Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության նախարար Պաատա Զաքարեիշվիլին վերլուծում է իշխանությունում իր 4 տարվա աշխատանքը" />

Միակողմանի խաղաղ քաղաքականության համեստ արդյունքները մասին

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության նախարար Պաատա Զաքարեիշվիլին վերլուծում է իշխանությունում իր 4 տարվա աշխատանքը

Երբ ես համաձայնեցի զբաղեցնել հաշտեցման նախարարի պաշտոնը, բնականաբար, պատկերացում ունեի, թե ինչ է պետք անել երկրի համար, մասնավորապես՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակչության: Այն ժամանակ մտածում էի, որ եթե ստացվի այդ նախանշվածի 80%-ն իրականացնել՝ հիանալի արդյունք կլինի:

Այսօր, 4 տարի անց, գնահատելով իրավիճակը, տեսնում եմ, որ մոտ 30%-ն է իրագործվել: Սակայն դա կարելի է բավականին լավ արդյունք համարել:

Արդյունք առաջին. Պատերազմ չի լինի

Հիմնական արդյունքն այն է, որ մենք կոտրել ենք 25 տարվա պրակտիկան, երբ Թբիլիսին Ցխինվալիին ու Սուխումիին էր փոխանցում միայն մեկ մեսիջ. «Կլինի այնպես, ինչպես մենք կասենք»:

Հենց այդ քաղաքականությունը հանգեցրեց 2008թ-ին, բայց երբ քաղաքական գործիչը հաճախ է օգտագործում ռազմական հռետորաբանություն, նա դրա գերին է դառնում՝ ինքն իրեն խաղաղության հնարավորություն չթողնելով: Հենց այդպես պատահեց այն ժամանակվա «Ազգային շարժման» հետ: Նրանց թվում էր, թե այդպիսի հռետորաբանությամբ կարելի է վախեցնել հակառակ կողմին և սպառնալիքով լի հայտարարությամբ հաջողության հասնել:

Ռուսաստանը գերազանց օգտագործեց «Ազգային շարժման» ավանտյուրային և կամավորական քաղաքականությունն ու հասավ 2008թ-ի պատերաազմին: Որպես արդյունք՝ եղան օկուպացրած տարածքներ ու հետագայում՝ Ռուսաստանի կողմից դրանց անկախության ճանաչում:

Մենք կարողացանք կանգնեցնել այդ գործընթացը, որը կարելի է համեմատել սլացող գնացքի հետ: Մեր առջև այդ գնացքն այլ ռելսերի վրա դնելու խնդիր էր դրված, ինչն էլ հաջողեցինք:

Այսօրվա մեր մեսիջն այսպես է հնչում. լիովին բացառում ենք ցանկացած ռազմական գործողություն և թույլ չենք տա, որ արտաքին ուժերը (և նշանակություն չունի, թե որ) Վրաստանին ստիպեն իր տարածքում կրկին ռազմական գործողություններ սկսել:

Արդյունք երկրորդ. դե ֆակտո իշխանությունները պատրաստ չեն ադեկվատ արձագանքելու

Երկրորդ արդյունքը Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունների քաղաքականության փոփոխությունն է:

Վերջին 25 տարվա ընթացքում նրանք սովորել են վրացական ագրեսիվ հռետորաբանությանը և սովոր են պատասխանել նույն կերպ: Վրաստանի քաղաքականության փոփոխությունից հետո նրանք անզեն մնացին: Նրանք այլևս հնարավորություն չունեն խոսելու այն մասին, որ Վրաստանն ագրեսոր է: Եվ այդ ժամանակ պրոպագանդիստական մեքենան սկսեց աշխատել այն ուղղությամբ, որ իրենց բնակչությունը չիմանա Վրաստանի լավ կողմերի մասին:

Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունները վերահսկում են իրավիճակը, սակայն կախված են Մոսկվայից: Այնտեղից նրանց լեգիտիմացումը կապված է առաջին հերթին այն բանի հետ, որպեսզի իրենց բնակչությանը համոզեն, որ Ռուսաստանն իրենց համար լավագույն ընտրությունն է: Այդ պատճառով էլ տեղի է ունենում Աբխազիայի հետ վարչական տարածքի անցակետերի քանակի կրճատում, վրացերեն լեզվի հանդեպ լուրջ հարձակում է իրականացվում Գալի շրջանի դպրոցներում, կրճատվում են այդ շրջանի բնակիչների իրավունքները: Այս ամենը անհեռանկար պատասխան է Վրաստանի խաղաղ քաղաքականությանը:

Իսկ ի՞նչ կանենք մենք այդ իրավիճակում: Կդադարեցնենք խաղաղության քաղաքականությունն ու կանցնենք ագրեսիվ հռետորաբանությա՞ն: Թե՞ կշարունակենք ներկայիս խաղաղության հաջող քաղաքականությունը, քանի այնտեղ ակնհայտ արձագանք կա դրան:

Այսօր Ռուսաստանի ուժը միջազգային հարթությունում հավասար է իր ունեցած հրթիռների ու տանկերի քանակին: Մենք պետք է Ռուսաստանին հաղթենք այն զենքով, որը նա չունի: Իսկ դա ժողովրդավարությունն է, խաղաղությունը, անվտանգությունն ու զարգացումը: Այստեղ նա անզոր է: Ռուսաստանը պարտվում է ամենուր, որտեղ կա ժողովրդավարություն և խաղաղություն:

Այդպատճառով էլ մենք պարտավոր ենք համոզել Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքում ապրող բնակչությանը, որ խաղաղությունը վրացի ժողովրդի ընտրությունն է, առաջին հերթին այն պետք է հենց մեզ:

Արդյունք երրորդ. Թբիլիսին ավելի գրավիչ է դառնում Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների շրջանում

Իշխանությունում գտնվելու 4 տարիների ևս մեկ հաջողություն. եթե նախկինում Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքից Թբիլիսի կարող էին գալ հատուկենտ մարդիկ, ապա այժմ կարելի է խոսել այնտեղից մեզ մոտ եկող մարդկանց թվի զգալի աճի մասին:

Հիմնականում բուժվելու են գալիս: Սակայն գալիս են նաև գործարարներ, քանի որ Վրաստանի մնացած մասերում ապրանքն ու սնունդն ավելի էժան է, քան Սոչիում և Վլադիկավկազում, և այն կարելի է վերավաճառել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում:

Այս իրավիճակում կարող է աճել վրացի բնակչության նշանակությունը Գալի և Ախալգորի շրջաններում, որոնք կարող են միջնորդ դառնալ առևտրային փոխհարաբերություններում: Մենք ձգտում ենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի նրանց դադարեն վերաբերվել որպես «հինգերորդ շարասյունի»:

Մեզ համար շատ կարևոր է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքի բնակչությանն ասել, որ այնտեղ բնակվող վրացիներն այն բանի ապացույցն են, որ օսերն ու վրացիները, աբխազներն ու վրացիները կարող են հաշտ ապրել: Դա բացառիկ իրավիճակ է. Եվրոպայում ոչ մի կոնֆլիկտային գոտում՝ Կոսովոյում, Ղարաբաղում կամ Կիպրոսում, դիմակայության մեջ գտնվող ժողովուրդների ներկայացուցիչներ միասին չեն ապրում: Դա միայն մեզ մոտ է:

Գալի շրջանում շատ խնդիրներ կան, դրանց մասին պետք է խոսել, սակայն այն, որ վրացիներն ու աբխազները, վրացիներն ու օսերը շարունակում են կողք կողքի ապրել, խոսում է այն մասին, որ նրանք ավելի շատ ընդհանուր բաներ ունեն, քան բաժանող:

Արդյունք չորրորդ. երաշխավորված անվտանգություն

Աբխազիայում հաճախ են ասում, որ իրենց համար ամենագլխավորը ուժի չկիրառման մասին պայմանագրի ստորագրումն է: Դա ամենահեշտ բանն է: Ես՝ որպես պետնախարար, դեմ չեմ նման փաստաթղթի ստորագրմանը: Պարզապես այն կարող է ստորագրվել միայն այն բանից հետո, երբ նմանատիպ պայմանագիր կնքվի Ռուսաստանի և Վրաստանի միջև, քանի որ այնտեղ ռուսական օկուպացիոն ուժեր են կենտրոնացած:

Դա ակնհայտ է: Ահա մենք նման մի տեքստ ստորագրեցինք Աբխազիայի հետ, իսկ ռուսներն այնտեղ տեղակայված տանկերն ուղղեցին մեր դեմ: Եվ ի՞նչ, մենք ռուսական տանկերի դեմ ստորագրած փաստաթո՞ւղթն ենք դուրս բերելու:

Աբխազական և ռուսական, ինչպես նաև ռուսական և օսական կողմերի միջև նրանց զորքերի միավորման և ռազմական ենթակառուցվածքի համատեղ օգտագործման մասին մի քանի այսպես կոչված պայմանագրեր են ստորագրվել: Իսկ մե՞նք ում հետ պետք է պայմանագիր կնքենք: Մի՞թե նման իրավիճակում այն կողմը, որը նման փաստաթղթի ստորագրում է պահանջում, կարող է երաշխիքներ տալ մեզ:

Ընդորում Վրաստանն իր կողմից արել է ամեն ինչ: Վրաստանի նախագահը դեռևս 2011թ-ին Ստրասբուրգում հայտարարեց ուժի չկիրառման միակողմանի պարտավորության մասին: Իսկ 2013թ-ի մարտի 7-ին խորհրդարանը նմանատիպ բանաձև ընդունեց: Վրաստանը նաև Եվրամիության 27 երկրների հետ ասոցացման մասին համաձայնագիր է ստորագրել: Բոլորի հետ առանձին-առանձին: Եվ ամենուր նշված է, որ Վրաստանը ուժի չկիրառման պարտավորություն է իր վրա վերցրել:

Արդյունք հինգերորդ. Թբիլիսին զարգացման իրական հեռանկար է առաջարկում

Այսօրվա մեր օրակարգում խնդիր է դրված. խաղաղ ճանապարհով, առանց պատերազմի հետաքրքրել աբխազներին և օսերին միասնական պետությունում ապրելու հեռանկարով:

Խոսքը ֆեդերալիզմի մասին է: Դա իմ դիրքորոշումն է: Երբ մենք իշխանության եկանք, մեր ծրագրում ոչ մի տեղ նշված չէր ֆեդերալիզմի մասին: Սակայն ես դա ապագայի համար որպես միակ ելք եմ տեսնում:

Իմ կարծիքով, ֆեդերալիզացիան չի շրջանցի Վրաստանը: Այս երկիրը շրջանների պետություն է՝ Քարթլի, Կախեթի, Իմերեթի և այլն: Ռեգիոնալիզմը մեր գեներում է:

Բացի այդ, մենք շարժվում ենք դեպի Եվրոպա, որտեղ կարևորագույն հարցերից մեկն ազգային անջատողականությունն է: Այս խնդիրը կա Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Բալկանյան երկրներում, Իսպանիայում, Կիպրոսում և այլ երկրներում: Ակնհայտ է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում Եվրոպան պետք է նոր քաղաքականություն ձևավորի, և այդ քաղաքականությունն իշխանության ապակենտրոնացման, այլ ոչ թե կենտրոնացման ուղությամբ է լինելու:

Մենք ընկերներով դեռևս 2003թ-ին հայեցակարգ ենք մշակել, որտեղ բոլոր այդ բարդ հարցերը մանրամասն նկարագրված են: Իմ աբխազ ընդդիմախոսներն այսօր մեզ ասում են, որ արդեն ուշ է խոսել այդ հայեցակարգի մասին: Սակայն ես անկեղծ կարծում եմ, որ ոչ միայն ուշ չէ, այլ նաև դեռևս դրա ժամանակը չի եկել: Հայեցակարգը չափազանց վաղ է գրվել: Ասացվածք կա՝ այդ գնացքը գնաց: Այսպես, այդ գնացքը նույնիսկ կայարանից դուրս չի եկել:

Խոսքը գնում է ասիմետրիկ ֆեդերալիզմի մասին՝ տարբեր շրջանների համար տարբեր իրավասություններով, օրինակ ինչպես Մեծ Բրիտանիայում է: Նման օրինակներ կարելի է գտնել Գերմանիայում, Իսպանիայում և այլ զարգացած երկրներում:

Ի՞նչ իրավասություններ կարող են տրվել Աբխազիային, դա կարող է պարզվել բանակցությունների ընթացքում: Դա այն է, ինչ Վրաստանը տեսականորեն կարող է առաջարկել աբխազ հասարակությանը:

Եկեք այժմ նայենք, թե ինչպիսի մոդել է այսօր առառջարկում իր հասարակությանը Աբխազիայի ղեկավարությունը: Դա փոքրամասնությունների համար սեփական լեզվով սովորելու սահմանափակումներ են, փակ ճանապարհներ, սեփականություն ունենալու սահմանափակումներ: Ո՞ւմ դուր կգա նման «պետությունը»:

Իմ առաջարկը աբխազներին հետևյալը կլիներ. եկեք ուղղակիորեն քննարկենք բոլոր ձեր վախերն ու գործելու վերաբերյալ միասին ձեռնարկ գրենք, որը և մեզ, և ձեզ համար ընդունելի կլինի: Լավագույն օրինակը Գալի շրջանն է: Սա այն վայրն է, որտեղ Թբիլիսին չի կարող կառավարել իրավիճակն առանց Սուխումի, սակայն Սուխումն էլ այդ իրավիճակին լուծում չի կարող տալ առանց Թբիլիսիի: Ինչո՞ւ միմյանց համար խնդիրներ ստեղծել: Մի՞թե ավելի լավ չէ բանը հասցնել ոչ թե փոխադարձ զայրույթի, այլ միմյանց շահերի փոխադարձ պահպանման:

Մեր բոլորի շահերից է բխում միասին աշխատելը: Օրինակ, նայենք, թե ինչպես են սովորում Շվեյցարիայում: Այդ երկրում 4 պետական լեզու կա: Ինչպե՞ս են երեխաները սկսում սովորել առաջին դասարանում: Ինչպե՞ս են անցում կատարում այլ լեզուների: Ներդնենք արտասահմանյան մոդելը Գալի շրջանում:

Այլ հարց է ազատ տեղաշարվելը: Ես Աբխազիայի ցանկացած բնակչի կարող եմ ասել. չէ՞ որ ռուսական անձնագիր ունենալը քեզ համար չի նշանակում Աբխազիայի անկախությունից հրաժարվել: Այսպես, վրացական անձնագիրը քեզ համար միայն հումանիտար նշանակություն ունի: Մենք ձեզ տեղաշարժվելու ազատություն ենք առաջարկում՝ առանց որևէ քաղաքական պայմանների:

Արդյունք վեցերորդ. աբխազական և օսական կողմերի հետ ուղիղ կապ չկա

Շատ հարցերի լուծում կարելի է գտնել, եթե փնտրել դրանք: Սակայն նախարարի պաշտոնում անցկացրած այս 4 տարիների ընթացքում Աբխազիայի և ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ երբեք ոչ մի ուղղակի հարց չի տվել ինձ:

Ժնևյան ձևաչափը վրաց-ռուսական ձևաչափ է, որտեղ ռուսական կողմի հետ այդ թվում քննարկկում է նաև աբխազական և հարավօսական թեմատիկան: Մենք ունենք մեր հաշիվները Ռուսաստանի հետ: Այնպես, ինչպես աբխազները հաշիվներ ունեն մեզ հետ: Եվ մի՞թե աբխազներն ու օսերը չեն ուզում մեզ հետ զրուցել առանց Ռուսաստանի կամ այլ երկրի: Դուք խնդիրներ ունեք, չէ՞, մեզ հետ: Ինչո՞ւ դրանք չքննարկել: Ես, օրինակ, ուզում եմ խոսել աբխազների և օսերի հետ առանց ռուսական ներկայացուցիչների:

Ի՞նչ են մտածում Աբխազիայում, որ Ռուսաստանը թույլ կտա, որ իրենք իրապես անկախ լինեն: Ես դրան չեմ հավատում: Մեծ կասկածներ ունեմ, որ Ռուսաստանը բաց չի թողնի սևծովյան ափը և հազիվ թե Աբխազիային օգնի անկախություն ձեռք բերել: Ղրիմի օրինակն Աբխազիայի համար պետք է խորհրդանշական լինի:

Որպես էթնոս գոյատևելու աբխազների շանսերն ավելի մեծ են Վրաստանում, քան Ռուսաստանում: Ներողություն եմ խնդրում, սակայն ամեն ինչ հենց այդպես է. նրանք չեն կարող անկախություն ստանալ: Աբխազիայի ընտրությունը միայն Վրաստանի և Ռուսաստանի միջև է: Եվ նրանք պետք է մտածեն սեփական շահերի մասին և տեսնեն, որ այդ ընտրության մեջ միջազգային չափանիշներն իրենց համար Վրաստանի կողմում են: Իսկ Ռուսաստանին ընտրելու դեպքում՝ ոչ իրական և վաղանցիկ: Նրանք կամ կկորցնեն թանկարժեք ժամանակն՝ անօգուտ սպասելով կամ պետք է սկսեն Վրաստանի հետ սակարկել: Իսկ Ռուսաստանի հետ սակարկելն անհնար է:

Այդ պատճառով էլ կարծում եմ, որ աբխազ ժողովուրդն այսօր կանգնած է ռազմավարական և նույնիսկ  հրամայականի առջև: Վրաստանը 10-15 տարվա ընթացքում ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ կդառնա: Վրաստանն ամեն դեպքում հաջողակ ժողովրդավարական պետություն կմնա: Ինչպես և Ռուսաստանը կշարունակի տարածաշրջանում առաջնորդ երկիր լինել: Իսկ Աբխազիան ի՞նչ հեռանկարներ ունի: Ո՞ւմ շահերից է բխում Աբխազիայի անկախությունը:

Վրաստանում շուտով հերթական ընտրություններ են: Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը «Վրացական երազանքինն» է կրկին լինելու, և խաղաղության քաղաքականությունը չպետք է փոխվի: Հետևաբար աննախադեպ քառամյա խաղաղության քաղաքականությունը կշարունակվի ևս 4 տարի: Իսկ խաղաղության քաղաքականության 8 տարին արդեն լուրջ հիմք է ռազմավարական փոփոխությունների համար:

Այն հարցին, թե ինչի է պատրաստ Վրաստանն աբխազ և հարավօսական հասարակությունների համար, այսպիսի պատասխան ունեմ. մենք պատրաստ ենք երկկողմանի հանդիպումների և ցանկացած հարցի բոլոր մանրամասների քննարկմանը:

Հեռուստացույցով ելույթ ունենալու և ոչ հավաստի տեքստեր հրապարակելու միջոցով շփումը պետք է դադարի:

Պաատա Զաքարեիշվիլի, saqinform.ge

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:

Հրապարակվել է 30.05.2016


Կարդալ ավելին JAMnews-ում