«Բժիշկներին թվում էր` ես փողոցային եմ, որ ՄԻԱՎ ունեմ, վիրավորական ու կոպիտ էին հետս խոսում»" />

ՄԻԱՎ-ով և ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ խտրականության են ենթարկվում բժիշկների կողմից

«Բժիշկներին թվում էր` ես փողոցային եմ, որ ՄԻԱՎ ունեմ, վիրավորական ու կոպիտ էին հետս խոսում»

Լաուրայի պատմությունը

«Ծննդաբերությանս օրը ինձ բժիշկներն ասացին, որ ես վտանգավոր հիվանդ եմ և պետք է առանձին վճարովի պալատ վերցնեմ, իսկ վիրահատության համար անհրաժեշտ պարագաները ինքս պետք է գնեմ», – պատմում է 29-ամյա Լաուրա Սիմոնյանը:

Այսպես բժիշկներն արձագանքեցին, երբ Լաուրան հայտնեց նրանց իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին:

«Բժիշկներին թվում էր` ես փողոցային եմ, որ ՄԻԱՎ ունեմ, վիրավորական ու կոպիտ էին հետս խոսում: Սկզբում ինձ ասացին առանձին պալատ վերցնեմ ու օրը 10 հազար դրամ վճարեմ, եթե ուզում եմ մոտս խնամող լինի: Հետո ասացին, որ պետք է 50 հազար դրամ վճարեմ վիրահատության ժամանակ օգտագործվող բժշկական ձեռնոցների, խալաթների, կտորների ու սավանների համար:

Ես ասացի, որ այդքան գումար չունեմ, ուղեգրով եմ եկել Երևան ծննդաբերելու, չեմ կարող վճարել: Ինձ պատասխանեցին` բա որ չես կարող վճարել, ո՞նց ես երեխա բերում, ո՞նց ես պահելու», – պատմում է Լաուրան:

«Ես իրավունք ունեմ արժանապատիվ կյանքի»

Ֆոտոռեպորտաժ Գյումրիի սրճարանից, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող մարդիկ

Իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին Լաուրան իմացել է 5 տարի առաջ, վարակվել է ամուսնուց: Պատմում է, որ 2 տարի առաջ ամուսնու հետ որոշեցին երեխա ունենալ, սակայն առաջնեկի ծնվելու հետ երկար սպասված զգացումներն ու հույզերը հանդիպեցին բժիշկների կողմից խտրականության և խարանի:

«Վիրահատությունից մեկ օր անց ցավերի մեջ գալարվում էի, բայց ո´չ վիրահատող բժիշկն էր այցելել ինձ, ո´չ բուժքույրը: Մայրս եկավ ինձ տեսակցության, աղմուկ բարձրացրեց հիվանդանոցում, դրանից հետո բժիշկները բարեհաճեցին գալ իմ պալատ: Այնքան անտակտ էին, որ փոխանակ իրենց գործն անեն, հարցեր էին տալիսո՞նց եմ վարակվել ՄԻԱՎով, ե՞րբ եմ իմացել կարգավիճակիս մասին: Իսկ հիվանդանոցից դուրս գրվելու օրը խորհուրդ տվեցին էլ երեխա չունենալ», – հիշում է Լաուրան:

2018-ին Հայաստանում իրականացվել է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց, ԼԳԲՏ անձանց և թմրանյութեր ներերակային օգտագործողների նկատմամբ խտրականության դրսևորումների ուսումնասիրություն»։

Դրա արդյունքները ցույց են տալիս, որ խոցելի խմբերից ՄԻԱՎ/ՁԻԱՀով ապրող մարդիկ ամենաշատն են ենթարկվում խտրականության առողջապահության ոլորտում:

Հարցումն իրականացվել է ՄԻԱՎ ունեցող 74 անձի շրջանում։ 76.2%-ը պատասխանել է, որ խտրականության է ենթարկվել բժշկական հաստատություններում և չի կարողացել ստանալ պատշաճ բժշկական ծառայություն:

1988թ. մինչև 2019թ փետրվարի 28-ը ՀՀում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3409 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 429-ը` 2018թ. ընթացքում:

Վարակվածների մեջ տղամարդկանց թիվը (2365 մարդ, 69%) գերակշռում է կանանց թվին:

Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղին է հետերոսեքսուալ ճանապարհը (70%), կանանց շրջանում այն կազմում է 97%:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ղեկավար Ժենյա Մայիլյանն ասում է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ը խոչընդոտ է բժշկական օգնություն ստանալու համար.

