«Ազգային շարժումը» չենթարկվեց Սահակաշվիլիին: Ի՞նչ է լինելու հետո" />

Միասնակա՞ն է արդյոք ազգային շարժումը

«Ազգային շարժումը» չենթարկվեց Սահակաշվիլիին: Ի՞նչ է լինելու հետո

Ընտրություններից հետո գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային շարժման» ներսում, որը հոկտեմբերի 8-ին 27% ձայն էր հավաքել, ապագայի ծրագրերի վերաբերյալ կարծիքները կիսվեցին:

Մի մասը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ, կարծում է, որ կուսակցությունը պետք է հրաժարվի խորհրդարան մտնել և մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին, որպեսզի «Ազգային շարժումը» չմասնակցի խախտումներով անցկացված ընտրությունների լիգիտիմացմանը:

«Միակուսակցական խորհրդարանը թողնենք Իվանիշվիլիին և ցույց տանք ամբողջ աշխարհին, որ նա Կիմ Իր Սենն է», – հայտարարում էին այդ գաղափարի կողմնակիցները, որոնցից ամենառադիկալն Օդեսայի մարզպետն էր:

Մյուս մասը (այդ թվում նաև ազգային անվտանգության նախկին քարտուղար Գիգա Բոկերիան) ասում էր, որ իրենց պատկանող մանդատներից և ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունից հրաժարվելը քայլ է դեպի մարգինալացում:

Դիմակայությունը կուսակցական կաբինետից տեղափոխվեց սոցցանցեր: Սահակաշվիլիի հասցեին մեղադրանքներ հնչեցին: Կուսակցության համակիրների կարծիքով՝ Սահակաշվիլիի ռադիկալ հայտարարությունները նախընտրական փուլում նվազեցրել են «Ազգային շարժման» օգտին քվեարկելու պատրաստ ընտրողների թիվը:

«Միշան ասել է, որ վերադառնում է, որ բանակն ու ոստիկանությունն իր կողմից են: Ահռելի մեծ հանրահավաք անցկացվեց: Ողջ նախընտրական քարոզարշավը կենտրոնացավ մի հարցի շուրջ՝ գալո՞ւ է նա, թե՞ ոչ: Իսկ դրանից շահեց «Երազանքը», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Շոթա Ուտիաշվիլին, ով նախագահ Սահակաշվիլիի նախագահության տարիներին ներքին գործերի փոխնախարարն է եղել:

Խորհրդարան մտնելու հարցը որոշվել է կուսակցության քաղխորհրդի նիստին ձայների մեծամասնությամբ: Սահակաշվիլիի առաջարկը մերժվել է, բոյկոտ չի լինելու, չնայած այն կասկածները, որ «Ազգային շարժման» ներսում ինչ-որ բան այն չէ և կուսակցությունը կարող է հեռանալ Սահակաշվիլիից, հօդս չեն ցնդել:

Արդյո՞ք Սահակաշվիլին բեռ կդառնա իր կուսակցության համար, ի՞նչ գործընթացներ են ընթանում նախկին իշխող թիմում: Փորձագետների կարծիք.

Գիա Խուխաշվիլի, քաղաքական հարցերի փորձագետ.

««Ազգային շարժման» մինիմում ծրագիրը կենդանի մնալն էր: Այդ ծրագիրը կուսակցությունը կատարեց և, կարելի է ասել, լավ կատարեց: Այն գրեթե կրկնապատկեց ընտրազանգվածը՝ նախորդ ընտրությունների համեմատ:  Նկատի ունեմ ժողովրդական լեգիտիմացումը: Իսկ «Վրացական երազանքի» իշխանությունն այնքան թույլ է, որ նա նույնիսկ չկարողացավ կուսակցություն նորմալ ձևավորել: 2020թ-ին այն դժվարությամբ կմրցակցի «Ազգային շարժման» հետ, որն այդ ընթացքում կմաքրվի նախկին մեղքերից և լուրջ շանսեր կունենա իշխանության գալու:

Ինչ վերաբերում է պառակտմանն, ապա դրա լուրջ նախանշաններ ես տվյալ պահին չեմ տեսնում: Կուսակցությանը պետք է Միխայիլ Սահակաշվիլին, քանի որ նրա ընտրազանգվածի 80 տոկոսն այսօր սատարում է հենց Սահակաշվիլիին: Սահակաշվիլիին էլ է անհրաժեշտ «Ազգային շարժումը», քանի որ նրա դիրքերն Ուկրաինայում հիմա բավականին փխրուն են:

«Ազգային շարժումն» այս փուլում կընտրի այսպես կոչված Բոկերիայի սցենարը, որը հաշվարկված է ավելի երկարաժամկետ հեռանկարի համար: Հասարակությունում հեղափոխական տրամադրություններ չկան: Հետևաբար այսօր ճգնաժամ հրահրելն, ինչն ուզում է Սահակաշվիլին, բավականին արհեստական տեսք ունի և մեծ ռիսկեր է պարունակում կուսակցության ապագայի համար»:

Գիա Նոդիա, Խաղաղության, ժողովրդավարության ու զարգացման կովկասյան ինստիտուտի ղեկավար. 

«Ընդհանուր առմամբ «Ազգային շարժման» քաղաքական ապագան առաջին հերթին կախված է մնացածների և առաջին հերթին՝ իշխանության հանդեպ բարոյական և ինտելեկտուալ առավելության ցուցադրումից: Այս օրերին այն ցուցադրել է դա ևս մեկ անգամ՝ ընդգծելով այն, որ, ի տարբերություն «Վրացական երազանքի», նա կախված է ոչ թե մի հոգու կամքից, այլ կուսակցության անդամների որոշումից: Դա լուրջ առավելություն է:

Մեծ սխալ կլինի, եթե «Ազգային շարժումը» հեռանա Միխայիլ Սահակաշվիլիից: Ինչպես նաև Սահակաշվիլիի անձնական սխալը կլինի, եթե նա որոշի հեռանալ կուսակությունից: Սահակաշվիլին «Ազգային շարժման» հիմնադիրն է, և այսօր նա մեծ մասամբ կուսակցական բրենդի կրողն է: Շատերին կարող է դուր չգալ այն, որ վրացական քաղաքականությունը բավականին անձնականացված է, սակայն տվյալ փուլում այն այդպիսին է:

Սակայն այդ ամենը չի նշանակում, որ Սահակաշվիլին պետք է «ֆյուրեր» լինի, որի յուրաքանչյուր հայտարարությունը պետք է «զգաստ» արած ընդունել: Նրա քաղաքական ուժն առաջին հերթին նրա ստեղծած թիմի մեջ է, իսկ այդ թիմի ուժը չափվում է նաև նրանով, որ այն կազմված է անկախ մտածողության ունակ մարդկանցից:

Ինչ վերաբերում է նրան, որ Օդեսայի մարզպետ լինելն ու կուսակցության գործունեություն ղեկավարելն անհամատեղելի են: Այո, դա այդպես է, քանի որ իրավաբանական, քաղաքական և լոգիստիկ խնդիրներ են առաջ գալիս: Այդ երկու գործառույթները համատեղելը խնդիրներ է ստեղծում Սահակաշվիլիի գործունեության համար ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Վրաստանում նրա քաղաքական ապագայի համար: Սակայն այսպիսի խոստովանությունը ոչ մի դեպքում չի նշանակում Սահակաշվիլիից հեռանալ:


Կարդալ ավելին JAMnews-ում