«Ժամանակն իր տեղը դրեց ամեն ինչ, հայրս հասկացավ, որ երեխա ունենալն անբարոյականություն չէ»" />

Միայնակ մայրեր․ նրանք համարձակվել են խախտել հայկական ավանդույթները

«Ժամանակն իր տեղը դրեց ամեն ինչ, հայրս հասկացավ, որ երեխա ունենալն անբարոյականություն չէ»

Նունեն ու հայրը

Նունե Կիրակոսյանը 35 տարեկան էր, երբ որոշեց երեխա ունենալ առանց ամուսնանալու։ Նա հասկանում էր, որ դա դեմ է հայկական ավանդույթներին և շատ անսովոր շրջապատի համար։ Բայց Նունեն իրականացրեց իր որոշումը։ Նրա աղջիկը՝ Նարեն, արդեն 11 տարեկան է։

«Տաս տարի առաջ ավելի դժվար էր նման քայլի գնալը, բայց ես մինչև վերջ պայքարեցի։ Երբ հղի էի, ու երբ տանը երևէ մեկը խոսում էր, աղջիկս դեռ չծնված ներսումս արձագանքում էր իր շարժումներով։ Բայց հենց հայրս էր խոսում, դադարում էր շարժվել, ու ներսումս լռություն էր տիրում։ Դեռ չծնված զգում էր, որ  հայրս դեմ է իր ծննդին», – պատմում է Նունեն։

Սկանդալային պատմություն. կինը պնդում է, որ իր երեխային վաճառել են, և պահանջում է վերադարձնել

• 14 երեխա ընտանիքում՝ տեսանյութ Հայաստանից

Երեխա՝ ուրիշի համար. փոխնակ մայրությունը Հայաստանում

Նա ամուսնացել է 25 տարեկանում, սակայն մի քանի տարի անց  ամուսնալուծվել ու վերադարձել է հայրական տուն։ Այստեղ շարունակել է կրթությունը, ձեռք բերել տնտեսագետի մասնագիտություն, կայացել ու ինքնուրույն դարձել։ Եվ այդ ընթացքում մշտապես մտածել է երեխա ունենալու մասին։

«Արդեն 32 տարեկան էի, հասկանում էի, որ ժամանակն անցնում է։ Հիմնական խնդիրը հայրս էր։ Մի  անգամ նրան ասացի. «Պապ, եթե ես  երեխա ունենամ, դու դրանից վատ կզգա՞ս»։ Հեգնանքով պատասխանեցիհարկե ոչ, դեռ մի բան էլ ավելին, գլուխը բարձր ման կգա, դրոշակով։ «Պապ, – ասացի, – ես ամեն տարիքում կարող եմ ամուսնանալ, 40-ում, 50-ում, անգամ 60-ում, բայց այդ տարիքում չեմ կարող երեխա ունենալ»։ Ու զգուշացի, որ, եթե հղիանամ, ունենալու եմ», – պատմում է Նունեն։

Հոր հետ խոսակցությունից մեկ տարի անց Նունեն հղիացավ։ Հղիության երրորդ ամսում կրկին խոսեց հոր հետ։ Այս զրույղցից հետո հայրն ընդհանրապես դադարեց շփվել նրա հետ։

«Մեկ տարի, հինգ ամիս չշփվեց հետս։ Մայրս և եղբայրս հեշտությամբ ընդունեցին իմ քայլը։ Աղջիկս  մեծանում էր, հայրս շարունակում էր լռել։ Ավելի ուշ իմացա, որ երբ տանից դուրս եմ գալիս, մոտենում է Նարեին, սիրում, անգամ օրորում։ Ժամանակն իր տեղը դրեց ամեն ինչ, նա հասկացավ, որ երեխա ունենալն անբարոյականություն չէ», – պատմում է Նունեն։

Ասում է, որ ճանաչում է քառասունին մոտ շատ կանանց, ովքեր երկմտում են, գնա՞լ այդ քայլին, թե՞ ոչ, շատերը կուլ են գնում միջավայրին, շրջապատին, բարքերին՝ ի՞նչ կասեն բարեկամներն ու հարևանները։

Սոնան երբեք չէր ուզում ամուսնանալ

39-ամյա Սոնա Բադալյանի տղան արդեն երկու տարեկան է։ Նրա  կարծիքով, շատ կանայք հենց իրենք են կաշկանդում իրենց, հիմնավորելով դա ծնողների և հասարակության վերաբերմունքով։

«Ընդամենը չեն կարողանում որոշումը կայացնել։ Պետք է հստակ որոշեն գնում են արհեստական ճանապարհով, թե ունենում են ընկերոջ հետ հարաբերությունների արդյունքում։ Մնացած հարցերը տարիքային այդ խմբի կանանց համար սովորական գործնական քայլերն են», – ասում է Սոնան։

Իր մասին պատմում է. երբ հիշողությամբ հետ է գնում, հասկանում է, որ երբեք չի ցանկացել ընտանիք ունենալ։ Սեփական մտապատկերում մշտապես վիզուալացրել է միայն իրեն ու երեխային, առանց տղամարդու։

