Նրանք մեծ ընտրություն չունեն. պետական աջակցության ծրագիրը չի գործում: «Մեր տունը» կազմակերպությունը փորձում է իր հնարավորությունների սահմանում օգնել երիտասարդներին " />

Ինչ խնդիրների առաջ են հայտնվում մանկատների սաները Հայաստանում չափահաս դառնալուց հետո

Նրանք մեծ ընտրություն չունեն. պետական աջակցության ծրագիրը չի գործում: «Մեր տունը» կազմակերպությունը փորձում է իր հնարավորությունների սահմանում օգնել երիտասարդներին

Սուրճի գայթակղիչ բուրմունքը տարածվել է երկհարկանի տան խոհանոցով մեկ: ճերմակ բաժակները լցվում են սուրճով, որից հետո խոհանոցի մի անկյունում հավաքված աղջիկները մեկ գավաթ սուրճի շուրջ զրուցում են աշխարհից, կյանքից, սեփական ճակատագրից ու հետագա անելիքներից:

Նրանց բոլորի կյանքն անցել է Հայաստանի տարբեր մանկատներում: Իսկ 18-ը լրանալուց հետո  աղջիկները ստիպված են եղել հավաքել իրերն ու դուրս գալ մանկատնից: 

«Մեզնից շատերը որևէ տեղ չուներ գնալու, մնում էր դուրս գալ փողոց՝ և այնտեղ ապրել», – ասում է 25-ամյա Մարգարիտա Գրիգորյանը: Նա արդեն չորս տարի է, ինչ ապրում է այստեղ:

«Մեր տունը» կազմակերպությունը մեկ հարկի տակ է հավաքել և փորձում է օգնել մանկատների շրջանավարտ աղջիկներին: Նրանք կարող են ապրել այստեղ, այս տանը՝ Էջմիածնում, Երևանից 20 կմ հեռավորության վրա, որտեղ գտնվում և գործում է կազմակերպությունը: Աղջիկները կարող են սովորել կամ աշխատանք փնտրել, մինչև ոտքի կկանգնեն:

«Սա  հրաշալի հնարավորություն է`թե ժամանակավոր կացարանի, թե կրթություն ստանալու առումով: Սովորում ենք նաև տնային տնտեսությունը վարելու բոլոր հմտությունները, որը հետագայում կիրառենք  մեր սեփական ընտանիքներում»,– պատմում է Մարգարիտան, ով այստեղ է  տեղափոխվել Գավառի մանկատնից:

Մարգարիտա Գրիգորյան

Ըստ օրենքի, 18-ում նրանք պետք է հեռանան

Հայաստանի մանկատների սաները 18 տարին լրանալուց հետո թողնում են հաստատությունը: Չափահասությունը սակայն նրանց կագնեցնում է բազմաթիվ դժվարությունների ու խնդիրների առջև, որոնցից առաջնայինը  կացարանի հարցն է: Մանկատան շրջանավարտներից շատերը՝ զրկվելով պետական աջակցությունից բառացիորեն հայտնվում են փողոցում: 

1991-2012 թթ., չափահաս դառնալով, 498 շրջանավարտ լքեց մանկատները: Նրանցից 193-ը անհատույց բնակարան ստացան պետական աջակցության ծրագրի շրջանակներում: Ապա մինչև 2016 թվականի փետրվար ևս մանկատների 217 շրջանավարտների տրամադրվեցին սոցիալական կացարաններ:

Ինչ է նշանակում «սոցիալական կացարան»

Դրանք փաստացի մանկատան շարունակություն են հանդիսանում: Տարբերությունն այն է, որ կոմունալ ծախսերը ապահովում է մանկատունն ու բարերարները, իսկ այստեղ բնակվողներն ինքնուրույն հոգում են իրենց սննդի հարցը և գնում իրենց համար հագուստ՝ ինչպես մի ընտանիքում: Ովքեր աշխատում են՝ կամավոր օգնում բոլորին:

Նրանց հետ բնակվում է նաև դաստիարակը:

Սոցիալական տները միջանկյալ կացարան են մանկատնից դեպի ինքնուրույն կյանք:

Մեծածավալ չարաշահումներ

2009-ին Վերահսկիչ պալատը, ստուգելով մանկատան երեխաներին բնակարաններ տրամադրելու գործընթացը, հայտնաբերեց «սարսափելի չարաշահումներ»: Մինչեւ 2008 թվականը ձեռք բերված 149 բնակարանների մեծ մասը բնակվելու համար պիտանի չի եղել, 28-ում ընդհանրապես անհնար է եղել ապրել, և երիտասարդները դրանցից հրաժարվել են:

«Մեծածավալ չարաշահումները զրկել են այս երեխաներին նորմալ ապրելու հնարավորությունից»,– այն ժամանակ ԱԺ-ում հայտարարել էր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Ընդհանուր առմամբ մսխվել էր մոտ 1,5 մլրդ դրամ (շուրջ 4 մլն դոլար): 

Մինչև այսօր մանկատան սաները տարիներ շարունակ սպասում են իրենց հերթին: Նրանցից շատերը ապրում են հանրակացարաններում կամ սոցիալական տներում, լավ աշխատանք ունենալու դեպքում բնակարան են վարձում:

«Մեր տունը» աղջիկների համար՝ ինչպես է այն աշխատում

«Մեր տունը» կազմակերպությունը այս ամենի կողքին լավ հնարավորությունն է ժամանակավոր կացարան ունենալու առումով:

Այստեղ տեղափոխվելուց առաջ երեխաների ու կազմակերպության ղեկավարության միջև պայմանագիր է կնքվում, որտեղ նշվում են կողմերի պարտավորություններն ու իրավունքները:

Ընտրվում են հատկապես նրանք, ովքեր սեր ունեն ուսման նկատմամբ և ցանկանում են բուհ ընդունվել: Աղջիկները պարտավորվում են ցուցաբերել բարձր բարոյական հատկանիշներ, ենթարկվել կազմակերպության ներքին կարգ ու կանոնին, հարգել ժամանակը: Կազմակերպությունն էլ պարտավորվում է հոգալ նրանց կարիքները:

«Մեր տունը» հիմնվել է 2005-ին: Ծրագիրն իրականացվել է ամերիկահայ բարերար, լուսահոգի Ջուլիա Արշեկյանի աջակցության շնորհիվ: Նրա սկսած գործը հիմա որդին է շարունակում: Կազմակերպության վարչությունը հենց ԱՄՆ-ում է:

«Մինչև 18 տարեկանը պետությունը պահում է, բայց 18-ից հետո ո՞ւր են գնում, ի՞նչ են անում, ինչպիսի՞ ճակատագրեր են ունենում: Ցավ էի ապրում, երբ տեսնում էի Գավառի  մանկատան մեր աղջիկներն ինչպես են հայտնվել կյանքի խոտոր ճանապարհներին: Տեսնում էի, ինչպես են շատերը երազում կրթություն ստանալու մասին: Սկզբում մտածում էինք նաև տղաների վերցնել, առանձին մասնաբաժին կառուցել նաև նրանց համար, սակայն ծախսերը գերազանցում էին մեր հնարավորությունները»,– ասում է կազմակերպության նախագահ Տիգրանուհի Կարապետյանը:

Գործունեության արիների ընթացքում «Մեր տունն» ունեցել է 63 շահառու: Նրանցից 19-ը ամուսնացել են հենց «Մեր տանից», կազմակերպությանը նվիրելով արդեն 26 թոռնիկ:

Տիգրանուհի Կարապետյանն ասում է. կազմակերպությունը բացելիս, երբեք չի մտածել, որ մի օր գալու են իրենից նրանց ձեռքը խնդրելու:

«Մեծ պատասխանատվություն էր մեզ համար, բայց մենք դա էլ հաղթահարեցինք: Մեր աղջիկները կարողացան կոտրել հասարակությունում կարծրացած այն մտածելակերպը, որ մանկատան աղջիկները չեն կարող լավ կին, հարս ու մայր  դառնալ: Մեզ հիմա արդեն  ավելի լավ են հիշում հենց այդ ամուսնություններով», – ասում է Տիգրանուհին:

Պատմություններ

Վեց տարեկանից Գավառի մանկատանը հայտնված, իսկ այնուհետև «Մեր տունը»  տեղափոխված 28-ամյա Անի Ծառուկյանն արդեն չորս տարի է ամուսնացել է:

Պատմում է. սկզբում վախեցել է, թե երեսով կտան, որ մանկատանն է մեծացել, բայց  ամուսնու ընտանիքը երբևէ զգացնել չի տվել, թե մտահոգ է այդ կապակցությամբ.

