Ռուսաստանը 2014թ-ին պատժվել էր Ղրիմի բռնակցման համար։ Մանրամասներ․ ինչո՞ւ են եվրոպացի դիվանագետները փոխել իրենց կարծիքն ու ի՞նչ կապ ունեն ռուսական փողերը " />

Մեկնաբանություն․ «Եվրոպական դիվանագիտության խայտառակությունը»․ Ինչո՞ւ են Ռուսաստանին վերադարձրել ԵԽԽՎ անդամակցությունը

Ռուսաստանը 2014թ-ին պատժվել էր Ղրիմի բռնակցման համար։ Մանրամասներ․ ինչո՞ւ են եվրոպացի դիվանագետները փոխել իրենց կարծիքն ու ի՞նչ կապ ունեն ռուսական փողերը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունիսի 25-ին Ռուսաստանին է վերադարձրել կազմակերպությունում նրա ձայնի իրավունքն այն բանից հետո, երբ Մոսկվան դրա դիմաց խոստացել է վճարել նախորդ տարիների բոլոր պարտքերն ու տուգանքներն, ինչը կազմում է 75 մլն եվրո։

ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշումը կայացվել է 2014թ-ին Ղրիմի բռնակցման պատճառով։ Այժմ կանոնակարգի փոփոխման և ԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձի օգտին է քվեարկել 118 պատգամավոր, 62-ը դեմ էին, ևս 10 հոգի հրաժարվել էր քվեարկել։

Ինչո՞ւ է որոշում կայացվել Ռուսաստանին վերադարձնել ձայնի իրավունքը

Առաջին հայացքից, դա զուտ բյուրոկրատական կետով քվեարկություն էր՝ ԵԽԽՎ-ի աշխատանքի կանոնակարգի փոփոխման մասին։

ԵԽԽՎ կանոնակարգի հարցերով կոմիտեի ղեկավար, բելգիացի Պետրա դը Սուտերը զեկույց էր ներկայացրել, որը կոչվում էր «Լիազորությունների և քվեարկության վերաբերյալ Խորհրդարանական վեհաժողովի որոշումների ընդունման ընթացակարգի կատարելագործում»։

Սակայն գլխավոր կետը կանոնն էր, որը հատուկ հանուն Ռուսաստանի էր կանոնակարգում ներառված այսուհետ «քվեարկելու, վեհաժողովում և դրա մարմիններում ելույթ ունենալու և ներկայացված լինելու անդամների իրավունքը չի կարող կասեցվել կամ հետ կանչվել»։

Փաստացի վեհաժողովը զրկվեց մի գործիքից, որը թույլ էր տալիս պատժել խախտումներ անողներին, և այժմ այն անդամ երկրների քննարկումների ակումբ կդառնա։

Եվրոպական պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստաննի․ խոսքեր և գործեր

Ուկրաինա և Ռուսաստան․ հակառակորդներ պատերազմո՞ւմ, թե՞ առևտրային գործընկերներ

Նոր խորհրդարանում Եվրամիության ավելի շատ կողմնակիցներ կլինեն, քան հակառակորդներ

Պատգամավորները դիտարկել են 220 փոփոխություն, որոնք առաջարկվել են հիմնականում Ուկրաինայի պատգամավորների կողմից։

Սակայն գրեթե բոլոր փոփոխությունները մերժվել են։ Թեև դրանցից յուրաքանչյուրի քննարկումը երեք րոպեից ավելի չէր տևում, վեհաժողովի նախագահն այնուամենայնիվ առաջարկում էր շտապել։

Արդյունքում՝ Ռուսաստանը կրկին ԵԽԽՎ լիարժեք անդամ է։

Պատգամավորների անունների ցանկն ու նրանց քվեարկության արդյունքները կարելի է տեսնել այստեղ։

Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացումը, Ֆրանսիա, 2019թ-ի հունիսի 24։ Լուսանկարը՝ Council of Europe/Klara Beck

Ինչո՞ւ էին Ռուսաստանին զրկել ձայնի իրավունքից

Ռուսական պատվիրակությանը ԵԽԽՎ-ում զրկել էին ձայնի իրավունքից 2014թ-ի գարնանը՝ Ղրիմի բռնակցումից անմիջապես հետո։

Ի պատասխան Ռուսաստանը պարզ և, ինչպես պարզվեց, արդյունավետ որոշում էր կայացրել․ Մոսկվան սկզբից կրճատեց, իսկ 2017թ-ի հունիսից ընդհանրապես դադարեցրեց Եվրախորհրդի ֆինանսավորումը։ Ի դեպ, ռուսական փողերը խորհրդի բյուջեի 1/10 մասն են կազմում։

Մի քանի տարի ԵԽԽՎ-ն կոշտ քաղաքականություն էր վարում․ հայտարարություններ էին արվում այն մասին, որ միայն Ղրիմի և Դոնբասի հարցերում «լուրջ առաջընթացը» կարող է դռները բացել վեհաժողով Ռուսաստանի վերադարձի համար։

Սակայն հիմա այդ բոլոր պահանջները մոռացվեցին։ Դրան օգնեց այն, որ Մոսկվան խոստացավ վճարել նախորդ տարիների բոլոր պարտքերն ու տուգանքներն, ինչը կազմում է 75 մլն եվրո, երբ ռուսական պատվիրակությանը վերադարձվեն «բոլոր իրավունքները»։

«Եվրոպական դիվանագիտության խայտառակությունն այն չէ, որ Ռուսաստանը ԵԽԽՎ է վերադարձել, այլ այն, որ նա հենց այսպես է վերադարձել», – որոշումը մեկնաբանել է Եվրախորհրդում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Կուլեբան։

Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացումը, Ֆրանսիա, 2019թ-ի հունիսի 24։ Լուսանկարը՝ Council of Europe/Ellen Wuibaux

Ո՞րն է Եվրախորհրդի «իրական քաղաքականությունը»

Ըստ ամենայնի, իրադարձությունների նման ընթացքը կապված էր մի քանի գործոնի հետ։

Առաջինը, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար, նորվեգացի Յագլանդի ցանկությունն էր պատմության մեջ մտնելու որպես «խաղաղարար»՝ Ռուսաստանին և Եվրոպային ընդհանուր հարթակ վերադարձնելով։

Երկրորդը, այսպես կոչված նոր «իրական քաղաքականություն» կա Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից։

Նախագահ Մակրոնն ու կանցլեր Մերկելը 2019թ-ի մայիսի վերջին Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել էին, որ Ռուսաստանը «Եվրախորհրդում լիիրավ տեղ ունի» և նշել էին այն բանի կարևորությունը, որ «արագ որոշում գտնվի, որը թույլ կտա ԵԽ-ում նրան պահպանել՝ այստեղից բխող իրավունքներով և պարտավորություններով»։

Ֆրանսիան և Գերմանիան Եվրամիությունում առանցքային խաղացողներ են, և նրանց առաջատար դերը ԵԽԽՎ Ռուսաստանին վերադարձնելու որոշման մեջ կարող է տագնապալի նշան լինել։

Հավանաբար, խոսքն այն մասին է, որ արևմտյան երկրներն ավելի ու ավելի պատրաստ են Ռուսաստանի հետ հարաբերությունների «նորմալացման» գնալ։

Հիմա ի՞նչ

Ի պատասխան ԵԽԽՎ որոշմանն Ուկրաինայի պատվիրակության անդամները դադարել են մասնացել նստաշրջանի աշխատանքին։

Իսկ ռուսական պատվիրակությունն առաջ է անցել և Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկուն ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում առաջադրել։

Ուկրաինացի պատգամավորները հաջողացրել են արգելափակել նրա ավտոմատ նշանակումը։ Այժմ Սլուցկու թեկնածության համար պետք է քվեարկեն ԵԽԽՎ բոլոր անդամները գաղտնի քվեարկությամբ։

Այստեղ կարևոր է նաև հենց այդ պատգամավորի համատեքստը․ Սլուցկին միջազգային պատժամիջոցների տակ է նրա համար, որ քվեարկել է Ուկրաինայի տարածք «զորքեր մտցնելու» որոշման օգտին։ Ինչպես և ռուսական պատվիրակության 11 անդամներից ևս վեցը։


Կարդալ ավելին JAMnews-ում