«Չգիտեմ էգոի՞զմ է, թե՞ ինչ, բայց ինձ շատ անգամներ եմ բռնել այդ մտքի վրա: Ու ինչ ես երազել եմ, տիեզերքը դա է ինձ վերադարձրել։ Ես այդ քայլին պետք է գնայի։ Ես չեմ էլ մտածել շրջապատի մասին, իմ  գենպլանն ավելի մեծ էր, կարևոր ու հզոր։ Ինձ համար անգամ տարօրինակ է, որ կանայք հենց մտածում են այս տարբերակով երեխա ունենալու մասին, առաջինը հիշում են, թե ինչ են իրենց մասին մտածելու։ Նախ մարդն ինքն իրեն պետք է սիրի։ Կանայք պետք է իրենց մասին մտածեն։

Հղիության ընթացքում երբևէ գլուխս կախ չեմ քայլել, չեմ կաշկանդվել, քանի որ որևէ մեկի կյանքի ու անձնական հաջողությունների հաշվին չեմ գնացել այդ քայլին», – ասում է Սոնան։

Տղայի ծննդից հետո նա նկատել է, որ ընկերներն ավելի են սկսել իրեն գնահատել, իր ինքնագնահատականն էլ է բարձրացել։ Սակայն այս ամենին զուգահեռ Սոնան չի կարողացել խուսափել ընտանեկան խնդիրներից։ Երեխա ունենալու փաստը ծանր են տանում նրա ծնողները, մինչ օրս Սոնայի հետ չի շփվում եղբայրը։

«Ասում են, որ այդ որոշումներն էգոիստաբար եմ ընդունել, իրենց հետ նախապես չեմ քննարկել, խնդրել՝ թույլ կտա՞ն, որ ես իմ կյանքը փոխեմ։ Ես իրենց ասում եմ նույնըորևէ մեկդ ձեր կյանքը փոխելիս ինձ հետ խորհրդակցե՞լ եք։ Կամ ես պնդե՞լ եմ, որ ինձ հետ համաձայնեցնեք։ Ամեն մարդ անհատականություն է իր կյանքով», – ասում է Սոնան։

Ւնչպե՞ս համարձակվել

40-ամյա Էմմա Սարգսյանը խոստովանում է. հինգ տարի է ինքն իրեն նախապատրաստում է երեխա ունենալուն։

«Երբ ավելի երիտասարդ էի, հենց մտածում էի երեխա ունենալու մասին, ինքս ինձ ասում էի. «Նման բան երբեք չեմ անի առանց ամուսնանալու»։ Բայց ժամանակն ու տարիքը օգնում են այդ որոշմանը հասնել։ Ամենակարևորը դու պետք է  հոգեբանորեն պատրաստ լինես, այդ դեպքում կողմնակի բոլոր խոսակցությունները մղվում են երկրորդ պլան», – ասում է Էմման։

Սոնան էլ նշում է, որ շատերն են իրեն այցելում, որպեսզի ուժ հավաքեն ու գնան այդ քայլին․

«Ես ասում եմ, կարևորը որոշումը կայացնելն է։ Ես հիմա հաղթանակ տարածի դիրքերից չեմ խոսում։ Պարզապես ասում եմ. պետք  է վճռական լինել։ Չեն ուզում որևէ մեկից ունենալ, թող արհեստական բեղմնավորմամբ հղիանան, բայց անգամ դրանից են կոմլեքսավորվում»։

Բժիշկների օգնություն

Վերարտադրողականության «Fertility center» կենտրոնում տարեկան մի քանի տասնյակ կին արհեստական բեղմնավորմամբ մայր են դառնում՝ առանց ամուսնանալու։

Կենտրոնի տնօրեն, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Էդուարդ Համբարձումյանը ասում է, որ վերջին շրջանում իրենց դիմող այս խմբի կանանց թիվն աճել է։ Իսկ տաս տարի առաջ եզակի կանայք էինք իրենց դիմում, և դա համարվում էր «հերոսական կամ ողբերգական քայլ»․

«Հարցն այլևս չեն քննարկում տատ ու պապի հետ, բոլորից համաձայնություն ստանում, այլևս այս շրջանակներից դուրս կինը ինքը կարող է որոշում կայացնել»։

Վերարտադրողականության կենտրոնի տնօրենի խոսքով, իրենց դիմում են հիմնականում 40-45 տարիքային խմբի կանայք։ Մասնագետը խորհուրդ է տալիս ավելի վաղ դիմել, քանի որ 44 տարեկանը կնոջ վերջին վերարտադրողական տարիքն է։ 45 տարեկան կնոջ մոտ վերարտադրողական ֆունկիցան օֆիցիալ համարվում է ավարտված։

«Եվ նույնիսկ մեր բարձրագույն օժանդակ տեխնոլոգիաներով մենք այդ հնարավորությունը շատ անգամ չենք ունենում, քանի որ կնոջ ձվաբջիջներն այլևս չեն աշխատում։ Անգամ ստանալ կնոջ ձվաբջիջը արտամարմնային բեղմնավորման համար անհնար է լինում։ Եթե կինը ուշացնում է, մտածելով որ ծննդաբերում են անգամ 45-ում, 50-ում, դա իրականում կարող է իրենց դեպքը չլինել», – ասում է Էդուարդ Համբարձումյանը։

Ընտրության հնարավորուոթյուն

Կանայք իրականացնում են մայրության իրենց երազանքը, վճարելով տարբեր կենտրոններում 300-350 հազար դրամ ներարգանդային բեղմնավորման համար։ Ի դեպ, նրանց նաև ընտրության հնարավորություն է տրվում:

«Ոմանք նախընտրում են կապույտ աչքերով, բարձրահասակ երեխա ունենալ, կամ որ նման լինի իրենց երազած տղամարդուն, կամ՝ ում հետ ժամանակին հարաբերություններ են ունեցել», – ասում է Վերարտադրողականության կենտրոնի տնօրենը։

Էդուարդ Համբարձումյանի խոսքով, իրենք պահպանում են դոնորի գաղտնիությունը, չնայած Եվրամիության երկրներում այժմ այլ մոտեցում է ձևավորվում։ Այստեղ կարծում են, որ տասնութ տարին լրանալուց հետո երեխան պետք է իրավունք ունենա իմանալ, թե ով է եղել դոնորը։

Կանայք տղամարդկանցից շատ են

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը կարծում է, որ այս իրավիճակի ամենաակնառու պատճառը միգրացիան է: Տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի։ Իսկ միգրանտների 80 տոկոսը ակտիվ վերարտադրողական տարիքի տղամարդիկ են։

«Եթե դիտարկենք 20-40 տարեկանների խումբը, որը հանդիսանում է հասարակության ամենակտիվ վերարտադրողական տարիքի բնակչության մասը, ապա այստեղ մենք քառասուն հազար պակաս տղամարդ ունենք», – ասում է Ծովինարը Հարությունյանը։

Ըստ նրա, խնդիրը լուրջ է, քանի որ բազմաթիվ կանայք ընտանիք կազմելու սահմանափակումների առաջ են հայտնվում։ Եվ եթե այդ կանայք ցանկանում են մայրանալ, նրանք սկսում են դիտարկել նաև արհեստական բեղմնավորման ճանապարհը․

«Պետությունը պետք է ապահովի այն միջավայրը, պայմանները, որպեսզի կանայք, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, դառնալով միայնակ մայրեր, իրենց այդ իրավունքից օգտվեն։ Ինչը վերաբերում է բարեկեցությանը, այդ քայլին գնում են ֆինանսապես ապահովված, աշխատանք ունեցող կանայք։ Կարծրատիպերը կոտրելու համար պետությունը քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի այդ կանայք առանց թիրախավորվելու լիարժեք օգտվեն իրենց իրավունքից։ Մյուս կողմից էլ նրանց չպետք է դիտարկենք երեխա ունենալու մեքենա»։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Մհեր Մանուկյանը կարծում է, որ այս խնդիրը հաղթահարելու համար պետք է երկրում պայմանները բարելավվեն՝ այնքան, որ տղամարդիկ սկսեն հետ գալ․

«Սակայն բացի քանակական դիսբալանսից, կա նաև  կրթական ու որակական դիսբալանս։ Հետազոտություններ կան, որոնք ցույց են տալիս, որ կանայք սովորաբար ամուսնանում են ստատուսով իրենց հավասար կամ ավելի բարձր ստատուսով տղամարդկանց հետ։ Տղամարդկանց համար այդպես չէ, նրանք կարող են ամուսնանալ ցանկացած ստատուսով կնոջ հետ։

Այն կանայք, որոնք կայացել են, աշխատում են, ավելի քիչ հնարավորություն ունեն ընտրության։ Աղջիկներ կան երեսունն անց արդեն, քառասունին մոտ, որ, իրենց ասելով, չեն գտնում իրենց տղամարդուն։ Ոչ միայն քանակ չկա, այլև որակ, ի՞նչ անեն այս կանայք»։

«Ես կդիմեմ արհեստական բեղմնավորման»

Էմմա Սարգսյանը չի գտել իր կյանքի տղամարդուն։ Սակայն կայացել է, ունի սոցիալապես կայուն կարգավիճակ և կարող է իր ապագա երեխայի համար բարեկեցիկ կյանք ապահովել։

«Ես կդիմեմ արհեստական բեղմնավորման, կիմաստավորեմ կյանքս, կլցնեմ երջանկությամբ»,– ասում է նա։

Նունե Կիրակոսյանն էլ, որն արդեն անցել է այդ ճանապարհը, խորհուրդ է տալիս կանանց ապրել իրենց մեկ կյանքը իրենց համար, ոչ թե հոր, մոր, եղբոր կամ հասարակության։


Կարդալ ավելին JAMnews-ում