Երևանն ու Հայաստանի ևս երկու շրջան ամբողջությամբ անցնում են ներառական կրթության, թեև չլուծված խնդիրները դեռ շատ են։ Պատմում ենք այդ ճանապարհին ունեցած ձախողումների և հաջողությունների մասին" />

Միասին՝ մեկ դպրոցում․ սովորականներն ու առանձնահատուկները

Երևանն ու Հայաստանի ևս երկու շրջան ամբողջությամբ անցնում են ներառական կրթության, թեև չլուծված խնդիրները դեռ շատ են։ Պատմում ենք այդ ճանապարհին ունեցած ձախողումների և հաջողությունների մասին

Մինչև 2022թ-ը Հայաստանի ողջ կրթական համակարգը ներառական հիմքի վրա դնելու պլան կար։ Սակայն երկրում բազմամակարդակ ստուգումից հետո որոշվել էր հետաձգել այդ քայլը՝ պարզվեց, որ շատ հարցեր կան, նաև դպրոցներն ու ուսուցիչները դեռ պատրաստ չեն։ Այժմ ողջ երկրի 1450 դպրոցների միայն հինգերորդ մասն է ներառական կրթության անցել։ Ընդ որում, աշակերտների ծնողներն ու փորձագետներն այստեղ էլ բազմաթիվ չլուծված խնդիրներ են տեսնում։

«Դպրոցը լավ է, որովհետև լիքը ընկերներ հիմա ունիմ, իրանք ինձի կսիրեն: Դասատուներս ու ընկերներս կօգնեն օր սայլակովս մտնիմ դասարան: Շատ կսիրեմ մեր դպրոցը»,– ասում է Գյումրիի թիվ 7 դպրոցի աշակերտ Էդուարդ Թորոյանը:

Նա մանկական ուղեղային կաթվածի հետևանքով հենաշարժողական համակարգի ու խոսքի խնդիրներ ունի: Բայց նրա ծնողներին համառ աշխատանքի շնորհիվ, տարիների ընթացքում հաջողվել է լուրջ առաջընթացի հասնել:

Էդուարդի մայրը հիմա հիշում է. իր որդին առաջիններից էր, որ 9 տարի առաջ սայլակով կարողացավ մտնել դպրոց ու սովորել: Հայաստանի շրջաններում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար տարիներ առաջ հանրակրթական դպրոցները անհասանելի էին:

2005թ. արդեն ընդունվել էր օրենք ներառական կրթությական համակարգի անցնելու մասին: Սակայն դեռ շատ չէին դպրոցները, որոնք հարմարեցված էին հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար:

Շիրակի մարզում դպրոցները սկսեցին հարմարեցնել 2012 թվականին: Բայց Էդուարդի մայրը դրանից մի քանի տարի առաջ էր որոշել, որ իր երեխան պետք է կրթություն ստանա: Եվ չնայած նրա հաստատակամությանը մուտքը դպրոց այնքան էլ հեշտ չի եղել, ու մինչ այժմ էլ ամբողջ ընտանիքով շարունակում են հաղթահարել խոչընդոտները:

«Իմ երեխայի համար ուրիշ աշխարհ էր դպրոցը: Սկզբից երեխաները շատ զարմացած էին, տարակուսանքով էին նայում: Հետագայում սովորեցին, ընկերացան, հոգատար դարձան: Բայց ծնողները չսովորեցին, նրանք յուրահատուկ, զննող, քննող հայացքով կնայեն, մենք կկարծենք, թե այլմոլորակայիններ ենք: Մի անգամ էլ դեպք եղավ, որ էրեխեն մորը կհարցնե. «Մամա, էս էրեխեն ինչի՞ է սայլակով»: Մայրն էլ անտարբեր ու բարձր արտահայտվավ, թե էս էրեխեն հիվանդ է: Ես շատ վատ զգացի»,– պատմում է Օֆելյա Թորոյանը:

Նա հպարտանում է, որ այսուհանդերձ հաջողվել է չկոտրվել ու շատերին հարմարեցրել իրենց:Իսկ Էդուարդն արդեն կարողանում է հայերեն, ռուսերեն կարդալ, անգլերենն է յուրացնում, իսկ վերջերս նաև կենսաբանության ու քիմիայի դասերին է մասնակցում:

Անցնող տարիների հետ որոշակի առաջընթաց է արձանագրվել, դպրոցում որոշակի պայմաններ են արդեն ստեղծվել: Բայց մինչև դպրոց դեռ հասնել է պետք:

Ինչպե՞ս հասնել դպրոց

Հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների ծնողների ամենամեծ մտահոգությունը երեխաներին դպրոց հասցնելն է:

Վահանն ամեն օր դպրոց է ուղևորվում քայլակի օգնությամբ: Փողոցի ամեն մի փոս ու անհարթություն օգնում է շրջանցել մայրը: Իսկ մայթերը Հայաստանի երկրորդ քաղաք Գյուրիում բարեկարգ չեն:


«Գյումրիում ոչ թե թեքահարթակներ են, այլ դիքահարթակներ, էնպես թեք են, օր սայլակով անցնիս գլուխկոնծի կուդաս, ձևական մայթի երկու քարը թեք են դրել, բայց ավելի վտանգավոր են դարձրել, քան մատչելի»,
– ասում է Վահանի մայրը՝ Քրիստինեն:Թեքահարթակներ կան, բայց այնպես են կառուցված, որ սպորտսմեններն էլ չեն կարողանա սայլակով օգտվել դրանցից:

Նա բողոքում է նաև, որ Գյումրիում հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար, նրանց կարիքներին հարմարեցված հանրային տրանսպորտ չլինելու պատճառով, ստիպված տաքսի ծառայությունից են օգտվում: Ամեն օր մոտ 1000 դրամ գումար է պահանջվում, ինչն իր ընտանիքի համար մեծ ծախս է:

Պետության ծախսերը

Ներառական համակարգում սովորող երեխայի համար պետությունը դպրոցին հատկացնում է 4-5 անգամ ավելի շատ գումար: Ամեն աշակերտին տրվող մոտ 100 հազար դրամի փոխարեն հաշմանդամություն ունեցող երեխայի կարիքները հոգալու համար տրվում է 400-500 հազար դրամ: Այս գումարից դպրոցը վճարում է այդ երեխաների հետ աշխատող հատուկ մասնագետների աշխատավարձը, նաև աշակերտին սնունդ է հատկացնում ու ճանապարհածախս տալիս:

«Օրենքը հատկացնում է 200 դրամ ճանապարհածախս: Գիտենք, որ այդ գումարով ծնողները չեն կարողանում երեխաներին դպրոց հասցնել: Բայց մենք չենք կարող ավելին տալ: Չենք կարող նաև մյուս երեխային, որն ունի ընդամենը լսողության հետ կապված խնդիրներ, քիչ գումար հատկացնել ու փոխանցել հենաշարժողական խնդիրներ ունեցողին:

Ուզում ենք գրանտային ծրագրով ու մեր ներդրումով ավտոբուս ձեռք բերել, որ մենք օգնենք հասցնել երեխաներին դպրոց: Թեև հասկանում ենք, որ մեկ դպրոցով և մեկ ավտոբուսով բուն խնդիրը չի լուծվի»,– մտահոգված պատմում է Գյումրիի թիվ 7 դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը:

Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը, այս խնդիրը ոչ թե կրթական, այլ սոցիալական խնդիր է համարում: Ասում է, որ այժմ քննարկում են համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Առաջարկում են, որ ըստ երեխայի կարիքի գումար տրամադրվի և սոցիալական ապահովության նախարարությունը ևս ներգրավվի ծնողներին աջակցելու գործում:

Բացահայտվել են ներառական կրթության ստվերային կողմերը

Հաշմանդամություն ունեցող երեխաների համար դպրոցին ավելի շատ գումար հատկացնելը պատճառ դարձավ, որ որոշ դպրոցներ թեթև առողջական խնդիրներ ունեցող երեխաներին ընդգրկեն ներառական կրթության համակարգում: Մեծ թիվ սկսեցին կազմել հուզակամային խնդիրներ ունեցող երեխաները:

Ծնողների մի մասն իրենք էլ էին շահագրգիռ, քանի որ երեխային հատկացվող օրական սնունդը օգնություն էր սոցիալապես անապահով ընտանիքների համար: Աշակերտի փաստաթղթերում գրվում էր թեթև խնդիր՝ գերակտիվ կամ ներփակված:

«Այժմ այդ հուզակամային կատեգորիան դուրս է եկել հիվանդությունների ցանկից, որոշ փոփոխություններ են կատարվել նաև տեսողական ու լսողական խնդիրների դեպքում՝ ավելի խստացվել են պայմանները: Օրինակ, կարճատեսության շատ փոքր աստիճանի դեպքում, երեխան ներառական կրթություն ստացողների ցուցակի մեջ չի ընդգրկվում»,– ասում է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ ՀրայրԿարապետյանը:

Գյումրիի երկու դպրոցներում ստուգումներ էին կատարվել և խախուտիմներ էին հայտնաբերվել: Արդյունքում քրեական գործեր հարուցվեցին: Պարզվել էր, որ ներառական համակարգի երեխաներին 697-780 դրամ արժողությամբ սննդի փոխարեն բաշխել էին մոտ 200 դրամ արժողությամբ սննդի ծանրոցներ, իսկ պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը՝ մոտ 11 միլիոն դրամ խաբեությամբ հափշտակվել էր:

Նոր հեռանկարներն ու հին դժվարությունները

Երբ ողջ կրթական համակարգն ամբողջությամբ անցնի ներառականության, կմնա հատուկ դպրոցների սահմանափակ քանակ, որտեղ կրթություն կստանան շատ ծանր առողջական խնդիրներով երեխաները։ 2019թ-ին պլանավորվում է ամբողջությամբ անցնել ներառական կրթության մայրաքաղաքում և երկու շրջաններում՝ Շիրակում և Արագածոտնում։

Այժմ Շիրակի մարզում գործող 148 դպրոցներից 24-ում ներառական կրթություն է իրականացվում:

Սակայն դեռ անլուծելի է մնում մեկ հարց. ոչ բոլոր դպրոցներն են ապահովված նեղ մասնագետներով: Շիրակի մարզում մի շարք դպրոցներում թափուր են մնացել հատուկ մանկավարժների ու լոգոպեդների հաստիքները:   

«Հատկապես աուտիզմ ախտանիշ ունեցող ու խոսքային խնդիրներով երեխաների համար նեղ մասնագետների կարիքը շատ կարևոր է: Խոսքի բացակայության պատճառով ու հուզական վիճակի հետևանքով երեխաներ կան, որ, օրինակ, անձրևի ձայնից կարող են լացել: Կավիճի ու գրատախտակի ձայնը կարող է ազդել, լարվածություն ու նյարդային խնդիրներ առաջացնել նրանց մոտ: Իսկ խոսքային խնդիրներ ունեցողների հետ անհրաժեշտ է լոգոպեդը աշխատի, այլապես վիճակը կարող է վատթարանալ»,– բացատրում է հոգեբան Արմինե Հովհաննիսյանը:

Հատուկ մանկավարժների ու լոգոպեդների կարիքը մեծ է: Ու խնդիրը լուծելու հեռանկարներ չեն նշմարվում, քանի որ այս մասնագիտություններով կրթություն հանրապետությունում ապահովում է միայն մեկ բուհ:  


Կարդալ ավելին JAMnews-ում