Վրաստանում կնկարահանեն «Միմինոյի» շարունակությունը" />

«Միմինո». թռիչքը շարունակվում է

Վրաստանում կնկարահանեն «Միմինոյի» շարունակությունը

Վրացի գործարար, «Ֆորտունա» մեդիահոլդինգի սեփականատեր Զուրաբ Չիգոգիձեն «Մոսֆիլմից» գնել է «Միմինո» ֆիլմի հաջորդ սերիան նկարելու իրավունքը: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ռուսական RNS գործակալությունը:

«Միմինո. թռիչքը շարունակվում է»՝ այսպես է կոչվում ֆիլմի շարունակությունը, որի ստեղծման թույլտվությունը մենք արդեն ձեռք ենք բերել: Նկարահանումները պլանավորում ենք սկսել առաջիկայում», – ասել է Չիգոգիձեն:

Ինչպես գործակալության թղթակիցներին հայտնել է գործարարը, տվյալ պահին ռեժիսոր են փնտրում: Ֆիլմը էկրաններին կբարձրանա արդեն եկող տարի: Նախագծի այլ մանրամասների մասին ոչինչ հայտնի չէ:

Նույնպես հայտնի չէ, արդյո՞ք նոր ֆիլմում կներգրավվի «Միմինոյի» գլխավոր դերակատար Վախթանգ Կիկաբիձեն:
Ինչպես նշում է Չիգոգիձեն, ֆիլմի նկարահանման իրավունքը ձեռք է բերվել «Միմինոյի» բոլոր հեղինակներից առանձին-առանձին՝ Գեորգի Դանելիայից (ռեժիսոր), Ռևազ Գաբրիաձեից և Վիկտորիա Տոկարևայից (սցենարիստներ), ինչպես նաև Գիա Կանչելիից (կոմպոզիտոր):

Խորհրդային «Միմինո» կատակերգությունն էկրաններ է բարձրացել 1977 թվին: Գլխավոր դերերը կատարել են վրացի դերասան Վախթանգ Կիկաբիձեն (Վալիկո) և հայ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը (Ռուբիկ):

«Միմինոն խորհրդային տարիների սիրված ֆիլմերից է:

Մինչ այժմ հերոսների երկխոսություններն ու առանձին արտահայտություններ «թևավոր խոսքեր են» իսկ նրանց անմահացրել են արձաններում, որոնք տեղադրված են

Թբիլիսիում,

Դիլիջանում (Ռուբիկի հայրենիքը)

և Երևանում:

Հ

ետաքրքիր է, որ ֆիլմի ստեղծման համար, որում այլ թեմաներին զուգահեռ տարվում է նաև հայի ու վրացու բարեկամության թեման, մեծ դեր է խաղացել հարավկովկասյան մեկ այլ պետության՝ Ադրբեջանի ներկայացուցիչը: Ի սկզբանե սյուժեն պատմում էր գյուղացի մի աղջկա մասին, ով սիրահարված էր բանաստեղծություններ գրող և շեփոր նվագող օդաչուի: Ամեն ինչ պատրաստ էր նկարահանումները սկսելու համար, երբ ռեժիսոր Դանելիայի մոտ է գալիս նրա ընկերը՝ ադրբեջանցի գրող Մակսուդ Իբրահիմբեկովը: Նա էլ պատմում է Գեորգի Դանելիային այն պամությունը, որը լսել է Ռեզո Գաբրիաձեից գյուղացի մի տղայի՝ օդաչուի մասին, ով չվերթերից վերադառնալիս իր ուղղաթիռը պարանով ծառին էր կապում: Այդ պատմությունն ամբողջությմբ փոխում է ֆիլմի սցենարը:

Ի դեպ, հայ-վրացական բարեկամության գիծը ֆիլմում նույնպես պատահական է ի հայտ եկել: Ի սկզբանե, ըստ սցենարի, գլխավոր հերոս Վալիկոն գալիս է Մոսկվա և տեղավորվում հյուրանոցի մեկտեղանոց համարում: Հարևանի մասին միտքը ծագել է ավելի ուշ: Վալիկոյի ընկերոջ դերում երկու հոգի էր դիտարկվում՝ ռուս դերասան Եվգենի Լեոնովն ու Ֆրունզիկ Մկրտչյանը: Վերջիվերջո մետաղադրամ են նետում և դերը հասնում է Մկրտչյանին:

Հրապարակվել է 2.06.2016


Կարդալ ավելին JAMnews-ում