Դեղերի վաճառքի նոր կարգը բուռն քննադատության արդյունքում մեղմացվեց, որպեսզի մարդիկ համացանցում դեղատոմսեր վաճառողներին չդիմեն " />

Միայն դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկը Հայաստանում ժամանակավորապես կկրճատվի

Դեղերի վաճառքի նոր կարգը բուռն քննադատության արդյունքում մեղմացվեց, որպեսզի մարդիկ համացանցում դեղատոմսեր վաճառողներին չդիմեն

Դեղերի վաճառքի նոր կարգը Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել:  Կառավարության որոշման համաձայն մարտի 1-ից որոշ դեղերի գնման համար բժշկի դուրս գրած դեղատոմսը պարտադիր է: Դեղատան աշխատակիցը առանց դրա առկայության իրավունք չունի վաճառել հակավարակային, հակաբիոտիկ և հորմոնալ բնույթի դեղամիջոցներ, հակառակ դեպքում՝ կենթարկվի պատասխանատվության:

Փոփոխությունը առաջացրել է հանրության դժգոհությունը: Համացանցում արդեն հայտնվել են պատրաստի դեղատոմսեր, որոնք վաճառվում են 5000 դրամով:

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է. մարդիկ զբաղվում են ինքնաբուժությամբ, սխալ դեղեր են օգտագործում՝ առանց հետազոտություններ անցնելու, առանց հսկողության:

Իսկ բնակիչները հակադարձում են՝ հայաստանյան առողջապահական համակարգը տարիներ շարունակ միայն «շորթել է իրենց», հետազոտությունների համար մեծ գումարներ պահանջել, իսկ հիմա ամեն անգամ ճնշման տատանում ունենալու պարագայում մարդը չի գնա բժշկի ու գումար չի տա դեղատոմս ստանալու համար:

Մինչ այս բնակիչները ցավազրկող կամ հարբուխի դեմ դեղ գնելուց առաջ զանգահարում էին ընտանեկան բժշկին, խորհրդակցում նրա հետ ու դեղատնից առանց որևէ մեկի թույլտվության գնում այն:

Ահա մարդկանց կարծիքներն ու սոցիալական կայքերում արված մեկնաբանություններից մի քանիսը.

«Կոռուպցիոն ռիսկերը մեծացրին: Դուռը ծեծել մտնելու համար մուտքից 5000 դրամ են վերցնում, հետո նոր հարցնում են, թե ինչի ես եկել: Թող զբաղվեն այս հարցով, որ ամեն մտնել-դուրս գալուց միայն փող չուզեն»:

«Հիմա ես եմ, գիշերը վատանում եմ օրինակ, ի՞նչ անեմ, սպասեմ մինչև առավոտ, որ գնամ ընկնեմ բժիշկների դռները, որ ինձ մի հատ թուղթ տան, որ դեղ առնե՞մ: Բա որ գիշերը մեռնե՞մ»:

«Ես հանգստյան օր չունեմ, ժամանակ չունեմ, գլուխս ցավում է, ի՞նչ անեմ, ո՞նց հասցնեմ գնամ բժշկի՝ դեղատոմս վերցնեմ»:

«Հիմա հերթերներ էլ կմեծանան պոլիկլինիկաներում: Լուրջ հիվանդը հերթում կնստի ու կսպասի մինչև խրոնիկ հիվանդներին դեղատոմս դուրս գրեն»:

Որոշ բժիշկներ կիսում են բնակիչների մտահոգությունը՝ նշելով, որ դեղերի գնման արգելքն առանց դեղատոմսի պետք է սահմանվի ոչ թե ջերմիջեցնողների կամ ճնշման դեղերի, այլ լուրջ հիվանդություններ բուժող դեղերի վրա: Միաժամանակ նրանք, իհարկե, ասում են, որ ցանկալի է բժշկի հետ խորհրդակցել ցանկացած դեղ ընդունելուց առաջ:

Հանրային ընդվզումը մեղմելու համար Հայաստանի կառավարությունը որոշեց մասնակիորեն կասեցնել դեղատոմսով դեղեր վաճառելու մասին ընդունված որոշումը:

«Նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ դարձավ, որ միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվեց աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Սա նշանակում է, որ դեղատոմսով գնվող դեղերի ցանկն առայժմ կկրճատվի, բայց ամբողջապես չի չեղարկվի և գնման արգելքն առանց բժշկի թույլտվության կգործի աստիճանաբար՝ ըստ առողջապահության նախարարության հրապարակած հետևյալ ժամանակացույցի.

2018 թվականի մարտի 1-ից դեղատոմսով բաց են թողնվելու հակավարակային դեղերը (hակաբակտերիային, hակասնկային, hակամիկրոբակտերիային, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր);

2018 թվականի հուլիսի 1-ից՝ ներարկման համար նախատեսված դեղերը;

2018 թվականի հոկտեմբերի 1-ից՝ բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր:

Առողջապահության նախարարությունից հավաստիացնում են նաև, որ խրոնիկ հիվանդություններ ունեցողներին պետք չի լինի անընդհատ դիմել բժիշկներին, նրանց կտրվի բազմակի օգտագործման դեղատոմս:


Կարդալ ավելին JAMnews-ում