Ճամփորդությունների մասին JAMnews-ի շարքը" />

Լուսանկարներ՝ Պրահայում կատարված զբոսանքից. ինչպես կարող է Կովկասի բնակիչն ամեն ինչ տեսնել ընդամենը մեկ օրում

Ճամփորդությունների մասին JAMnews-ի շարքը

Կովկասցիների համար հերթական ուղեցույցը JAMnews-ից: Այս անգամ՝ Պրահա:

Հասնելուն պես սկսվում է վազքը՝ շարժվում ենք զբոսաշրջային ստանդարտ ուղեցույցի ու մեր նախնական կազմած պլանին համապատասպան: Պետք է հասցնենք տեսնել Կառլի կամուրջը, հին քաղաքի աստրոլոգիական ժամացույցը, Պրահայի թագավորական պալատի համալիրը… գետով ման գալ… չեխական գարեջուր խմել ու ամենակարևորը չմոռանալ այդ բոլոր տեղերում սելֆի անել, գտնել WiFi ու տեղադրել նկարները սոցցանցերի մեր բոլոր հարթակներում:

Եվ հանկարծ հայտնաբերում ենք, որ այդ բոլոր սելֆիների ու վազվզոցի արանքում չհասկացանք, իսկ ինչ տիպի քաղաք է Պրահան, ովքեր են այստեղ ապրում, ինչ սովորույթներ, առօրյա կյանք ու մշակույթ ունեն:

Պրահան մի քիչ ավելի խորքից զգալու համար մի հասարակ խորհուրդ տամ՝ գոնե մեկ օր հատկացրեք ոչ ավանդական զբոսաշրջությանը, ինչի համար բոլորովին պարտադիր չէ շատ գումար ու ժամանակ ծախսել:

Իհարկե, կարող եք վարձել այ այսպիսի շքեղ ռետրո մեքենա, որը ժամը 100 դոլարի դիմաց ձեզ կպտտի տեսարժան վայրերով:

Բայց ես առաջարկում եմ այլ՝ էժան ու որակով տուրիզմի տարբերակ:

Շրջագայություն տրամվայով

Առնում ենք տրանսպորտի եռօրյա տոմս, որն արժե 310 կրոն (17 դոլար,) ընտրում ենք քաղաքի կենտրոնով անցնող որևէ տրամվայ (22 համարը խորհուրդ կտամ) ու սկսում պտույտը: Պրահայում տրանսպորտը և հատկապես տրամվայը, ճամփորդելու ու քաղաքը զգալու հիանալի միջոց է:

Մտեք բակեր

Եթե ոչ ամեն առաջին, ապա գոնե երկրորդ կանգառում ձեր աչքը հետաքրիր մի վայր կամ շինություն կտեսնի, իջեք այդտեղ ու շրջեք ոտքով:

Մտեք բակեր ու նրբանցքներ: Գոթական և վերածննդի ճարտարապետությանը զուգահեռ՝ ժամանակակից արձաններ են թաքնված այստեղ: Չեխ քանդակագործ Դավիդ Չեռնիի խենթ արձանների շնորհիվ Պրահան այսօր նոր ոճ ունի:

Dobrý den, děkuji, na shledanou

Զրուցեք տեղացիների հետ, նրանք առաջին հայացքից ձեզ սառն ու գործնական կթվան, սակայն օգտագործելով մեկ երկու չեխերեն բառ, դուք կհալեցնեք նրանց սիրտը. դոբռի դեն (բարի օր), դյեկույի (շնորհակալություն), նա սհլեդանոու (ցտեսություն)՝ և նրանք պատրաստ են ձեզ հետ եթե ոչ անգլերեն, գոնե ժեստերի լեզվով զրուցել ու պատասխանել ցանկացած հարցի: Մարդիկ շենքերից ու տեսարժան վայրերից առավել կհարստացնեն ձեր ճանապարհորդական հուշերը:

Շրջանցեք տուրիստների համար նախատեսված խայծերը

Այստեղ ամենուր Շվեյկի ու Կաֆկայի անուններն են խաղարկվում, նրանց անվան սրճարաններ ու հուշանվերներ: Տուրիստական այդ «կուտը» հիմնականում անորակ ապրանքն ավելի թանկ է դարձնում:

Տեղացիները նախընտրում են ոչ բրենդային ռեստորաններն ու խանութները, հանգստյան օրերի գարեջրի փառատոնները: Այստեղ է Չեխիայի իրական համն ու հոտը: Ուտեստների ու գարեջրի արբեցնող բույր, մարդկանց հետ անմիջական շփվելու առիթ:

Ուտեստների ու գարեջրի արբեցնող բույր, մարդկանց հետ անմիջական շփվելու առիթ:

Ձրի հաճույքից լավ բան չկա

Այստեղ ամեն քայլափոխի Մոցարտի, Վիվալդիի, Բախի ու Դվոժակի «բարձրակարգ» համերգ են առաջարկում, թանկ տոմս, անորակ երաժշտություն որևէ գոթական եկեղեցում: Սա էլ է տուրիստների վրա փող աշխատելու հնարքներից մեկը:

Այնինչ Պրահան լիքն է ձրի համերգներ լսելու, կրկես ու թատրոն դիտելու հնարավությամբ: Ուզում եք՝ փող եք տալիս, չեք ուզում՝ ծափ եք տալիս:

Կարելի է հենց այնպես թափառել փողոցներում ու մի շոուից մյուս համերգը գնալ: Իսկ եթե ձեր բախտը բերի, կարող է նաև հանդիպեք, ասենք, կնոջ և հպատակների ուղեկցությամբ Պրահայում շրջող Կառլ 4-ին ու մասնակցեք նրա թագադրությանը:

Բարձունքներով շրջելիս վերևից նայեք քաղաքին… ներքևում այնքան հետաքրքիր բաներ են կատարվում:

Քաղաքում շրջելիս պարտադիր վերև նայեք… ինչ ասես, որ չեք տեսնի վերևներում…

Ու եթե այսքան զբոսնելուց հետո դեռ ուժ ունեք որևէ բանի, գնացեք այգի, տեղավորվեք հինավուրց այս ծառերի տակ ու, վայելելով հերթական գարեջուրը, երանի տվեք տեղացիներին, ում համար ձեր ապրած այս օրը, սովորական առօրյա է:


Կարդալ ավելին JAMnews-ում