Ինչպես հասնել այդ նպատակին, գիտական նախագծերի ֆինանսավորման, կրթության և «Սիլիկոնյան հովտի» մասին " />

«Մենք Հայաստանը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր»․ վարչապետ

Ինչպես հասնել այդ նպատակին, գիտական նախագծերի ֆինանսավորման, կրթության և «Սիլիկոնյան հովտի» մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախանշել է այն նպատակներն ու առաջնահերթությունները, որոնք կանգնած են երկրի գիտնականների առջև․

«Մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր, և հույս ունենք, որ Հայաստանում գիտությունը, գիտական պոտենցիալը ողջ թափով կսպասարկեն քաղաքական այս տեսլականը», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Գիտւթյունների ազգային ակադեմիայում։

Կառավարության պլանները գիտության վերաբերյալ

Առաջին հերթին, Հայաստանի վարչապետն անհրաժեշտ է համարում պետության հետ գիտական ոլորտի փոխհարաբերությունների ռազմավարություն մշակել։

Նրա կարծիքով՝ խորհրդային տարիներին գիտությունը սրընթաց զարգանում էր, քանի որ պետությունն ու հասարակությունը հստակ հասկանում էին, թե ինչ է պահանջվում գիտությունից, իսկ գիտնականները գիտեին, թե ինչ է իրենց պետք պետությունից։ Եվ այժմ պետք է որոշել, թե ինչպես գիտությունն ու պետությունը կարող են օգտակար լինել միմյանց։

«Հայաստանը եղել է Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը, և սա ասում եմ ոչ թե ուղղակի պատմական հիշողությունը վերականգնելու, այլ ընդգծելու համար այն մեծ ներուժը, որ ունի Հայաստանը՝ որպես գիտական պոտենցիալով երկիր», – ասել է Փաշինյանը։

Գիտության ինտեգրումը կրթությանը

Վարչապետը հաղորդել է, որ արտասահմանյան այցերի ժամանակ պարտադիր այցելում է առաջատար եվրոպական և համաշխարհային կենտրոններ։ Եվ եզրակացությունները հետևյալն են․

«Ցավոք սրտի, մեր այսօրվա գիտական համակարգը որոշակիորեն կտրված է բուհական համակարգից, այսինքն՝ մեր կրթական համակարգում հետազոտական բաղադրիչի էական պակաս ունենք:  Մեր ռազմավարությունը լինելու է այդպիսին, մենք փորձելու ենք հնարավորինս շատ ու հնարավորինս արդյունավետ ինտեգրել հետազոտական ուղղությունը բարձրագույն կրթական ուղղության հետ:

Մեր պատկերացումը հետևյալն է, որ մենք նաև որոշակի գործառույթներ, որոնք ավանդաբար ընկալված են որպես կառավարական գործառույթներ, պետք է պատվիրակենք գիտակրթական այն համակարգին, որը հնարավորություն կտա գիտնականներին ավելի ինտեգրված լինել տնտեսության և հանրային կյանքի կառավարման մեջ: Նույն հնարավորությունը կստեղծվի նաև ուսանողների համար, որովհետև նրանք հնարավորություն կունենան ստանալ ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ այդ տեսական գիտելիքները փորձել կիրառել նաև գործնականում»։

Գիտության ինտեգրումը տնտեսությանը

Պակաս կարևոր չէ, ըստ վարչապետի, գիտության ինտեգրումը երկրի տնտեսությանը․

«Երբ ասում ենք տնտեսությանն ինտեգրվել, շատ դեպքերում հասկանում են միայն տեխնիկական գիտությունները, բայց ոչ միայն տեխնիկական գիտություններն են, որ կարող են ինտեգրվել տնտեսությանը և սպասարկել կամ առաջ մղել տնտեսության կոնկրետ ճյուղեր»։

Գիտական նախագծերի ֆինանսավորումը

Երկրի կառավարությունը մտադիր է ֆինանսավորել բոլոր նախագծերը, որոնք կարող են նպաստել գիտության, հետևաբար նաև՝ երկրի զարգացմանը․

«Պետք է խոսել ոչ թե նրա մասին, թե ինչքան փող կա և մենք ինչքան ենք պատրաստ հատկացնել, այլ պետք է խոսել նրա մասին, թե մենք ինչ խնդիր ենք լուծում, ինչպես ենք պատկերացնում այդ խնդրի լուծումը, արդյոք կարող ենք լուծել այդ խնդիրը, իսկ եթե չենք կարող, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք այդ խնդրի լուծման համար:

Ես չեմ պատկերացնում այդպիսի իրավիճակ, որ Նոր Հայաստանում իմ նշած չափանիշներին համապատասխանող որևէ ծրագիր չիրականացվի միայն այն պատճառով, որ փող չկա, փողը ստեղծվում է նաև  մարդկանց գործունեության արդյունքում, մտքի, գաղափարի, եռանդի, աշխատանքի արդյունքում և ուրեմն այն հարցին՝ փող կա, թե չկա, ի պատասխան մենք  պետք է ասենք՝  ինչքան եռանդ մենք ունենք, ինչքան ուժեղ է մեր միտքը, ինչքան ուժեղ է մեր կամքը և ինչքանով ենք մենք համոզված, որ այն, ինչ մենք անում ենք, արժե շատ ավելին, քան փողը։ Եթե գիտական ծրագրերն արդյունք են տալիս թեկուզև երկարաժամկետ հեռանկարում, դրանք անպայման կֆինանսավորվեն»։


Կարդալ ավելին JAMnews-ում