«Անսովոր է լինում՝ նոր մարդիկ, նոր միջավայր, բայց որ լավ են վերաբերվում, շուտ ես հարմարվում: Սկզբում դեմ են եղել, բայց ինձ ճանաչելուց հետո համաձայնել են: Ամուսինս՝ Հայկը, ասել է. ուզեք-չուզեք՝ իրեն եմ ընտրելու»: 

32-ամյա Անի Առաքելյանն էլ, ով Գավառի մանկատնից է տեղափոխվել «Մեր տուն», ամուսնացել է մեկ տարի առաջ:

«Մարդ կա` նրան դուր է գալիս անբարոյականությունը և ամենագեղեցիկ ընտանիքից անգամ ուզում է փախչել: Էն որ ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում, իմ դեպքում ընկել է, որովհետև մամաս այն կարգավիճակում չէ, որում ես կարող եմ լինել, ես հաստատ ո´չ մորս կնմանվեմ, ո´չ էլ հորս: Եղել են դեպքեր, երբ երեսով են տվել մեր աղջիկներին, որ մանկատան երեխա են: Եթե դեմ են, ավելի լավ է հենց սկզբից չուզեն, քան թե տանելուց հետո երեսով տան»,– ասում է Անին:

Տարբեր պատճառներով մանկատանը մեծացած աղջիկները գնահատում են իրենց ընտանիքները, իրենց համար ընտանեկան օջախն արժեք է:

«Գալիս են մեզ այցելության, երեխան գրկին ու ինքն էլ հղի, դա այն է, ինչից արդեն հուզվում ես: Հենց իրենք են հաճախ կիսվում մեզ հետ ու ասում, որ զարմանում են` ինչպե՞ս կարող էին իրենց մայրերը այս նույն տարիքում, որ իրենց երեխան է, թողնել իրենց ու անվերադարձ հեռանար»,- ասում է Տիգրանուհին: 

20-ամյա Լենա Պետրոսյանի հայացքում երազանքներ են, ասում է՝ փորձելու է դրանք իրականություն դարձնել: Որքան իրեն հիշում է, տարբեր մանկատներում է եղել: 18 տարին լրանալուց հետո վերադարձել է մոր մոտ, սակայն մի քանի ամիս անց կրկին մանկատանն է հայտնվել` խնդրելով իրեն այլ ճանապարհ ցույց տալ:

«Մամայի մոտ մնալով հասկացա, որ ազատությունը ինձ համար չէ: Ես իմ կամքով հեռացա, ապագայի հետ կապված այնտեղ ոչինչ չկար, ես նման կյանք չէի ուզի: Փոքր տարիքից մանկատներում եմ մեծացել, գուցե դրա համար նաև կապ չկար մորս հետ: Այստեղ ինձ բերել է ուսում ստանալու մեծ ցանկությունը, հիմա բուժքույրական գործ եմ սովորում»,- պատմում է Լենան:

Տիգրանուհի Կարապետյանը նշում է. հիմա արդեն մտածում են բիզնես ծրագրեր իրականացնելու մասին, որպեսզի իրենց շահառուները կարողանան աշխատել հենց իրենց կազմակերպությունում:

«Մենք տալիս ենք կրթություն, բայց եթե նա չի կարողանում աշխատանք գտնել, ի՞նչ պետք է անի այդ աղջիկը, սպասի այնքան մինչև ամուսնանա՞: Ուզում եմ, որպեսզի իրենք աշխատեն ու հասկանան դրա արժեքը: Մենք մտածում ենք բիզնես հիմնելու մասին, մեր աղջիկները շատ հմուտ են ցանկացած հարցում`խոհանոցից մինչև գորգագործություն, լեզուների իմացություն»,- ասում է կազմակերպության ղեկավարը:

Մարգարիտա Գրիգորյանն էլ նշում է, որ «Մեր տանը» իրականացել են իր գրեթե բոլոր երազանքները: Նա ավարտել է ԵՊՀ մշակութաբանության ֆակուլտետը, նաև զբոսաշրջության վարժանքների դասընթաց է անցել: Հիմա արդեն աշխատանք է փնտրում:

«Վանաձորի մանկատնից այստեղ եկան նաև իմ երկու քույրերը`Արփինեն ու Մարիետան: Հիանալի կլինի, եթե այստեղ նաև աշխատելու հնարավորություն ստեղծվի»,- ասում է Մարգարիտան:


Կարդալ ավելին JAMnews-ում