Ըստ քննության՝ զինծառայողներին այդ ծայրահեղ քայլին են հասցրել ծառայակիցները և սպաները" />

Մեկ շաբաթում երկու հայ զինծառայողի ինքնասպանություն

Ըստ քննության՝ զինծառայողներին այդ ծայրահեղ քայլին են հասցրել ծառայակիցները և սպաները

Վերջին շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել հայ ժամկետային զինծառայողների ինքնասպանության երկու դեպք: Դատելով այդ առիթով հարուցված քրեական գործերի հոդվածներից՝ զինծառայողներին ինքնասպանության են հասցրել ծառայակիցները և սպաները: Հանրությունը տագնապած է. նման դեպքեր հայկական բանակում վերջին շրջանում չէին նկատվում:

Հայաստանի ռազմական բյուջեն մեկ քառորդով ավելացել է

«Ղարաբաղի հարցում փոխզիջման մասին առաջինը պետք է Ադրբեջանը հայտարարի»․ Հայաստանի վարչապետ

Փորձել է սպանել սպային, հետո ինքնասպան է եղել

Լեռնային Ղարաբաղում ծառայություն անցնող 19-ամյա Վոլոդյա Գալոյանի մարմինը հայտնաբերվել է դիտակետից  50 մետր հեռավորության վրա: Ըստ քննության՝ զինծառայողը սկզբում փորձել է կրակել մարտական դիրքի ավագի վրա, բայց նրան չի հաջողվել սպանել սպային:

Դրանից անմիջապես հետո Գալոյանը լքել է մարտական դիրքը: Մի քանի ժամ անց հայտնաբերվել է նրա մարմինը՝ ծնոտի շրջանում հրազենային վիրավորումով, կողքին եղել է նրան ամրակցված ԱԿ-47 ինքնաձիգը:

Հարուցվել է քրեական գործ «սպանության փորձ կատարելու»  և «ինքնասպանության հասցնելու» փաստով: Մարտական դիրքի ավագը ձերբակալվել է, նա կասկածվում է ենթակային մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:

Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին

Երկրորդ միջադեպի զոհը դարձել է 19-ամյա Համիկ Վարդանյանը: Ժամկետային զինծառայողի մարմինը հայտնաբերվել է մարտական դիրքում՝ ճակատի շրջանում վիրավորումով: Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ողբերգությունը՝ չի հաղորդվում: Սակայն արդեն հարուցվել է քրեական գործ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:

Համիկ Վարդանյանն ընտանիքի միակ երեխան էր: Պարտադիր զինծառայության, ինչպես և Վոլոդյա Գալոյանը, զորակոչվել էր այս տարվա հունվարին: Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին և հայտարարում են, որ նա ֆիզիկապես պատրաստված էր, հավասարակշռված, կարող էր իրեն պաշտպանել և նման քայլի չէր գնա: Նրանց խոսքով՝ վերջերս Համիկն արձակուրդ էր եկել, ոչ մի հոգեկան ապրումների, խնդիրների մասին իրենց հետ չի խոսել:

Ի՞նչ են կարծում իրավապաշտպանները

Համիկ Վարդանյանի գործը հարցեր է առաջացնում նաև իրավապաշտպանների մոտ: Նրանք նույնպես չեն հավատում ինքնասպանության վարկածին: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը երկար տարիներ զբաղվում է զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ և կարծում, որ քննության վարկածը կասկածելի է.

«Ես չեմ հասկանում՝ ինչպես նրանք երկու ժամում պարզեցին, որ դա ինքնասպանություն է, այն էլ՝ ճակատին կրակոցի հետևանքով: Չնայած ես զարմացած չեմ, չէ՞ որ Քննչական կոմիտեն անգամ գլխին գագաթին հետևից արձակված կրակոցը որակել էր որպես ինքնասպանություն»:

Նրա դիտարկումով, նման գործերով դատարաններն, որպես կանոն, ընդունում են դատախազության կողմը.

«Լավագույն դեպքում մեղադրանքներ են առաջադրվում մի քանի զինծառայողների, որոնց 2-3 տարի նստեցնում են կամ չեն նստեցնում: Հաճախ նրանց անգամ չեն կալանավորում: Ասեմ, որ դեռ ոչ մի սպա, զորամասի ոչ մի հրամանատար չի դատապարտվել»:

Ռազմական դատախազության պաշտոնական վիճակագրությունը

Հայաստանի զինվարական դատախազությունը հուլիսի 25-ին հրապարակել է պաշտոնական վիճակագրություն, որտեղ խոսվում է Զինված ուժերում հանցագործությունների նվազման մասին: Այդ հրապարակումը, ըստ երևույթին, պայմանավորված էր հայկական մամուլում և հասարակության մեջ աղմկոտ քննադատություններով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2019թ. առաջին կեսին կատարվել է 42 հանցագործություն: Եվ դա 16.5%-ով ավելի քիչ է, քան 2018թ. նույն ժամանակաշրջանում:

Ուշագրավ է, որ ռազմական բնույթի հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով: Զինվարական դատախազության ներկայացրած տվյալների համաձայն՝ այս տարի սպանվել է 5 զինծառայող, նրանցից երկուսը՝ ադրբեջանական կողմի կրակոցներից:

Դարձյալ փորձագիտական կարծիք

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը JAMnews-ի խնդրանքով մեկնաբանել է Զինվարական դատախազության ներկայացրած տվյալները:

Իրավապաշտպանը կարծում է, որ բանակում տեղի ունեցող ոչ բոլոր արատավոր դեպքերն են արձանագրվում, ինչի հետևանքով էլ դրանք տեղ չեն ներառվում պաշտոնական վիճակագրության մեջ.

«Մենք հաճախ չենք իմանում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով առողջությանը վնաս հասցնելու դեպքերի մասին: Մահվան դեպքերի մասին լռելն ավելի դժվար է, բայց նման բան էլ կարող  է պատահել: Բայց անգամ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հակառակորդի գործոություններից զոհերի թիվը նվազել է: Միաժամանակ նկատվում է հակառակ միտումը. ավելանում է խաղաղ պայմաններում զոհերի թիվը»:

Արթուր Սաքունցը կարծում է, որ երկու զինծառայողների մահվան դեպքերը, որոնք, ըստ նախնական վարկածի ինքնասպանություն են գործել, կպարզի քննությունը: Սակայն հոդվածները, որոնցով հարուցվել են քրեական գործերը, այնուամենայնիվ, ցույց են տալիս, որ զորամասերում, որտեղ ծառայել են զոհվածները, տիրել են ոչ կանոնակարգային հարաբերություններ:

Նա ևս կարծում է, որ իրական մեղավորներին հաճախ ընդհանրապես պատասխանատվության չեն ենթարկում կամ բավականին թեթև պատիժ են տալիս.

«Նման դեպքերը վկայում են այն մասին, որ առայժմ չկա համակարգված մեխանիզմ, որը կարող է նախազգուշացնել և թույլ չտալ նման դեպքերը բանակում: Զինծառայողները մնում են դեմ առ դեմ իրենց խնդիրների հետ: Նրանք միջոցներ չունեն ինքնապաշտպանության համար: Այդ պատճառով էլ նման երևույթներ են տեղի ունենում»:


Կարդալ ավելին JAMnews-ում