Ապագան պաշտպանելու համար անվտանգության հարցեր քննարկելը բավարար չէ. պետք է խոսել փոխզիջումների մասին " />

Մեկնաբանություն. Քաղաքականությունը և անվտանգությունը միմյանց մոտ պատանդ են Լեռնային Ղարաբաղում

Ապագան պաշտպանելու համար անվտանգության հարցեր քննարկելը բավարար չէ. պետք է խոսել փոխզիջումների մասին

Անվտանգության աշխատակիցներն անցնում են Ադրբեջանի և Հայաստանի դրոշների կողքով: Ժնևի բանակցություններից առաջ, 2017թ. հոկտեմբերի 16: Լուսանկարը՝ REUTERS/Denis Balibouse

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ այս շաբաթ սպասվող հանդիպման կենտրոնական թեման, ամենայն հավանականությամբ, կլինեն անվտանգության հարցերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների թվի ավելացումը: Այնուամենայնիվ, եթե երկու նախարարները միաժամանակ չկարողանան վերականգնել խնդրի կարգավորման քաղաքական բանակցությունները, ողջ գործընթացը շատ շուտով կարող է խորը հիասթափության հանգեցնել:

Հ

Հայաստանի Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ Ադրբեջանի սահմանին, գրեթե տեղ չկա, որտեղ հնարավոր լինի թաքնվել դիպուկահարի կրակից: Նարգիզը՝ խանութի տերը, որը դուրս գրված երկաթուղային վագոնում վաճառում է ինչ պատահի, դժգոհում է ճակատագրից:

«Մենք երբեք մեզ անվտանգ չենք զգում: Գիշերները կրակոցներ ենք լսում, ցերեկներն էլ վախենում ենք դրանից: Հարևանները դադարել են աշխատել իրենց խաղողի այգիներում: Այնտեղ կրակում են աշխատանքի ժամանակ»:

Արտգործնախարարներն այսօր պատրաստվում են ամենահազվադեպ հանդիպումներից մեկին, որը տեղի կունենա հունվարի 18-ին: Նարգիզի պատմությունը կարող է ահազանգ լինել այն մասին, թե երկու կողմերին ինչ վնաս է հասցրել արդեն 30 տարի ձգվող այս հակամարտությունը լուծելու նրանց անկարողությունը:

Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի ու դրան հարող, հայկական կողմից վերահսկվող ադրբեջանական տարածքների շփման գծում անվտանգությունը 1994թ. կրակի դադարեցման մասին հայտարարելու պահից ի վեր երբեք կայուն չի եղել: Աշխարհի ամենառազմականացված կետերից մեկում աշխատում են ԵԱՀԿ մի բուռ դիտորդներ:

2000-ականների սկզբին տարածաշրջանում ուժեղացավ սպառազինությունների թանկարժեք և ապակայունացնող մրցավազքը. դրա համար խթան հանդիսացավ նավթի և գազի առևտրից ստացված Ադրբեջանի գերշահույթը: Ռազմականացման մյուս խթանը Մոսկվան է, որը զենք է վաճառում և՛ Բաքվին, և՛ Երևանին: Միաժամանակ, Ռուսաստանը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համանախագահում է Մինսկի խմբում, որը պատասխանատու է կարգավորման գործընթացի համար:

Իրավիճակն այստեղ հետևողականորեն վատթարանում է սկսած 2014թ.-ից: Գնալով ավելի շատ է կիրառվում ծանր հրետանի, իսկ 2016թ. ապրիլին վերսկսվեցին մարտերը, որոնք խլեցին առնվազն 200 կյանք:

Այս բախումները խթան հանդիսացան փակուղի մտած խաղաղության գործընթացը վերսկսելու համար:

2016թ. մայիսին և հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվեցին վստահության ամրապնդման և անվտանգության միջոցառումների շուրջ: Խոսքը ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման (ամենայն հավանականությամբ՝ 6-ից հասցնել մինչև 12), միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ներդնելու և առկա խնդիրների շուրջ բանակցությունները շարունակելու մասին էր:

Բայց դա չկանխեց վստահության նոր ճգնաժամը և բանակցությունների դադարը 2016թ. սեպտեմբերին, երբ կողմերի շփման գծում տեղի ունեցան նոր բախումներ:

Նոր բանակցությունների նախապատրաստությունները սկսվեցին 2017թ. ամռանը:

2017թ. հոկտեմբերի հանդիպմանը Սարգսյանն ու Ալիևը հաստատեցին իրենց հավատարմությունը վստահության ամրապնդման միջոցառումներին և էական բանակցություններին: Դարձյալ հույս առաջացավ, որ դիվանագիտությունը կարող է կանխել էսկալացիայի նոր ալիքը, որը վատագույն դեպքում կարող է տարածաշրջանում իրադարձությունների վտանգավոր զարգացում առաջ բերել՝ հաշվի առնելով, որ Հայաստանը և Ադրբեջանը ունեն պաշտպանության, ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին պայմանագրեր համապատասխանաբար Ռուսաստանի և Թուրքիայի հետ:

Կա վտանգ, որ եթե այս հանդիպումները արդյունավետ չլինեն, կհանգեցնեն  նոր հիասթափության և կմղեն դիտարկելու ուժի կիրառման տարբերակը՝ որպես հակամարտության լուծման օրինական միջոց:

Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է անվտանգության հարցերում առաջընթացի հասնել և միաժամանակ վերսկսել քաղաքական թեմաների քննարկումները: Բայց ինչպես և այլ բազմաթիվ հակամարտություններում, քաղաքականությունը և անվտանգությունը միմյանց պատանդ են պահում:

Հայկական կողմը պնդում է, որ իրականացվեն վստահության ամրապնդման և անվտանգության միջոցառումները՝ նախքան կսկսվեն ապագա կարգավորման՝ ըստ էության քննարկումները: «Ո՞վ կսկսի քննարկել կարգավորումը, եթե մեզ վրա կրակում են»,- Crisis Group-ի ներկայացուցիչներին ասել է հայ քաղաքական գործիչներից մեկը:

Մինչդեռ Ադրբեջանում չեն ցանկանում քննարկել վստահության ամրապնդման միջոցառումները ապագա պայմանավորվածությունների բովանդանությունից անջատ, քանի որ, Բաքվի կարծիքով, միայն վստահության ամրապնդման միջոցառումների ուղղությամբ լուծումը ամրապնդում է ներկա ստատուս-քվոն:

Խաղաղության գործընթացին մոտ կանգնած դիվանագետների կարծիքով՝ 2018թ. հունվարի 18-ին արտգործնախարարների հանդիպմանը կքննարկվի ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնելու հարցը: Բայց կողմերը նախկինի պես տարբեր մոտեցումներ ունեն այս հարցի վերաբերյալ:

Բաքուն կնախընտրեր նոր պարտականություններ չստանձնել և պահպանել դիտորդների թիվը: Իսկ Երևանը հանդես է գալիս նրանց թվի ավելացման և լիազորությունների ընդլայնման օգտին:

Crisis Group-ի սեփական աղբյուրների համաձայն՝ հայկական կողմը փորձում է հասնել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությանը Լեռնային Ղարաբաղի շփման գծի խիտ բնակեցված բնակավայրերում:

Չնայած շփման գծի ամբողջ երկայնքով դիտորդությունը ծանր առաջադրանք կլիներ տասնյակ անզեն դիտորդների համար, բայց դա առնվանզ կնշանակեր որոշակի բեկում գործընթացում, որն առայժմ հաճախ սահմանափակվում է հաջորդ հանդիպման օրը նշանակելով:

Դիվանագետները ենթադրում են, որ վստահության մյուս միջոցը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմը, հազիվ թե համաձայնեցվի:

Ն

Ներքին Կարմիրաղբյուրում՝ Նարգիզի հայրենի գյուղում, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսում՝ Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանին, վերջին շրջանում ոչ ոք չի սպանվել և չի վիրավորվել: Բայց գծի երկայնքով տիրում է վախի մթնոլորտ:

Հայաստանի Տավուշի մարզում մարդասիրական կազմակերպությունները և տեղի իշխանությունները պատեր են կառուցել դպրոցների և մանկապարտեզների շուրջ, որպեսզի երեխաներին պաշտպանեն փամփուշտներից: Սամանամերձ գյուղերով տեղաշարժվող ավտոմեքենաների անվտանգությունն ապահովելու համար տեղի իշխանությունները նաև շրջանցիկ ճանապարհ են կառուցել, որի բաց հատվածները պաշտպանված են քարե պատնեշներով: Մարդիկ իրենց տներում անկողինները հեռու են տանում պատուհաններից, իսկ Նարգիզի՝ հին վագոնից պատրաստված խանութի պատերին երևում են փամփուշտի հետքեր:

Լեռնային Ղարաբաղում այսօր բնակվող 150 հազար մարդկանցից 7000-ի տունը գտնվում է բաժանման գծից 15 կմ հեռավորության վրա:

Տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք տեղահանվել են 1990-ականների ռազմական գործողությունների հետևանքով, ապրում են ադրբեջանական կողմում, որտեղ 2017թ. հուլիսին զոհվեց ծեր մի կին և նրա երկու տարեկան թոռնուհին:

Բաժանման գծի շրջանում մարդիկ խոցելի դիրքում են՝ ինչպես հիմա, այնպես էլ լարվածության աճի պարագայում: Մարդասիրական կազմակերպությունները ծրագրեր են մշակում արտակարգ իրավիճակների համար և ենթադրում են, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում առաջին հերթին կտուժի քաղաքացիական բնակչությունը:

Ի

Իրավիճակի նման զարգացումը կանխելու համար միայն անվտանգության հարցեր քննարկելը բավարար չէ: Անհրաժեշտ է ուսումնասիրել փոխզիջումների վրա հիմնված ապագա համաձայնագրի քաղաքական ասպեկտները և դրա միջազգային երաշխիքները: Արդար կարգավորման ճանապարհային քարտեզն ամրագրված է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներում, որոնք մշակվել են մեկ տասնամյակ առաջ և նախատեսում են.

Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը,

Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որով կերաշխավորվի անվտանգությունը և ինքնակառավարումը,

Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք,

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում հանրաքվեի միջոցով,

Տեղահանվածների և փախստականների վերադարձի իրավունք,

Անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում խաղաղապահ ուժեր:

Այս սկզբունքները նախկինի պես կողմերն ընդունում են որպես կարգավորման հիմք: Բայց գործնականում դրանք երկու հասարակություններում էլ արհամարհվում են: Նրանց կյանքն արդեն քառորդ դար գործնականում կառուցվում է հակամարտության շուրջ, որն առավելապես թեժացվում է երկու երկրների իշխանությունների կողմից:

Քանի դեռ կողմերի առաջնորդները կարգավորումը կքննարկեն միայն սեփական պայմաններով, անվտանգությունը և քաղաքականությունը կշարունակեն միմյանց պատանդ պահել: Եվ մարդիկ երկու կողմերում էլ, ինչպես որ Նարգիզն է, կյանքը կշարունակեն մահվան եզրագծին:


Կարդալ ավելին JAMnews-ում