Հոնկոնգ, Բոլիվիա, Իրաք և Լիբանան․ ամենուր մարդիկ պայքարում են իրենց ազատությունների համար։ Ողջ աշխարհում ցույցերի առաջատար ուժ են հանդիսանում կանայք " />

Միլիոնավոր մարդիկ մի քանի երկրում միանգամից ցույց են անում․ ամփոփ տեսություն և ֆոտոռեպորտաժ

Հոնկոնգ, Բոլիվիա, Իրաք և Լիբանան․ ամենուր մարդիկ պայքարում են իրենց ազատությունների համար։ Ողջ աշխարհում ցույցերի առաջատար ուժ են հանդիսանում կանայք

Ո՞րն է զանվածային ցույցերի պատճառը, որոնք համակել են ողջ աշխարհը։ Որքանո՞վ են դրանք բազմամարդ։ Ի՞նչ էին այսօրվա դրությամբ պահանջում դրա մասնակիցները։ Հարցերի պատասխաններ չորս երկրների վերաբերյալ՝ Հոնկոնգ, Բոլիվիա, Իրաք, Լիբանան։

Հոնկոնգ

Բողոքի ակցիայի մասնակիցներ, Հոնկոնգ, 2019թ-ի նոյեմբերի 15։ REUTERS/Adnan Abidi

Հոնկոնգում ցույցերը սկսվել են 2019թ-ի օգոստոսի վերջում և արդեն երրորդ ամիսն է՝ չեն դադարում։

Ի սկզբանե հուզումների պատճառն օրենքն էր, որը թույլ էր տալիս արտահանձնել Հոնկոնգի քաղաքացիներին չինական կենտրոնական իշխանությունների պահանջով։

Հոնկոնգը Չինաստանի ինքնավար շրջան է, որն անցել է նրա ենթակայության տակ ավելի քան քսան տարի առաջ, մինչ այդ այն գտնվում էր Մեծ Բրիտանիայի վերահսկողության ներքո։ Եվ Հոնկոնգի քաղաքացիները սուր վերաբերմունք են դրսևորում քաղաքացիական իրավունքների և ազատությունների սահմանափակմանը։

Փողոցային ակցիաների արդյունքում, որոնց մասնակիցների թիվը երբեմն գերազանցում էր մեկ միլիոնն, արտահանձնման մասին օրենքը հետ է կանչվել։

Սակայն ցույցերը չեն դադարել, չնայած ոստիկանության կողմից ռետինե փամփուշտների և արցունքաբեր գազի կիրառմանը։ Դրանց գլխավոր շարժիչ ուժը տեղի համալսարանի ուսանողներն են, նրանց գլխավոր պահանջը Հոնկոնգի ինքնավարության պահպանման երաշխիքներն են։

Երիտասարդներն իրենց կամպուսը պաշտպանում են բարիկադների և «Մոլոտովի կոկտեյլների» օգնությամբ։ Վերջին նորարարությունը․ ցուցարարների ձեռքում սպորտային աղեղներ են հայտնվել։

«Մոլոտովի կոկտեյլներ»՝ Հոնկոնգի Պոլիտեխնիկական համալսարանի մուտքի աստիճաններին։ 2019թ-ի նոյեմբերի 15։ REUTERS/Adnan Abidi

Բոլիվիա 

Ցույցերը համակել են Բոլիվիան 2019թ-ի հոկտեմբերի 21-ին այն բանից հետո, երբ բազմաթիվ զեղծարարություններ են գրանցվել նախագահական ընտրությունների ժամանակ։

Դրանցում չորրորդ անգամ իր թեկնածությունն էր առաջադրել ձախ պոպուլիստ, Ֆիդել Կաստրոյի և «ավանդական բոլիվիական արժեքների», մասնավորապես, կոկայի տերևների օրինական օգտագործման քարոզիչ Էվո Մորալեսը։

Նրա տնտեսական քաղաքականության արդյունքը մասշտաբային ճգնաժամն է։

Ավելի քան մեկ միլիոն մարդ է մասնակցել 2019-ի նոյեմբերի 12-ի ցույցին։ Այս լուսանկարն արվել է Լա Պաս քաղաքում, Բոլիվիա։ REUTERS/Henry Romero

Ցույցերը շարունակվել են մի քանի շաբաթ, դրանց մասնակցում էին հարյուր հազարավոր մարդիկ։ Ոստիկանությունն ու բանակը հայտարարել են ցուցարարներին աջակցելու մասին։

Արդյունքում՝ Մորալեսը փախել է Մեքսիկա, որը նրան քաղաքական ապաստան է տվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու խորհրդարանի խոսնակը կալանավորված են։

Խորհդարանում քվեարկությունից հետո փոխխոսնակ Ժանին Անիեզն իրեն Բոլիվիայի ժամանակավոր նախագահ է հայտարարել և խոստացել մոտ ժամանակներս նոր ընտրություններ անցկացնել։ Երկրի սահմանադրական դատարանը նրա ընտրությունն օրինական է ճանաչել, և արդեն մի քանի երկիր հաստատել է, որ ճանաչում է նրան։

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցները ցույց են անում Լա Պաս քաղաքում։ 2019թ-ի նոյեմբերի 14։ REUTERS/Carlos Garcia Rawlins

Իրաք

Ավելի քան 300 մարդ է սպանվել և շուրջ 15 հազարը վիրավորվել Իրաքում 2019թ-ի սեպտեմբերից մինչև նոյեմբեր զանգվածային ցույցերի ընթացքում, որոնք համակել են Բաղդադն ու այլ քաղաքները։

Հարյուր հազարավոր մարդիկ պահանջում են վերջ տալ կոռուպցիային և սոցիալական անհավասարությանը, բարելավել պետական կառավարման որակը։

Տեսարան դեպի Բաղդադի Թահրիր հրապարակ, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ են բողոքում, պահանջելով կառավարության հրաժարականը։ 2019թ-ի նոյեմբերի 14, Իրաք։ REUTERS/Thaier al-Sudani

Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և մարտական զենք է կիրառել, սակայն դա հանգեցրել է միայն ավելի դաժան բախումների։

Արդյունքում, կայացել է Իրաքի նախագահի, խորհրդարանի խոսնակի, վարչապետի և գերագույն դատարանի նախագահի հանդիպումը։ Դրանից հետո հայտարարվել է, որ իշխանությունները պատրաստ են «արմատական» բարեփոխումների, այդ թվում՝ սահմանադրության, իսկ «ուժի գերազանցման» համար մեղավորները կպատժվեն։

Բողոքի ցույցի մասնակիցներ Բաղդադում, Իրաք։ 2019թ-ի նոյեմբերի 15։ REUTERS/Alaa al-Marjani

Լիբանան

Զանգվածային ցույցերը Լիբանանում սկսվել են 2019թ-ի հոկտեմբերին, երբ Բեյրութում փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ։ Նրանց գլխավոր շարժիչ ուժը երիտասարդությունն է։

Ընդ որում, դիտորդները նշում են, որ առաջին անգամ է, որ վճռական և կազմակերպված դիրքորոշում են զբաղեցրել կանայք։

Նրանք աջակցում են ցույցերի գլխավոր պահանջին՝ կոռուպցիայի դեմ պայքարին և իշխանական ողջ համակարգի բարեփոխմանը, սակայն միաժամանակ պնդում են, որ իրենք տղամարդկանց հետ հավասար իրավունքներ պետք է ունենան։

Ցույցի խորհրդանիշը մի տեսանյութ է դարձել, որում լիբանանցի մի կին կոշտ դիմադրություն է ցույց տալիս կառավարության անդամներից մեկի զինված թիկնապահին։

Լիբանանյան կոնֆլիկտում կառավարության կողմից է հանդես գալիս Իրանի աջակցությունն ունեցող «Հըզբոլլա» կազմակերպությունը, իսկ ցուցարարների կողմից է լիբանանյան բանակը։

Հոկտեմբերի վերջին վարչապետ Հարիրին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Դա տեղի ունեցավ ցուցարարների ճամբարի վրա քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից դաժան հարձակումից հետո։

Ցույցի մասնակիցներն արգելափակում էին Բեյրութի կենտրոնական բոլոր փողոցները, Լիբանան։ 2019 թ-ի նոյեմբերի 13։ REUTERS/Andres Martinez Casares


Կարդալ ավելին JAMnews-ում