«Սա պատմական պահ է, և այժմ հետդարձի ճանապարհ չկա», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը " />

Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս գալու պաշտոնական գործընթաց է սկսել

«Սա պատմական պահ է, և այժմ հետդարձի ճանապարհ չկա», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պաշտոնական նամակ է հղել Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, որում տեղեկացրել է Եվրամիությունից դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին:

Այսպիսով, երկիրն ակտիվացրել է գործընթաց, որը նախատեսված է Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածով, և ԵՄ-ից դուրս գալու գործընթացը պաշտոնապես մեկնարկել է:

«Սա պատմական պահ է, և այժմ հետդարձի ճանապարհ չկա: Մենք պատրաստվում ենք սեփական որոշումներն ու սեփական օրենքներն ընդունել, պատրաստվում ենք վերահսկողության տակ առնել այն, ինչ մեզ համար ամենամեծ նշանակությունն ունի: Եվ մենք պատրաստվում ենք օգտագործել այդ հնարավորությունը Մեծ Բրիտանիան ավելի ուժեղ և արդար դարձնելու համար, որպեսզի մեր երեխաներն ու թոռները հպարտանան նրանով, որ սա իրենց տունն է», — հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

Նա ավելացրել է, որ Եվրամիությունից դուրս գալը չի նշանակում, որ Մեծ Բրիտանիան հրաժարվում է եվրոպական արժեքներից: «Մենք կշարունակենք վստահելի գործընկերեր, բարի դաշնակիցներ և մոտ ընկերներ մնալ», — նշել է Մեյը:

      Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեն Մեծ Բրիտանիայում անցկացվել է 2016թ-ի հունիսի 23-ին: Դրա արդյունքում ԵՄ-ից դուրս գալուն կողմ է արտահայտվել Բրիտանիայի քաղաքացիների 51.9%-ը, 48.1%-ը դեմ է արտահայտվել:
      Սոցիալական հետազոտությունների տվյալներով, ԵՄ-ից դուրս գալուն կողմ են քվեարկել հիմնականում կրթական ոչ բարձր մակարդակի տարեց անձինք, դեմ է արտահայտվել երիտասարդությունն ու բնակչության մեծապես կրթված խմբերը:
      Զգալի նշանակություն ունի նաև այն, որ տարբեր կերպ են քվեարկել Մեծ Բրիտանիայի տարբեր շրջաններ: Օրինակ, Շոտլանդիայում մեծամասնությունը կողմ է արտահայտվել Եվրամիության անդամակցության պահպանմանը: Այժմ Շոտլանդիայի ղեկավարները փորձում են հանրաքվե անցկացնել Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու վերաբերյալ:

Կարդալ ավելին JAMnews-ում