«Եթե ՄԻԱՎ ունեցող մարդուն անմիջապես վիրահատություն է պետք, հենց բժիշկը իմանում է հիվանդի կարգավիճակի մասին, հրաժարվում է կամ «ցրում»: Շատ հաճախ ասում են դեռ կարիք չկա քեզ վիրահատելու, կարող է վիճակդ ավելի բարդանա: Լինում է և հակառակը, երբ հավելյալ գումարներ են ուզում ՄԻԱՎ ունեցող մարդկանցից, ասում են բժշկական գործիքները պետք է թափենք, նորը առնենք, վիրահատության համար դուք հավելյալ գումարներ պետք է վճարեք»:

Արտյոմի պատմությունը

32-ամյա Արտյոմ Մարգարյանը, ով երակների լայնացում ունի, երկու տարի շարունակ դիմել է 4 տարբեր բժշկական հաստատությունների վիրահատության համար, սակայն 4-ից էլ մերժում է ստացել:

«Սկզբում ինձ տեսնում էին, ասում քեզ վիրահատություն է պետք, մենք կվիրահատենք։ Բայց երբ հայտնում էի ՄԻԱՎ կարգավիճակիս մասին, ասում էին սպասի ղեկավարությունից ճշտենք, մենք կարո՞ղ ենք այդ վիրահատությունն անել, թե ոչ։ Կամ ասում էին, սպասի վերքերդ լավանան, քեզ էդ վիճակում վիրահատելը պարտադիր չի, կարող է վիրահատենք ավելի բարդանա վիճակդ։ Ու նման տարբեր պատճառներ էին բերում վիրահատությունից հրաժարվելու համար», – ասում է Արտյոմը:

Նրա կինը` Սյուզի Աբգարյանը, պատմում է, որ 2 տարվա ընթացքում տարբեր բժիշկներից մերժումներ ստանալուն զուգընթաց ամուսնու առողջական վիճակը գնալով բարդանում էր․

«Անընդհատ բաց վերքեր էին լինում ոտքերին, չուլկիներ էր հագնում, որ երակները պահեին: Ես արդեն խելագարության էի հասնում, մտածում էի վերջ, ամուսինս էլ չի բուժվի, չի վիրահատվի ու պետք է սենց ապրի, ինչքան կկարողանա: Ինքն էլ էր հուսահատվել, արդեն չէր ուզում ոչ մեկի դիմեինք»։

Սյուզին պատմում է, որ միայն 5-րդ բժշկական հաստատություն դիմելուց հետո, ի զարմանս իրենց, բժիշկը համաձայնվել է վիրահատել ամուսնուն:

Հայաստանում ՄԻԱՎ վարակ ունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքն ամրագրված է

• Սահմանադրությամբ,

• «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և

• «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքներով:

Մինչդեռ իրավապաշտպանները կարծում են, որ անհրաժեշտ է խտրականությունն արգելող առանձին օրենք ունենալ, որտեղ կսահմանվեն խտրականության տեսակները և կանխարգելման հստակ մեխանիզմները:

Խտրայանության պատճառներն ու դրա դեմ պայքարը

Իրավապաշտպանների գնահատմամբ, բժիշկների կողմից խտրականության դրսևորման պատճառները մի քանիսն են․

• իրազեկվածության պակաս,

• վախեր,

• պատժի և պատասխանատվության ենթարկելու չափանիշների բացակայություն:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող մարդկանց նկատմամբ խտրականությունը և խարանը կանխարգելելու նպատակով կարևոր է համարում բժիշկների համար կրթական դասընթացներ անցկացնելը:

2010-ից շուրջ 1500 բուժաշխատող մասնակցել է «ՄԻԱՎ վարակ» դասընթացին: 2017թ.-ից ներդրվել է նաև դասընթացի առցանց տարբերակը:

«ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելման վերաբերյալ նույնպես տրամադրվել է ինֆորմացիա դասընթացների ընթացքում: Վարակի փոխանցման ռիսկի դեպքում, օրինակ՝ եթե վիրահատության ժամանակ բժիշկը մատը ճղել է կամ արյունը ցայտել է, ներթափանցել աչքի լորձաթաղանթի մեջ, 72 ժամվա ընթացքում բժիշկներին անվճար տրամադրվում են հակառետրովիրուսային դեղեր:

Վերջին 10 տարվա ընթացքում ՁԻԱՀի կանխարգելման հանրապետական կենտրոնում հետկոնտակտային կանխարգելում է ստացել 85 բուժաշխատող, որի արդյունքում նրանցից որևէ մեկի մոտ ՄԻԱՎ վարակ չի արձանագրվել», – ասում է Ժանետա Պետրոսյանը:

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա» ՀԿ-ի ղեկավար Հովհաննես Մադոյանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների իրականացումը և մատնանշում միջազգային փորձը: Ըստ նրա` այն երկրներում, որտեղ գործում են թե՛ դատական, թե՛ արտադատական արդյունավետ պաշտպանական միջոցներ, խտրականությունից պաշտպանվածությունը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար բավականին բարձր է:

Այդ երկրների շարքին են դասվում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան:

«Մեծ դեր են խաղում նաև պատիժները կամ պացիենտների բարոյական փոխհատուցումներ ստանալու հնարավորությունները: Վերոնշյալ երկրներում բուժհաստատությունները վախենում են պացիենտի առողջության իրավունքը  խախտելուց, հակառակ դեպքում իրենք բավականին թանկ կվճարեն: Իսկ Հայաստանում կամ ԱՊՀ տարածաշրջանի մյուս երկրներում այդ ամենը բացակայում է», – ասում է Մադոյանը:

Օրենսդրական լուծումներ

Արդարադատության նախարարությունը մշակել է «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծ և 2018թ.-ին այն ներկայացրել հանրային քննարկման е-draft.am կայքում:

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն ասում է, որ օրենքի նախագիծը մշակելիս հաշվի են առնվել քաղաքացիական հասարակության ներկայացրած որոշ առաջարկներ․

«ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է խտրականության արգելումը, սակայն գործնականում այդ մեխանիզմները ստեղծված չեն և արդյունավետ չեն գործում: Կառավարության ծրագրի համաձայն`պետք է նախատեսվեն համապատասխան օրենսդրական կարագավորումներ քաղաքացիների իրավահավասարության ապահովման ուղղությամբ»:

Փոխնախարարի խոսքով, քաղաքացիների իրավունքների խախտման դեպքում օրենքի նախագիծը նախատեսում է պատճառված վնասի փոխհատուցում՝ այդ թվում բարոյական․

«Դրան հասնելու համար նախատեսվում են համապատասխան մեխանիզմներ: Առաջինը, դատարանի միջոցով է, դատավարության ընթացքում պետք է կատարվի ապացուցման բեռի ճիշտ բաշխում: Այսինքն բողոքող կամ տուժող կողմը պետք է ներկայացնի խտրականության առերևույթ փաստ կամ դեպք, իսկ պատասխանող կողմը, տվյալ դեպքում` բուժհաստատությունը, պետք է ապացուցի, որ խտրական վերաբերմունք չի դրսևորել տվյալ քաղաքացու նկատմամբ»:

Քոչարյանը հավելում է, որ օրենքի նախագիծը նախատեսում է նաև որոշ արտադատական մեխանիզմներ.

«ՄԻՊը պետք է ստանձնի իրավահավասարությունը ապահովող ազգային մարմնի գործառույթները և համապատասխան հնարավորություններ ունենա այս ոլորտում քաղաքացիների դիմումների հիման վրա միջամտել իրավիճակին և ավելի օպերատիվ հանգուցալուծում գտնել»:

Փոխնախարարի համոզմամբ՝ այս օրենսդրական կարգավորումներն առավել նպաստավոր կդարձնեն նման դեպքերի կանխարգելումը, ինչպես նաև տուժած քաղաքացիների իրավունքների վերականգումը:

Օրենքի նախագծի մշակման աշխատանքներն վերջնականացվում են և շուտով քննարկման կդրվեն կառավարությունում և Ազգային ժողովում:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում