23 ռուս դիվանագետ լքում է Լոնդոնը. այդպիսի բան չի եղել 30 տարի" />

Մեծ Բրիտանիայի պատասխանը Ռուսաստանի կողմից քիմիական զենք կիրառելուն

23 ռուս դիվանագետ լքում է Լոնդոնը. այդպիսի բան չի եղել 30 տարի

 

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ելույթ է ունեցել խորհրդարանում՝ ներկայացնելով այն միջոցները, որոնք կառավարությունը կձեռնարկի ի պատասխան ՌԴ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր հանդեպ մահափորձի, որի ժամանակ կիրառվել է Ռուսաստանում պատրաստված նյարդապարալիտիկ «Նորեկ» գազը:

Մեծ Բրիտանիայի կառավարությունն այդ գործողությունները գնահատում է որպես «ռազմական ուժի մասշտաբային կիրառում խաղաղ քաղաքացիների դեմ», որը կատարվել է Ռուսաստանի կողմից իր տարածքում:

Ի պատասխան.

— ՌԴ 23 դիվանագետ, որոնց կասկածում են հետախուզական գործունեության համար, պետք է լքի երկիրը մեկ շաբաթվա ընթացքում։

— Խզվում են բոլոր երկկողմանի կապերը երկու երկրների միջև, այդ թվում՝ չեղարկվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Լոնդոն։

— Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչներից և թագավորական ընտանիքի անդամներից ոչ ոք ներկա չի գտնվի Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։

— Կառաջարկվի օրենսդրական փոփոխություններ մտցնել, որոնք հեշտացնում են Ռուսաստանի պաշտոնյաների և օլիգարխների ակտիվների կալանքն ու սառեցումը, եթե նրանք ի վիճակի չլինեն բացատրելու դրանց ծագումը: Կստուգվեն 50 հազար ֆունտից ավել արժողությամբ բոլոր ակտիվները։

— Մեծ Բրիտանիան կպահանջի ՄԱԿ Անվտանգության խորհրդի անհապաղ նիստ Ռուսաստանի գործողությունները քննարկելու համար։

— Նյարդապարալիտիկ նյութի նմուշները, որոնք օգտագործվել են Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր վրա հարձակվելիս, կփոխանցվեն Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը:

Վարչապետ Թերեզա Մեյի առաջարկներին կողմ են արտահայտվել խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցություններն ու խորհրդարանի գրեթե բոլոր անդամները:


Կարդալ ավելին JAMnews-ում