Վրաստանի նախագահը նաև ոչ կոմպետենտ է անվանել Վրաստանի հարցերով զբաղվող արտասահմանյան փորձագետներին" />

«Մենք չունենք ոչ բանակ, ոչ զենք։ Չենք էլ ունենալու». Վրաստանի նախագահի հերթական սկանդալային հայտարարությունը

Վրաստանի նախագահը նաև ոչ կոմպետենտ է անվանել Վրաստանի հարցերով զբաղվող արտասահմանյան փորձագետներին

სალომე ზურაბიშვილი

«Վրաստանի և Կովկասի ուսումնասիրման գիտությունների համակարգման կենտրոն»․ այսպես է կոչվում կենտրոնը, որը երեկ հանդիսավորությամբ բացվեց Թբիլիսիի Օրբելիանի պալատում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ։

Այս, թվում էր, անմեղ  միջոցառումը սկանդալի վերածվեց և նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույցերի առիթ դարձավ։

Պատճառը Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթն էր, որը նա ունեցավ կենտրոնի բացմանը։

Նախագահը միջոցառմանն էր հրավիրել գիտնականների և հետազոտողների և հայտարարել, որ Վրաստանը մի երկիր է, որը չունի բանակ, զենք, տնտեսական ներուժ, և այն աշխարհին զարմացնելու է իր գիտելիքներով և հնագույն մշակույթով։

Նոր կենտրոնի նպատակների մասին խոսելիս Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանի մասին գրող արտասահմանցիները «ոչ լեգիտիմ» և «ոչ կոմպետենտ» են, և այդ պրակտիկան պետք է փոխվի։

• Քաղաքական ճգնաժամ Վրաստանում․ ո՞րն է ելքը։ Փորձագետների կարծիքը

• Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին

Ըստ Զուրաբիշվիլիի՝ կենտրոնի գլխավոր նպատակը «Վրաստանի և Կովկասի մասին անաչառ տեղեկություն տրամադրելն է միջազգային հանրությանն» ու այդ ուղղությամբ գիտական աշխատանքի ակտիվացումը։

Նախագահի խոսքով՝ ներկա պահին Վրաստանի մասին գրում են ոչ կոմպետենտ արտասահմանցիներ, որոնք կամ «լեգիտիմություն չունեն», կամ պարզապես չեն սիրում Վրաստանը։

«Այն արտասահմանցիները, որոնք այսօր գրում են Վրաստանի մասին, կամ բացասաբար են վերաբերվում Վրաստանին, կամ նրանց չի հերիքում գիտելիքներն ու կոմպետենտությունը, որը հայտնվում է, երբ ապրում ես երկրում, գիտես լեզուն և գիտնական ես դառնում մեր գիտնականների հետ միասին»։ 

Ըստ նրա՝ խոսքը, նախևառաջ, գնում է քարթվելաբանության մասին (գիտություն Վրաստանի պատմության և մշակույթի մասին), բայց ոչ միայն։ Վրաստանի նախագահի խոսքով՝ քաղաքագետներն ու փորձագետները նաև կողմնակալ տեղեկություններ են տարածում Վրաստանի մասին։

«Նույնը վերաբերում է քաղաքագիտութանը։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ են գրում Վրաստանի մասին արտասահմանում, և յուրաքանչյուրն իրեն թույլ է տալիս Վրաստանի մասին ինչ-որ բաներ գրելու, այն դեպքում, երբ ոչ ոք նրանց նման լեգիտիմություն չի տվել», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Ըստ նախագահի՝ Վրաստանը վերածվել է «բարդութավորված ազգի», և երբեմն վրացիները մոռանում են, որ «Վրաստանը միշտ եղել է գիտության և մշակույթի օջախ և Կովկասի կենտրոնը»։

«Մենք չունենք ոչ բանակ, ոչ զենք, չենք էլ ունենալու։ Մենք չունենք մեծ տնտեսական ներուժ տարածարջանը գրավելու համար, սակայն մենք հզոր զենք ունենք, որի անունն է գիտելիք, գիտություն, մշակույթ», – ասել է նա։

Նախագահը խնդրահարույց է համարում այն, որ երիտասարդները որպես ապագա մասնագիտություն են ընտրում իրավագիտությունն, այլ ոչ թե «իրենց մասին գիտելիքի տարածումը»։ Նրա խոսքով՝ ոչ մի նյութական արտադրանք Վրաստանին այնպիսի հաջողություն չի բերի, ինչպես գիտելիքները, մշակույթն ու կրթությունը։

«Մենք պետք է դուրս բերենք (Վրաստանի սահմաններից) մեր լեզուն, մշակույթը, ինքնությունը, մեր տարածաշրջանի, մեր երկրի, մեր լեզուների, այլ ոչ միայն վրացերենի մասին (գիտելիքները)։ Մենք նույն աբխազերենի պաշտպաններն ենք, որն այլ պաշտպաններ չունի։ Դա մեր պարտքն ու մեր ապագան է», – ասել է Զուրաբիշվիլին։

Ըստ նախագահի մամուլի ծառայության՝ նման կենտրոնի ստեղծման մասին խնդրանքով իշխանություններին էին դիմել գիտական հանրության ներկայացուցիչները։

სალომე ზურაბიშვილი

REUTERS/David Mdzinarishvili

«Զուրաբիշվիլի vs զինվորներ»

Նախագահ Զուրաբիշվիլիի այս հայտարարությունները սուր քննադատության են արժանացել։

«Երկրի թշնամին տնից է»․ այսպիսի կարգախոսով «Սմենի» երիտասարդական շարժման անդամները բողոքի ցույց են անցկացրել նախագահական նստավայրի մոտ։

Նրանք բողոքում էին բանակի վերաբերյալ Զուրաբիշվիլիի հայտարարությունների դեմ։

«Երկրի գլխավոր հրամանատարը, մարդը, որը երկիրը ներկայացնում է միջազգային հարաբերություններում, սահմանադրության երաշխավորը չպետք է հակապետական հայտարարություններ անի, որոնք շահեկան են երկրում ռուսական պրոպագանդային», – ասում է շարժման ներկայացուցիչ Աննա Քարթլելիշվիլին։

Ցուցարարները հետևյալ գրառումներով պաստառներ էին պարզել՝ «Սալոմե vs զինվորներ», «Սալոմե՝ երազանքի գլխավոր հրամանատար» (իշխող «Վրացական երազանքը», որը 2018 թ-ի նախագահական ընտրություններին սատարել է նրա թեկնածությանը)։

Գրեթե ողջ ընդդիմությունը նախագահի հայտարարությունը բնորոշել է որպես «հակապետական»։

«Լելո» ընդդիմադիր հասարակական շարժման ներկայացուցիչները հերոսների հրապարակում հավաքվել են զոհված վրացի զինվորականների հուշարձանի մոտ և այնտեղից դիմել նախագահին և զինվորականներին։

«Դուք՝ վրացի զինվորներդ, ցավոք ոչ արժանի գլխավոր հրամանատար ունեք, սակայն դա ժամանակավոր է։ Այն, ինչին դուք ծառայում եք, հայրենիքն է, այն հավերժ է, և մենք շնորհակալ ենք ձեր ծառայության համար», – ասել է շարժման ներկայացուցիչ Աննա Նացվլիշվիլին։

Նրա խոսքով՝ նախագահի հայտարարությունները հակապետական են և «վնաս են հասցնում նաև երկրի պաշտպանունակությանը»։

Անվտանգության խորհրդի նախկին փոխքարտուղար Վանո Մաչավարիանին ասում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պետք է բացատրի, թե «ինչու է իր կողմից Վրաստանի քաղաքացիներին պարտադրված նախագահը նման հայտարարություններ անում»։

Ըստ Մաչավարիանիի՝ վրացական բանակն արժանի չէ նման գլխավոր հրամանատարի։

Իշխող կուսակցության ներկայացուցիչները չեն կարողացել պաշտպանել նախագահի դիրքորոշումը։ Պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլիի խոսքով՝ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունն իր համար անընդունելի է։

«Որպես պաշտպանության նախարար՝ ուզում եմ հայտարարել, որ մեր զինվորականները երկրի քաղաքացիներ են, որոնցով պետք է հպարտանալ, և ես անելու եմ ամեն ինչ վրացական բանակն ամրապնդելու համար», – հայտարարել է Գարիբաշվիլին։


Կարդալ ավելին JAMnews-ում