Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին վերջնագիր է ներկայացրել" />

Մեծ Բրիտանիա և Ռուսաստան. ամենակոշտ կոնֆլիկտը սառը պատերազմի ժամանակներից ի վեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին վերջնագիր է ներկայացրել

Հատուկ ծառայություններն աշխատում են այն գերեզմանոցում, որտեղ թաղված է Սերգեյ Սկրիպալի  կինը, որը քաղցկեղից մահացել է մեկ տարի առաջ: REUTERS/Peter Nicholls

Բրիտանական խորհրդարանում ելույթ ունենալիս Մեյը հայտարարել է, որ մեծ հավանականությամբ Սերգեյ Սկրիպալին թունավորել են ռուսական իշխանությունների հրամանով, հաղորդում է The Guardian-ը:

Ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ու նրա աղջիկը թունավորվել էին Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոնում մարտի 4-ին: Այժմ երկուսն էլ կոմայի մեջ են:

Սերգեյ Սկրիպալը, որը 2010թ-ին մեկնել էր Ռուսաստանից, համագործակցում էր բրիտանական հետախուզական ծառայության հետ:

Թերեզա Մեյը պատմել է, որ բրիտանական դատարանի փորձաքննության արդյունքների համաձայն, Սկրիպալն ու նրա դուստրը թունավորվել են նյարդապարալիտիկ նյութով, որը Ռուսաստանում մշակվել էր 1970-ական թվականներին և կոչվում է «Նորեկ»: Մեյի խոսքով՝ Ռուսաստանը կարող էր շարունակել արտադրել և շահագործել այդ նյութը:

Մեյը երկու տարբերակ է առաջ քաշել.

«Կամ դա ռուսական կառավարության ուղիղ գործողություն էր մեր երկրի դեմ, կամ ռուսական կառավարությունը կորցրել է վերահսկողությունը պոտենցիալ աղետալի պարալիտիկ նյութի տարածման հանդեպ, և այն հայտնվել է օտար մարդկանց ձեռքում»:

Բրիտանիայի վարչապետը Կրեմլից պահանջել է պատասխանել այդ հայտարարություններին մեկ օրվա ընթացքում, այսինքն՝ մինչև երեքշաբթի՝ մարտի 13-ի երեկոյան: Եթե այդ ընթացքում Ռուսաստանից «վստահության արժանի պատասխան» չստացվեց, հաղորդել է Մեյը, չորեքշաբթի նա բրիտանական խորհրդարանին կներկայացնի ռուսական իշխանության վրա ճնշում գործադրելու միջոցների ցանկը:

Ռուսական կողմի պատասխանը սպասեցնել չտվեց: Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարությամբ հանդես եկավ, որում հերքեց Ռուսաստանի մասնակցությունը Սկրիպալի թունավորմանը: Նա Մեյի ելույթն անվանեց «կրկեսային շոու բրիտանական խորհրդարանում»:

Ռուսական կողմի միանգամից մի քանի ներկայացուցիչ հայտարարեց, որ Թերեզա Մեյի մեղադրանքներն անհիմն են:

Մեյի ելույթից մի քանի ժամ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է Սկրիպալի մահափորձի մասին անգլիացի լրագրողի հարցին հետևյալ կերպ. «Դուք սկզբում պարզեք, թե ինչ է կատարվել, հետո մենք դա ձեզ հետ կքննարկենք»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում