնալու հնարավորությունն անգամ չի էլ քննարկվում: Շատ նեղացա ու հստակ որոշեցի՝ դիմելու եմ»,– պատմում է Հրանուշը:

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում հայտատուներից ընտրվում են լավագույն երիտասարդ մասնագետները, ովքեր գործուղվում են դասավանդելու Հայաստանի հեռավոր գյուղեր և քաղաքներ, որտեղ ուսուցիչների կարիք կա:

Ծրագիրը մեկնարկել է 5 տարի առաջ: Հայաստանը դարձել է Teach for all (Ուսուցանում բոլորի համար) գլոբալ կրթական ցանցի պաշտոնական գործընկերը: Այս սոցիալական առաջնորդների գլոբալ ցանցը գործում է աշխարհի 36 երկրում: Հիմնադիրների նպատակը կրթության որակի բարելավումն է:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանն ինքն էլ Teach For America երկամյա ծրագրի շրջանավարտ է եղել ԱՄՆ-ում: Սեփական փորձից ելնելով գիտեր՝ այս ծրագիրը շատ բան կարող է փոխել Հայաստանում, ոչ միայն երեխաների, այլև դրան մասնակցող ուսուցիչների համար:

Սկզբում նախապատրաստական ծանր շրջանն էր, դպրոցների և կրթական կարիքների գնահատումը: Եվ, չնայած ծանր աշխատանքին և հիասթափությանը, Լարիսան չկորցրեց «կյանքեր փոխելու» պատրաստակամությունը:

Նախ առանձնացվեցին Հայաստանի հեռավոր շրջաններում գտնվող ամենակարիքավոր դպրոցները, որտեղ ուսուցիչների խիստ պակաս էր զգացվում: Հաջորդ քայլը Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությունն էր: Երկար ու դժվար աշխատանքի արդյունքում 2015 թվականին ձևավորվեց «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ուսուցիչների առաջին խումբը: Այսօր ծրագրի 103 մասնակիցները դասավանդում են Հայաստանի 6 մարզերի 86 դպրոցներում:

Ուսուցիչ դառնալու և գյուղ տեղափոխվելու մտադրության մասին ծնողներին ասելուց առաջ Հրանուշը մտավախություն ուներ: Երևանից  Տավուշ՝ Վերին Կարմիրաղբյուր, ողջ ճանապարհին տասնյակ անգամներ մտքում կրկնել էր իր ասելիքը: Ծնողներին պատմելու էր ուսուցիչ չունեցող երեխաների, անհավասար կրթական հնարավորությունների ու չիրացված իրավունքների մասին: Կարիքը չեղավ: Ծնողները միանգամից համաձայնեցին: Շատ բան չասացին, բայց ինքը գիտի՝ հպարտ են իրենով:

Հետո սկսվեց վերապատրաստման փուլը: Հիմնադրամի կազմակերպած ամառային ինստիտուտում մասնակիցների հետ 5 շաբաթ աշխատում են մենթորները, մասնագետները, ովքեր ապագա ուսուցիչներին սովորեցնում են դասավանդման նոր ու այլընտրանքային մեթոդներ:

«Երբ հասա Քարինջ, հասկացա, որ մարդիկ ինձ սպասել են: Ամբողջ գյուղով ինձ համար տուն էին ընտրել, որ հարմար լինի, դպրոցին մոտ լինի: Իհարկե, դժվար է: Գյուղերում, հատկապես հեռավոր վայրերում, կենցաղային տարրական հարմարություններ չկան՝ ջուր, գազ, տրանսպորտ: Իսկ սահմանամերձ գյուղերում՝ նաև անվտանգության խնդիր կա:

Բայց հետո մտածում ես՝ այդ մարդիկ այդպես ամբողջ կյանքում են ապրել, դու ի՞նչ իրավունք ունես երկու տարվա համար նվնվալու: Ու գյուղի մարդկանց անսահման, անչափ հոգատարությունը՝ իրենց երեխաների ուսուցչի հանդեպ: Ես բողոքելու, հուսահատվելու իրավունք չունեմ՝ այդքան սիրո մեջ»,– պատմում է Հրանուշը:

Միսս Վանեսյանը գրեթե ամեն օր վերջինն է դուրս գալիս դպրոցից: Անգլերենի դասերից հետո նաև արտադասարանային պարապմունքներ ունի: Աշակերտների հետ ֆիլմեր են դիտում, ազգային պարեր ու ձեռքի աշխատանք սովորում: Արտադասարանային պարապմունքները պարտադիր են «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի բոլոր մասնակիցների համար: Խնդիրը ոչ միայն Հայաստանի բոլոր երեխաների համար կրթական հավասար պայմանների ստեղծումն է, այլև նրանց ժամանցի արդյունավետ ապահովումը:

«Երբ Երևան եմ գալիս ու տեսնում, թե այստեղ ինչքան հնարավորություններ կան երեխաների համար՝ կրթվելու, զարգանալու, ինֆորմացիա ստանալու, որակյալ ժամանց ունենալու համար, ու հիշում, որ իմ աշակերտները դպրոցից հետո նույնիսկ խաղալու ժամանակ չունեն, որովհետև պետք է օգնեն ծնողներին փայտ կոտրեն, կով կթեն կամ  այգում գործ անեն, մի պահ հուսահատվում եմ, որովհետև դա շատ անարդար է: Բայց հետո մտածում եմ. ես դրա իրավունքը չունեմ, ես այդ երեխաների կյանքում ինչ-որ բան փոխողն եմ, գոնե մեկինը: Երևի շատ մեծամիտ էր ասածս, բայց ես հույս ունեմ»,– ասում է Հրանուշը:

Իսկ նախադեպեր «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի մասնաիցների ջանքերով գյուղերում բան փոխելու կան: Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Զինա Ղուկասյանն, օրինակ, աշակերտների հետ զբոսայգի է կառուցել գյուղում, որի ֆինանսավորումը գտել է քրաուդֆանդինգի միջոցով: Լոռու մարզի Բլագոդարնոյե գյուղի ուսուցիչ Ռուդոլֆ Հարությունյանն էլ գյուղում բիզնես ակումբ է հիմնել ու համոզել գյուղացիներին պանրի ու մեղրի արտադրություն սկսել:

Գյուղ գնալիս՝ դպրոցի միակ անգլերենի ուսուցիչ միսս Վանեսյանը զգեստապահարանի գրեթե կեսը թողեց Երևանում, ուզում էր՝ աշակերտները նախ իրեն ճանաչեն ու չշեղվեն նորաձև հագուստով աղջկա կերպարի վրա: Միայն մի քանի օր առաջ համարձակվեց դպրոց գնալիս բերետ դնել.

«Հենց ներս մտա, աշակերտներս հարցրեցին՝ դուք նկարի՞չ եք, նկարելո՞ւ եք մեզ: Թվում է՝ տարօրինակ բան եմ ասում, բայց երբ տեսնում ես, թե ինչ աչքերով են աշակերտներդ քեզ նայում, ինչքան շատ բան են քեզանից սպասում, ոչ միայն գիտելիքի իմաստով… Դու մի տեսակ «նորություն» ես իրենց աշխարհում», – պատմում է Հրանուշը:

Աշխատանքին զուգահեռ՝  Հրանուշը նաև սովորում է Շիրակի պետական համալսարանի մագիստրատուրայում, մանկավարժության ֆակուլտետում: Կրթության համար վճարում է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը: Այսպիսով հիմնադրամը փորձում է ծրագրի մասնակիցներին կրթական ոլորտում պահել: Հիմնադրամը պետական աջակցություն չունի: Ֆինանսավորվում է անհատ բարերարների և կրթական հիմնադրամների կողմից: Սկզբում դժվար էր, հաշվում էին ամեն 5-10 դոլարը: Այսօր հավատը հիմնադրամի նկատմամբ անհամեմատ մեծ է: Ուսուցչությունը Հայաստանում պահանջված և նորաձև է դառնում:

Քարինջում աշխատանքն ավարտելուց հետո միսս Վանեսյանն ուզում է իր գյուղ վերադառնալ՝ Վերին Կարմիրաղբյուր: Ուզում է, որ իր աշակերտներն իր օրինակով նաև հասկանան, գյուղ վերադառնալը, գյուղում ապրելը կյանքում ձախողելու նշան չէ:

 

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում